HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրենսդրությունից դուրս մնացած եւ փոփոխվող գներ ու ճաշացանկ՝ «Լճեր» ռեստորանում

Օրերս անդրադարձել էի այն հարցին, թե ինչպես են հանգստյան գոտիների սպասարկման կետերում (ռեստորաններ, սրճարաններ) պատվերներն ընդունում առանց ճաշացանկը (մենյու) ներկայացնելու և արդյունքում աստղաբաշխական գումարներ են կորզում հաճախորդներից:
26.08.2017թ. նույն իրավիճակում հայտնվեցի նաև ինքս:

Բարձր տրամադրությամբ այցելեցինք Կոտայքի մարզի Ակունք և Կաթնաղբյուր համայնքների մերձակայքում գտնվող «Լճեր» ռեստորան` մի կտոր ձուկ ուտելու:

Նախ զավեշտի մասին: Չնայած իմ բոլոր խնդրանքներին, թախանձանքներին, աղաչանքներին՝ մատուցողուհին հրաժարվեց ներկայացնել ճաշացանկը, այն հիմնավոր պատճառաբանությամբ, որ մենյուն իրենց մոտ անընդհատ փոփոխվում է, և ինքը դա չի կարող ներկայացնել, խնդրեցի ներկայացնել փոփոխված մենյուն, դարձյալ նույն պատրվակի ներքո հրաժարվեց այն ներկայացնելուց: Իմ առաջարկին, որ եթե անընդհատ փոփոխվում է, ապա գոնե համակարգչային եղանակով դա փոփոխեն, որ արագ ստացվի և ներկայացնեն, դարձյալ հրաժարվեց մենյուն ներկայացնելուց, միայն «խոսքի» մեջ կրկնեց, որ «դե գներն անընդհատ փոփոխվում են, չենք հասցնում նոր մենյու պատրաստել», ի միջի այլոց ավելացնելով, որ թառափի և իշխանի գները բարձրացել են 500-ական դրամով:

Երևակայեք, ֆիդայական շարժումից սկսեցի և 1915թ. դեպքերով ավարտեցի, միևնույն է, մենյուն չներկայացրեց (նաև մատուցողուհին նախապես իմացավ, որ իրավաբան եմ):  
Ես համոզվեցի, որ անգամ սափրագլուխներին մենյուն չեն տա, դադարեցի այն պահանջել:
Երևի այն աստիճանի անվստահություն ներշնչեցինք, որ քիչ անց, երբ բնության գրկում զբոսնում էինք, մատուցողուհին մեզ էր փնտրում, գուցե կասկածում էր, թե օգտվել ու փախել ենք:  
Դա պետք է տեսնեիք. միայն Զադոռնովը կարող է սա պատմել ինչպես որ հարկն է:
Արդյունքը` բավական մեծ, կլորիկ գումարի կորզում` ընդ որում` առանց ՀԴՄ կտրոնի տրամադրման:

Երկար-բարակ մտածելուց հետո հասկացա, որ հասարակությունն այս հարցում անզոր է:
Խնդիրը պետական կառավարման և պետական իշխանության մարմինների անգործության արդյունքն է, քանի որ օրենսդրության լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում պարզեցի, որ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում ճաշացանկը չներկայացնելու կամ այն ներկայացնելուց հրաժարվելու կամ ոչ ճիշտ գնանշումներով ներկայացնելու համար պատասխանատվություն չի նախատեսված:

Այսինքն` մի դեպքում «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքը սահմանում է ապրանքների և ծառայությունների և դրանց գների մասին սպառողների տեղեկացվածության իրավունքը, մյուս դեպքում` թե´ նշված օրենքը և թե´ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքը, մասնավորապես՝ 158-րդ հոդվածը, այդ խախտման համար (գների մասին տեղեկատվություն ստանալու մասին է խոսքը) պատասխանատվություն չի նախատեսում:
Փաստորեն, նշված կամայական վիճակն ի հայտ է եկել օրենքով պատասխանատվություն սահմանված չլինելու արդյունքում:
Հետևություն:

Մենք մի կերպ կդիմանանք մեծապատիվ մուրացկանների ձեռքը, սակայն նման վարքագիծն ինչ տպավորություն կթողնի արտասահմանյան զբոսաշրջիկների վրա, ես անպայման կդիմեմ իրավասու մարմիններին, օրենքներում համապատասխան ավելացում կատարելու խնդրանքով և շատ կզարմանամ, եթե արդյունքի հասնեմ:
Այնուամենայնիվ, կոչ եմ անում անընդհատ պահանջել ճաշացանկը, մի օր երևի դա արդյունք կտա:

Արտավազդ Պետրոսյան
Իրավաբան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter