HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Փոշու եւ SO2-ի արտանետումներ՝ «Նաիրիտի» հրդեհից

Բնապահպանության նախարարության համապատասխան մասնագետների դիտարկումների համաձայն՝ օգոստոսի 28-ին` ժամը 14:30-15:00–ի սահմաններում «Նաիրիտ» գործարանի հարակից տարածքների մթնոլորտային օդում ակտիվ նմուշառմամբ որոշված գետնամերձ օզոնի եւ ազոտի երկօքսիդի պարունակությունները եղել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների (ՍԹԿ) տիրույթներում։ Ծծմբի երկօքսիդը գերազանցել է ՍԹԿ-ն 1,6, ընդհանուր փոշին՝ 3,6 անգամ:

Տարածքի մերձակայքում տեղադրված 6 պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն` ծծմբի երկօքսիդի (SO2) կոնցենտրացիան 5 դիտակետում գերազանցել է ՍԹԿ-ն 1,1-4,8 անգամ: Բոլոր 6 դիտակետերում ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն 2,1-6,0 անգամ:

ՀՀ կառավարության 2008 թ. հոկտեմբերի 16-ի 1186-Ն որոշման համաձայն վտանգավոր է համարվում մթնոլորտի աղտոտվածության այն մակարդակը, որի դեպքում ՍԹԿ-ն երկու օրից ավելի գերազանցում է 20-29 անգամ, 8 ժամից ավելի՝ 30-49 անգամ կամ 2 ժամից պակաս՝ 50 անգամ և ավելի։

Ըստ առողջապահության նախարարության՝ արձանագրված կոնցենտրացիաները բազմակի անգամ ավելի ցածր են, քան վտանգավորության նվազագույն շեմը, եւ գերազանցումները մարդու առողջության համար անմիջական վտանգ չեն ներկայացնում։

Ուշագրավ է, որ 2017 թվականի մայիս ամսվա միջինացված տվյալներով, ըստ պասիվ նմուշառման դիտակետերի, SO2-ը «Նաիրիտ» գործարանի հարակից տարածքում գտնվել է ՍԹԿ-ին մոտ։ Ստորեւ ներկայացված քարտեզում «Նաիրիտը» մոխրագույն եռանկյունով է նշված՝ Շենգավիթ եւ Էրեբունի վարչական շրջանների մեջտեղում։

Այն բաց դարչնագույն ֆոնի մեջ է, ինչը նշանակում է, որ մոտ է ՍԹԿ-ին, այն է՝ 0,05 մգ/խմ։

Ստացվում է, որ գործարանում բռնկված խոշոր հրդեհը շատ քիչ տարբերություն է մտցրել մթնոլորտային օդում SO2-ի պարունակության առումով։

Ինչպես մեր նախկին հրապարակումներից մեկում նշել ենք, 2016 թվականի փետրվարի 2-ին` ժամը 17-ին, Կենտրոն վարչական շրջանում գրանցվել է տարվա ամենաբարձր ցուցանիշը ծծմբի երկօքսիդի (SO2) համար՝ 2.93 մգ/մխ (ՍԹԿ-ն 0,05 մգ/մխ է), ինչն ավելի քան 50 անգամ բարձր է ՍԹԿ-ից:

Եվ սա՝ առանց արտակարգ դեպքի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter