Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Ինչպե՞ս է «ԱրմենՏել»-ը հաշվարկել պատճառված վնասը



«ԱրմենՏել» ՓԲԸ-ում զարտուղի կապուղի ստեղծելու գործով Տեխնիկական բլոկի նախկին տնօրեն Վլադիմիր Սաչկովը, գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո, երեկ առաջին անգամ իր գործով դատական նիստին ներկայացավ առանց ոստիկանների ուղեկցության:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացած նիստին հետազոտվում էին ապացույցները, մասնավորապես՝ «ԱրմենՏել» ՓԲԸ-ին և պետությանը հասցված վնասի վերաբերյալ կատարված հաշվարկների դատաֆինանսատնտեսական և համակարգչատեխնիկական փորձաքննության արդյունքները:

Ըստ փորձաքննության եզրակացության հաշվարկների՝ Աշոտ Պողոսյանի, Ալեքսանդր Զուբովի, Իգոր Կլիմկոյի, Վլադիմիր Սաչկովի և Ալեքսեյ Պիսարևի կողմից իրականացված ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 856 մլն դրամ: «ԱրմենՏել» ՓԲԸ ընկերությանը պատճառվել է 1,8 մլրդ դրամի վնաս:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի որոշ պաշտոնյաների և նույն կազմակերպության հետ անուղղակիորեն կապված անձանցից կազմված խումբը ստեղծել է մի կապուղի, որի միջոցով արտերկրյա օպերատորներից ստացվող միջազգային զանգերը շրջանցել են ընկերության հաշվարկային համակարգը: Ընկերության հաշվարկային համակարգը շրջանցած կապուղին գործել է 2011-2013թթ.: Խմբի գործունեության արդյունքում վնաս է հասցվել թե´ ընկերությանը, թե´, համապատասխանաբար, պետությանը՝ հարկերի մասով:  

Վլադիմիր Սաչկովի փաստաբաններից Արմեն Բաղդասարյանը նշեց, որ այդ հաշվարկները կատարվել են «ԱրմենՏել» ՓԲԸ-ի ներկայացրածի հիման վրա, մինչդեռ ընկերությունը տվյալ պարագայում շահագրգիռ կողմ է և փորձագետ չէ նմանատիպ մասնագիտական հաշվարկներ անելու համար:

Պաշտպանը նշեց, որ հաշվարկներից պարզ չէ, թե որքան էր կազմելու «ԱրմենՏել» ՓԲԸ-ի շահույթը, եթե այդ զանգերը մտնեին ընկերության հաշվարկային համակարգ:  Հայտնի չէ նաև, թե զանգերից որ մասին է պատասխանվել, որքան է եղել այդ զանգերի ծավալը, որքան ծախս պետք է «ԱրմենՏել»-ը կատարեր, որպեսզի սպասարկեր այդ զանգերը:

«Մյուս կողմից դատաֆինանսատնտեսական փորձաքննություն կատարելուց և այստեղ հետազոտված ապացույցներից չի երևում, որ գործում գոնե մեկ ֆինանսական փաստաթուղթ է եղել»,- հավելեց Արմեն Բաղդասարյանը:

 Նա շեշտեց, որ շահույթ ստանալու նպատակով տնտեսական գործունեություն է համարվում ցանկացած գործունեություն, որը կատարվում է  որևէ հատուցման դիմաց: Սակայն, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության որակումն ունեցող փաստի մասին վկայող որևէ ապացույց կամ փաստաթուղթ գործում չկա և չի հետազոտվել:

Վլադիմիր Սաչկովը հավելեց, որ հայտնի չէ, թե ինչպես է հաշվարկվել ընկերությանը հասցված վնասը, քանի որ հայտնի չէ նաև, թե ինչպես է հաշվարկվել հեռախոսազանգերի ինտենսիվությունն ու ծավալը, այսպես ասած` էրլանգ անվանվող մեծությունը, որի չափման համար չկան գիտական մեթոդներ, և այդ էրլանգը հաշվարկվում է հավանականության տեսության հիման վրա:

Փաստաբանը միջնորդեց դատարան հրավիրել փորձագետին և հարցաքննել: Սակայն նիստը նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը դեռևս հետաձգեց այդ միջնորդության քննարկումը մինչև ապացույցների հետազոտման ավարտը: Նիստը, սակայն, հետաձգվեց աշխատանքային օրվա ավարտով և հաջորդ նիստի օր նշանակվեց սեպտեմբերի 11-ը: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ