HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Եվրոպայում մեկնարկել է դաշնակահար Մանասերյանի «տեսանելի» համերգային նախագիծը

Այս տարի Մալթայում տեղի ունեցած հինգերորդ «Valletta International PIANO Competition 2017» դաշնակահարների միջազգային մրցույթում Արմեն-Լեւոն Մանասերյանն արժանացել է պատվավոր Առաջին մրցանակին եւ Գավաթին (Արմենը բնակվում է Բելգիայում)։ Հիմնական մրցանակից զատ դաշնակահարին տրվել է հատուկ հնարավորություն՝ ձայնասկավառակի ձայնագրություն «KNS Classics» ստուդիայի հետ։

Հենց այս ձայնագրության հնարավորությունն էլ Արմենին դրդել է կյանքի կոչել իր «Color of the Sound» (Մուսորգսկի եւ Կոմիտաս) նախագիծը, որի մանրամասներին անդրադառնալուց առաջ նախ ծանոթացեք ստորեւ ներկայացված պատմական անդրադարձին։

——————————————————————————————————————

«Պատկերներ ցուցահանդեսից»  (“Pictures at an Exhibition”) դաշնամուրային ստեղծագործությունների շարքը բաղկացած է տասը պիեսներից։ Ստեղծագործության հեղինակը ռուս կոմպոզիտոր Մոդեստ Մուսորգսկին է՝ 19-րդ դարի 50-ականներին Սանկտ Պիտերբուրգում ձեւավորված ռուս կոմպոզիտորների՝  «Հզոր խմբակ» (“Могучая кучка”) ընկերակցության անդամներից մեկը։

Ընկերակցության հետ սերտ կապերի մեջ էր 19-րդ դարի ռուսական ճարտարպետության կարեւոր ներկայացուցիչներից մեկը՝  Վիկտոր Հարթմանը։ Հարթմանը հանկարծամահ է եղել 39 տարեկանում։ Մահից անմիջապես հետո տեղի է ունեցել նրա աշխատանքների ցուցահանդեսը Սանկտ-Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (15 տարիների ընթացքում ստեղծած շուրջ 400 գործ)։ Մուսորգսկին ընդամենը երեք շաբաթում ստեղծագործական մի շնչով ստեղծում է «Պատկերներ ցուցահանդեսից» սյուիտների շարքը՝ կրելով անմիջական ազդեցություն այդ աշխատանքներից։

——————————————————————————————————————

«Color of the Sound» («Ձայնի գույնը») նախագիծն այս առումով վերոնշյալ պատմության օրգանական շարունակությունն է՝ չնայած ժամանակային բաժանմանը եւ իրադարձությունների՝ արդեն իսկ պատմական լինելուն։

Մուսորգսկու սյուիտները դեռ երկու տարի առաջ ոգեշնչել են Արմենին։ Ու դաշնակահարը սկսել է նկարել։ Մուսորգսկին ստեղծագործել է՝ ոգեշնչված Հարթմանի նկարներից, Արմենը բազմիցս կատարել է այս սյուիտները։

Առաջնային ազդեցությունը՝ Հարթմանի, ինչ-որ առումով արդեն համեմատության եզրեր չունի, որովհետեւ Արմենի նկարներում նախեւառաջ երաժշտության ազդեցությունն է։ Մյուս կողմից՝ այդ երաժշտության հիմքում կոնկրետ թեմատիկա է, կոնկրետ նկար, որը Հարթմանին է պատկանում։ Այսպիսով, հանդիսատեսի համար ստեղծվել է հետաքրքիր մի ցիկլի ներկայացում՝ Հարթման-Մուսորգսկի-Արմեն-Լեւոն Մանասերյան, որը եւ՛ պատմական իրողությունն է նորովի մեջբերում, եւ՛ ներկայացնում մեր ժամանակների երիտասարդ դաշնակահարի յուրահատուկ նախագիծը։

Արմեն, ինչքան էլ փորձեմ ներկայացնել «Color of the Sound» նախագիծը մեկ-երկու բառով, դժվար է, որովհետեւ նախապատմությունը մեծ պատմական իրադարձություն է՝ հատկանշական անուններ կրող։ Ինչպե՞ս ծագեց այս նախագծի կոնցեպտը մշակելու միտքը։

Գաղափարը դեռ 2014 թվականից կար։ Ինչպես գիտես՝ նկարչությունն իմ հոբբին է, եւ այս նախագիծը մասնագիտությանս եւ հոբբիիս միաձուլվանքն է։ Շատերը գիտեն Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» դաշնամուրային ցիկլի պատմությունը։ Այն մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա, այն աստիճան, որ ես սկսեցի գաղափարի վերածել ազդեցությունը։ Արդյունքում ստեղծվեցին այն տասը նկարները, որոնք վերագրվում են Մուսորգսկու տասը սյուիտներին (ինչպես ժամանակին այդ տասը սյուիտները ստեղծվել են Հարթմանի առանձին աշխատանքների ազդեցությունից)։

Միանգամից պետք է ասեմ, որ իմ նկարազարդումները ոչ մի ընդհանուր բան չունեն Հարթմանի նկարների հետ։ Իմ աշխատանքները կրում  են միմիայն երաժշտության ազդեցությունը։ Իհարկե, մյուս կողմից էլ այդ երաժշտությունն «ազդված» է Հարթմանի աշխատանքներից։ Ստացվում է անտեսանելի Հարթման-Մուսորգսկի-Մանասերյան կամուրջ է ստեղծվել... Այսկերպ, բնականաբար, ինձ չեմ դասում իրենց շարքին, պարզապես կապն եմ ներկայացնում, որն ինձ համար անչափ կարեւոր է։

Մուսորգսկին նկարներով առաջին անգամ է ներկայացվում։ Մինչ այս ոչ մի դաշնակահար չի նկարել այս ցիկլը, եւ ոչ մի նկարիչ չի նվագել այս ցիկլը։

Սկավառակում ներառված է լինելու բրոշյուր՝ բաղկացած տասը  նկարներից, ինչպես նաեւ «Կոմիտաս» թանգարան-ինստիտուտի կողմից կազմված Կոմիտասի վեց պարերի նկարագրությունը (թանգարան-ինստիտուտը ինֆորմացիոն հովանավորներից է. շնորհանդեսից հետո ձայնասկավառակների որոշակի քանակ կտրամադրվի թանգարանին)։

Արմեն, համացանցում տեսա, որ նախագծի ձայնասկավառակը ստեղծելու համար աջակցություն ես խնդրում։ Տեղյակ եմ նաեւ, որ տեղի է ունեցել «Color of the Sound»-ի պրեմիերան։ Ձայնասկավառակ ստեղծելու անհրաժեշտությունը ո՞րն է։

Այս տարվա փետրվարին, երբ Մալթայում առաջին մրցանակի հետ մեկտեղ պարգեւատրվեցի հատուկ մրցանակով՝  CD-ի ձայնագրություն հայտնի «KNS CLASSICAL label»-ի հետ, առաջնային միտքս «Color of the Sound» նախագիծն իրականացնելն էր։ Այն ներառում է նաեւ հայկական դաշնամուրային երաժշտության ամենափայլուն գործերից՝ Կոմիտասի 6 պարերը։

Ուզում էի հենց այդ մասին հարցնել. Կոմիտասի ստեղծագործություններն ընդգրկելու մասին։

Չեմ վախենա ասել, որ գրեթե բոլոր համերգային ծրագրերում ներառում եմ հայկական երաժշտություն։ Ես միշտ փորձում եմ տարածել եւ ներկայացնել հայկականը, ծանոթացնել օտար հանդիսատեսին։ Քանի որ «Color of the Sound»-ը պտտվելու է աշխարհով մեկ, հետո էլ ձայնասկավառակի վերածվի, կարծում եմ՝ կարեւոր է, որ Կոմիտասի գործերը ներառված լինեն, չնայած հասկանում եմ՝ ընդհանուր թեմայի հետ գուցե կապ չի երեւում։

Մի քանի օր առաջ նախագծի համաշխարհային պրեմիերան էր Գերմանիայում՝ Դյուրեն քաղաքում, Հարիբերթ Կոխի դաշնամուրային վարպետության դասընթացների հանդիսավոր բացման համերգին։ Տեղի ունեցավ մենահամերգ-ցուցահանդեսը, ամեն ինչ հրաշալի էր, բայց ինձ համար ամենից կարեւորը, թերեւս, այն պահն էր, երբ հանդիսատեսից մի քանիսը բացի շնորհակալություն հայտնելուց խնդրեցին Կոմիտասի նոտաները։

Գերմանիայում տեղի ունեցած այս պրեմիերայից առաջ Բեռլինում «Կոմիտաս» երաժշտական մրցույթում արժանացել եմ «Կոմիտաս» մեդալի։ Գերմանիայի տարբեր քաղաքներում տասն օրվա ընթացում Կոմիտաս կատարելուց առաջ հայտարարվում էր՝ «Կոմիտաս» մեդալակիրը կկատարի Կոմիտաս. խիստ պարտավորեցնող է։ 

Փաստորեն, դու կատարում ես Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» սյուիտները, Կոմիտասի ստեղծագործությունները, զուգահեռ ցուցադրվում են տասը նկարազարդումները։

Հիմնականում հենց այդպես է, ինչպես ասացիր, բայց կան լսարաններ, որոնք ավելին են «պահանջում». Օրինակ` հենց Գերմանիայում ծրագրում ավելացավ նաեւ Բախը։ Համերգին զուգահեռ, այո, ցուցադրվում են նկարազարդումները։

Երբ որոշեցի զրուցել հետդ, մտավախություն ունեի. խոսելու ենք մի բանի մասին, որը գուցե լայն շրջանակներին որպես պատմական իրողություն հայտնի չէ։ Եվրոպացի հանդիսատեսը տեղյա՞կ է այս պատմությունից։

Մուսորգսկի-Հարթմա՞ն։

Ահա․․․

Տեղյակ են։ Հետաքրքիր պատմություն կարող եմ պատմել այս առիթով։ Համերգից հետո մի տարեց տղամարդ մոտեցավ ինձ ու հարցրեց «Catacomb»-ները (8-րդ շարքի) ինչու հռոմեական չեն... չէ՞ որ Հարթմանի նկարներում եւ Մուսորգսկու երաժշտության անվան մեջ կա «հռոմեական» բառը։ Պատասխանեցի, որ Հարթմանի «շարունակությունը» չէ, այլ Մուսորգսկու երաժշտության ազդեցությունից ստացվածը. ամեն ինչ տեղն ընկավ։

Եթե վերադառնանք Մուսորգսկու երաժշտության ազդեցությանը, հետաքրքիր է՝ երբ երաժշտությունը, որը կատարում ես, դառնում է նաեւ ազդեցություն եւ վերափոխվում նկարի...

Մուսորգսկու երաժշտությունը շատ բացառիկ լինելուց բացի նաեւ արդիական է, որովհետեւ հեքիաթային պերսոնաժներին, որոնք ներկա են ցիկլում, կարող ենք համեմատել ռեալ մարդկանց հետ, որոնց ճանաչում ենք, կամ ովքեր աշխարհահռչակ են (ալեգորիկ իմաստով)։

Այն, ինչ ինքը ստեղծել է Վիկտոր Հարթմանի նկարների հիման վրա, ավելին է իրականում, քան այդ նկարները. Իհարկե, սա իմ կարծիքն է։  Հարթմանի աշխատանքները շատ հետաքրքիր են, բայց Մուսորգսկու երաժշտությունն ավելի մեծ ազդեցություն ունի՝ ավելի պատկերավոր է, լայնաշունչ ու մասշտաբային։

Տե՛ս, օրինակ, երրորդ պատկերը՝ «Tuileries» (“Children's Quarrel after Games”/"Сад Тюильри (Ссора детей после игры”), այս անվանումից շատերը հնարավոր է` սպասում են, որ նկարում երեխաներ կլինեն, կամ հենց կռիվը։ Իմ նկարում չկան երեխաներ, չկա ոչ մեկ, չկա կռիվ։ Կա հետեւանք` ջարդված հեծանիվ, ծակված գնդակ։ Թե ինչ է եղել, ոնց է եղել, թողնում եմ դիտորդի երեւակայությանը։ Ես գիտեմ՝ ինչ է եղել, ես գիտեմ՝ ոնց է եղել. երաժշտությունն ինձ թելադրել է, բայց դա իմն է։

Բացառության կարգով այդ նկարազարդումից մի փոքրիկ դրվագ տրամադրեմ քեզ։

Արմեն, Հայաստանում «Color of the Sound» նախագծի ներկայացում նախատեսու՞մ ես։

Երեք տարի է՝ ինչ Բելգիայում եմ։ Սեպտեմբերից կսկսվի չորրորդ տարիս։ Հայաստան միշտ եմ գալիս ու մեծ հաճույքով։ Հիմնական հետ գալ եւ գործունեությունս շարունակել, ցավոք, չեմ կարող, որովհետեւ հնարավորություններն ու մասշտաբներն այստեղ անհամեմատ մեծ են, քան Հայաստանում։ Ավելի շատ կարեւորում եմ, որ կարող եմ հայկականը տարածել՝ օգտագործելով հնարավորություններն ու մասշտաբները, իսկ թե որտեղ կլինեմ, այդքան էական չէ։

«Color of the Sound» նախագիծն առաջիկայում ներկայացնելու եմ Բելգիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Մալթայում, Ավստրիայում եւ Ռուսաստանում։

Մենահամերգ-ցուցահանդես, ձայնասկավառակի շնորհանդես պլանավորում եմ իրականացնել Հայաստանում եւ շատ եմ կարեւորում դրա իրագործումը։  Լինելու է մեծ համերգ՝ հրավիրյալ հատուկ հյուրեր Հայաստանից եւ արտասահմանից։  Ժամկետների մասին, ցավոք, դեռ չեմ կարող ասել։ 

Հ.Գ. «Color of the Sound» նախագծի պրեմիերայից հատված (բիս)։

Մանասերյանի գործունեությանը, ինչպես նաեւ «Color of the Sound» նախագծի մանրամասներին հետեւելու համար կարող եք միանալ ֆեյսբուքյան պաշտոնական այս էջին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter