HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Դիլիջանի ղեկավարը բնակիչների գումարներն ուղղել է բյուջե եւ անջատել ըմբոստացող շենքի վերելակը

Շամախյան թաղամասի 2ա շենքի բնակիչները դժգոհ են, որ համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանն իրենց փոխարեն պայմանագիր է կնքել «Յուքոմ» եւ «Բիլայն» ընկերությունների հետ եւ համայնքային բյուջե փոխանցել բջջային օպերատորների կողմից շենքի տանիքին տեղադրված ալեցիրների համար վճարվող գումարները։

2009 թվականին Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը պայմանագիր է կնքել «Օրանժ Արմենիա» ընկերության հետ, որի հիման վրա՝ Շամախյան 2ա շենքի տանիքին տեղադրվել է ալեցիր, իսկ դրա դիմաց սահմանված 120 հազար դրամ ամսական գումարը մինչեւ 2017 թվականի գարուն փոխանցվել է ոչ թե բնակիչներին, այլ՝ համայնքին։

«Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» ՀՀ օրենքի Հոդված 6-ի համաձայն՝ բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը, նկուղները, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաեւ մեկից ավելի շինություններ սպասարկող եւ բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային եւ այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական եւ այլ սարքավորումներն ու տարածքները, որոնք օրենքով նախատեսված կարգով չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:

Բազմաբնակարան շենքերի տանիքներին ալեցիրների տեղադրման պարագայում վարձակալության գումարը պետք է հատկացվի բնակիչներին կամ համատիրությանը, եթե այն ստեղծվել է։ Հաճախ ալեցիրների դիմաց վճարվող գումարը համարում են նաեւ բնակիչներին հասցվող հնարավոր առողջական վնասի փոխհատուցում։

Մոտ ութ տարի Շամախյան 2ա շենքի տանիքի վարձակալության դիմաց վճարվել է համայնքապետարանին, եւ միայն այս տարի բնակիչները դժվարությամբ կարողացել են հասնել նրան, որ «Յուքոմ» ընկերության եւ համայնքի ղեկավարի միջեւ կնքված պայմանագրի երկրորդ կողմն իրենք հանդիսանան։

Բնակիչ Համլետ Բադալյանը «Հետք»-ի հետ զրույցում պատմեց, որ հինգ ամիս շարունակ քննարկումներ է ունեցել, դիմել համապատասխան կառույցներին, մինչեւ որ այս տարվա մայիսին «Յուքոմը» պայմանագիր է կնքել բնակիչների հետ։ Բնակիչները, սակայն, դեռ անտեղյակ են, թե ինչ նպատակով է ծախսվել այս տարիներին վճարված ավելի քան 11 միլիոն դրամը։

Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը բնակիչների կողմից իրենց իրավունքների վերականգնումից հետո «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Դիլիջանի մասնաճյուղի տնօրենին գրություն է իջեցրել՝ կարգադրելով հոսանքազրկել 2ա շենքի վերելակը։

Համայնքապետարանում համարում են, որ եթե բնակիչները հանդիսանում են շենքի տանիքի, շքամուտքի եւ այլ կրող կառուցվածքների սեփականատերը, պարտավոր են սեփական գրպանից վճարել նաեւ վերելակի էլեկտրաէներգիայի վճարը։ Այնինչ, համայնքի մյուս բազմահարկ շենքերի վերելակների թե՛ վերանորոգման գումարը, թե՛ էլեկտրաէներգիայի վճարը կատարվում է համայնքային բյուջեից։

«Մայիսի 16-ին քաղաքապետը գրություն է իջեցրել ՀԷՑ Դիլիջանի մասնաճյուղին, համարը՝ 443/17, որտեղ ասվում է՝ Շամախյան 2ա շենքի վերելակը հոսանքազրկել։ Ստացվում է, որ թքել են բոլորիս երեսին։ Ասել է թե՝ առանց որեւէ պատճառի ձեզ զրկում եմ վերելակից, քանի որ դուք օգտվում եք ձեր քաղաքացիական իրավունքներից։ Չնայած վերելակի հոսանքի գումարը, ըստ քաղաքապետի մեկ այլ որոշման, համայնքային բյուջեով է վճարվում, իսկ բնակիչները վճարում են բացառապես վերելակի սպասարկման եւ շահագործման գումարը»,-«Հետք»-ի հետ զրույցում պատմեց Համլետ Բադալյանը։

Քաղաքապետի կարգադրությունը դժգոհություն է առաջացրել բնակիչների մոտ։ «Մեկը ես՝ ինֆարկտով հիվանդ մարդ եմ։ Հղի կին կա, հաշմանդամ մարդ կա, որ համարյա անշարժ է, շտապօգնություն են կանչում։ Քաղաքապետարանն ի՞նչ է ուզում ապացուցել»,-ասում է Բադալյանը։ Իսկ Մեխակ Ղալումյանը, ով բնակվում է 8-րդ հարկում, քայլելու խնդիր ունի եւ մի քանի օր նախընտրել է դուրս չգալ բնակարանից։

Մի քանի օրից բնակիչներն իրենց ուժերով, առանց համայնքի ղեկավարին դիմելու, վերականգնել են վերելակի էլեկտրամատակարարումը, որը մինչ օրս շարունակվում է։

Դիլիջան համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Մակարյանը մեզ հետ զրույցում չթաքցրեց, որ Արմեն Սանթրոսյանի կարգադրությունը նպատակ ունի բնակիչներին սովորեցնել սեփական ծախսերի համար վճարել սեփական գրպանից։

«Եթե դա իրենց սեփականությունն է, թող իրենց շենքը վերանորոգեն, վերելակի փողն էլ տան»,-ասաց Արմեն Մակարյանը։

Համայնքապետարանի ֆինանսական բաժնի պետ Գայանե Դավթյանն ասաց, որ համայնքը մեծ գումար է ներդրել 2ա շենքի վերելակի հիմնանորոգման համար, ու քանի որ բնակիչները ցանկանում եմ ալեցիրի դիմաց վճարն իրենք տնօրինեն, ապա համայնքապետարանը որոշել է անջատել վերելակը։

Սակայն ավելի ուշ «Հետք»-ին տրամադրած տեղեկանքում առկա ինֆորմացիան հերքում է Դավթյանի խոսքերը։ 2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ Շամախյան 2ա շենքի տանիքին տեղադրված ալեցիրի դիմաց համայնքապետարանը ստացել է 11 միլիոն 280 հազար դրամ։ 2009 թվականին, ըստ տեղեկանքի, մոտ մեկ միլիոն դրամով կատարվել է տանիքի, շենքը սնուցող ջրագծի եւ կոյուղագծի նորոգում։ Իսկ 2011-ին 3,8 միլիոն դրամով հիմնանորոգվել է շենքի վերելակը, ինչը հակասում է ֆինանսական բաժնի պետի խոսքերին։ Վերելակը նորոգվել է բնակիչներին պատկանող գումարով, եւ համայնքապետարանը չպետք է հոսանքազրկեր այն։

Դավթյանը հաստատեց, որ մյուս բոլոր շենքերում վերելակների հոսանքը վճարում են համայնքի միջոցներից։ Բայց քանի որ 2ա շենքը այսպես ասած կողմնակի եկամուտ ունի, համայնքի ղեկավարությունը որոշել է այդ կողմնակի եկամուտն ուղղել իր պարտականությունների կատարմանը։ «Եթե իրենք լրացուցիչ գումար ունեն, թող այդ գումարով էլ իրենց ծախսերը փակեն»,-ասաց Դավթյանը։

Վերելակի հոսանքի ծախսը, ըստ համայնքապետարանի, 2011 թվականից մինչեւ 2017 թվականը կազմել է 3,1 միլիոն դրամ։ Բնակիչները թերահավատորեն են վերաբերվում համայնքային իշխանությունների տրամադրած թվերին։

Համլետ Բադալյանը պնդում է, որ այդ ծախսը քաղաքապետարանն ուռճացնում է։ «Տարեկան միջինը կարող է լինել 100-150 հազար դրամ։ Իսկ ութ տարվա ընթացքում թող կազմի 1 միլիոն կամ մեկուկես։ Ի՞նչ 3,1 միլիոնի մասին է խոսքը։ Հասկանալի է, որ քաղաքապետարանը որ թիվն ուզում՝ մեծացնում է, որն ուզում՝ փոքրացնում։ Մենք հետեւողական ենք լինելու, որպեսզի եւ՛ մեր շենքային պայմանները բարելավվեն, ինչը քաղաքապետարանը չի անում, եւ՛ մեզ հասնող գումարը տնօրինենք բնակիչներով, ոչ թե՝ համայնքապետարանը»,-ասաց բնակիչը։

Դիլիջան համայնքում բազմաբնակարան բնակելի շենքերից միայն 3-ի վրա են տեղադրված բբջային օպերատորների ալեցիրներ։

Կալինինի 243 շենքի տանիքին «Օրանժի» (հետագայում այն անցել է «Յուքոմին») ալեցիր տեղադրվել է 2009 թվականի հուլիսի 1-ին, եւ պայմանագրի կողմ հանդիսանում է համայնքի ղեկավարը։ Ամսական վճարը կազմում է 80 հազար դրամ։ 2017 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ վճարվել է 7 միլիոն 760 հազար դրամ։

Այս գումարով, ըստ համայնքապետարանի տրամադրած տեղեկանքի, 2009 թվականին նորոգվել է շենքի տանիքը՝ 591 հազար դրամ ծախսով։ 2011-ին կատարվել է շենքի մուտքի հիմնանորոգում եւ փոխվել է մուտքի դուռը՝ 547 հազար 500 դրամ ծախսով։ 2011թ.-ին հիմնանորոգվել է վերելակը՝ 1,8 միլիոն դրամ ծախսով։ Նորոգվել են շքամուտքերը եւ փոխարինվել բոլոր պատուհանները՝ 3,7 միլիոն դրամ ծախսով։ 2011-2017 թվականներին վերելակի ծախսը կազմել է 3,5 միլիոն դրամ։

Շամախյան 3Բ շենքի տանիքին ալեցիր տեղադրվել է 2007 թվականին։ Մինչեւ 2017 թվականի օգոստոսի 1-ը համայնքային բյուջեին վճարվել է 7,5 միլիոն դրամ։ Շենքի վրա ծախսվել է 8 միլիոն 60 հազար դրամ, այդ թվում՝ վերելակի նորոգում, ջրատար խողովակների նորոգում եւ այլն։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter