Կիրակի, 23 սեպտեմբերի

Հայաստանը սկսում է նախապատրաստությունը պաշտոնական խաղերին



Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսում է Ռումինիայի եւ Դանիայի ընտրանիների հետ խաղերի նախապատրաստական հավաքը: Հիշեցնենք, որ ռումիններին Արթուր Պետրոսյանի թիմը հյուրընկալվելու է սեպտեմբերի 1-ին, խաղը կկայանա Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտում Երեւանի ժամանակով 22:45-ին, իսկ դանիացիներին մերոնք կընդունեն Երեւանի «Հանրապետականում» սեպտեմբերի 4-ին՝ ժամը 20:00-ին:

Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի 5-րդ խմբում կայացած 6 տուրից հետո Հայաստանի հավաքականը վաստակած 6 միավորով ընթանում է նախավերջին հորիզոնականում՝ առաջ լինելով միայն Ղազախստանից: Նույնքան միավոր ունեն նաեւ ռումինները, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գերազանցում են մերոնց:

Ռումինների հետ մեր թիմի վիճակագրությունը բացասական է՝ 4 խաղ, 1 ոչ-ոքի, 3 պարտություն, գնդակների տարբերությունը՝ 1-11: Երեւի բոլորն են հիշում մեր ընտրանու՝ անցյալ տարվա հոկտեմբերին գրանցած խոշորագույն հաշվով (0-5) պարտությունը պաշտոնական խաղերում, այն էլ՝ սեփական հարկի տակ:  

Դանիացիներն իրենց հերթին 10 միավորով խմբի երրորդ հորիզոնականում են եւ նույնքան միավոր ունեցող Մոնտենեգրոյի հետ պայքարում են՝ խմբից դուրս գալու (փլեյ-օֆ փուլի) իրավունք ձեռք բերելու համար:

Դանիացիների հետ Հայաստանի ընտրանին խաղացել է 7 անգամ, տարել է 1 հաղթանակ, 1 անգամ ոչ-ոքի է խաղացել, 5 պարտություն է կրել, գնդակների տարբերությունը՝ 6-9:

Ֆուտբոլի երկրպագուներն արդեն գիտեն, թե ովքեր են այս անգամ հրավիրվել հավաքական: Կրկին հիշեցնենք նրանց անունները:

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»
Գրիգոր Մելիքսեթյան, «Գանձասար-Կապան»
Գոռ Մանուկյան, «Փյունիկ»

Պաշտպաններ

Տարոն Ոսկանյան, «Նեա Սալամիս» (Կիպրոս)
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)
Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Կամո Հովհաննիսյան, «Տորպեդո-ԲելԱԶ» (Բելառուս)   
Լեւոն Հայրապետյան, «Փյունիկ»
Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ» 
Արմեն Մանուչարյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
Մարկոս Պիզելի, «Ալ Շաբաբ» (Սաուդյան Արաբիա)          
Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Դավիթ Մանոյան,  «Նեա Սալամիս» (Կիպրոս) 
Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)   
Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)      
Արաս Օզբիլիզ, «Բեշիքթաշ» (Թուրքիա)
Արմեն Համբարձումյան, «Ֆակել» (Ռուսաստան)   
Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ» 

Հարձակվողներ

Ռուսլան Կորյան, «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)     
Արթուր Սարկիսով, «Յենիսեյ» (Ռուսաստան)     
Սարգիս Ադամյան, «Յան Ռեգենսբուրգ» (Գերմանիա)  

Հրայր Մկոյանն ու Էդգար Մանուչարյանը վնասվածքներ ունեն, Ղազախստանի հետ երեւանյան խաղում ստացած ծանր վնասվածքից դեռ ապաքինվում է Գեւորգ Ղազարյանը: «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովն էլ հայտարարել է, որ մինչեւ ձմեռ հավաքականում դադար է վերցնում եւ ցանկանում է տեղափոխվել բարձրակարգ առաջնություն, ինչով ավելի օգտակար կլինի ազգային թիմին: Նրա փոխարեն Պետրոսյանը հրավիրել է գանձասարցի Գրիգոր Մելիքսեթյանին:  

Պետք է խոստովանել, որ անցյալ տարի կայացած Դանիայի եւ Ռումինիայի հետ խաղերից առաջ մեր ընտրանին կադրային խնդիրներ ուներ: Առաջին հերթին աչքի էր զարնում թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը, որը վնասվածք էր ստացել Չեխիայի հետ ընկերական խաղում: Ներկայում իրավիճակը լավ է այնքանով, որ թե Մխիթարյանը, թե կիսապաշտպանության գծում հանդես եկող Բարսեղյանը, Մալաքյան եղբայրները, Եդիգարյանը խաղային պրակտիկայի պակաս չունեն ու լավ մարզավիճակում են: Մշտական պրակտիկա ունի նաեւ պաշտպանության գլխավոր հենասյունը՝ Հարոյանը, ով Մոնտենեգրոյի հետ վերջին խաղը (1-4) բաց թողեց որակազրկման պատճառով, ու բոլորս տեսանք, թե ինչ տխուր տեսք ուներ մեր թիմի հետին գիծը: Ուրախացնում է նաեւ Հովհաննես Համբարձումյանի կայուն խաղը Մակեդոնիայում: Նրա վերադարձով, կարծես, լուծվում է գլխացավանք դարձած աջ պաշտպանի հարցը:   

Ամեն դեպքում, թե պաշտպանությունը եւ թե հատկապես դարպասապահի ու հարձակման օղակները խնդրահարույց են մնում: Արսեն Բեգլարյանը ոչ միայն հավաքականում, այլեւ  Հայաստանի թույլ առաջնության առաջատար «Ալաշկերտում» վերջին շրջանում սկսեց իրեն այնպիսի ճոխություններ թույլ տալ (կոպիտ ու անփույթ սխալների մասին է խոսքը), որ երեւանյան ակումբի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն անմիջապես Մակեդոնիայից դարպասապահ հրավիրեց՝ Կասպարովի հեռանալուց հետո իրեն անձեռնմխելի զգացող Բեգլարյանին ուշքի բերելու համար: Նույնը, թերեւս, լավ կլինի անի Արթուր Պետրոսյանը: Մելիքսեթյանն ու Այվազովը Հայաստանի մակարդակով վատ դարպասապահներ չեն, Բեգլարյանի համեմատ էլ կայուն խաղ են ցուցադրում: Մարզչական շտաբը պահեստային դարպասապահներին մեկնարկային կազմ ընդգրկելու հարցում, թերեւս, ռիսկ է տեսնում, բայց եթե Բեգլարյանը շարունակի իր անփութությունները, նրան պետք է ցույց տալ նստարանը կամ ընդհանրապես հավաքական չհրավիրել:

Եթե անցյալ տարի Կոպենհագենում նախորդ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը դաշտ էր դուրս բերել 5 պաշտպանի, ապա ռումինների դեմ Երեւանում խաղաց 4 պաշտպանով, ու քանի որ հենց 3-րդ րոպեին Գոռ Մալաքայանը կարմիր քարտ ստացավ, եւ 11-մետրանոցից գոլ ընդունեցինք, պաշտպանությունում լուրջ խնդիրներ ունեցանք: «Ես Դանիայի դեմ խաղում նախընտրեցի խաղադաշտ դուրս բերել 5 պաշտպանների, իսկ այստեղ առջեւում որոշակի առավելություն ստանալու համար փորձարկեցի չորս պաշտպանով խաղը եւ սխալվեցի»,- Ռումինիային 0-5 հաշվով պարտվելուց հետո հայտարարել էր Սուքիասյանը:

Քանի որ առաջիկա խաղը կայանալու է մրցակցի հարկի տակ, եւ դաշտի տերերն ամեն կերպ փորձելու են հաջողության հասնել՝ երկրորդ տեղի համար պայքարից դուրս չմնալու համար, կարող ենք ենթադրել, որ Արթուր Պետրոսյանը շեշտը կդնի պաշտպանությունից խաղի վրա, մանավանդ որ Մոնտենեգրոյում կայացած վերջին հանդիպման ժամանակ էլ մերոնք խաղում էին 4 պաշտպանով ու 4 գոլ ընդունեցին:  

Եթե կիսապաշտպանությունում, թվում է, խնդիրներ չկան (հաշվի չառնենք Գեւորգ Ղազարյանի բացակայությունը), ապա հարձակման գծում այսօր չունենք այն բռունցքը, որը կար ժամանակին: Թե Կորյանը, թե Սարկիսովը չունեն այն որակները, որոնց շնորհիվ կարող են սուր ծայրում միայնակ հարցեր լուծել: Մնում է հույսը դնել կիսապաշտպանների գրոհային խմբի (Մխիթարյան, Բարսեղյան, Մարկոս, Արաս) հետ համագործակցության վրա:

Առավել հավանական է թվում, որ մեր հավաքականը Բուխարեստում կխաղա 4-2-3-1 կամ 5-1-3-1 տակտիկական դասավորությամբ: Հուսանք, որ Մխիթարյանն էլ հանդես կգա ոչ թե հենակետային գոտում, այլ ենթահարձակման գծում, որտեղ նրա ազդեցությունն ու ՕԳԳ-ն ավելի բարձր կլինի: Իսկ հենակետայինի խնդիրը կարող են իրենց ուսերին վերցնել Եդիգարյանն ու Գ. Մալաքյանը:  

Հիշեցնենք, որ ամսի 1-ին, բացի Ռումինիա-Հայաստան խաղից, կկայանան նաեւ Ղազախստան-Մոնտենեգրո, Դանիա-Լեհաստան հանդիպումները, իսկ ամսի 4-ին՝ Հայաստան-Դանիա, Մոնտենեգրո-Ռումինիա, Լեհաստան-Ղազախստան մրցավեճերը:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ