HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Գյումրու քաղաքապետի դուստրն ու փեսան ընկերություն են գնել Պրահայում

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի դուստրը՝ Ադելինա Բալասանյանը, ամուսնու հետ 2016 թ. Պրահայում ձեռք է բերել մի ընկերություն՝ դառնալով դրա փայատերն ու տնօրենը:

37-ամյա Ա. Բալասանյանը հոր եւ եղբայրներից Միսակի հետ գրանցված է նույն հասցեում՝ Գյումրու Թումանյան փողոցում: Իսկ ամուսինը՝ 40-ամյա Դավիթ Խաչիկի Սամվելյանը, հաշվառված է Երեւանում՝ Քանաքեռում:

2016-ի գարնանը ամուսինները ձեռք են բերել Պրահայում գրանցված «VRN GROUP Invest» ՍՊԸ-ն: Սամվելյանը դարձել է դրա 60, իսկ Բալասանյանը՝ 40 տոկոսի փայատեր: Միաժամանակ երկուսով գրանցվել են որպես տնօրեններ: ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը 120.000 չեխական կրոն է (մոտ 5400 դոլար): Այն գրանցվել է դեռեւս 2015-ի փետրվարին, միանձնյա հիմնադիրը եղել է «REGISMASTER Group» ընկերությունը, որի ղեկավարը Յան Շաֆրան է: «VRN GROUP Invest»-ը հայ տերերը վերանվանել են Դավիթի ազգանունով՝ «SAMVELYAN»: Այդուհանդերձ, ընկերությունը փաստացի շարունակել է ղեկավարել Յան Շաֆրան, որին այդ հարցում լիազորել են: 2017-ի փետրվարին «SAMVELYAN»-ի հասցեն Պրահայի կենտրոնում գտնվող Ռեվոլուչնի փողոցից, որտեղ գրանցված են Շաֆրայի ընկերությունները, տեղափոխվել է Լիպովա 1444/20 շենք (Lípová 1444/20, Nové Město), որը նույնպես մայրաքաղաքի կենտրոնում է:

Նույն ընթացքում փոփոխություն է կատարվել նաեւ ՍՊԸ-ի գործունեության տեսակների մեջ: Անշարժ գույքի, բնակելի ու ոչ բնակելի տարածքների վարձակալությանը 2017-ից ավելացել է «հացաբուլկեղեն, հրուշակեղեն» տողը: Չի հստակեցվում՝ ընկերությունը տեղում զբաղվում է դրանց արտադրությա՞մբ, թե՞, օրինակ, ներմուծմամբ:

Սա շեշտում ենք, որովհետեւ Բալասանյանները Գյումրիում ունեն «Անուշարան» ՍՊԸ, որն արտադրում է հրուշակեղեն (ալյուրե եւ շաքարե, այսինքն՝ խմորեղեն եւ կոնֆետեղեն): Բացի դրանից՝ Ադելինա Բալասանյանը 2006-ին Երեւանում հիմնադրել է «Ուրարտու-Ադելինա» ՍՊԸ-ն, որը զբաղվում է հացի արտադրությամբ: Հավելենք, սակայն, որ, ըստ Չեխիայի վիճակագրական գրասենյակի, 2011-2017 թթ. Հայաստանից այդ երկիր ալյուրե ու շաքարե հրուշակեղեն կամ հացաբուլկեղեն չի ներկրվել:

Չեխիայի անշարժ գույքի կադաստրի տվյալներով էլ՝ ոչ «SAMVELYAN» ՍՊԸ-ն, ոչ էլ դրա սեփականատեր ամուսինները Պրահայում չունեն անշարժ գույք, ինչն, այդուհանդերձ, չի նշանակում, թե նրանք այնտեղ բիզնեսով չեն զբաղվում:

Իմանալու համար, թե իսկապես ինչի համար են Ադելինա Բալասանյանն ու Դավիթ Սամվելյանը ընկերություն գնել Չեխիայում, արդյոք նպատակն այդ երկրում անշարժ գույք ձեռք բերելն է (արտասահմանցիները Չեխիայում անշարժ գույք գնելու համար, որպես կանոն, ընկերություն են գրանցում կամ գնում, ինչը հետագայում հեշտացնում է նաեւ քաղաքացիություն ստանալու գործընթացը), իրականում ինչ գործունեություն է ծավալում ՍՊԸ-ն, հարցում էինք ուղարկել Գյումրու քաղաքապետին: Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը պատասխանել է, թե «հարցերը մի փոքր սխալ են հասցեագրված, դրանց պարզաբանման համար խնդրում ենք դիմել Սամվելյանների ընտանիքին»: Փաստորեն, քաղաքապետը չի ժխտել մեր ներկայացրած փաստը, պարզապես չի ցանկացել պատասխանել հարցերին, այնինչ դժվար թե չիմանար պատասխանները: 

Լիպովա 1444/20. հայերով՝ մեկ հարկի տակ

Հետաքրքիր է այն հասցեն, որտեղ նոր գրանցում է ստացել «SAMVELYAN» ՍՊԸ-ն: Լիպովա 1444/20 շենքը «հայկական» է: Այստեղ բնակարաններ ունեն երեւանյան «ՎՐՆ Ավիա» ընկերության (գործակալական ծառայություններ է մատուցում Հայաստանի, Ռուսաստանի, Չեխիայի օդային բեռնափոխադրումների ոլորտում) հիմնադիր Պարգեւ Վիրաբյանը, նրա դուստրերը՝ Լիանան եւ Նելլին՝ ամուսնու հետ: Վիրաբյանները նույնպես հաշվառված են Քանաքեռում՝ Դավիթ Սամվելյանի հարեւանությամբ, այսինքն՝ Գյումրու քաղաքապետի դուստրն ու փեսան իրենց ընկերությունը գրանցել են երեւանցի ծանոթների չեխական բնակարաններից մեկում: «SAMVELYAN»-ի նախորդ անունը՝ «VRN GROUP Invest», հուշում է, որ նախկինում էլ այն կապ է ունեցել Վիրաբյանների հետ, չնայած հիմնադիրը «REGISMASTER Group»-ն էր: Իրականում վերջինիս ղեկավար Յան Շաֆրան, Պարգեւ Վիրաբյանն ու նրա փեսան՝ Հարություն Հարությունյանը, բիզնես-գործընկերներ են:     

Լիպովա 1444/20-ում գրանցված են ոչ միայն Վիրաբյանների գերդաստանի ու Սամվելյան-Բալասանյան զույգի, այլեւ մի քանի հայ գործարարների ընկերություններ: 

Մեկնաբանություններ (3)

armo
No, Aram you aren't, the majority of us is immune to this type of news. unfortunately
Mihran
So, how much did they pay to purchase the company?
aram
Am I the only reader of the revelation of these scandalous news?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter