HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սարի թաղի» գործով փաստաբանը պնդում է՝ վկան դեպքի վայրում չի եղել

Ամալյա Մարգարյան

Սարի թաղում 2016-ի հուլիսի 19-ին զանգվածային անկարգություններին մասնակցելու և ոստիկանների նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող Կարեն Վանոյանի և Սարգիս Արաբաջյանի գործով շարունակվում է վկաների հարցաքննությունը: Այսօրվա նիստին ցուցմունքով հանդես եկավ ոստիկանության աշխատակից Կարեն Վանյանը, ով հայտնեց, որ ամբաստանյալներ Սարգիս Արաբաջյանին և Կարեն Վանոյանին չի ճանաչում,  դեպքի օրը չի տեսել: Վկան նշեց, որ ծառայակից ընկերների հետ Սարի թաղ են բարձրացել բնակիչների անվտանգությունն ապահովելու համար, հետո նկատել  վիճաբանություն` քաղաքացիների և ոստիկանների միջև:

Նշեց, որ իրենց հանձնարարված է եղել փողոցում գտնվող բնակիչներին հորդորել մտնել բնակարան. «Խորհուրդ էինք տալիս չմոտենալ պատուհաններին, քանի որ կրակոցներ էին լսվում ՊՊԾ գնդի տարածքից»: Վկան պատմեց նաև, որ քաղաքացիները քարեր են շպրտել ոստիկանների ուղղությամբ: «Լսել ենք, որ գոռացել են, որպեսզի իջնեն Խորենացի փողոց, գնդի տարածք մտնելու պահանջ չեմ տեսել: Քաղաքացիներն իմ ներկայությամբ վառվող անիվներ չեն նետել», - հայտնեց վկան, ապա ավելացրեց, որ ոստիկանների կողմից կրակոցներ ևս չի նկատել:

Վկան հայտնեց, որ բախման ժամանակ 300-400 մետր ներքևում է գտնվել, սակայն թե ոստիկանների, թե քաղաքացիների կողմից էլ բղավոցներ է լսել. «Չեմ կարող հստակ ասել՝ ում կողմից է եղել: Չեմ կարող մանրամասն նկարագրել՝ վերևում ինչ է կատարվել»,-հայտնեց վկան:

Ցուցմունքի ժամանակ վկան նշեց, որ ալկոհոլի ազդեցությամբ քաղաքացիների չի տեսել, հայհոյանքներ չի լսել, չի լսել նաև, որ քաղաքացիները ցանկություն հայտնեն մոտենալ ՊՊԾ գունդ: Դատարանը հայտնեց, որ նախաքննության ընթացում վկան այս մասին հայտնել է, ուստի, հակասություն գտնելով նախաքննական և դատաքննության ընթացքում տված ցուցմունքների մեջ, նախագահող դատավոր Ա. Դանիբեկյանը հրապարակեց նախաքննական ցուցմունքը:

Ամբաստանյալների պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հայտնեց, որ վկան դեպքի վայրում չի եղել: «Հենց հիմա կարող ենք Սարի թաղ տանող ճանապարհով բարձրանալ և տեսնել, որ վկայի նկարագրած խանութից 200 մետր եթե հաշվենք, կլինի ոլորաններից վերև, հետևաբար 200 մետրը չէր էլ կարող տեսնել: Նշված հանգամանքը փաստում է, որ վկան ընդհանրապես այնտեղ չի եղել և նրա նկարագրած փաստը, որ եղել է 300-400 մետր հեռավորության վրա, հնարավոր չէ: Ցուցմունքները չեն կարող գնահատվել», - հայտարարեց փաստաբանը:

Քանի որ այսօր ևս մեկ վկա էր ներկայացել դատական նիստին, դատարանը որոշում կայացրեց հետաձգել նիստը: Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդությամբ հանդես եկավ և նշեց, որ վկաների նկատմամբ պետք է բերման ենթարկելու որոշում կայացնել. «Մենք գալիս ենք, ընդամենը մեկ վկա ենք հարցաքննում, դեռ 20-ից ավելի վկաներ ունենք: Միջնորդում եմ բոլորին ծանուցել միանգամից»,-հայտնեց փաստաբանը:

Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 15-ին ժամը 12-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter