HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ներդրումների գծով արտահոսքը Հայաստանից մեծացել է

Հայաստանում այդքան թմբկահարվող ներդրումային ծրագրերի արդյունքները փաստացի չեն երևում կամ դեռևս չեն երևում։ Ավելին՝ տարվա առաջին կիսամյակի պատկերը բավականին տխուր է։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյալների՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են -24.8 մլրդ դրամ ( շուրջ -52 մլն դոլար)։ Զուտ հոսքերը ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են: Այսինքն՝ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանից կապիտալի արտահոսքն ավելի մեծ է եղել, քան ներհոսքը։ Ընդ որում՝ այդ տարբերությունը նախորդ տարվա համեմատ ավելի է խորացել։

Այսպես, եթե 2016 թվականի նույն ժամակաշրջանում զուտ հոսքերը -15 մլրդ դրամ են կազմել, ապա այս տարի տարբերությունը ավելացել էէ 9,8 մլրդ դրամով ու ինչպես նշեցինք, կազմել է -24,8 մլրդ դրամ։ Եվ սա այն դեպքում, երբ նախորդ տարի ևս անկումային տարի էր։

Ներդրումների գծով արտահոսք միշտ էլ եղել է, դրանք այն գումարներն են որոնք երկրից դուրս են գալիս վարկերի մարումների, ապրանքների և ծառայությունների դիմաց կատարվող վճարների և այլ գործարքների տեսքով։ Եթե նախկինում վիճակագրությունը ցույց էր տալիս միայն ներհոսքը, ապա՝ հիմա ներհոսքի ու արտահոսքի տարբերությունն է միայն ցույց տալիս։ Ըստ էության, երկրորդն ավելի խոսուն ցուցանիշ է։ Դրանով պարզ է դառնում, թե իրականում որքան գումար է մնացել երկրում կամ որքանով ենք ավելի շատ մարել, քան ստացել։

Իսկ միայն ուղղակի ներդրումների զուտ հոսքերը, չնայած դրական  մեծությանը, կրկին նվազել են՝ շուրջ 1,2 մլրդ դրամով։

Հայաստանում օտարերկրյա ներդրումների հաշվարկման մեթոդաբանությունը փոխվել է 2014 թվականից։

Թե այս տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ, թե դրանցից հետո ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթներում և հանդիպումներում բազմիցս նշել է, որ կառավարության կազմած ներդրումային ծրագրերի շրջանակներում առաջիկա տարիներին ծրագրված է Հայաստան ուղղորդել 3,2 միլիարդ դոլարի ներդրումներ, որից 800-850 միլիոն դոլարի ներդրումը, ինչպես սպասում է կառավարությունը, պետք է կատարվի այս տարի։ Իհարկե, չի հստակեցվում խոսքը զուտ հոսքերի մասին է, թե միայն ներհոսքի, սակայն այս պահին եղած վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս տարի ներդրումները նման ծավալի հասցնելն ու խոստումը կատարելն ավելի է բարդանալու կառավարության համար, քանի որ տարվա առաջին կեսին, փաստորեն,  ներդրումները «մինուսով» են։

Այս տարի մեծ աղմուկով բացվեց  «Հայաստանի ներդրողների ակումբը», որտեղ ներգրավված են հիմնականում ռուսաստանաբնակ հայ գորածարարներ, որոնք խոստացել են ներդրումներ կատարել Հայաստանում։ Այս տարվա առաջին կիսամյակում, սակայն, Ռուսաստանը Հայաստանում կատարվող ներդրումների զուտ հոսքերի ծավալով ամենամեծ բացասական տարբերություն գրանցած երկիրն է. ներհոսքի ու արտահոսքի տարբերությունը կազմել է  -25,7 մլրդ դրամ։ Այսինքն՝ ակումբի մասով էլ առայժմ որևէ արդյունք տեսանելի չէ։

Ներդրումների զուտ հոսքերով առաջատարը Ջերսին է

Առհասարակ, ներդրումների վիճակագրությունում տարվա առաջին կեսին առանձնանում են երկու երկրներ՝ Ռուսաստանն ու Ջերսին։ Առաջինն, ինչպես նշեցինք, աչքի է ընկում բասացական արդյունքով, իսկ Ջերսին՝ ամենամեծ ծավալի զուտ հոսքերով, որոնք կազմել են 31,6  մլրդ դրամ։

Ջերսիի ներդրումները ամբողջությամբ հոսում են հանքարդյունաբերության ոլորտ՝ ուղղակի ներդրումների տեսքով։ Դրանք Lydian International-ի ներդրած գումարներն են։ Այս ընկերությունը գրանցված է Ջերսիում։

Զուտ հոսքերով երկրորդ տեղում Կիպրոսն է։ Մնացած երկրների ցուցանիշները զգալի չեն։

Մեծ մասն էլ աչքի են ընկնում բացասական տարբերությամբ, ինչպես՝ Կանադան, Գերմանիան, Լիբանանը, Ֆրանսիան և այլն։

ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերն ըստ երկրների 2017թ. հունվար-հունիս (մլրդ ՀՀ դրամ)
Infogram

Ջերսին նախորդ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում ներդրումներ չի կատարել։

Իսկ ռուսաստանյան ներդրումների զուտ հոսքերն այս տարվա առաջին կիսամյակում, 2016-ի նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել են 2,1 մլրդ դրամով՝ -27,8 միլիարդից հասնելով -25,7 միլիարդի։

Տեսանելի է նաև Կիպրոսի փոփոխությունը, աճը՝  9 մլրդ դրամ։ Իսկ Միացյալ Թագավորության ներդրումների զուտ հոսքերը կրճատվել են շուրջ 11.8 մլրդ դրամով, Կանադայինը՝  10.6 մլրդ դրամով, Գերմանիայինը՝ 6.3 մլրդ դրամով, Վիջինյան կղզիներինը՝ 3 մլրդ դրամով, Լիբանանինը՝ 11,6 մլրդ դրամով, Ֆրանսիայինը՝ 6,3 մլրդ դրամով։ Մնացած երկրների պարագայում փոփոխությունը մեծ չէ։

Ներդրումներն հոսել են տնտեսության տարբեր ոլորտներ։ Դրական ցուցանիշով առանձնանում են հանքարդյունաբերությունը, հիմնային մետաղների արտադրությունը, ջրամատակարարումը, անշարժ գույքի հետ կապված գործունեությունն ու կացության կազմակերպումը։

Իսկ արտահոսքով «առաջատարն» է էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը, որտեղ կատարված ներդրումներ զուտ հոսքերն այս տարվա առաջին կեսին կազմել են ավելի քան -31 մլրդ դրամ։ Գումարներն արտահոսել են մեծ մասամբ Ռուսաստան։

Բացասական արդյունքով աչքի են ընկնում նաև մետաղական հանքաքարի արդյունահանումը (արտահոսքը դեպի Կիպրոս և Նիդերլանդներ),  խմիչքների արտադրությունը (արտահոսքը՝ Ֆրանսիա), ծխախոտի արտադրությունը (արտահոսքը՝ Կանադա), օդային տրանսպորտի գործունեությունը (արտահոսքը՝ Արգենտինա) և այլն։

Հիշեցնենք , որ 2016 թվականին Հայաստանում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են 81,6 մլրդ դրամ (համարժեք է մոտավորապես 170 մլն ԱՄՆ դոլարին), որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 62,7 մլրդ դրամ (մոտ 130  մլն դոլար)։ Բացի այն, որ ներդրումները շարունակել են կրճատվել, դրանք նաև խիստ անհավասարաչափ են՝ ըստ ոլորտների։ ՀՀ տնտեսության սահմանափակ թվով ոլորտներ են հետաքրքրել ներդրողներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter