Կիրակի, 23 սեպտեմբերի

Բալկոնում Արման Երիցյանն է


Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում կինոռեժիսոր Արման Երիցյանն է։

Արման Երիցյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Ես հասկացա՝ ինչի ես մարդկանց երրորդ դեմքով խոսեցնում․․․ Որ ասեն՝ էս եմ արել էս ինչ թվին, էն եմ արել սրա հետ, նրա հետ, բայց բոլոր արածներն ու ասածները անցյալին են վերաբերում։ Ես երրորդ դեմքով կարող եմ խոսել ապագայի մասին (թե ինչ եմ, ինչ էր, ում հետ էր, դա կարեւոր չի այլեւս)։

Երբ երեխա էր ինքը անգամ կանխատեսման ձեւով հնարավոր չէր մտքում տեղավորել այն, որ կարող է ֆիլմ անել կամ կինոռեժիսոր լինել։ Երբեք։ Կանխատեսումները, առհասարակ, սարսափելի են։ Դրա համար կհրաժարվեմ նաեւ քիչ առաջվա մտքից՝ ապագա ժամանակով խոսելու։ Մեծ հաշվով գիտեմ՝ ինչ է լինելու Արմանի հետ, բայց չեմ բարձրաձայնի, որ հետաքրքրությունը մնա եւ իմ, եւ ուրիշների համար։

Վայ, Անուշ։ Էնքան տարօրինակ է երրորդ դեմքով խոսելը (լռություն)։

Երիտասարդ ժամանակ, երբ ինքը սովորում էր Մանկավարժականում, բոլորին պարբերաբար ասում էր՝ ուզում է մատուցող աշխատել։ Իր համար հետաքրքրքական էր, թե մարդիկ ինչպես են ինչ-որ բան ուզում՝ դեմքի ինչ արտահայտությամբ։ Ցանկանում էր լինել «սպասարկող», ով պետք է բավարարի բոլորի ցանկությունները ու զգա ցանկացողի դրսեւորումները։ Դա ֆենոմենալ բան է, երբ դիմացինդ փող է խնդրում, սեքս է խնդրում, ուշադրություն կամ ուղղակի լռում է, որ քեզ չնեղացնի (դա էլ է խնդրանք, որ «ես չեմ խոսում, դու էլ մի խոսիր իմ լռության դիմաց»):

Շատ հաճախ Հովիկ Թեքգյոզյանն ասում էր՝ կյանքում ամենածանրը բանը «բագաժն» է՝ ամենամեծ բեռը։ Իմ մասին ես կարող եմ երկար լռել․ երկու օր կարող եմ այդպես նստել այս բալկոնում, մտածել, հիշել, թե ինքն ինչպիսին էր կամ ․․․ Իմ ընկեր Սաքոն Խարազյանը (օպերատոր Սարգիս Խարազյանը) մի անգամ երազ է տեսնում․ ինչ-որ մեկը երազում դուռը անընդհատ ջարդում է, ուզում է մտնել իր տուն, Սաքոն էլ անընդհատ իրեր է դնում դռան դեմը․ ինչքան շատ է իրեր դնում, էնքան էդ չար ուժը ուզում է ավելի մեծ ուժով ներս մտնել։ Երիտասարդ էինք, որ այս երազը պատմեց։ Ասում է՝ լրիվ դրեցի ու էլի ճռռցրեց,  դուռը մի քիչ էլ բացվեց, ու ես հասկացա, որ պետք է ինքս բացեմ դուռը ու ասեմ՝ «ինչ ա էղել, արա»։

Երբ դեմ առ դեմ ես քո պրոբլեմների հետ, լուծումներն էլ են ի հայտ գալիս։ Արմանը էն մարդկանցից է, ով կարողանում է  զրուցել իր պրոբլեմի հետ, ինքն իր հետ։ Սաքոյին ասում եմ լավ, «ռադ» ես արել, էլ ինչ ես մտածում․ ասում է՝ հա, բայց բացեցի ու տեսա՝ չկա։

Արմանը լավ է լինելու։ Պետք չի նեղացնել, ու պետք չի նեղանալ։ Էդպիսին է, էդպես է մտածում։ Ինքը երբեք չի նեղանում մարդկանցից։ Պը՛րծ։ Չէ, սպասիր․․․ Ինքը վախենում է երեք բանից, որոնք իրենից կախված չեն․ բանտից (մեկուսացած լինելուց), խելագարությունից (բանականությունը, որ չմեռնի), ու մեկ էլ, որ ամենահարազատ մարդկանց կորուստը կարողանա տրամաբանության մեջ ընկալել եւ չմնա կորուստի տակ․․․ Իսկ թե կինո կնկարի, թե չէ, սիրելի մարդ կլինի կողքին, թե չի լինի, փող կունենա, չի ունենա, էական չէ։

Հենց «նեղվելուց», «նեղ տարածքներից» էլ սկսենք։

Նեղվել-չնեղվել․ երբ հարցնում ես՝ ինչից ես նեղված, այ այդ ժամանակ էլ սկսում եմ նեղվել։ Նեղվածությունն իմ դեպքում ընթացք չի ենթադրում։ Միակ բանը, որ ինձ ութը տարի է՝ նեղացնում է, բանկն է, որից ուզում եմ ազատվել վերջնականապես։ Բայց դա էլ իրականում մեծ հաշվով նեղվելու թեմա չի։

Հայաստանում սոցիալական թեմայով կինո գրեթե չի նկարվում։

Նման թեմա Հայաստանում գոյություն չունի։

Բայց խոսել ենք սրա մասին։ Այդ ինչպե՞ս գոյություն չունի։

Մենք այդ նույն սոցիումի մեջ ենք։ Համադրման հետաքրքիր օրինակ՝ հարցիդ ի պատասխան։ Այսօր մայրս ու ընկերուհին երեք ժամ շարունակ նարդի էին խաղում։ Գլուխս զառերի չխկչխկոցից տրաքում էր։ Մի տեսակ ինձ անհարմար էի զգում։ Հետո ապուշ հարց տվեցի իրենց․ ասեցի՝ ձեր գլուխը չի ցավում էս զառերի ձայնից ու ինքս ինձ միանգամից պատասխանեցի՝ իհարկե, ոչ, որովհետեւ  մարդիկ, ովքեր դրա մեջ են, ոչ զզվում են նարդիից, ոչ էլ սոցիումից։ Ոնց որ աղբ հավաքվող մարդուն ասես՝  հետ չես տալիս աղբի հոտից։ Ասելու է՝ սովորել եմ։

Հիմա սոցիալական թեմայով ո՞վ պետք է ինչ-որ բան անի․ այն մարդը, ով անմիջապես այդ սոցիալական թեմայի մեջ չի։  Ցավոք սրտի, Հայաստանում լինել ու չլինել սոցիակալան թեմայի մեջ, բացառվում է։ Կարող ես միլիոնատեր լինել, որը, տասը օր հետո Հայաստանի քաղաքացի լինելով, պրոբլեմ կունենա սոցիումի հետ։  Սոցիալական լուրջ պրոբլեմներ։ Պրոբլեմի մեջ եղած մարդը խոսի՞ այդ պրոբլեմի մասին․ հաստատ ադեկվատ չի լինելու։

Ինչպես ադեկվատ չենք, երբ հայը ֆիլմ նկարում Ցեղասպանության մասին։

Ուրեմն նարդի խաղացողն էլ իր զառերի ձայնից չի հոգնում, իսկ ֆիլմը պետք է անես այնպես, որ այդ զառերի ձայնը հոգնեցնի։ Դա պետք է զգացվի, հասկացվի, բայց եթե ես եմ խաղացողը, ո՞նց անեմ։ Հորինված է լինելու առնվազն․․․

Ո՞ր հարցերի դեպքում ես դու ադեկվատ։ Կամ որտե՞ղ է, որ դու չես խաղացողը, որի շուրջ ֆիլմի թեմա է ծավալվում։

Պետք է ընդհանուր բողոք լինի, փոթորկվեմ։ Ես թեմայի խնդիր երբեք չեմ ունեցել․ հինգ րոպեում տասնհինգ թեմա կարող եմ հորինել, բայց սա չի էականը։ Անհրաժեշտ է ներծծվել այդ թեմայի մեջ, ներմուծվել ու հարմոնիկ կերպով, որ արհեստական չլինի, պաթոսի տեղ չմնա, չդառնա աթոռին կանգնած երեխա, որը ասմունքում է։ Չլինի մի բան, որը «զինուժյան» ոճով է։ Կարճ ասած՝ «հայրենասիրական» մելոդրամայի չվերածվի։ Սրանով էլ տառապում է Հայաստանը։

«Հայրենասիրական մելոդրամային» զուգահեռ բա ու՞ր է այլընտրանքային կինոն։

Իսկ ո՞վ է այլընտրանքայինի պատվիրատուն։ Մեր ունեցած պատվիրատուն ոտքից գլուխ «հայրենասիրական մելոդրամա» է․ պատվիրատուի պատուհանը պարտադիր պետք է նայի Մասիս սարին կամ, ասենք, կազինոյի։ Ու հենց ինքը չի կարող ուղեղի մեջ այլ ծալքեր փնտրել, ինքն ասելու է՝ մե՜ր պայքարի մասին նկարենք, մե՜ր սահմանների, մե՜ր ժողովրդի վիճակի, այնինչ ինքն է ժողովրդին հասցրել այդ վիճակին։ Ու էս տեսակի ուղեղը պարտադիր «թլիկ» է, ավելի ճիշտ՝ «կակազում» է։ Ա՜յ այդ «կակազող» ուղեղներն էլ, ցավոք սրտի, թելադրողներն են։

Եթե  ամեն ինչ այնպես է, ինչպես նկարագրում ես, ինչու՞ ես շարունակում մնալ այս դաշտում։

Նորից սոցիումի հարց ես տալիս։

Ինչպես ուզում ես, այնպես ընկալիր հարցս։

Ես իմ տունն եմ սիրում, Անուշ ջան։ Ես չեմ կարող լքել իմ երկիրը։

Նարդի խաղացող կանանց էլ․․․

Հա, մորս, իմ ճմռթված հարեւաններին, իրոնիկ ճշմարտախոսությամբ եմ  հիմա զբաղված, բայց էդպես է, որ կա։ Մենք սովոր ենք անհանգիստ դեմքին, վշտացած, տանջված վիճակին։ Չես կարող գնալ, մտնել մի ակումբ ու ուղղակի կտրվել քո առօրյա հոգսից, պարել, որովհետեւ դու վաղը վարկ ունես «փակելու»։ Սա անընդունելի է։ Ո՜չ, դու պետք է նստես տանն ու ողբաս։

Մի քանի օր առաջ այս նույն բալկոնում զրույց էր ծավալվում հայկական ժամանակակից կինոյի շուրջ։ Այսպիսի մի կարծիք եղավ, թե Արմանը «շատ» էր կինոյի մեջ, հիմա «չկա»։

Ես հակառակը կասեմ՝ երբեք կինոյի մեջ «շատ» չեմ եղել։ Ստացվեց այնպես, որ պրոդյուսեր-հեղինակ հարաբերությունների շուրջ հարցեր ծագեցին, եկա այն եզրակացության, որ ինքս պետք է պրոդյուսինգ անեմ, ինքնուրույն գործեմ։ Ժամանակ է պահանջում։ Հիմա ընթացքի մեջ եմ․ ստացվում է։ Բայց որ պասիվություն․․․ Չէ, էդպես չի։ Վերջին ֆիլմս՝ «Մեկ, երկու, երեք․․․»-ը, նախանցած տարի հաղթեց «Ոսկե ծիրանում»։

Արման, զարմանալու առիթ կա՞։

Անհրաժեշտություն կա, Անուշ ջան։ Եկար սկզբին, երբ հարցնում էիր նեղվածության մասին։ Վաղուց լիաթոք չեմ ծիծաղել, զարմանալու մասին էլ չասեմ։ Հավանաբար շրջապատից է․ այն մարդիկ, ում հետ շփվում եմ, քիչ են ծիծաղեցնում եւ չեն զարմացնում։

Շրջապատդդ քո ընտրության արդյունքում է․․․

Երիտասարդ են ավելի, թեմայից դուրս են որոշակիորեն։ Ավագ սերնդի հետ չեմ հասցնում շփվել, չի ստացվում։

Բայց հակառակն էլ եմ տեսելտանդ, որը մեծ բակ ունի, տաղավար ու որ անմիջապես շենքի բակում է, հավաքներն անպակաս են։ Այնտեղ շատերին եմ տեսել, որ քեզ ուրախացնում են։

Ես ապրում եմ առաջին հարկում, հինգ հարկանի քարե շենքի առաջին հարկում։ Երեկ առաջին անգամ խմեցինք «բիսեդկայի» կենացը։ Հա՜, ոնց քո բալկոնն է, էնպես էլ այդ բակն ու «բիսեդկան»։ Դեռ չէինք «անձնավորել», երեկ դա էլ արեցինք։ Այդտեղ ինչ ասես, որ չի եղել։

Քո ու Հայաստանի հարաբերությունները։

Սկսվում եւ սահմանափակվում են Չորրորդ մասիվով, մեկ-մեկ էլ աղբահանության գումարները վճարելով։

Մնացյալ առումներով զավեշտալի են մեր հարաբերությունները։ Վա՜յ, տես, ասեցի, որ ինձ որեւէ բան չի ծիծաղեցնում։ Իրականում հիմա, երբ այս հարցը տվեցիր, միտքս միանգամից լուսավորվեց․ ինձ ծիծաղեցնում են նախագահների երդման արարողությունները։ Երբ տեսնում եմ, թե ինչպես է իշխանությունն իր համար մեծ վանդակ ստեղծում, որտեղ ինքը մենակ է մնալու։ Ցավոք, այդտեղ մարդ չկա, ու երկար ճանապարհ պետք է անցնի ցանկացած նախագահ, որ տեսնի մեկին ու կարողանա զրուցել․․․ Վանդակներից վախենում եմ։ Կինոն էլ է վանդակ։

Գնալու եւ մնալու մասին։

Եղել է անգամ ազգանունս փոխելու միտքը․ ոչ թե որ դառնամ Երիցով, Երից կամ Արմանո․․․ Ուզում էի մեկ տառ մնար, ասենք, Ա։

Ինչու՞։

Վիրավորական շատ բաներ են եղել, հիմա էլ կան։ Բայց գալիս է պահը, երբ խնդրին նայում ես վերեւից, ոչ թե համահավասար։ Էդ ժամանակ ինքը դադարում է գոյություն ունենալ որպես խնդիր, դառնում է աշակերտդ, կոմունալ վճարները պահանջող մեկը, ում վճարում ես, եւ գնում է։ Իսկ երբ այդ խնդիրը քեզ համազոր դինոզվարի (իսկ դու դինոզավր ես) վերածվում, պայքարելն անիմաստ է՝ հաղթող ու պարտվող չի լինում, «մաշվում» ես։

Ես հիմա փորձեմ մեղադրել սերիալ արտադրողին, իմ հարեւանին, ով անճաշակ երաժշտություն է լսում կամ, ով փող չունի ու սոխառածով մի բան է սարքում, էժան մի բան, էրեխեքին կերակրելու համար, ու այդ սարսափելի հոտը լցվում է ներս։

Մեղադրել չեմ կարող։ Փակ(վ)ում եմ։ Իհարկե, տարբեր ծակերից էդ ամենը լցվում է տունդ։ Բայց ուրիշ տեղ էլ ուրիշ բան է։ Մոսկվայում հարեւանս ասում էր՝ քո տան մեջ մի ծխիր, որովհետեւ ծխի հոտը լցվում է շքամուտք, Հոլանդիայում շաբաթ օրը մի բաց  խանութ չէիր գտնի, որովհետեւ օրենքն արգելում է այդ օրն աշխատել։ Աբսուրդ է։ Եթե ես ապրում եմ այստեղ, ուրեմն ընդունում եմ ինչ-որ բաներ։

Արի այս մտքից հետո վերջակետ դնեմ, հետո բազմակետ ու բութ ու սկսեմ նոր նախադասությունը (․․․՝ ): Հայաստանից հեռանալը «պարտավորվածություն» է, եւ մեր ենթագիտակցության մեջ նստած, չեմ ուզում ասել արատ, բայց ասեմ՝ ազատման ցանկություն է։

Ազատում ինչի՞ց։

«Բագաժից», ծանրությունից՝ հոգեղեն, մտքային։ Մենք կուտակում ենք մկների պես՝ էմոցիաները, իրերը, սիրելիներին, հիշողությունները։ Դրանից է, որ կենացները շատ են, դրանից է, որ բոլորն ուզում են խոսել, բոլորն ուզում են դերասան դառնալ, բոլորը երգեն, նախագահ լինեն։ Երբ գիտակցում ես սա, ուզում ես ակամայից փախչել, ազատվել այս սարսափից։

Մեկ միլիոն մարդ, հինգ միլիոն նախագահ, մի մարդու մեջ՝ չորս- հինգը։ Օտարազգի ընկերներս շոկի մեջ են, ասում են՝ քանի մարդ կա մեջդ, քանի ուղղությամբ ես մտածում, իսկ ես իրենց կարող եմ ասել՝ մեր ամբողջ երկիրն է էդպիսին․․․ Ու օրինաչափ է։ «Բալես, պետք է զիջող լինես, հանդուրժող, հասկացիր՝ ձեռքը ձեռք է լվանում, երկուսը՝ երես։ Հնազանդ պետք է լինես, երք անգամ պետք է հնազանդ լինես․․․»։ Զավեշտ։

Հարաբերությունը։

Անձնական, սիրային․․․ Հոգեբանական թրեյլեր։ Ինձ թվում է՝ շատ են հարաբերություններս․ գուցե կրճատելու ժամանակն է։ Կողակից ունենալ, նազանք տեսնել, քնքնշանքը զգալ, ահավոր գեղեցիկ է, բայց հոգնեցուցիչ։

Հին իրեր չեմ սիրում։ Նույն մարդկանց տեսնելուց էլ եմ հոգնել։ Վերջերս ստիպված էի հայելուն շատ նայել (դեմքիս վրա կոշտուկ էր առաջացել)։ Նայում էի ու հասկանում, որ ամենաշատն ինքս ինձ եմ ճանաչում։ Ժամանակ կար, երբ տարիքս շատ էին հարցնում, ես էլ ասում էի՝ «որտեղ», որն ասեմ՝ պարելու տարիքս, ինքս ինձ հետ եղած ժամանակի տարիքս, տարիքս, որ անկողնում է։ Հիմա մի թիվ է՝ զրո․․․ Կամ մեկ, կամ տասնհինգ։

Տեղ ունենալու, «տեղավորվելու», այդպես ճանաչելի լինելու հարց առաջանու՞մ է։

Բազմակետ, բութ (․․․՝)։ Շատ հաճախ Հայաստանից դուրս է այդ տեղը։ Իսկ իրականում՝ Չորրոդ մասիվում։ Բայց միեւնույն ժամանակ նյութապաշտ չեմ։ Անգամ այդ տունը կարող եմ չունենալ։ Միտինգներից մեկի ժամանակ շատ վշտացած էի (կարծեմ պարետային ժամ էր), ուզում էի բոլոր մրցանակներս բերել, լցնել այդ հրապարակում, ուզում էի ազատվել այն ամենից, ինչ ունեմ՝ տեղից, տնից, ամեն ինչից։ Գնայի, ու ոչ մի հետք չմնար ինձնից։ Այդ աստիճան տանջող բաներ կան Հայաստանում․ թիկունքում պահող ձիգ, կուռ հայրենասիրական հոգին ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ սկսում ենք պարել, երբ սկսում ենք թաղել։ Հենց վերջացավ, սկսում ենք «գյուլել» իրար։

Հայաստանում գետնի վրա պետք է չլինել, որովհետեւ այս հողը ոչ մեկինս է, ցավոք։ Ես զգում եմ՝ այս հողը այնքան ծարավ է, որ դեռ պետք է լիքը էներգիա ուտի, լիքը մարդկանց գլուխ։ Ինքը սոված է։ Հայաստանը սոված է։ Եվ զոհեր կան։ Սա իմ տարբերակն է։ Ես զոհ չեմ ուզում լինել, ոչ էլ հայտնի, ոչ հայրենասեր, ոչ էլ տեղի հարց առաջանա։ Այնպես որ իմ տեղը ես եմ, իմ մեջ է, իմ ներսում։

Նորից բազմակետ, բութ (…`): Վերջերս Մակեդոնիայում սարսափելի կարոտել էի բակս, տունս, անկողինս, բայց նաեւ հասկանում էի, որ մեկ րոպե, եւ այդ ամենից էլ կարող եմ հրաժարվել, որովհետեւ ես մեկն եմ, ով սիրում է ապրել գեղեցիկ՝ օրեկան քսան դոլար գրպանում եւ չոր աչքերով։ Վերջ։


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանություններ (1)
1. Սիրական Աբրոյան04177477611:14 - 27 օգոստոսի, 2017
Հոյակապ զրույց,անկրկնելի,այնքան խարիզմ որ զարմանում ես,այս տղան ինչու հարսնացու չունի,դու էլ կարծես էգոիզմի խնդիր չունես,էլ ինչ խնդիր...Արման ջան,հերիք է ֆիլմ նկարես,հիմա արդեն երեխա նկարելու ժամանակն է,մեզանից ինչով ես լավը,ի դեպ,մի լավ աղջիկ կա ծանոթացնեմ,բայց ինձ չծախես լավ...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։