HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սարի թաղի» գործով շարունակվում է վկաների հարցաքննությունը

Ամալյա Մարգարյան

Այսօր Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում կայացավ 2016թ. հուլիսի 19-ին Սարի թաղի զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Սարգիս Արաբաջյանի և Կարեն Վանոյանի գործով նիստը, որի ընթացքում ցուցմունքով հանդես եկավ վկա, ոստիկանության աշխատակից Էդգար Կարապետյանը:

Վկան դատարանում նշեց, որ դեպքի օրը տեսել է մեղադրյալ Սարգիս Արաբաջյանին և նրա եղբայր Տիգրան Արաբաջյանին: Հայտնեց, որ ինքն այդ տարածքի տեսուչն է և բնակիչների մեծ մասին ճանաչում է: Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի այն հարցին՝ արդյոք վկան նկատել է, որ Ս. Արաբաջյանը քարեր նետի կամ բռնություն գործադրի ոստիկանների նկատմամբ, վկան ասաց՝ ոչ: Ցուցմունքի մեջ ոստիկանության աշխատակից Է. Կարապետյանը հայտնեց, որ քաղաքացիները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, քարերը դիպչելու պահը չի տեսել, բայց տեսել է, որ ծառայակից ընկերներից մի քանիսը վնասվածք են ստացել:

Դատավոր Ա. Դանիբեկյանը հայտնեց, որ վկայի նախաքննական ցուցմունքի մեջ նկարագրվում է, թե ինչպես են քաղաքացիները հրել ոստիկաններին, այնինչ դատարանում վկան պնդեց, որ նման բան չի տեսել, ուստի դատարանը հրապարակեց նախաքննական ցուցմունքը՝ գտնելով, որ ցուցմունքների մեջ կան հակասություններ:

Է. Կարապետյանը նախաքննության ընթացքում հայտնել է, որ Խորենացի և հարակից փողոցներում ոստիկանության աշխատակիցները ծառայություն են իրականացրել՝ ելնելով քաղաքացիների անվտանգությունից՝ այդ թվում նաև փակելով երթևեկելի ճանապարհը: Երբ ինքը մոտեցել է, նկատել է հավաքված քաղաքացիների.

«Երբ մոտեցանք, նկատեցի մի խումբ անձանց, որոնց թիվը մոտ 30-40 էր: Մի մասը հաստատ Սարի թաղի բնակիչներ էին, որոնց անձամբ ճանաչում էին: Կային նաև կողքի փողոցի բնակիչներ: Վիճաբանում էին ոստիկանների հետ, պատճառը չիմացա, սկսեցին խոսել հայհոյանքներով: Մենք փորձում էինք հանդարտացնել նրանց: Չեմ կարող ասել, որ բոլոր մասնակիցներն էին հայհոյում և քաշքշում: Կռվի ընթացքում նրանք մի պահ բարձրացան վերև և սկսեցին քարեր նետել մեր ուղղությամբ: Լսվեցին կրակոցներ, ոչ թե մեր կողմից այլև գրավված ՊՊԾ գնդի տարածքից, չգիտեմ թե ինչու»,- վկան հայտնել էր նախաքննական ցուցմունքում:

Դատարանի դահլիճում է. Կարապետյանը պնդեց նախաքննության ընթացքում տված ցուցմունքը՝ պատճառաբանելով, որ այդ ժամանակ ավելի լավ է հիշել կատարվածը:

Դատավորի հարցին՝ արդյո՞ք դեպքից հետո իմացել է, որ ոստիկանության կողմից կրակոցներ եղել են, վկան պատասխանեց, որ հետագայում այդ մասին լսել է:

Սարգիս Արաբաջյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի այն հարցին՝ եթե Ս. Արաբաջյանը ոստիկաններին հարվածած լիներ, արդյոք Է. Կարապետյանը կհիշեր, վկան պատասխանեց, որ եթե տեսներ, կտպավորվեր:

Մյուս վկաների ներկայությունն ապահովելու համար այսօրվա  նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 25-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter