HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԺ նախագահը կանադական պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 30-ին ընդունել է «Մեկ ազատ աշխարհ» միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մաջիդ էլ-Շաֆիին եւ Կանադայի Համայնքների պալատի պատգամավորներ Թոնի Քլեմենթին ու Ռեյչել Հարդերին: Պատվիրակությանն Արցախում ուղեկցում է ԱՄՆ-ում եւ Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: 

ԱՀ ԱԺ մամուլի ծառայության հաղորդմամբ` խորհրդարանի նախագահը կարեւորել է Կանադայի հետ կապերը` դրանք համարելով պահանջված ԱՀ ու ՀՀ համար, հաշվի առնելով այդ երկրում հայկական համայնքի ներկայությունը: Աշոտ Ղուլյանը հույս է հայտնել, որ այցի շրջանակներում պատվիրակության անդամներին կհաջողի Արցախի անկախ պետականության ու այստեղ ապրող ժողովրդի մասին լիարժեք պատկերացում կազմել:

Պատվիրակության ղեկավար Մաջիդ էլ-Շաֆին նշել է, որ Արցախը ազատության համար պայքարի օրինակ է, եւ իր կազմակերպության պատրաստակամությունն է հայտնել համագործակցության հաստատման ուղղությամբ:

Կանադայի խորհրդարանի անդամներ Թոնի Քլեմենթն ու Ռեյչել Հարդերը, ովքեր առաջին անգամ են տարածաշրջանում, կարեւոր են համարել Արցախի պատմությանն ու ներկա քաղաքական իրավիճակին ծանոթանալու ու տեղեկություններով իրենց գործընկերների հետ կիսվելու հնարավորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Կանադահայ համայնքի հետ փոխգործության, խորհրդարանական դիվանագիտության եւ տարածաշրջանում տիրող իրադրության վերաբերյալ:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, փոխնախագահ Դավիթ Մելքումյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը, Հայ դատի Կանադայի գրասենյակի գործադիր տնօրեն Սեւակ Բալյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter