HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում անօթեւան 11 ընտանիք տեղափոխվեց սոցիալական բնակարան

Այսօր, Գյումրիում շահագործման հանձնվեցին առաջին սոցիալական բնակարանները՝ նախատեսված տնակներում եւ վթարային շենքերում ապրող միայնակ, անժառանգ ծերերի համար: Անի թաղամասի Տրդատ Ճարտարապետ փողոցում գտնվող կիսակառույցներից մեկը  «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի, ամերիկահայ բարերարներ տեր եւ տիկին Սեփեջյանների եւ Գյումրու քաղաքապետարանի ներդրման շնորհիվ վերակառուցվել էր 3 հարկանի շինության՝ 11 բնակարանով:

Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի եւ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանի միջեւ դեռեւս 2016թ-ի հուլիսի 6-ին էր համագործակցության հուշագիր ստորագրվել, որով հիմք էր դրվել «Գյումրին առանց տնակների» ծրագրի շրջանակներում սոցիալապես անապահով ընտանիքներին պետական բնակարաններ հատկացնելու նախաձեռնությանը:

Մեկ տարի առաջ, «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանը «Հետք»-ին տված հարցազրույցում նշել էր, որ պատրաստվում են կառուցել 12 մեկսենյականոց բնակարան, ծրագրի արժեքն էլ տատանվելու էր 72-75 մլն դրամի սահմաններում: Մեկ ու կես հարկը նորակառույց եռահարկի վերածելու ընթացքում ծախսվել է 100 մլն դրամ, որից 15մլն-ը քաղաքապետարանի ներդրումն էր, բնակարանների թիվն էլ մեկով պակասել էր՝ ի հաշիվ մեկ հատ 3 սենյականոցի:

Ռուբեն Սանոյանը

«Կյանքը ցույց տվեց, որ նման որոշումն արդարացված էր,-մեկնաբանում է փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը,-այդ մեկ երեքսենյականոցը մենք հատկացրեցինք Ղանդիլյան փողոցում օգոստոսի 7-ին թիվ 21 շենքի ներսում տեղի ունեցած ինքնափլուզման հետեւանքով անօթեւան մնացած երկու ընտանիքներից մեկին, որ բաղկացած էր 6 անձից ու շատ անմխիթար պայմաններում էր ապրում»:

Քաղաքապետարանում բնակարանների բաշխման եւ ծրագրին համապատասխան բնակիչների ընտրության նպատակով ձեւավորվել էր հանձնաժողով փոխքաղաքապետի գլխավորությամբ: Ռուբեն Սանոյանն ասում է, որ սկզբում իրենք բավական խիստ չափորոշիչներ էին սահմանել՝ մտածելով, որ Գյումրիում շատերը կհամապատասխանեն այդ պահանջներին: Շահառուն պետք է պարտադիր ունենար անօթեւանի կարգավիճակ, բնակվեր տնակում, լիներ միայնակ ծեր, չունենար ժառանգ եւ որեւէ սեփականություն:

«Պարզվեց, որ մեր նկատառումներն այնքան էլ չէին համապատասխանում իրականությանը, որովետեւ մեր ստացած ընդամենը 4 դիմումները բավարարեցին այդ պահանջներին,-ասում է Ռուբեն Սանոյանը,-այդ 4 շահառուին հանձնաժողովն անմիջապես հավանություն տվեց, հետո արտահերթ եւս երկու ընտանիքի դիմումները բավարարեցինք քաղաքապետի հրահանգով, ովքեր դարձել էին անօթեւան շենքի փլուզման պատճառով, իսկ մնացած 5 բնակարանի համար վիճականություն ենք անցկացրել»:

Պահանաջվող չափորոշիչները մեղմելուց հետո քաղաքապետարանը ստացել էր 33 դիմում, որից 10-ն ընդհանրապես չէր համապատասխանել սահմանված չափանիշերին: Հետագայում դիմումատուներից 5-ը հրաժարվել էին մասնակցել ծրագրին: Հրաժարման պատճառներից մեկն էլ եղել էր այն, որ բնակարանը չէր տրվելու սեփականության իրավունքով: Ցուցակում գտնվող մնացած 12 դիմումատուներից երջանիկ 5 բնակարանատերն ընտրվել էին վիճակահանության միջոցով:

Վարդ Մելքոնյանը

67-ամյա Վարդ Մելքոնյանն իր մեկ սենյականոց բնակարանը շահել էր վիճակահանության արդյունքում: «24 տարի է տնակում եմ ապրում: Անժառանգ եմ, թոշակառու՝ 30 հազար դրամով ապրող միայնակ կին ու ճիշտն ասած նորմալ բնակարանում ապրելու հույսս կտրել էի: Անչափ գոհ եմ, որ էս բնակարանն ինձ հասավ: 67 տարեկան եմ, աղջիկ ջան, իմ տարիքի յուրաքանչյուր ոք երազում է արժանապատիվ ծերության մասին: Գոհ ու շնորհակալ եմ բարերարներից, որ էս հնարավորությունը մեզի տվեցին»,-հուզված նշում է թիվ 5 բնակարանի սեփականատերը:

Սոցիալական բնակարանները մասնակիորեն կահավորված են: Խոհանոցում տեղադրված է ջեռուցման կաթսա, գազօջախ եւ սպասքի պահարան: Սանհանգույցը կահավորված է ամբողջովին: Վարդ Մելքոնյանն ասում է, որ տնակից նոր բնակարան հին կահույքից շատ բան չի տեղափոխի՝ միայն ամենաանհրաժեշտ բաները: Բնակարանները տնակատեր շահառուներին հատկացվել է տնակները քանդելու պայմանով:

Նունե և Սարգիս Սեփեջյանները

Ամերիկահայ բարերար Սարգիս Սեփեջյանը մտադիր է Գյումրիում նաեւ արտադրություն բացել: Նրա փոխանցմամբ, սոցիալական բնակարանների կառուցման ծրագրին իր աջակցությունը կապված է տիկնոջ՝ Նունեի հոր հետ, ով, 1940-ականներին գաղթելով Բեյրութից, որոշ ժամանակ բնակվել է Գյումրիում: «Ես պարզապես երջանկացա՝ տեսնելով, թե ինչ ուրախություն ապրեցին այս ծեր կանայք` իրենց նոր բնակարանի բանալին ստանալով: Սա ինչ-որ տեղ հարգանքի տուրք էր նաեւ իմ մայրիկին»,-ասում է Սարգիս Սեփեջյանը:

Սոցիալական բնակարանների ծրագիրը շարունակական է լինելու: Նոր հանձնված շենքի կողքին կա եւս մեկ կիսակառույց, որն ամբողջացնելուց հետո հնարավոր կլինի սոցիալապես անապահով 22 ընտանիքի ապահովել բնակարանով: «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանի փոխանցմամբ, իրենք շատ գոհ են Գյումրու քաղաքապետարանի հետ համագործակցությունից եւ պատրաստ են շարունակել ծրագիրը, եթե կարողանան հիմնադրամում ապահովել պահանջվող գումարը:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի
Հոյակապ է:Մարդու սիրտ է ջերմանում նման լուրերից: Իսկական բարեգործները Սարգիս Սեփեջյանի պես մարդիկ են. շատ եմ հարգում նման մարդկանց (ի տարբերություն նրանց,ովքեր գալիս ու Հայաստանում կրկի՛ն մի ՆՈՐ եկեղեցի են կառուցում): Հայաստանում, ցավոք, տարեց մարդկանց անբավարար ուշադրություն է դարձվում, հատկապես եթե միայնակ և/կամ անժառանգ են: Եթե ուզում ես հաստա՛տ իմանալ տվյալ ազգի քաղաքակրթության աստիճանը,ապա նայիր,թե ինչպես են վերաբերում միայնակ տարեցներին: ՀԳ.Բոլորին կոչ եմ անում չօգտագործել «ծեր» բառը. մի տեսակ արժանապատիվ չի հնչում: Դրա փոխարեն օգտագործեք «տարեց» կամ նման մեկ այլ բառ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter