Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Մոտկորում ապօրինի անտառահատումները շարունակվում են



Շուրջ մեկ ամիս առաջ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրեն Վահե Քառյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից:  

«Իմ դիմումի համաձայն «Դսեղի անտառտնտեսության» տնօրենի տեղակալի պաշտոնից  ազատվել եմ նաև ես»,- հայտնեց Սերգո Դավթյանը: Վերջինս մեզ հրաժարվեց իր և Վահե Քառյանի աշխատանքից ազատվելու պատճառները բացատրելուց: Մեր բազմաթիվ հեռախոսազանգերին Վահե Քառյանը չպատասխանեց:

Դսեղում մեզ հայտնեցին, որ օրեր առաջ ոստիկանության Թումանյանի  բաժնի կողմից նախապատրաստած նյութերով ձերբակալվել է Սամվել Վանյանը: Դսեղի անտառների ոչնչացման գործում դսեղցիները վաղուց են  մեղադրում Սամվել Վանյանին: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հեռախոսով հայտնեց. «Դսեղի անտառտնտեսության» անտառապետ  Սամվել Վանյանը ժամանակին ձերբակալվել է,  քրեական գործ կա, որը քննվում է քննչական մարմիններում: Ս.Վանյանի կարգավիճակի մասին կարող եք տեղեկություններ ստանալ քննչական մարմիններից»:

Դսեղում գյուղացիները հայտնեցին, որ Սամվել Վանյանը ձերբակալվելուց օրեր անց  փախել է քրեակատարողական հիմնարկից: Դսեղցիներից մեկը մեզ բացատրեց, որ այդ գործում Ս.Վանյանին աջակցել են Դսեղի անտառտնտեսության  անտառների թալանը վերահսկող պաշտոնյաները:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Սամվել Վանյանի կարգավիճակի մասին այսօր  հայտնեց. «Ապօրինի անտառահատումների մեղադրանքով  Դսեղի անտառտնտեսության, Դսեղի անտառապետ Սամվել Վանյանին  մեղադրանք է առաջադրվել  ՀՀ Քր. օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով և 315 հոդվածի 2-րդ մասով:  Օգոստոսի 7-ին նրա խափանման միջոցը ընտրվել է կալանք՝ 2 ամսով: Օգոստոսի 17-ից  Սամվել Վանյանը  հետախուզման մեջ է»,- հայտնեց Ս.Տռուզյանը: 

Համատեղությամբ «Դսեղի անտառտնտեսության» մասնաճյուղի  տնօրեն է նշանակվել  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի  «Եղեգնուտի անտառտնտեսության» մասնաճյուղի տնօրեն Սամվել Հակոբյանը (մականունը՝ Տատռա Սամվել):  Սամվել Հակոբյանը երկար տարիներ աշխատել է «Հայանտառ»-ում ոլորտում և նույնպես  հմտացած է ապօրինի  անտառահատումների գործում: Մոտկորում հույսեր չեն փայփայում, որ Դսեղի 14 505 խմ անտառածածկ տարածքը կարող է վերահսկվել և պաշտպանվել Սամվել Հակոբյանի կողից: Թեև  կատարված  կադրային փոփոխություններին ու Դսեղի անտառապետի ձերբակալությանը, Մոտկորի անտառներում  ապօրինի անտառահատումները շարունակվում են: 

Օգոստոսի 25-ին Մարց-Լորուտ ճանապարհաեզրին փայտի 1-ին կույտերը նկարելիս մեզ մոտեցավ «Վազ-2106» մակնիշի մուգ գույնի մի ավտոմեքենա, որի վարորդը 30-ին մոտ մի երիտասարդ, ավտոմեքենայի բաց լուսամուտից հարցրեց, թե ինչու եմ նկարում փայտակույտը: Իմ հարցին պատասխանեց, որ Դսեղի անտառտնտեսության աշխատողներից չէ: Հետո պարզեցինք, որ նա տարիներ շարունակ վառելափայտի ապօրինի վաճառքով զբաղվող, Դսեղ գյուղի բնակիչ Վահրամ Մատոյանն է:

Մեքենայից դեռ 100 մետր չհեռացած՝ նկատեցի, որ հայտնվել ենք դարչնագույն և կապույտ գույնի 2 «Վիլիս»  ավտոմեքենաների «հսկողության» տակ: Ավտոմեքենաները մինչև Ահնիձոր գյուղ և վերադարձին «հսկում էին» մեզ։

Ժամը 17:00-ի սահմաններում Լորուտ գյուղի ներքեւի հատվածում, նախկին պանրագործարանի ավերակների մոտ փայտով բեռնված AM 34 UF 735 «ԶԻԼ» ավտոմեքենայից անտառից հանված վառելափայտը տեղափոխվում էր AM 34 GG 836  փակ «Կամազ»-ի մեջ: Բեռնատարների մոտ կանգնած էր AM 34 MR 374 մակնիշի «Վիլիսը»: Հեռվից բեռնատարների մոտ մի քանի տղամարդկանց նկատեցինք: Երբ  մոտեցանք բեռնատարներին, տղամարդիկ թաքնվել էին, սակայն լուսանկարելիս նրանցից մեկը՝  60-ին  մոտ մի տղամարդ դուրս եկավ թաքստոցից: Նրա բջջային հեռախոսն անդադար զանգում էր: Նայելով հեռախոսահամարին՝ տղամարդը բացատրեց. «Էս իմ տղան ա զանգողը, հիմա անհանգիստ զանգում ա»,- ասաց նա և պատասխանեց հեռախոսազանգին. «Դոկումենտ վեր կալ, ինքը՝ժուռնալիստը ստիա, որ գաս  շանց տանք: Որ գաս ներքևն էլ տենք բարձիլ: Լավ,  ով գիտի որդիան ես խոսում, ինչ ես խոսում, էլ մի խառնվի, էդ ժուռնալիստն ստի ա, թող  նկարի, տենանք հլա ինչ ա լինում»,-ասաց տղամարդը:

Հարցրի ազգանունը. «Ես դսեղցի Մատոյան Հրաչիկն եմ, ինչ եք ուզում մեզանից»,- ասաց նա: Խնդրեցի վառելափայտի օրինականությունը հաստատող փաստաթուղթ. «Տղաս գնացել է փաստաթուղթ բերելու, մի երկու ժամից կլինի այստեղ»,-պատասխանեց Հրաչիկը: Մարցից մինչ Ահնիձոր ճանապարհաեզրին 5-6 փայտակույտեր նկարեցինք: Անտառի խորքում դրանք ավելի շատ էին երևում, ինձ հետևող «Վիլիս»-ների տերերից սպասվող անախորժությունից խույս տալով՝ խուսափեցի միայնակ մտնել անտառի խորքը: Օրվա  այդ ժամը  փայտակույտերը փակ բեռնատարներին բարձելու ժամն էր:

Ավերակների մոտ կանգնած «Կամազը» 30 խմ փայտի տարողություն ուներ: Ինչպես որդու հետ զրույցում բերանից թռցրեց Հրաչիկը, փակ  «Կամազ»-ում պետք է բարձվեր նաև ճանապարհաեզրերին կուտակված փայտակույտերը: Մինչ Վահրամ Մատոյանը երկու ժամ շարունակ  անհանգիստ այս ու այն կողմ ընկած փայտի օրինականությունը հաստատող փաստաթուղթ էր որոնում, Դսեղից մեր աղբյուրները, որոնց հեռախոսով հարցրել էինք Հրաչիկ Մարտոյանի մասին, հայտնեցին, որ նա որդու հետ վաղուց  է Մոտկորի անտառներում զբաղվում  ապօրինի անտառահատումներով:

«Նրանք անհաշտ են եղել Սամվել Վանյանի հետ, այդ  պատճառով վառելափայտ տանում են  Լորուտի անտառներից»,-հայտնեց Դսեղի մեր աղբյուրներից մեկը: Ահնիձորում շուրջ երկու ժամ աշխատելուց հետո  վերադարձին Լորուտի պանրագործարանի ավերակներին հարող ճանապարհաեզրին նկատեցի Հրաչիկ Մատոյանին, նա դեռ հեռախոսով հրահանգներ էր տալիս որդուն: Հրաչիկը ձեռքով հասկացրեց տաքսու վարորդին՝ կանգնել. «Տղաս,  փաստաթուղթը բերում է»,- ասաց նա:  Լորուտի տակ  հանդիպեցենք Վահրամ Մատոյանին. «Ինչու եք  ավտոմեքենաներով  հետապնդում մեզ»,- հարցրի նրան:

«Ես չեմ կազմակերպել»,-պատասխանեց նա և շարժվեց առաջ: Տարիներ շարունակ Մոտկորում ապօրինի անտառահատումներով զբաղվող Հրաչիկ և  Վահրամ Մատոյանները տեղյակ չէին, որ գործող օրենքով անտառից գնորդի փայտ տեղափոխելը առանց պայմանագրի և վառելափայտի վճարման  անդորրագրի անթույլատրելի է: Կապույտ և դարչնագույն «Վիլիս»-ները երկար ժամանակ մեզ հետևում էին։ Օրը մթնում էր, ու մենք դուրս եկանք մթնշաղի մեջ թաղվող Մոտկորից: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (8)
1. Լևոն19:26 - 28 օգոստոսի, 2017
Դուք ամենաքիչն եք տեսել։ Այ եթե համարձակվեիք մտնել անտառ ապա կտեսնեիք, որ անտառ ուղղակի չկա, առանց չափազանցության։ Մոտկորում հիմա 90-ականներն են մի տարբերությամբ,հիմա կտրում են հեշտ գումարներ աշխատելու համար։
2. Taga20:08 - 28 օգոստոսի, 2017
թալանը շարունակվումա: վտանգավոր ա ամեն դեպքում լրագրողի համար, սրանց կեղտերը ջրի երեսա դուրս հանում: հուսանք, որ հետքը ուղարկումա իրա լրագրողին սենց տեղ նաև մտածումա անվտանգության մասին
3. Taga20:15 - 28 օգոստոսի, 2017
ու սենց մի փոքր հոդվածով ինչքան բանա բացսհայտվում: ու իրսկանում մեր վարչապետը խնդիրա դրել ժողովրդին ու դրսի ինվեստորներին խաբի սուտի ելույթներով, այլ ոչ թե մաֆիայի դեմ գնալով, գիդի հոկտեմբերի 27 կլինի ելի:
4. Լարիսա Փարեմուզյան20:30 - 28 օգոստոսի, 2017
Հարգելի Լևոն, ապօրինի անտառահատումների բազմաթիվ բացահայտումներ ունի ոչ միայն Մոտկորի, այլև Ջիլիզայի և Լալվարի անտառներում: Այնպես որ մենք այնքան էլ անհամարձակներից չենք: Մենք ամբողջությամբ տիրապետում ենք ՊՈԱԿ-ի Թումանյանի անտառներում տիրող ծանր վիճակին:Անհոգ եղեք:
5. Արամայիս23:32 - 28 օգոստոսի, 2017
Հիմա էս հոդվածը չի համարվու՞մ հաղորդում հանցագործության մասին։ Բոլոր փաստերը կան՝ առնվազն քրեական գործ հարուցելու համար։
6. Լևոն12:18 - 29 օգոստոսի, 2017
Հարգելի Լարիսա Փարեմուզյան ես ձեր աշխատանքը շատ բարձր եմ գնահատում, որովհետև գիտեմ ինչ ռեակցիա է առաջացնում ձեր ընդամենը մի , թեկուզ կարճատև այցը Մոտկոր։ Ամենաքիչը գոնե մի երեք օր օդում կախված է լինում «Լարիսան էլի ըստեղեք ա, ծմակը փագ ա» տագնապալի արտահայտությունը։ Բայց դրանից հետո ամեն ինչ վերսկսվում է եռակի անգամ ավելի ուժեղ թափով։ Ու եթե դուք, ի ուրախություն անտառի գալիս եք թեկուզ շատ կարճ ժամանակ հետո կտրված ծառերին արդեն հաշիվ չի լինում։ Իսկ այն որ դուք տիրապետում եք անտառտնտեսություններում տիրող ծանր իրավիճակին դա կարելի է ասել առանձնակի բան չի փոխում, եթե նույնիսկ տվյալ ոլորտի բոլոր աշխատողներին հեռացնեն, անտառը ոչնչացնողը հենց գյուղացին է, որն ունի հազար ու մի պատրվակ ծառ կտրելու։ Ուրեմն հենց գյուղացու միջից պետք է արմատախիլ անել այդ ինքնակործան կարծիքը, թե «ծմակը հատնիլ չի»...
7. Լարիսա Փարեմուզյան15:23 - 29 օգոստոսի, 2017
Լևոն, գիտեք ինչու է Ձեր անտառը թալանվում, որովհետև դուք Ձեր կուսական անտառներին տեր չեք կանգնում: Տեր կանգնեք Լևոն Ձեր անտառներին ու թող Ձեր անկրկնելի անտառների թալանչիները վախենան մոտկորցիներից, ոչ թե Լարիսայից: Եթե ամբողջ մոտկորցիները ոտքի կանգնեն և կառավարությունից միասնական պահանջեն դադարեցնել իրենց անտառների ապօրինի հատումները, գուցե այդ ժամանակ խնդիրը լուծվի: Բայց դուք ծառայում եք Մոտկորի անտառները թալանող պետական մաֆիային: Ցավալին դա է: Հիշիր, մենք բոլորս, այդ թվում նաև դու և բոլոր մոտկորցիները պետք է տեր կանգնեն մեր երկրին ու մեր անտառներին:
8. Վարազ Սյունի (Ամստերդամ)00:51 - 30 օգոստոսի, 2017
Ցնցող է: Հայաստանի այս և նման մյուս պրոբլեմների խորքայի՛ն պատճառն այն է,որ հայաստանցիները ամեն հարցում (չգիտես ինչու) միշտ սպասում են,որ ինչ որ մեկը պիտի գա ու ԻՐԵՆՑ ՓՈԽԱՐԵՆ իրենց խնդիրները լուծի: Սա սովետական ժամանակներից մնացած մտածելկերպ է: Հայաստանում պիտի սկսել հասկանալ,որ դու՛ կարող ուժ ես ու ի՛նքդ պիտի պայքարես քո իրավունքների համար: Մինչ այդ՝ լուծումը Հայաստանում ԱՆԿԱԽ ՀԿ-ներին և հետաքննող լրագրությանը օժանդակելն է,որ ամենուր շատանան: Սփյուռքահայերի ամենամեծ հայրենասիրությունն այս պահին վերջիններիս օժանդակելն է: Կոռուպցիայի դեմ ամենաարդյունավետ զենքը... գրիչն է:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ