HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սարի թաղի» գործով վկաներն ամբաստանյալներին չեն հիշում

Ամալյա Մարգարյան

Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ կայացավ Սարի թաղում 2016թ. հուլիս 19-ին ոստիկանության և քաղաքացիների միջև բախման ժամանակ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կատարելու մեջ մեղադրվող Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի և Էդուարդ Զեյթունյանի գործով դատական նիստը: Ցուցմունք տվեց գործով վկա, ոստիկանության ավագ տեսուչ Հովհաննես Ալեքսանյանը։ Նշեց, որ հուլիսի 19-ին ծառայության է եղել Խորենացի փողոցին հարակից տարածքներում, որտեղ ոստիկանության աշխատակիցների կողմից ճանապարհ է փակվել, իսկ Սարի թաղի բնակիչները պահանջել են բացել այն։ Ոստիկանը չի իմացել քաղաքացիների կոնկրետ նպատակը, թե ինչու են ցանկանում ճանապարհը բացել։ Տեղեկացրեց, որ հարակից երթևեկելի ճանապարհ է եղել դա։ Ոստիկանության աշխատակիցը նշեց, որ չի լսել նաև քաղաքացիների՝ գազ ու հոսանք չունենալու մասին։

«Մարդիկ ասում էին, որ հիվանդներ կան, ճանապարհը երկարում է: Առաջին անգամ եմ լսում, որ գազի կամ հոսանքի հարց է եղել: Ես նրանց բուն նպատակն ի՞նչ իմանամ: Ես եկել, իմ ծառայությունն եմ իրականացրել»,-ասաց Հովհաննես Ալեքսանյանը: Այն հարցին, թե քաղաքացիների մեջ ալկոհոլի ազդեցության ներքո մարդիկ տեսե՞լ է, ոստիկանը պատասխանեց. «Եթե ադեկվատ լինեին, գործը չէր հասնի էստեղ։ Մեր պահանջները կլսեին, կգնային։ Չեմ կարող տեղեկանք ներկայացնել, հնարավոր է, որ խմած լինեին»։

Վկան հարցաքննության ընթացքում նշեց, որ  ամբաստանյալներին չի տեսել, չի ճանաչում: Պատմեց, որ հավաքված 35-40 անձանց փորձել են բացատրել, որ ճանապարհով իջնելը վտանգավոր է։ «Դեպքը 10-15 րոպե է եղել, որից հետո ՊՊԾ գնդի կողմից կրակոցներ լսվեցին, պառկեցինք գետնին»,-հայտնեց վկան: Դատարանում ընթերցվեց վկայի նախաքննական ցուցմունքը, որտեղ նա նկարագրում էր դեղնավուն հագուստով երիտասարդի, ով նույնպես մասնակցել է վիճաբանությանը։ Վկան հայտնեց, որ ցուցմունք է տվել դեպքի օրը՝ հուլիսի 19-ին, իսկ նախաքննական ցուցմունքի մեջ նշված էր հուլիսի 22-ը։ Դատարանում վկան հայտնեց նաև, որ ինքնաձիգով ոստիկան չի տեսել,  այնինչ նախաքննության ցուցմունքում այլ բան էր հայտնել։

Այսօր ցուցմունք տվեց նաև ոստիկանության տեսուչ Էդգար Կարապետյանը, ով նշեց, որ դեպքի օրը չի տեսել և չի մտաբերում որևէ անձի, սակայն նախաքննական ցուցմունքի մեջ նշել էր, որ տեսել է Տիգրան և Սարգիս Արաբաջյաններին, ովքեր Սարի թաղի բնակիչներ են։

Վկան նշեց, որ դեպքի օրը կատարվածը լավ չի հիշում, իսկ նախաքննության ընթացքում ասվածը արժանահավատ է։

Մեկնաբանություններ (1)

Միհրան
....մեջ ալկոհոլի ազդեցության ներքո մարդիկ տեսե՞լ է.... այսինքն - հարբած/հարբեցած

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter