HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Սասնա ծռերի» գործով պաշտպանը միջնորդեց կասեցնել գործի քննությունն ու դիմել Սահմանադրական դատարան

Ամեն դատական նիստին մի քանի փաստաբան զննության համար վիճում  է կարգադրիչների հետ, հետո դատավորն, անտեսելով Քրեական դատավարության օրենսգրքի սահմանած նորմերը, որոշումներ է կայացնում, հետո պաշտպանները կամ ամբաստանյալները ցանկանում են առարկել նրա գործողությունների դեմ, ինչն Արտուշ Գաբրիելյանը թույլ չի տալիս և հեռանալով խորհրդակցական սենյակ` սանկցիա է կիրառում նրանց նկատմամբ:

Նիստը մեկնարկել է հունիսի 8-ին և մինչև հիմա գտնվում է նախապատրաստման փուլում. դատարանը չի անցել դատաքննության, անգամ չի հասցրել պարզել գործով անցնող բոլոր անձանց ինքնությունները:

Այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս գործով հերթական դատական նիստն էր նշանակված, որից առաջ դատական կարգադրիչների հետ վիճելու «հերթը» ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի փաստաբան Հայկ Ալումյանին էր:

Դատարանի միջանցքում, երբ Ալումյանը պատրաստվում էր դահլիճ գնալ, մետաղորսիչ սարքը ազդանշան տվեց: Ալումյանը հայտարարեց, որ իր մոտ սուր կտրող, ծակող գործիք կա, և կարգադրիչները պահանջեցին այդ գործիքը դնել դատարանի միջանցքում տեղադրված պահարանում կամ թողնել դրսում: Ալումյանն էլ պահանջեց ներկայացնել արգելված իրերի ցանկ, որն առհասարակ գոյություն չունի: Նման պայմաններում դատական կարգադրիչները թույլ չտվեցին փաստաբանին մուտք գործել նիստերի դահլիճ և համապատասխան արձանագրություն կազմեցին:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Ալումյանն ասաց, որ ինքը սուր կտրող, ծակող գործիք ասելով` նկատի է ունեցել իր մոտ եղած գրիչը:

Դատական նիստի մեկնարկին Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դատարանին հիշեցրեց, որ իրենք գրավոր դիմել են, որպեսզի նիստերի դահլիճից տասը ժամով հեռացված Եղնուկյանը դատարան չբերվի: Եղնուկյանն, ըստ Հայրապետյանի, առողջական խնդիրներ ունի, այսպես թե այնպես նիստերի դահլիճից հեռացված լինելու պայմաններում չի մասնակցելու նիստերին, ուստի անիմաստ է նրան բերել ու պահել դատարանի նկուղում:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, սակայն, դիրքորոշում հայտնեց, որ Եղնուկյանին դատարան ներկայացնելը պարտադիր է: Տիգրան Հայրապետյանն անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունք գնահատեց Եղնուկյանի նկատմամբ դատարանի պահվածքն ու նրան ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց:

Միջնորդությանը միացան գործով մյուս պաշտպանները ևս: Պավլիկ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը հիշեցրեց, որ Կարո Եղնուկյանի նկատմամբ սանկցիա է կիրառվել դահլիճում շշով ջուր բերելու համար, որը ևս անմարդկային վերաբերմունք է ամբաստանյալի նկատմամբ: Դատավորը, սակայն, չընդունեց, որ ինքը շշով ջուր բերելու համար է Եղնուկյանին հեռացրել դահլիճից, և Ինեսսա Պետրոսյանը հակադարձեց` նշելով, որ ինքն անձամբ է ներկա եղել, երբ Եղնուկյանը շշով ջուրը ոստիկաններին չտալու համար  հեռացվել է դահլիճից:

Դատարանը, խորհրդակցական սենյակում որոշում կայացրեց մերժել ինքնաբացարկի միջնորդությունը: Դրանից հետո Տիգրան Հայրապետյանը պատրաստվում էր լքել նիստերի դահլիճը, երբ դատավորը ուղեկցող գումարտակի ոստիկաններին կարգադրեց դատական նիստերի դահլիճ բերել հեռացված Կարո Եղնուկյանին, Պավլիկ Մանուկյանին, Արեգ Կյուրեղյանին` վերջիններիս ինքնություններն, ինչպես նաև նրանց պաշտպանների վերաբերյալ նրանց դիրքորոշումը պարզելու համար:

Կարո Եղնուկյանը դարձյալ ջրով լի շիշ էր բերել դատարան, ինչն այս անգամ քննարկման առարկա չդարձավ:

Պավլիկ Մանուկյանը հայտարարեց, որ դատավորի հարցերին կպատասխանի այն դեպքում, երբ իր վրայից սանկցիան հանվի:

«Հիմա ես սանկցիայի տա՞կ եմ, թե՞ չէ, եթե սանկցիայի տակ եմ, ձեր հարցերին չեմ պատասխանում», - ասաց Պավլիկ Մանուկյանը: Ի պատասխան դատավորն ասաց, որ սանկցիան պահպանվում է:

«Բա ինչի՞ ինձ հանիր բերիր ստեղ»,-զայրացավ Մանուկյանը: Վերջինս հայտարարեց, որ իր պաշտպաններից չի հրաժարվում, և եթե նրան իր բացակայության ընթացքում դատարանում ներկայացնեն իր շահերն, ապա կդիմի Փաստաբանների պալատ` նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով:

Դատավորը որոշում կայացրեց որպես Արեգ Կյուրեղյանի շահերի պաշտպան գործում ներգրավել հանրային պաշտպան Արմինե Ֆանյանին: Կյուրեղյանը, սակայն, հայտարարեց, որ իր պաշտպանը Մուշեղ Շուշանյանն է, ում թույլ չեն տալիս մուտք գործել նիստերի դահլիճ: Արմինե Ֆանյանը հայտարարեց, որ չի կարող ներկայացնել Կյուրեղյանի շահերն առանց նրա համաձայնության:

Դահլիճ բերվեցին նաև Արայիկ Խանդոյանին ու Գագիկ Եղիազարյանը: Վերջիններիս դահլիճից հեռացնելու դատարանի կողմից սահմանված ժամանակը լրացել էր:

Արայիկ Խանդոյանը պաշտպանի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս նշեց, թե իրեն պաշտպան պետք չէ:

«Ընկե՛ր «Միկոյան», իմ ազգն ա իմ պաշտպանը, ինձ պաշտպան պետք չի, ինձ հարձակվող ա պետք»,- դիմելով Արտուշ Գաբրիելյանին` ասաց Արայիկ Խանդոյանը:

Ինչ վերաբերում է Գագիկ Եղիազարյանին, վերջինս դատարանում առանց պաշտպանի էր: Նրա պաշտպան Դավիթ Գյուրջյանը դատարան գրություն էր ուղարկել` հայտնելով, որ գտնվում է ամենամյա արձակուրդում: Դատարանը հարգելի համարեց Գյուրջյանի բացակայությունը, բայց հարկ չհամարեց ամբաստանյալի պաշտպանի բացակայությամբ հետաձգել դատական նիստը:

Այսօր հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը միջնորդեց կասեցնել գործի քննությունը և դիմել Սահմանադրական դատարան՝ Քրեական դատավարության օրենսգրքի նորմի սահմանադրականությունը որոշելու հարցով:

Ըստ Ֆանյանի, գործին առնչվող Սահմանդրության 67-րդ հոդվածի 2-րդ մասի և Քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի միջև հակասություն կա:

Մասնավորապես՝ 69-րդ հոդվածի կետերից մեկի համաձայն՝ պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, եթե դատարանում ամբաստանյալի նկատմամբ կիրառվել է դատական նիստերի դահլիճից հեռացնելու սանկցիան, մեկ այլ հոդված էլ սահմանում է, որ եթե առկա են վերը նշված հոդվածի պայմաններն, ապա դատարանը չի ընդունում պաշտպանից ամբաստանյալի հրաժարումը, օրենքով սահմանված կարգով նշանակում է նոր պաշտպան կամ պահպանում ամբաստանյալի պաշտպանի լիազորությունները:

Մինչդեռ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ «հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի անձամբ կամ իր ընտրած փաստաբանի միջոցով պաշտպանվելու իրավունք»: Արմինե Ֆանյանի կարծիքով` հաշվի առնելով վերը նշված հանգամանքը՝ պետք է կասեցնել գործի քննությունն ու դիմել Սահմանադրական դատարան՝ Քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի համապատասխան դրույթների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու համար:

Դատարանը պաշտպանի ներկայացրած միջնորդությունը համարեց որպես ոչ ժամանակին արված միջնորդություն:

Այսօր` նիստի ընթացքում, Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ անհապաղ միջնորդություն ունի ներկայացնելու, սակայն դատարանը չթույլատրեց փաստաբանին հայտարարություն կամ միջնորդություն անել՝ նշելով, որ դրանք կարվեն համապատասխան փուլում:

Քրեական դատավարության օրենսգիրքը միջնորդությունների փուլ չի սահմանում, և Լուսինե Սահակյանը շարունակեց պնդել, որ միջնորդությունն անհապաղ է, որից հետո դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ և սանկցիա կիրառեց Սահակյանի նկատմամբ:

Դրանից հետո գործում ներգրավված պաշտպանները գրավոր միջնորդություն ներկայացրին դատարանին, որպեսզի ապահովվի բոլոր պաշտպանների ներկայությունը և լքեցին նիստերի դահլիճը` դրա համար ևս մեկ անգամ սանկցիա ստանալով:

Հաջորդ դատական նիստը օգոստոսի 30-ին է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter