HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Օդում կախված վտանգն» ու Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի անգործությունը

Երևանի Կիևյան փողոցի թիվ 24 շենքի բնակիչները ահազանգում են շենքի դիմաց՝ ավտոտնակների հետևում գտնվող երկու չորացած բարդիների մասին, որոնք շրջվելու վտանգի առաջ են: Դրանք վտանգ են ներկայացնում տարածքի բնակիչների և շինությունների համար: Ինչպես երևում է գլխավոր նկարից, ծառերից մեկը նույնիսկ որոշ չափով թեքվել է:

Այս մասին «Հետք»-ին հայտնել է թիվ 24 շենքի բնակիչ Տիգրան Մանգասարյանը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ արդեն 7 տարի է` իրենց հուզող հարցի մասին տեղեկացրել են Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությանը, սակայն դեռևս ոչ մի արդյունքի չեն հասել: Վարչական շրջանի ղեկավարությանը հասցեագրված առաջին նամակն ուղարկվել է 2010 թվականին շենքի համատիրության կողմից: Տեսնելով, որ ոչ մի փոփոխություն չկա` շենքի մի խումբ բնակիչներ իրենց անունից սկսել են պարբերաբար նամակներ ուղարկել: Վերջին նամակը բնակիչներն ուղարկել են 2017 թվականի հուլիս ամսին, սակայն գրությունը մինչև օրս անպատասխան է: Բնակիչները միտումնավոր ավելի մեծ տառաչափով են շարադրել նամակը՝ մտածելով, թե այդ կերպ կարող են ուշադրություն գրավել:

2017 թվականի մայիսի 2-ին Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանին հասցեագրված հերթական նամակներից մեկին պատասխանել է նրա տեղակալ Արտակ Միսկարյանը: Որպես պատճառաբանություն՝ նշված է տեղանքի անհարմարությունը և համապատասխան տեխնիկայի բացակայությունը:

Բնակիչները սակայն, չեն ցանկանում սպասել, որովհետև մեծ է հավանականությունը, որ բարդիները կարող են ուժեղ քամուց շրջվել: Տիգրան Մանգասարյանը նշեց, որ փորձել են նույնիսկ սեփական միջոցներով վերացնել «օդում կախված վտանգը» և հատել 30-մետրանոց ծառերը, սակայն դա նրանց չի հաջողվել:

Մանգասարյանը պատմեց նաև, որ այս տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչներից երեք հոգի եկել են իրենց թաղամաս և խոստացել, որ անպայման կլուծեն այդ խնդիրը: Նրանց թվում է եղել նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտակ Միսկարյանը: Ընտրություններից հետո բնակիչները հետաքրքրվել են, թե ինչու չի կատարվել իրենց տրված խոստումը: Ի պատասխան՝ նրանց հասկացնել են տվել, որ իրենց շենքը «չի արդարացրել սպասելիքները»:

Թիվ 24 շենքի բնակիչների գլխավոր մտահոգությունն այն է, որ ծառերի շրջվելու դեպքում կարող են տուժել հավանական անկման տեղում խաղացող երեխաները: Ստորև ներկայացված նկարում պատկերված է այն տարածքը, որտեղ կարող են ընկնել չորացած ծառերը:

Բնակիչները դժգոհում են Արաբկիր վարչական շրջանի ղեկավարության անգործությունից: Նրանք նույն հարցով դիմել են նաև Երևանի քաղաքապետարանին, սակայն ստացել են նույնաբովանդակ պատասխան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter