Շաբաթ, 22 սեպտեմբերի

Ազգային պարկի անտառները կհսկի մասնավոր «Պանտեռա» ՍՊԸ-ն, իսկ պարկի պահնորդները կկրճատվեն



Բնապահպանության նախարարությունը «Դիլիջան» ազգային պարկում պահպանության ռեժիմը խստացնելու եւ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով կհամագործակցի մասնավոր պահնորդական ընկերության հետ։

Խոսքը «Պանտեռա սեքյուրիթի» ՍՊԸ-ի մասին է, որն անգամ հայտնի մարդկանց՝ դեպի Հայաստան մասնավոր այցերն ապահովելու փորձ ունի։ Ըստ մամուլի տարբեր ժամանակների հրապարակումների, «Պանտեռա սեքյուրիթի» ՍՊԸ-ն իրականացրել է պահնորդություն նաեւ շեյխուհի Մոզայի եւ Քիմ Քարդաշյանի այցերի ժամանակ։

Ազգային պարկի անտառների պահպանությունը մասնավոր ընկերությանը վստահելն անակնկալ էր նրանով, որ վերջին երկու-երեք տարիներին շատ էր խոսվում պահնորդների ինստիտուտի կայացման մասին։ Այսօր Հայաստանի հատուկ պահպանվող տարածքներում հսկողություն իրականացնող պահնորդները զրկված են մի շարք լիազորություններից։ Ամենաբարձր մակարդակներում խոսակցություններ կային, որ նրանց պետք է օժտել ավելի մեծ լիազորություններում, սակայն, փաստորեն, մոտեցումների կտրուկ փոփոխություն տեղի ունեցավ՝ կառավարությունը նպատակահարմար է գտնում օգտագործել մասնավոր ընկերությունների փորձը։

Ավելի տրամաբանական է ենթադրել, որ ամբողջությամբ զրոյացվել է պետական պահնորդների նկատմամբ վստահությունը, պայմանավորված վերջին աղմկահարույց դեպքերով։

Ծրագիրը, որ Բնապահպանության նախարարությունն իրականացնում է «Պանտեռա սեքյուրիթի»-ի հետ, փորձնական է։

«Դիլիջան» ազգային պարկում տեղի ունեցած խոշոր խախտումներից հետո, երբ հայտնի դարձավ, որ ավելի քան 6000 ապօրինի ծառահատում է եղել, նախարարությունը, փաստորեն, որոշել է դրսից ուժեր ներգրավել՝ աութսորս անել։  

Ըստ փորձնական ծրագրի՝ «Պանտեռայի» աշխատակիցները կվերահսկեն «Դիլիջան» ազգային պարկի հինգ տեղամասերից երեքը։ Դրանք առավել ռիսկային համարվող Հաղարծին, Դիլիջան եւ Շամախյան հատվածներն են: Ծրագրով նախատեսվում է անցում կատարել պահպանության շուրջօրյա ռեժիմի, միաժամանակ բարձրացնելով պահպանության համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությունը՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ, որի համար անհրաժեշտ 10 միլիոն դրամի ֆինանսավորումը կիրականացնի Կովկասի Բնության Հիմնադրամի (CNF) կողմից:

Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ աութսորսի դիմելու որոշումը պայմանավորված էր եւ՛ ազգային պարկում տիրող իրավիճակով, եւ՛ միջազգային փորձի ուսումնասիրմամբ։

-Եկել ենք այն եզրակացության, որ պետք է փորձենք աութսորսինգի միջոցով ներգրավել մասնավոր պահնորդական ծառայություն։ Աշխատեցինք պահնորդական ծառայությունների հետ, մշակեցինք տեխնիկական բնութագիր, որտեղ նշվեց ծառայություն մատուցողի նկատմամբ պահանջները։ Հայտարարեցինք մրցույթ, որին հայտ էին ներկայացրել երեք կազմակերպություններ։ Մեկի փաստաթղթերում խնդիր կար, հայտը մերժվեց, երկրորդ կազմակերպությունը 6 ամսվա ծառայության համար առաջարկել էր մոտ 180 միլիոն դրամ, իսկ «Պանտեռան»՝ 55 միլիոն 500 հազար դրամ։

Մասնավոր պահնորդական ընկերություն ներգրավելուն զուգահեռ, կրճատումներ են արվելու «Դիլիջան» ազգային պարկի պահնորդական ծառայությունում։ Մոտ 30 պահնորդ կկրճատվի։

«Պանտեռա Սեքյուրիթի» ընկերության հետ նախարարությունը կնքել է պայմանագիր 4 ամսվա համար՝ սեպտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը։ Վաղը կառավարության նիստում փոփոխություն կարվի պետական բյուջեում, եւ «Դիլիջան» ազգային պարկին կհատկացվի 15 միլիոն դրամ։ Մնացած 40 միլիոն դրամը մասնավոր ընկերությանը կփոխանցվի աշխատակիցների կրճատումներից խնայված, ինչպես նաեւ պահուստային այլ գումարներից։

-Պետական պահնորդներին մասնավորով փոխարինելը նշանակու՞մ է, որ նախարարությունում դժգոհ են ազգային պարկի պահնորդական ծառայության աշխատանքից։

-Իհարկե, նրանց աշխատանքը մեզ համար բավարար չէ։ Եթե բավարար լիներ, այսքան ծառհատումներ չէին լինի։

-Քանի՞ պահնորդ է ներգրավվելու «Պանտեռա Սեքյուրիթի» ՍՊԸ-ից։

-Ազգային պարկի ազատված 30 պահնորդների փոխարեն «Պանտեռայից» կներգրավվի ավելի քան 40 պահնորդ։ Ի տարբերություն պետական ծառայողների, մասնավոր ընկերության ներկայացուցիչները կիրականացնեն ազգային պարկի 24-ժամյա հսկողություն։

Ազգային պարկի տնօրինությունը կվերահսկի փայտանյութի, թափոնների՝ անտառից դուրս բերման գործընթացը, սակայն կներդրվի նաեւ զուգահեռ վերահսկողական համակարգ, եւ ՊՈԱԿ-ի տրված փաստաթղթերի տակ կստորագրի նաեւ «Պանտեռա սեքյուրիթին»։

Թափուկի հանման կտրոն-թույլտվությունները կունենան շատ կարճ ժամկետ՝ մեկ օր։ Անկախ նրանից՝ քաղաքացին տվյալ օրվա ընթացքում հանել է թափուկն անտառից, թե ոչ, կտրոնը կկորցնի ուժը։

«Պանտեռա Սեքյուրիթին» ամբողջական պատասխանատվություն կկրի այն ապօրինի ծառահատումների համար, որոնց վերաբերյալ արձանագրություն չեն կազմել։ Հակառակ դեպքում՝ իրավախախտման պատասխանատվությունը կլինի հատողինը։

Շատ կարեւոր է, որ մասնավոր պահնորդական պահպանությունն ունի պրոֆեսիոնալ փորձ եւ օրենքով տրված մի շարք իրավունքներ, այդ թվում՝ զենք կրելու, հատուկ միջոցներ ձեռնարկելու եւ այլն։

-Անտառներին անծանոթ մարդիկ պետք է հսկեն այն։ Ռիսկեր չկա՞ն։

-Իհարկե, որոշ ռիսկեր կան, բայց ես հույս ունեմ, որ «Պանտեռան» նույնպես հաշվարկել է դրանք։ Հսկողությունն իրականացնելու գործին կմասնակցեն ազգային պարկի պրոֆեսիոնալ աշխատակիցները։

Ամեն դեպքում, չմոռանանք, որ «Պանտեռան» այս գործից շահույթ է ստանալու։

-Պարոն Հովհաննիսյան, պետության համար, ֆինանսական առումով, անտառների պահպանությունը աութսորսի միջոցով իրականացնե՞լն է ձեռնտու, թե պետական պահնորդների միջոցով։

-Եթե այս ծրագրի արդյունքում, մենք պահպանությունում ունենանք արդյունքի էական բարելավում, ես անձամբ կողմ կլինեմ նույնիսկ մի քանի անգամ ավել վճարել։

-Կառավարությունն այս փորձը կարող է կիրառել նաեւ ա՞յլ հատուկ պահպանվող տարածքներում։

-Էն ռիսկային տարածքները, որտեղ կան ծառահատումներ, կարելի է կիրառել։

-Իսկ ու՞ր մնաց ռեյնջերների ինստիտուտի կայացումը։

-Դա նույնպես քննարկվող տարբերակներից մեկն է։ Այդ ինստիտուտի կայացմանը խոչընդոտող օրենսդրական հարցեր կան։ Այդ ուղղությամբ եւս աշխատանքներ են տարվում։ Անտառային եւ կենսաբազմազանության ոլորտներում նախատեսվում են լուրջ բարեփոխումներ։ Քննարկվում են մի քանի սցենարներ, եւ ես չեմ կարող ասել, թե որ ուղղությամբ կգնանք։ Աութսորսը տարբերակներից մեկն էր, որն իրականացնելու համար օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն չկար։ Ես համոզմունք ունեմ, որ արդյունքում մենք ավելի վատը չենք ունենա, քան հիմա է։

Կառավարության հինգշաբթի օրվա նիստում կքննարկվի «Պանտեռա Սեքյուրիթի» ընկերությանը վճարելու նպատակով, պետական բյուջեից Բնապահպանության նախարարությանը 15 միլիոն դրամ հատկացնելու հարցը։

Բնապահպանության նախարարությունից տեղեկացանք նաեւ, որ «Դիլիջան» ազգային պարկում ստուգումներն ավարտվել են։ Այսպես, 2014-2017 թվականների ստուգումների արդյունքում արձանագրվել է 6330 ապօրինի հատված ծառ, իսկ պետությանը հասցված վնասի չափը կազմել է 1 միլիարդ 10 միլիոն դրամ։


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Վահագն23:03 - 23 օգոստոսի, 2017
Смешно, неправда ли смешно,смешно....
2. Էդիկ21:57 - 24 օգոստոսի, 2017
երկրորդ կազմակերպությունը 6 ամսվա ծառայության համար առաջարկել էր մոտ 180 միլիոն դրամ, իսկ «Պանտեռան»՝ 55 միլիոն 500 հազար դրամ։Մեկնաբանությունը... պահանջել է , ոչ թե առաջարկել այ ...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ