HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հացարտադրողները պատրաստվում են բողոքի ակցիայի՝ ընդդեմ ՍԱՊԾ-ի

Օգոստոսի 28-ին հացարտադրողները պատրաստվում են բողոքի ակցիա կազմակերպել գյուղնախարարության սննդի անվտանգության պետական ծառայության շենքի դիմաց: Պատճառը հաց և հացամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար նախատեսված սանիտարական անձնագրերի ձեռքբերման սեղմ ժամկետն է: Բանն այն է, որ հաց-հացամթերք և միս տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագիր ունենալը պարտադիր պայման է դառնալու սեպտեմբերի 1-ից, ինչին հաշված օրեր են մնացել:

Եթե ժամկետից ուշանան, կտուգանվեն մինչև 300 հազար դրամով: Այս մասին «Հետքին» հայտնել է հացարտադրողներից մեկը, ով խնդրել է չհրապարակել անուն-ազգանունը: Վերջինս եւս մասնակցելու է բողոքի ակցիային:

Այս տարվա մարտի 14-ին ՍԱՊԾ պետի հրամանով հաստատվել է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագրերի տրամադրման կարգը: Հարցին, թե արդյոք դեռ այն ժամանակ տեղյակ չէին ժամկետների մասին, մեր զրուցակիցն ասում է. «Մի քանի ամիս առաջ, կարծեմ, մարտի սկզբին էր, ՍԱՊԾ-ից եկան, իրենց պայմանները դրեցին, արտադրամասը վերանորոգեցինք, մեքենաները նայեցին, ասացին՝ բոլորը համապատասխանում են: Խնդիրն այն է, որ սկզբից կոնկրետ բան չեն ասել (սանիտարական անձնագրերի մասին նկատի ունի- հեղ.), թռուցիկ զգուշացրել են ու օգոստոսի 1-ից ասել են, որ եթե չհասցնեք մինչև սեպտեմբերի 1-ն անձնագրերը հանել, տուգանելու ենք»:

Հացարտադրողն ասում է, որ համաձայն է փոխադրամիջոցների համար հստակ կարգ ու պայմաններ սահմանելուն, քանի որ ինքն էլ տեսել է, թե ինչպես են ոմանք բանանի արկղերով կամ գորգի վրա հաց տեղափոխում, և երբեք չի օգտվի նման ձևով հաց տեղափոխողների արտադրանքից: Սակայն շեշտում է, որ խնդիրն այլ է. «Որպես սպառող՝ դեմ չեմ, եթե ուզում են սննդի անվտանգությանը հետևեն, թող սկսեն մանկապարտեզներից, էդքան վարակիչ հիվանդություններ են տարածվում, իսկ հիմա էն, ինչ որ ուզում են անեն, մտածում են ոչ թե առողջության մասին, այլ զուտ կոմերցիայի, ժողովրդին թալանելու ձև է»:

ՍԱՊԾ պետի հրամանով հաստատված կարգում նշվում է, որ սանիտարական անձնագիր ստանալու համար փոխադրամիջոցը շահագործող իրավաբանական կամ ֆիզիկական անձը, ի թիվս այլ փաստաթղթերի, պետք է ներկայացնի նաև փոխադրամիջոցի սանիտարահամաճարակային և հիգիենիկ, ինչպես նաև ինժեներատեխնիկական պահանջներին համապատասխանելու մասին մասնագիտացված կազմակերպության եզրակացությունը:

Մեր զրուցակիցն ասում է, որ եթե ինքն իր ուժերով գնի անհրաժեշտ պարագաները և կահավորի իր 4 մեքենաները, յուրաքանչյուրի համար մոտ 100 հազար դրամ կծախսի: Սակայն համոզված է, որ մասնագիտացված կազմակերպությունը դրական եզրակացություն չի տա: Որպես օրինակ բերում է իր ծանոթներին, որոնք իրենց ուժերով կահավորել են մեքենաները, սակայն նշված կազմակերպությունը եզրակացություն չի տվել: Ընդ որում՝ անկախ դրական կամ բացասական պատասխանից՝ փորձաքննության համար պետք է վճարել 22.000 դրամ:

Ըստ հացարտադրողի՝ այստեղ կա շահերի բախում, քանի որ ոլորտում մոնոպոլիա է: Պատմում է, որ ՍԱՊԾ-ից ուղղորդումներ են լինում՝ 2-3 կազմակերպության հեռախոսահամար են փոխանցում, որոնցից որևէ մեկին կարող ես դիմել: Դրանցից երկուսը, ըստ մեր զրուցակցի, մարզերում են գործում: Երևանի հացարտադրողներին հիմնականում ուղղորդում են «Նարեկ» գիտահետազոտական ՓԲԸ:

Այստեղ, ինչպես պատմում է հացարտադրողը, մեքենայի կահավորման 1 քմ-ի համար պիտի վճարես 15-18 հազար դրամ: Գնային տատանումը կախված է նյութի ընտրությունից՝ հիմնականում «ներժ», պլաստմասսա և ալյումին են օգտագործում: Մեր զրուցակիցը շեշտում է, որ այս դեպքում իր 4 մեքենաների համար ընդհանուր մոտ 2 միլիոն դրամ պիտի ծախսի, այնինչ իր ուժերով անելու դեպքում շատ ավելի էժան կլիներ:

«Նարեկ» գիտահետազոտական փակ բաժնետիրական ընկերությունը գործունեություն է ծավալում 1994-ից: Եղել է գյուղանախարարության կազմում, «Պարեն» գիտաարտադրական և նախագծային պետական ձեռնարկության իրավահաջորդն է: 2005-ից ընկերությունը սեփականաշնորհվել է: Զբաղվում է արտադրանքի, ծառայությունների, կառավարման համակարգերի, անձնանց սերտիֆիկացմամբ, լաբորատոր փորձարկումներով, խորհրդատվությամբ, ուսուցմամբ:  

ՍԱՊԾ պետի հաստատած կարգում նշվում է, որ փոխադրամիջոցի սանիտարական անձնագիր ստանալու համար հարկ չկա ներկայացնել մասնագիտացված կազմակերպության եզրակացություն, եթե շահագործողը հայտարարություն ներկայացնի այն մասին, որ փոխադրամիջոցը համապատասխանում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված սանիտարահամաճարակային, հիգիենիկ, և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Այս պարագայում, սակայն, փոխադրամիջոցն իր գործարանային նշանակությամբ պիտի տվյալ սննդամթերքի տեսակի փոխադրման համար արտադրված լինի, և լինի մինչև 3 տարվա արտադրության: Այսինքն՝ այս դեպքում խոսքը հենց հաց և հացամթերք տեղափոխող հատուկ մեքենաների մասին է:

Այս առումով հետաքրքիր է մեր զրուցակցի պատմածը. «Ասեկոսեներ, խոսակցություններ կան, որ մի անձնավորություն Բանգլադեշում մեծ գործարան է կառուցում, 200 մեքենա է բերել, հիմա իմ ընկերոջն էլ ստիպում են գնել այդ մեքենաներից մեկը 27 հազար դոլարով, նույնիսկ ասում են՝ բանկը կտա այդ գումարը 5 տոկոս տոկոսադրույքով»:

Վերը նշվածից ստացվում է, որ եթե քո ուժերով կահավորես մեքենադ, դրական եզրակացություն չես ստանա և ստիպված կլինես նույնն անելու համար մեծ գումար վճարել համապատասխան կազմակերպությանը: Երկրորդ տարբերակ՝ կարող ես գնել հատուկ մեքենա՝ մտնելով վարկի բեռի տակ:  

Մեզ ահազանգած հացարտադրողն ասում է, որ երկուշաբթի օրը ՍԱՊԾ-ից պահանջելու են առնվազն երկարաձգել անձնագրերի ձեռքբերման վերջնաժամկետը: «Բացառվում է, որ մի ամսվա մեջ 70 հազար մեքենա անցնի այդ գործընթացը»,- նշում է նա:  

Միաժամանակ շեշտում է, որ անձնագրերի ծախսը նկատելի է լինելու սպառողների համար: Հացի գինը հնարավոր է բարձրանա 20-30 դրամով. «Եթե ես՝ որպես հացարտադրող, 4 մեքենայի համար 2 միլիոն դրամ ներդնեմ, չե՞մ բարձրացնելու գինը, 20-30 դրամով հեչի պես կթանկանա հացը»:

Ըստ ՍԱՊԾ հաղորդագրության՝ սեպտեմբերի 1-ից պետական գնումներով հաց և միս ձեռք բերող կազմակերպություններն ու Երևանի հանրային սննդի կազմակերպման օբյեկտները պարտավոր են սննդամթերքն ընդունել միայն սանիտարական անձնագիր ունեցող փոխադրամիջոցից:

Իրավական նորմը առևտրի իրականացման վայրերի համար կգործի նոյեմբերի 1-ից, իսկ հանրապետության բոլոր մարզերում տնտեսվարողների համար փոխադրամիջոցի սանիտարական անձնագիր ունենալը պարտադիր կդառնա 2018 թ. ապրիլի 1-ից: Սննդամթերքի այլ ոլորտներում կարգը կսկսի գործել 2020 թ. հուլիսի 1-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter