HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գեղանկարիչ Արտյոմ Սարգսյան. այցեքարտը` ծիրանի կորիզ

Կյանքի ծիլն իր մեջ ամփոփող ամենահայկական մրգի կորիզի պատկերներն ամենուր են՝ մուտքի դռնից մինչեւ ականջօղեր, կաշվե գոտի, վզնոց ու գեղանկար: Ծիրանի կորիզը գյումրեցի գեղանկարիչ Արտյոմ Սարգսյանի այցեքարտն է: Առավելապես ավանգարդ ոճով ստեղծագործող նկարիչը արվեստի մեջ սեփական ձեռագրով հաստատուն տեղ գրավելու հայտը ներկայացնելուց առաջ բավական երկար ժամանակ փնտրտուքների մեջ է եղել:

7 տարի առաջ, երբ վերջապես որոշեց զբաղվել լատունից, բրոնզից ու արծաթից զարդեր պատրաստելով, հասկացավ, որ կտավի վրա մետաղի, կաշվի եւ անգամ փայտի համադրությունը յուղաներկի հետ, որտեղ առաջին պլան պիտի մշտապես մղվեր կորիզի գաղափարը, դառնալու էր իր՝ աշխարհին ներկայանալու, սեփական երկիրը լավագույնս ներկայացնելու թերեւս ամենագեղեցիկ այցեքարտը:

Ոսկերչի ու մանկավարժի միությունից ծնված երեք զավակներից ավագն է Արտյոմը: Նկարչական ձիրքը տղային փոխանցվել է հորից՝ Էդիկ Սարգսյանից: Պատմում է, որ մանկական տարիներին հայրական տան պատերը ծածկված էին մատիտով արված իր «խզբզոցներով»: «Հիմա, որ պատերի վերանորոգված հատվածներից ցանկացած տեղ քերենք, տակից երեւալու են իմ «գլուխգործոցները»,-կատակում է Արտյոմը:

10 տարեկանից հաճախել է Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոց: Մեկ տարվա սան էր, երբ երկրաշարժը ցնցեց հայրենի քաղաքը: Հայրական օջախը կանգուն մնաց, դրա փոխարեն հարկ եղավ ուսումնառության հիմնական տարիներն անցկացնել տնակային պայմաններում: Տնակներում էր տեղավորվել նաեւ Մերկուրովի անվան նկարչական դպրոցը: «Ես լավ ուսուցիչներ եմ ունեցել՝ Միրզոյան Սերգեյը, Ցողիկը, Նինելը, Գասպարյան Հովհաննեսը: Նույնն էլ ակադեմիայում էր՝ չհաշված ամենագլխավոր ուսուցչիս՝ հայրիկիս»,-նկատում է զրուցակիցս:

Գյումրու գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարչության ֆակուլտետում ուսանել հաջողվում է միայն զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո՝ 1998թ-ին: Գեղանկարչի եւ մանկավարժի որակավորումն Արտյոմին կարճ ժամանակով հնարավորություն է տալիս ստեղծագործելուն զուգահեռ զբաղվել նաեւ դասավանդմամբ՝ մեկ տարի Գյումրու «Գեղագիտության ազգային կենտրոնում» եւ 3 տարի «Հայ բուսակ» համալսարանում:

«Իմ մեջ միայն նկարչական ձիրքը չէ: Մենք հորս հետ միշտ էլ տանը մի բան սարքել ենք մեր ձեռքով: Փոքր հասակից մշտապես ձգտել եմ նորության, չկրկնվող բաների,-Արտյոմը ժպտում է եւ զրույցին զուգընթաց սեղանին շարում իր ստեղծած զարդերը,-որ ուշադիր նայեք, իմ գործերում, անգամ օղերը միմյանց չեն կրկնում: Մենք սովոր ենք չէ՞, որ եթե ականջօղեր են, ուրեմն պիտի եւ սիմետրիկ լինեն, եւ պատկերային կրկնեն իրար՝ իմ գործերը հակասում են այդ նորմերին»:

Արտյոմի պատրաստած զարդերի հավաքածուներում, որքան էլ որ գերակշռեն միմյանց չկրկնող օրինակները, կա մի բան, որ մշտապես առկա է՝ ծիրանի կորիզը: «Մի տեղ կարդացի, որ ճապոնացիները մեծ լաբորատորիա են սարքել, որտեղ ծիրան են աճեցնում ՝ 7 մլն ամն դոլար փող են ծախսել, անգամ հայկական հող են տարել էստեղից: Ուրեմն կորիզից մինչեւ շիվ ստանալը, աճեցման պայմանները՝ արեւի, ջերմության, լույսի տեւողության, քամիների ուղղության, ջրի քանակն ու աստված գիտե էլի ինչ մանրուքներ՝ սաղ հաշվարկել են, որ կարողնան իրենց մոտ հայկական ծիրան ստանան: Դե տեսքի առումով ստացել են, համային՝ ոչ,-ինքնագոհ ժպիտը կրկին զարդարում է զրուցակցիս դեմքը,-եթե խոսենք փոխաբերության լեզվով՝ ծիրանի կորիզն ինձ համար հայի կենսունակ, չձուլվող տեսակն է»:

Լատունից, մետաղից, բրոնզից, կիսաթանկարժեք քարերից ու կաշվի համադրությամբ ստեղծված զարդերի երկրպագուները հիմնականում երիտասարդ աղջիկներն են եւ  միջին տարիքի, ինքնատիպ ոճով կանայք: Տղամարդիկ եւս ունեն ընտրություն կաշվե թեւնոցների բազմազանության մեջ: Առաջարկվող տեսականին շատերի համար մատչելի չէ(տատանվում է 35-300 հազար դրամի սահմաններում):

«Դե արդեն պարզ է, որ իմ գործերը լայն սպառման համար չեն՝ նախասիրության հարց է, գնահատելու, ինչպես նաեւ ֆինանսական հնարավորության,-նկատում է զրուցակիցս,-հնարավոր է, որ մարդը գնահատի, սակայն գումար չունենա գնելու, սակայն չեմ հանդիպել դեպքի, որ գնեն՝ առանց հասկանալու, որովհետեւ սա ոչ ոսկի է, ոչ արծաթ, այսինքն ստանդարտ նյութեր չեն օգտագործված, որին սովոր է մեր աչքը»:

2016 թ-ի աշնանը Արտյոմ Սարգսյանը հրավեր էր ստացել Մոսկվայում մասնակցելու «Հայկական նորաձեւության օրեր»-ին: Հրավիրողը դիզայներ, ծնունդով գյումրեցի Էդիտա Գրիգորյանն էր, ով աշխատում էր Մոսկվայում եւ լավատեղյակ էր Արտյոմի աշխատանքներին: «Ցուցադրությունից հետո որոշ գործեր վաճառվեցին, նաեւ նոր ծանոթություններ ձեռք բերեցի: Կարեւոր է, երբ քո աշխատանքներով ճանաչելի ես դառնում երկրիդ սահմաններից դուրս, ուղղակի ափսոսում եմ, որ նկարչության ասպարեզում դեռ այդ տենդենցը չկա»,-ասում է Արտյոմը:

Նրա պատրաստած զարդերը հիմնականում վաճառվում են համացանցի միջոցով: Շատ է օգնում Ամերիկայում բնակվող քույրը՝ հատկապես անգլիախոս գնորդների հետ շփվելիս: Մի զրույցի ժամանակ, գյումրեցի արվեստաբան Արաքսյա Մարգարյանը պիտի շեշտեր, թե Արտյոմ Սարգսյան արվեստագետի անգնահատելի ներդրումը հենց հայրենի քաղաքում ստեղծագործելն է, այն դեպքում, որ մեծ հնարավորություն ունի ԱՄՆ տեղափոխվելու:

Գյումրիում բնակվող շատ նկարիչների նման, Արտյոմն էլ ունի գեղանկարները վաճառելու խնդիր: Այս տարիների ընթացքում հասցրել է մասնակցել հանրապետական երեք ցուցահանդեսի եւ Գյումրիում հիմնված Real Art նախագծի բոլոր վեց ցուցադրություններին: Նկարիչը ճանաչելի եւ ինչ որ տեղ հասանելի է դառնում հենց այդ ցուցադրությունների միջոցով, շեշտում է արվեստագետը, իսկ դրանք այնքան էլ հաճախակի չեն կազմակերպվում:

«Անհատական ցուցահանդես ունենալու համար յուրաքանչյուր նկարիչ առնվազն 30-40 գործ պետք է ունենա, իսկ դրանք ոչ մեկ օրում են ստեղծվում, ոչ էլ մի քանի ամսում: Ես հիմա պատրաստի 18 գործ ունեմ, զուգահեռ 4-5 գործի վրա էլ աշխատում եմ, բայց մտածում եմ թիվը հասցնել 40-ի ու չգիտեմ, թե ինչքան ժամանակ ինձնից կպահանջվի, մանավանդ որ զուգահեռ էլ զարդեր եմ պատրաստում: Գուցե մեկ տարուց կարողանամ գյումրեցի արվեստասեր հանրությանը ներկայանալ անհատական ցուցահանդեսով՝ հույս ունեմ»:

Գյումրու 2-րդ միջազգային բիենալեին ներկայացված գործը

Լինելով ավանգարդ ոճի ստեղծագործող, Արտյոմ Սարգսյանն ընդամենը մեկ անգամ է մասնակցել Գյումրիում անցկացվող միջազգային բիենալեներին:  2000թ-նն էր եւ Գյումրիում ընթանում էր 2-րդ միջազգային բիենալեն, որին մասնակցում էին նաեւ գեղարվեստի ակադեմիայի նկարչության բաժնի ուսանողները: Արտյոմի ստեղծագործությունը՝ արված փայտի ու յուղաներկի համադրությամբ, կոչվում էր «Քրիստոսի մուտքը Գյումրի»:

Գյումրիում, ոչ գեղանկարների, սակայն զարդերի պատրաստման առումով, ոճային իմաստով միմյանց չեն կրկնում, սակայն նույն «դաշտում» զուգահեռ ստեղծագործում են Ջեւոներ-Անի զույգն ու ակնարկիս հերոսը: Հարցին, թե կա՞ արդյոք մրցակցություն իր եւ Ջեւոների միջեւ, եղավ շատ անմիջական պատասխան. «Ջեւոների աշխատանքներն ինձ շատ են դուր գալիս՝ անկեղծ եմ ասում: Ստեղծագործող, մեծ եռանդ ունեցող արվեստագետներ են ու նրանց հետ մրցակցության մեջ լինելը պատիվ է ցանկացածի համար լավ իմաստով: Աշոտն ու Մամիկոնն իմ լավ ընկերներն են: Ես իրենցից եմ շատ բան սովորել, իրենք էլ ինձնից: Եթե ես մի մարդուց չեմ կարող ինչ որ բան վերցնել, սովորել, ես դադարում եմ իր հետ շփվել»:

Հետո հիշում ենք, որ 5 ստեղծագործող ընկերներով որոշել էին խումբ ստեղծել, որի հիմքի վրա էլ հետագայում՝ դպրոց, որտեղ երեխաները կուսանեին կավագործություն, նկարչություն, զարդարվեստ, քանդակագործություն, դիզայն եւ այլն: Խմբի կազմում էին քանդակագործ Միքայելյան եղբայրները (Ջեւոները), գեղանկարիչ-կավագործ Վազգեն Գեւորգյանը եւ գրաֆիկ Կարեն Թովմասյանը: Նախաձեռնության հեղինակն Արտյոմն էր, նորաստեղծ խումբն էլ կոչվում էր ԱՐԱՏՏԱ: Սակայն համագործակցությունը տեւեց երկու տարուց էլ պակաս: Արտյոմն ասում է, որ բաժանման պատճառն եղել է յուրաքանչյուրի անհատական զբաղվածությունը, սակայն հույս ունի, որ օրերից մի օր կրկին միավորվելու են՝ հիմնելու իրենց երազանքի դպրոցը:

Լուսանկարները՝ Երանուհի Սողոյանի եւ Արտյոմ Սարգսյանի անձնական արխիվից

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter