HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Փաստաբանները չեն զիջելու դիրքերը. սեպտեմբերի 13-ին գործադուլ հայտարարած փաստաբանների դիրքորոշումը

Մի խումբ փաստաբանների և Դատական դեպարտամենտի միջև  տարաձայնությունները, կապված փաստաբաններին խուզարկելու կամ, դեպարտամենտի մեկնաբանությամբ՝ զննություն իրականացնելու հարցի շուրջ, շարունակվում են:

Արդեն տևական ժամանակ, հատկապես աղմկահարույց  քրեական գործերով դատական նիստերից առաջ փաստաբանները բախվում են խնդրին, որ նրանց չի թույլատրվում մուտք գործել դատական նիստերի դահլիճ: Պատճառն այն է, որ ոչ բոլոր դատարաններում են տեղադրված զննության համար նախատեսված հատուկ սարքեր, որոնք ցույց են տալիս արգելված իրերի առկայությունը: Իսկ մետաղորսիչ այն սարքերը, որոնք տեղադրված են դատարաններում, ազդանշան են արձակում անգամ պայուսակի վրա մետաղական մասի առկայության ժամանակ: Նման դեպքերում թեև փաստաբաններից ոմանք պատրաստակամորեն դատարկում են իրենց պայուսակի պարունակությունը՝ մի խումբ փաստաբաններ կտրականապես հրաժարվում են բացել  պայուսակը՝ հղում կատարելով «Փաստաբանական  մասին»  օրենքին, որը նրանց առաջ պարտավորություն է դնում պահպանել փաստաբանական գաղտնիքը:

Այս  փաստաբանները պնդում են, որ դատական կարգադրիչները ոչ թե ցանկանում են զննել, այլ խուզարկել իրենց, ինչի իրավունքը չունեն:

Ամիսներ շարունակ այս խնդիրն առկա է, և որևէ լուծում չի ստանում: Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը շարունակ կրկնում է, թե կարգադրիչներին փաստաբանական գաղտնիքը հետաքրքիր չէ, որ նրանք զննություն, այլ ոչ թե խուզարկություն են իրականացնում: Փոլադյանի խոսքով՝ զննություն իրականացնելու լիազորությունը հայեցողական է կարգադրիչների կողմից, և նրանք յուրաքանչյուր կոնկրետ իրավիճակում կարող են որոշում կայացնել՝ զննություն իրականացնել, թե ոչ:

Կարեն Փոլադյան

Կարգադրիչներին տրված այդ հայեցողական լիազորության հետևանքով վերջիններս անհավասար սկզբունքների կիրառմամբ որոշ փաստաբանների ներս են թողնում,  ոմանց` ոչ, կամ նույն փաստաբանին մի դատական նիստից առաջ զննում են, մեկ այլ նիստից առաջ՝ ոչ: Հատկանշական է, որ երբ փաստաբանները պահանջում են ներկայացնել արգելված իրերի ցանկ, դատարաններում նրանց այդպիսի ցանկ չի ներկայացվում. պատճառը մեկն է, որևէ պետական մարմնի կողմից դատարանում արգելված իրերի հաստատված ցանկ գոյություն չունի, որն էլ ավելի է մեծացնում կարգադրիչների կամայականություններ թույլ տալու հնարավորությունը: Օրինակ՝ նրանք արգելում են դատական նիստերի դահլիճ ջրով լի պլաստմասե փոքր շիշ տանել, որն ամենայն հավանականությամբ պայմանավորված է հանգամանքով, որ նախկինում եղել են դեպքեր, երբ դատական նիստերի ընթացքում պլաստմասե շշեր են նետվել դատավարության կողմերի վրա: Օրենքները, կանոնները կամ ենթաօրենսդրական ակտերն, իհարկե, ստեղծվում են որոշակի նախադեպեր հաշվի առնելով, սակայն դա չի նշանակում, որ եթե դատական նիստերի դահլիճում ներկաներից մեկն, օրինակ կոշիկ նետի դատավարության որևէ կողմի ուղղությամբ, ապա կարգադրիչներն իրավունք կունենան անձանց դատական նիստերի դահլիճ թույլատրել միայն ոտաբոբիկ:

Օգոստոսի սկզբին վերը նշված խնդիրները քննարվեց Փաստաբանների պալատի և Դատական դեպարտամենտի ղեկավարության միջև, որից հետո տարածված հաղորդագրության համաձայն՝ «եթե մետաղորսիչը ազդանշան է տալիս փաստաբանի կամ նրա մոտ առկա իրերի զննության ժամանակ, ապա փաստաբանին առաջարկվում է հատուկ առանձնացված պահարանում թողնել մետաղական իրերը և կրկին մետաղորսիչով զննվել, եթե կրկին մետաղորսիչը փաստաբանի կամ նրա մոտ առկա իրերի զննության ժամանակ ազդանշան է տալիս, ապա փաստաբանի մոտ առկա իրերի պարունակությունը զննելու դեպքում (եթե փաստաբանը համաձայնվել է անձամբ ցույց տալ պարունակությունը՝ առանց փաստաթղթերի բովանդակությունը բացահայտելու), փաստաբանի պահանջի դեպքում, զննությունը կատարվելու է առանձին սենյակում՝ համապատասխան սեռի դատական կարգադրիչի (փաստաբանի պահանջի դեպքում նաև նրա կողմից այդ պահին հրավիրած ընթերակայի) մասնակցությամբ»:

Այս հայտարարությունը, սակայն, որևէ կերպ չի գոհացնում այն փաստաբաններին, որոնք հրաժարվել են կարգադրիչներին թույլ տալ իրենց խուզարկել: Դժգոհություն են արտահայտում նաև փաստաբաներ, որոնք թեև չեն առնչվել խնդրին, բայց տեսնում են դրա առկայությունը:

Նրանցից ոմանք՝ այս պահի դրությամբ`144 փաստաբան, որոշել են սեպտեմբերի 13-ին գործադուլ սկսել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջի միջոցով  հայտարարություն է տարածել  փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ միևնույն ժամանակ տեղեկացնելով, որ իրենց վստահորդների՝ (պաշտպանյալների եւ այլ շահառուների) իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով չեն դադարեցնելու նրանց ներկայացնելը՝ այդ օրը դատական նիստերի անհետաձգելիության դեպքում:

Երվանդ Վարոսյան

Այս հայտարարությունից ժամեր անց Դատական դեպարտամենտը մի քանի կետից բաղկացած նոր հայտարարությու ն տարածեց:

Այս կետերից առաջինի համաձայն՝ մինչև հատուկ սարքավորումներ ձեռք բերելը, վարչական կամ քաղաքացիական գործերով դատարանների շենք մուտք գործելիս փաստաբանի կամ փաստաբանի իրերի զննություն չի իրականացվելու, բացառությամբ այն դեպքի, երբ անհրաժեշտ է ապահովել դատավարության մասնակիցների և ներկա այլ քաղաքացիների անվտանգությունը, կամ հիմնավոր կասկած կա, որ փաստաբանի մոտ արգելված իր կա:

Գործադուլի մասին հայտարարություն տարածած փաստաբան Վարոսյանին Դատական դեպարտամենտի հայտարարությունը թույլ է տալիս փաստել, դեպարտամենտում շատ լավ հասկանում են իրենց գործողությունների ապօրինի լինելու հանգամանքը: «Այլապես որևէ կերպ  չի կարելի բացատրել, թե մասնակի զիջման գնալը  և ընդունելը, որ փաստաբաններին չպետք է զննել`տարածելով դա քաղաքացիական ու վարչական դատարանների վրա, ինչ նպատակ է հետապնդում:

Փաստաբանն ընդգծեց, որ դատական դեպարտամենտի հայտարարությունը վերաբերում է քաղաքացիական և վարչական, այլ ոչ թե քրեական գործերին, ինչն իր համար անընդունելի է:

«Ի՞նչ տարբերություն, թե փաստաբան ինչ ուղղվածության է և ինչպիսի դատական նիստի մասնակցելու նպատակով է մուտ գործում դատարան. կամ դու գործում ես  օրինական, և, առանց խտրականության, քո գործողությունները տարածվում են բոլորի վրա կամ դու, հասկանալով, որ ապօրինի գործողություն են կատարում, պարտավոր ես դադարեցնել դրանք»,- ասում է փաստաբանը:

Դատական դեպարտամենտի կողմից տարածված հաղորդագրության մեջ հատուկ կետ կա, որում ևս մեկ անգամ ընդգծված է, որ փաստաբանները չեն խուզարկվել:

«Տպավորություն է , որ դեպարտամենտին թվում է՝  700-երորդ անգամ այդ արտահայտությունն անելուց հետո Փաստաբանների պալատից բացի որևէ մեկը դրան հավատալու է»,- կարծիք հայտնեց Վարոսյանը:

Վերջինս ընդգծում է, որ զննությունն ինքնանպատակ լինել չի կարող. դրա համար պիտի  բավարար հիմքեր լինեն, և այդ հիմքերը ևս պիտի հստակ սահմանվեն օրենքով : Ըստ Վարոսյանի՝ եթե զննություն իրականացնելու նպատակը անվտանգությունն ապահովելն է, ապա պետք է զննվի դատարանի շենք մուտք գործող ցանկացած անձ:

«Եթե գնում ենք այն ճանապարհով, որ անվտանգությունն ապահովելու համար բոլորն անխտիր պետք է զննվեն, ապա  միջազգային փորձին հղում կատարողները լավ կանեն՝ միջազգային փորձն ամբողջ ծավալով ուսումնասիրեն և  կպարզեն, որ, օրինակ՝ ահաբեկչության վտանգի դեպքում զարգացած երկրների դատարաններ մուտք գործելիս զննվում են  անխտիր բոլորը՝ դատարանի նախագահը,  բոլոր դատավորները,  նրանց աշխատակազմի բոլոր անդամները, իսկ հերթափոխն ընդունող կարգադրիչների խումբը  զննվում է  հերթափոխը հանձնող կարգադրիչների խմբի կողմից»,- նշեց փաստաբանը:

Վարոսյանը հարց է բարձրացնում, որ եթե, օրինակ, «Սասնա ծռերի» գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտարարում է, որ իր՝ դատարանի անվտանգության համար են փաստաբանները զննվում, ապա ինչո՞ւ Արտուշ Գաբրիելյանին չեն զննում իր՝ Վարոսյանի անվտանգության համար:

«Եթե ինքն իրեն  թույլ է տալիս կասկածել, որ, հնարավոր է, փաստաբանն արգելված իր բերի, ի՞նչն է ինձ զրկում նրան կասկածելու իրավունքից: Որևէ տարբերակում չի կարող մտցվել կարգադրիչի, դատավորի, դատախազի, փաստաբանի և մյուսների միջև: Զննողները պիտի զննվեն առաջին հերթին, հակառակ դեպքում ստացվում է, որ սա հենց փաստաբաններին նսեմացնելուն ուղղված քայլ է»,- նշեց փաստաբանը:

Սպասվող գործադուլին մասնակցել պատրաստվող փաստաբան Երեմ Սարգսյանը կոնկրետ օրինակով հիմնավորում է, որ կարգադրիչների կողմից կատարվող գործողությունները ոչ թե զննություն, այլ խուզարկություն են, որոնք կվնասեն փաստաբանի գործունեությանը:

«Չի բացառվում, որ ես դատական նիստերի դահլիճ  բերեմ քրեական գործով որևէ իրեղեն ապացույց,  որն իր վրա ունի նաև մետաղական բաղադրիչ: Այս ապացույցը ես նոր եմ ներկայացնում դատարան, և որևէ մեկը չպետք է դրա մասին  իմանա:Եթե ի սկզբանե դատարան մտնելիս բացահայտվի, որ իմ մոտ կա այդ առարկան, ապա իմ պաշտպանական մարտավարությունն այսպիսով կփոխվի, և ես չեմ կարողանա գաղնիությունն ապահովելով իմ գործողություններն իրականացնել , որն ակնհայտորեն կվնասի փատաբանի իմ գործունեությանն ու անձի իրավունքների  պաշտպանությանը»,- մեզ հետ զրույցում ասաց Երեմ Սարգսյանը:

Փաստաբանը նշեց, որ այն դատարաններում, որտեղ չկան սկանավորման սարքեր, և զննությունն իրականացվում է մետաղորսիչ սարքերի միջոցով, անընդհատ խնդիր է առաջանալու:

«Դիցուք՝ ինձ մոտ գննվող պայուսակի վրա կան երկաթյա հատվածներ , և այդ դեպքում դատարաններում կիրառվող սարքավորումներով զննելիս ցանկացած դեպքում իմ պայուսակի զննության ժամանակ ազդանշան է հնչելու, ապա  հարցնելու են, թե ի՞նչ կա պայուսակի մեջ: Ես, բնականաբար, թույլ չեմ տա, որ իմ պայուսակը ներսից խուզարկեն , դիտարկեն, բայց եթե մի պահ ընդունենք անգամ, որ  թույլ եմ տվել, ապա  խնդիր է ծագելու, թե պայուսակի գրպաններում ի՞նչ կա, և եթե անգամ  պայուսակի ամբողջ պարունակությունը հանվի, բայց  մետաղորսիչ սարքը շարունակի ազդանշան արձակել, ապա այժմ էլ կարող է կասկած առաջանալ, որ պայուսակի մեջ հարմարեցված  թաքստոց կա, մեջն՝ արգելված իր»,- ասում է Սարգսյանը:

Այսինքն՝ փաստաբանի խոսքով՝ ցանկացած պարագայում դատական կարգադրիչների  կասկածը չի փարատվելու, մինչև ամբողջությամբ չխուզարկեն պայուսակը, ինչն իրենք՝ փաստաբանները  թույլ չեն տալիս: Ըստ Սարգսյանի՝ ստեղծված իրավիճակում միակ լուծումը դատարաններում  համապատասխան սարքավորումներ տեղադրելն է, որոնք սկանավորման միջոցով , առանց որևէ իր տեղաշարժելու և բացելու ցույց  կտան՝ անձի մոտ արգելված իր կա, թե՞ ոչ:

Անդրադառնալով վարչական քաղաքացիական և  քրեական գործերով փաստաբանների միջև տարբերակում դնելու հանգամանքին՝ Սարգսյանն ընդգծեց որ օրենքը բոլոր դատարաններ մուտք գործով փաստաբանների համար նույն կարգն  է սահմանում:

Ինչ վերաբերում է արգելված իրերի ցանկին՝ Երեմ Սարգսյանի կարծիքով՝  այսպիսի ցանկ կարող է սահմանել, օրինակ, Կառավարոթյունը:

Փաստաբանի խոսքով՝ քանի դեռ նման ցանկ չկա սահմանված, կարգադրիչը կարող է. օրինակ, որոշել, որ կոնկրետ քրեական գործով փաստաբանը  չպետք է հեռախոսով մուտք գործի նիստերի դահլիճ, քանի որ հեռախոսը, տվյալ կարգադրիչի պատկերացմամբ, արգելված իր է: 

«Այս տրամաբանությամբ ցանկացած իր կարելի է համարել արգելված իր, քանի որ ցանկացած իրով կարելի է վնաս պատճառել որևէ մեկին»,- կարծում է Երեմ Սարգսյանը:

Փաստաբանի խոսքով՝ առաջին զիջումը պետք է լինի պետական մարմնի կողմից, քանի որ իրենց գործողությունները չեն բխում օրենքի տրամաբանությունից: «Այսինքն՝ իրենք պետք է հասկանան, որ եթե իրենք չեն կարողանում ապահովել համապատասխան սարքավորումներ, ապա  ռիսկը կրում են իրենք: Փաստաբանը կարծում է, որ Դատական դեպարտամենտի երեկվա հայտարարությունը քայլ առաջ է, և դեպարտամենտն, այսպիսով, ընդունում է, որ  խնդիր կա, և իրենք  իրավունք չունեն խուզարկություն կատարել «զննություն» անվան տակ:

Փաստաբան Միհրան Պողոսյանն, ով նույնպես պատրաստվում է մասնակցել գործադուլին, անդրադառնալով դեպարտամենտի հայտարարությանն այն մասին, որ քաղաքացիական ու վարչական գործերով փաստաբանները չեն զննվի, ընդգծում է, որ բացի Թբիլիսյան խճուղում գտնվող, ինչպես նաև քաղաքացիական  վերաքննիչ և  վարչական դատարանից Հայաստանի այլ դատարաններ մասնագիտակցված չեն, դրանք  ընդհանուր իրավասության դատարաններ են, որտեղ քննվում են և՛ քաղաքացիական,  և՛ քրեական գործեր:

Միհրան Պողոսյան

«Ինչպե՞ս են տարբերակում իրականացնելու»,- հարց է բարձրացնում Միհրան Պողոսյանն, ով Դեպարտամենտի անորոշ հայտարարությունից եզրակացնում է, որ  Դեպարտամենտը ցանկանում է իրավիճակն ինչ- որ չափով մեղմել: Պողոսյանը նկատում է, որ խնդիրները, որոնց համար իրենք պատրաստվում են գործադուլ անել,  առաջ են եկել վերջին շրջանում եղած հնչեղ քրեական գործերից  հետո:

Նշենք,  որ Քրեակատարողական հիմնարկում ևս «զննության» անվան տակ փորձում էին  խուզարկել փաստաբաններին, սակայն վերջիններս դարձյալ ընդդիմացան, ու թույլ տվեցին:

Միհրան  Պողոսյանն ասում է՝  մյուս վայրը, որտեղ փաստաբաններն ազատորեն շփվում են՝ իրենց պաշտպանյալների հետ, դատական նիստերի դահլիճն  է:

«Այժմ էլ  բոլոր միջոցները ձեռնարկում են,  որպեսզի այդ գործերով  որոշակի կաշկանդվածություն մթնոլորտ լինի կամ իրավունքների լիարժեք պաշտպանություն չիրականացվի»,-մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց Պողոսյանը: Արդյոք դատական դեպարտամենտի հայտարարությունից կարելի՞ է եզրակացնել, որ քրեական գործերով զբաղվող փաստաբաններն «ավելի վտանգավոր են», քան վարչական կամ քաղաքացիական գործերով փաստաբանները:  

Ըստ Միհրան Պողոսյանի՝ եթե դեպարտամենտում վտանգ են զգում, ապա ավելի լավ է դատական համակագում փնտրեն այդ վտանգը:Փաստաբանը, չանտեսելով  անմեղության կանխավարկածն՝ այնուամենայնիվ  ընդգծեց վերջին շրջանում քաղաքացիական և վարչական դատարանների դատավորների նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին և հորդորեց հենց այդ ոլորտներում իրավիճակը կարգի բերել, այլ ոչ թե վտանգ տեսնել փաստաբանական համայնքի կողմից:

«Առաջնորդվելն այն կանխավարկածով, որ  որևէ փաստաբան կարող է իրեն թույլ տալ օրենքով սահմանված արգելված իր ներս տանել, սխալ մարտավարություն է: Չէ՞ որ չնայած որոշ կոռուպցիայի դեպքերի մասին մեզ հայտնի է, մենք չենք պնդում, որ բոլոր դատավորները կաշառակեր են»,- ասում է Միհրան Պողոսյանը:

Փաստաբանը դիրքորոշում հայտնեց, որ եթե պետությունը հնարավորություն չունի համապատասխան սարքավորումներով ապահովել դատարաններն, ապա պետք չի օրենքը յուրովի մեկնաբանել և պետության անկարողությունը բարդել փաստաբանների վրա:

Անդրադառնալով ընթերակայի ներկայությամբ  փաստաբանների նկատմամբ «զննություն» իրականացնելու վերաբերյալ դեպարտամենտի հայտարարությանը՝ Պողոսյանն ընդգծեց, որ եթե բացվում է  անձի պայուսակը կամ ստուգվում նրա գրպանի պարունակությունն, ապա այդ գործողությունը  ոչ մի դեպքում չի կարող լինել զննություն: 

«Դա խուզարկություն է, իսկ զննությունն արտաքին դիտումն է»,- ասում է Պողոսյանը՝ ընդգծելով, որ խնդիրները, որոնց համար իրենց պատրաստվում են գործադուլ անել, առաջացրել են ոչ թե փաստաբաններն, այլ Դատական դեպարտամենտը:

Դատարաններում արգելված իրերի ցանկ և համապատասխան սարքերի տեղադրում. ահա այն ամենն, ինչ առաջնահերթ պետք է մտահոգի պատկան մարմիններին՝ ըստ Միհրան Պոսոսյանի:

Փաստաբանը հուսով է, որ իրենց պայքարը՝ դրա դրսևորման ցանկացած ձևով, տալու է իր արդյունքը և չկանոնակարգված վիճակի բացասական հետևանքների սլաքները հասարակությունից ուղղվելու է դեպքի պաշոտնատար անձինք, որոնք պարտավոր են կանոնակարգել և հստակ խաղի կանոններ սահմանել:

«Մեր գործադուլի  խնդիրը ոչ միայն փաստաբանների, այլ նաև մյուս քաղաքացիների խնդիրն է: Հստակ սահմանված է, քաղաքացիները իրավունք ունեն կատարել այն գործողությունները, որոնք արգելված չեն օրենքով, իսկ պետական պաշտոնատար անձինք իրավունք ունեն կատարել միայն այն գործողությունները, որոնք սահմանված են օրենքով: Իսկ այսօր Պետությունն անկարող է իր պարտականությունները պատշաճ կատարել և  դրա բացասական հետևանքները փորձում է շտկել ի հաշիվ հասարակության»,- խոսքը եզրափակեց Միհրան Պողոսյանը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter