ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Հացի խնդիր կամ բորբոսներ մի մանկությունից


Տատս հացի գինը լավ գիտի։ Ու չի սիրում, երբ իր պատրաստած ապուրից կամ տապակայից սեղանին մնում է։ Դա վիրավորանք է համարում, թե՝ պատրաստածը չպիտի փչացնել։

Ծնվել է 1939 թվականին, ու նրա մանկության տարիներին հացն ամենաթանկն էր ու ամենաերազելին։

Ամեն անգամ մանկության մասին խոսելիս, տատս հիշում է հացի խնդիրը։ Պատմում է, որ ավագ քույրը քարերը խաշում էր կաթսայի մեջ, փոքրերին համոզելով, թե՝ «կարտոֆիլ է, մի քիչ համբերեք, հիմա կեփի»։ Սոված երեխաները ականջ էին դնում վառարանին բլթբլթացող քարերի ձենին, մինչեւ քունները կտաներ։ Պատմում է, թե ինչպես է մայրը սիմինդրի աղացած կոթը (ցողունը) խառնել ջրալի ապուրին, մի քիչ համը փոխելու համար։

Ու որքան էլ տատս կրկնի պատմությունները, ամեն անգամ հուզիչ է։

Ռիմա տատս փռնչու՝ հացթուխի աղջիկ է։ Նրա Սմբատ հայրը հայտնի է եղել որպես խեղճին ու աղքատին ձեռք մեկնող մեկը։ Պատերազմի տարիներին, երբ հացը ոսկու գին ուներ ու տալոնով էր հատկացվում, շատ խիստ էր դրված պետությունից գողանալու պատասխանատվության հարցը։ Յուրաքանչյուր բուռ ալյուրի կորուստը կարող էր թանկ նստել փռնչիների վրա՝ աքսոր կամ գոնե մի հինգ տարվա բանտարկություն։

Ու մի օր գյուղի հարսներից մեկը, ամուսինը՝ ռազմաճակատում, եկել էր, թե «Սումբաթ դայի, էրեխեքս սովից մեռնում են, մի հնար արա»։ Հնար անողը պետք է Ստալինը լիներ։ Բայց փռնչի Նազնանց Սմբատն ասում է՝ գիշերվա էսինչ ժամին ետնամուտքով կգաս փուռ ու էնպես, որ ոչ ոք չտեսնի։ Ստալինը հաստատ Կրեմլից տեսնողը չէր։ Բայց հո ԿենտԿոմը գյուղում հազար աչք ու ականջ ուներ։

Գիշերվա պայմանավորված ժամին կինը մոտենում է։ Փռնչի Սմբատը հարցնում է՝ «հո մարդու չհանդիպեցի՞ր ճամփին», ու ասում՝ «գնա էն սենյակ, շորերդ հանի»։ Կինը թե՝ «Սումբաթ դայի, բա ես էդ աբուռի տերն ե՞մ, էս ի՞նչ ես ասում»։ «Ժամանակ չկա, մտի սենյակ, շորերդ բարձրացրու»,-պնդում է փռնչի Սմբատը։ Կինն արցունքներն աչքերին մտնում է սենյակ, շորերը բարձրացնում, միգուցե մտքում անիծելով պատերազմն ու ամուսնուն, իր անտեր բախտը, երեխաներին, որ տանը սոված իրեն էին սպասում։ Տատիս հայրը ներս է մտնում խմորի մի քանի երկար լոշ ձեռքերին, արագ փաթաթում կնոջ մերկ մարմնով ու ասում «Դե արագ հագնվիր՝ թաքցրու շորերիդ տակ, հեռացիր, քանի մարդ չի տեսել»։

Բայց փռնչի Սումբաթի վեց էրեխեքը հացի կարոտ մեծացան։ Ուրիշին հաց տվող փռնչուն հինգ տարով բանտարկեցին իր հին մուշտակը մեկ ուրիշի վերավաճառելու համար, թե՝ սպեկուլյանտ ես։

Ու էդ հինգ տարիները տատիս ողջ մանկությունը սեւացրել են։

Տատիս ավագ քույրը՝ Արաքսյան, իմանալով, որ տրակտորիստներին նորմա հաց են տալիս, գնացել ու կոլխոզում տրակտորիստ էր աշխատել ընտանիքը կերակրելու համար։ Տատս պատմում է․

«Երեւի երկու տարեկան կլինեի, որ հորս բանտարկեցին։ Ու մեր ողջ ընտանիքն ընկավ աղքատության մեջ։ Մայրս ոտքով գնում էր սարեր, կոլխոզի կարտոփը մշակում, մի երկու հատ էլ թաքուն պահում ծոցի մեջ, որ բերի, էրեխեքն ուտեն։ Մի անգամ գյուղի կանանցից մեկը խեղճ մորս մատնել էր, բոլորի աչքի առաջ կարտոփը ծոցից հանել։

Մայրս սիմինդրի կոթը փուռն էր տալիս, չորացնում, ջաղացում աղալ տալիս։ Դառնում էր թեփ։ Լիս դառած ջաղացպանը, քարերի վրա նստած ալրափոշին հավաքում տալիս էր, ասում՝ ախչի Հերիք, սա էլ կխառնես էդ սիմինդին, էրեխեքիդ կտաս։

Էդ թեփը մերս լցնում էր ապուր եփելու, ջրի երես էր բարձրանում։

Տատիս ծնողները՝ Սմբատ եւ Հերիքնազ Նազինյանները

Մերս ոտքով հասնում էր Աղստաֆա՝ բամբակի կորիզ բերելու։ Հորեղբայրս Աղստաֆայի բամբակի գործարանում պահակ էր աշխատում, կինն էլ հավաքարար էր, մի քիչ լավ էին ապրում։ Հորեղբայրս բամբակի կորիզ էր հավաքում, հետն էլ՝ մի բուռ սիմինդ, մի բուռ ալյուր, ինչ կճարվեր, տալիս էր մորս, ասում՝ «Հերիք ջան, տար, էրեխեքի գլուխը պահի»։

Էդ անտերը հենց բերանս էի տանում, դառնությունը խեղդում էր։ Ես ամենափոքրն էի, չէի ուտում, մեծ քույրերս ու ախպերներս մի կերպ ուտում էին։ Սննդի պակասից երեւի նյութափոխանակությունս էր խանգարվել, ուռել էի։

Ինձ տարան բժշկի։ Բժիշկն ասաց՝ էս երեխուն ամեն իրիկուն քամած մածուն տվեք, փորը պինդ կապեք, քնացրեք»։

Տատիս հորեղբայրը որոշում է բանտարկված եղբոր երեխաներից ամենափոքրին՝ Ռիմային, իր խնամքի տակ առնել, մինչեւ եղբայրը դուրս կգա կալանավայրից։ Տատս իր հորեղբոր կնոջ հետ ոտքով բռնել է իր մանկության հացի ճանապարհը՝ Իջեւանի շրջանի Աչաջուր գյուղից մինչեւ ադրբեջանական Աղստաֆա քաղաք։

«Հորեղբորս ընտանիքն ինձ երկու տարի Աղստաֆայում պահեց։ Հորեղբորս կին Աստղիկը եկավ ինձ իրենց տուն տանելու։ Հիշում եմ, ինձ համար իր ձեռքով կարած շոր էր բերել՝ ալյուրի պարկից կարված։

Ոտքով հասանք Մայիսյան կամրջի մոտ, տեսա մի զինվորական աղջիկ, մի քանի կտոր սեւ հաց ձեռքին գնում է։ Փոքր էի, չգիտեի, որ էն ժամանակ դա մի քանի հոգու բաժին է։ Հորեղբորս կնոջն ասի՝ ձալո, էսքան հացը իրենն ա՞։ Աստղիկը բարկացավ, ասաց՝ ամոթ ա, սուս մնա։ Էդ աղջիկը ռուս էր երեւի, բայց հասկացավ, որ հաց եմ ուզում, մի կտորն ինձ տվեց։

Տատիս հացի ճանապարհը ուղիղ գծով 30 կիլոմետր է։

Հորեղբայրս ինձ լավ էր պահում։ Երեկոյան աշխատանքից գալիս էր, թինկը տալիս, թե՝ Ռիմա ջան, ինձ համար մի երգ ասա։ Երգում էի՝

Քեզ կյանք կտամ, կյանքիդ մատաղ, սիրո տիպար,

Էս իրիկու դու իմ սրտին ինչու կպար․․․

Ու հորեղբայրս գրպանից պնդուկով հալվա էր հանում, տալիս ինձ։ Էդ հալվայի համը էլ ոչ մի տեղ չեմ առել։ Նման համով հալվա հիմա չկա»։

Տատս իր պատմություններում անպայման հիշատակում է այն մարդկանց անունները, ովքեր իրեն հաց են տվել, կամ թեկուզ մի բուռ ալյուր։

«Էդ տարիներին աղ գոյություն չուներ։ Լիս դառնա մեր Նազնանց Ցոլակի հերը՝ Միկիչը։ Նրանք աղ ունեին։ Հորից թաքուն աղ էր բերում, մորս ասում՝ Հերիք, մի թիքա աղ եմ բերել, քարի տակ պահել եմ, կվերցնես։

Բա Բելվանց Արտաշը մեզ ոնց ա պահել․․․ Լիս դառնա։ Որդեգրված երեխա էր։ Արտաշի ծնվելիս մայրը մահացել էր։ Ասում էին՝ հակը քյացել ա։ Էն ժամանակ հիմնականում տանն էին ծննդաբերում։ Արտաշը ծնվել էր ծղնոտի վրա։ Մայրը մահացել էր, էրեխեն մնացել էր ծղնոտին։ Մեր հարեւան Ալեքսանը ժառանգ չուներ, Արտաշին վերցրել էր իրեն որդի։ Ալեքսանն անասուն ուներ, կաթ, մածուն, աշխատում էր, ալյուր էր բերում իր տուն։

Արտաշը մեր բաց բալկոնից կանչում էր՝ «Ռիմա՛», ու մի փոքր լոշ, մի հացի թիքա շպրտում մեր բալկոն։ Հացի պակաս տարի էր, ծնողներն Արտաշին ասում էին՝ մեր հացը ուրիշին մի տուր։ Երբ ծնողները նկատեցին Արտաշի «բարեգործությունը», սկսեցին դարպասը կողպել, որ նա դուրս չգա։

Արտաշը մի աման ճաշ, մի բուռ ալյուր, ինչ էլ կլիներ, բերում էր, ցանկապատի տակի հողը քանդելով տեղ բացում` ձեն տալիս, թե՝ շուտ էկեք վերցրեք»։

Տատիս հիշողության մեջ են նաեւ այն մարդիկ, ովքեր իրենց հարստությունից անգամ մի բուռ հացահատիկն ափսոսացել են ու փռնչի Նազնանց Սումբաթի էրեխեքին սոված թողել։

«Հարուստ մարդիկ կային, բերում էին ջաղացում իրենց ցորենն ու սիմինդը աղում։ Խեղճ Լադիկ ախպերս մի չանթա ուսին գնացել էր, որ մի բան բերի սոված քույրերի համար։ Գյուղի հարուստներից մեկը սիմինդ էր բերել աղելու։ Սիմինդի պարկը պատռվել էր, մի քանի հատիկ գետնին թափված էր։ Լադիկը, իմ աչքի առաջ, կռացավ էդ հատիկները հավաքելու։ Սա հարձակվեց ախպորս վրա, Լադիկը մի կերպ փախավ։ Սրտիս դարդ մնաց էդ դեպքը։

Աջից ձախ՝ Սմբատ Նազինյանը եւ նրա որդի Լադիկը, նույնպես հացթուխ։

Տարիներ անց Լադիկը փռնչի դարձավ։ Հարցրեցի՝ Լադիկ, ո՞վ էր էն մեռածը, քեզ մի բուռ սիմինդ էլ չտվեց։ Ախպերս պատմեց, որ էդ մարդը հետո խելագարված էլ մեռել է։ Ասում եմ՝ բա դու հետո դրան հաց չե՞ս տվել։ Ծիծաղեց․ «քիրա, հաց էլ եմ տվել, ալյուր էլ, ու ամեն անգամ երեսով եմ տվել, ասել եմ՝ դու էդ մարդն էիր, որ գետնին թափված սիմինդից մի բուռ չտվեցիր»։

Չնայած 90-ականներին ինքս վարսակի ալյուրով հաց եմ կերել, էն ժամանակ «ձիու հաց» էին ասում, տատս ամեն անգամ իր պատմություններն ավարտում է մի հայացքով, որը նշանակում է՝ էդպես էլ չեք հասկանա, թե իմ ապրածն ինչ էր․․․

Իսկ երբ սոցիալական հարցերի շուրջ խոսում ենք, զրուցում օրվա պակասությունից, տատս երբեք չի դժգոհում, ասելով․«Որ մեկից վատ ենք, տասից էլ լավ ենք։ Ավելի վատ օրեր են լինում»,-ասում է։

Նա միայն մի բան չի կարողանում հասկանալ՝ եթե աշխարհն էսքան լիուլի է, ապա ինչու՞ իր մանկությունն էդքան խեղճ անցավ։

Գլխավոր լուսանկարում ձախից՝ Ռիմա Նազինյանը


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (1)
1. Սոնա21:45 - 31 օգոստոսի, 2017
Շատ ապրես Գագիկ ջան,շատ լավ ես գրել,ու շատ ճիշտ ես արել,չնայած տխուր պատմություն էր;
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։