HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փյունիկ գյուղում առաջին զանգն այսօր չհնչեց. աշակերտներն ու ծնողները բոյկոտեցին դպրոցը փակելու կառավարության որոշումը

Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի առաջին դասարանցիներն այսօր ծաղկեփնջեր չնվիրեցին իրենց առաջին ուսուցչին և աշակերտական նստարաններին չնստեցին: Փոխարենը առավոտյան 9-ից ծնողների հետ գյուղամիջում բողոքի ակցիա են անցկացնում:

Կառավարությունն օգոստոսի 24-ին որոշել է Փյունիկի դպրոցը վերամիավորել հարևան Արտավազ գյուղի դպրոցի հետ: Այսինքն` Փյունիկի դպրոցը երկու ամսից փակվելու է, իսկ երեխաները պետք է հաճախեն հարևան Արտավազ գյուղի դպրոց: Փյունիկցիները զայրացել են` համարելով, որ «կրթօջախ փակելը գյուղ փակել է նշանակում»:

Փյունիկը Արտավազ համայնքի բնակավայր է համարվում, որը 450 բնակիչ ունի: Պաշտոնապես երկու բնակավայրերը միասին 1116 բնակիչ ունեն: Երկու համայնքն էլ ձևավորվել են Ադրբեջանից բռնագաղթած հայերի ներգաղթով: Երկու բնակավայրում էլ հանրակրթական դպրոց է գործել:

Փյունիկն այս տարի 9 առաջին դասարանցի ունի: Գյուղացիները պատմեցին, որ վերջին տարիներին աշակերտների աճ է գրանցվում, և արդեն հայտնի է, որ 2018 թվականին 20 երեխա է ծնվելու:

Գյուղացիների մտահոգությունն այն է, որ դպրոցի փակումը կբերի բնակիչների զանգվածային արտագաղթին: Բացի դրանից, Արտավազի դպրոց հասնելու համար Փյունիկի երեխաները պետք է 3 կմ անցնեն, և քանի որ հաճախ փոխադրամիջոցը չի հասնում գյուղ, երեխաները ստիպված են լինում ոտքով հաղթահարել խստաշունչ ձմռան բուքն ու ցուրտը:

11-րդ դասարանցի Կարինե Ազարյանն էլ պատմեց, որ վերադառնալիս տարբեր դասարանի աշակերտների դասերը տարբեր ժամերի են ավարտվում, և 1-2 ժամ չսպասելու համար երեխաները պետք է ոտքով ճանապարհ ընկնեն:

«Մի քանի մետր ձյուն է դնում էստեղ: Պատկերացնում եք, որ էրեխեքը մենակ, ոտքով էդ ձմեռվա կեսին գնան: Իմ պուճուրին ում թողեմ, որ գնամ երեխեքին բերեմ: Ժամը 4-ին մեծս է վերջացնելու, 3-ին` էս մի տղես է վերջացնելու, ժամը մեկին` աղջիկս, ես էդքան ժամանակ ու էդքան ճանապարհ ոնց գնամ: Տրանսպորտ ընդհանրապես չի աշխատում ձմեռը: Ոչ մի ծնող, ոչ մի երեխայի էնտեղ դպրոց չի թողնի: Եթե դպրոցը փակեն, դպրոցի բակում կանենք դասերն այնքան ժամանակ, որ պետությունը հասկանա, որ չի լինում էսպես»,- ասում է առաջին դասարանցի Կարինե Վիրաբյանի մայրը` Իրինա Լոգվենովան, ով 4 երեխա ունի, որոնցից 3-ն արդեն դպրոցական են:

Ծնողներն արդեն իրենց աչքի առաջ օրինակ ունեն, հարևան Հանքավանի երեխաները ևս գալիս են Արտավազի դպրոց, և առաջին ժամերից միշտ բացակայում են կամ ուշանում:

«Կառավարությունը մեր երեխաների սեպտեմբերի 1-ը փչացրեց: Կրթություն են բարելավում, Եվրոպա են մտնում, Եվրոպայի որ պետության մեջ են դպրոց փակում ու երեխաներին անգրագետ մեծացնում: Կառավարությունը որոշել է, որ պիտի սևացնի մեր երեխեքի օրերը, սենց են կրթության մակարդակ բարձրացնում: Ձյունը գալիս է` 4-5 օր փողոց չեն մաքրում, ով մեքենա ունի, կարողանում է տեղաշարժվել, ով չունի` չի կարողանում, տանն է մնում: 6  տարեկան երեխան ինչպես ամեն օր հասնի այնտեղ»,-ասում է Լուսինե Վարդանյանը, ում ամուսնական տնից այս տարի 2 առաջին դասարանցի կա:

Այս ամենից զատ, ծնողները վստահ են, որ իրենց գյուղի դպրոցն առավել բարեկարգ վիճակում է, քան Արտավազի դպրոցը: 

Ժամը 11-ի սահմաններում դպրոցի անձնակազմն ամբողջությամբ ուսուցչանոցում էր, սպասում էր աշակերտներին: «Մենք աշխատանքի ենք եկել»,- ասաց ռուսերենի ուսուցիչ Մարիետա Բելույանը:  

Սակայն որևէ աշակերտ այսօր այդպես էլ դպրոց չմտավ: Տնօրեն Գագիկ Մարաբյանն իր պարտականություններից դուրս համարեց ծնողների հետ բողոքի ակցիա անցկացնելը: Ասաց, որ տնօրենն ու ուսուցչական անձնակազմը պետք է սպասեն աշակերտներին աշխատավայրում և օրենքի շրջանակներում առաջ շարժվեն: Իսկ օրենքնով՝ իրենք պետք է ժողով գումարեն, ծնողների հետ հարցը քննարկեն, դիմեն մարզպետին, որպեսզի հարցին լուծում տրվի: 

Տնօրեն Մարաբյանը կառավարության այս որոշումից անակնկալի է եկել: Մարզպետարանից էլ միայն երեկ է ծանուցում ստացել, որպեսզի ուսուցչական անձնակազմին տեղեկացնի սպասվելիք գործազրկության մասին:

Գագիկ Մարաբյանը կարծում է, որ ծնողների բողոքի այս ակցիան վաղաժամ է, և նրանք պետք է այսօր դպրոց գային: Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին պետք է աշխատեին, աշխատակազմը` աշխատավարձ ստանար: Մեկ ամիս հետո, երբ որևէ բան չփոխվեր, նոր կարելի էր բողոքներ կազմակերպել: Գագիկ Մարաբյանը մեծ ակնկալիքներ ունի, որ կառավարությունը վերանայելու է իր որոշումը:  

«Տիգրան Սարգսյանի կառավարությունը մեր համայնքին նվեր արեց. մեր հողերը վերցրին և գերակա ճանաչելով տվեցին ինչ-որ շեյխի: Այսօր էլ Կարեն Կարապետյանն է մեզ նվեր անում, դպրոց է փակում: Դպրոցը կրթօջախ է, սրբօջախ է, օպտիմալացում նշանակում է քանդել, իսկ սրբօջախները չի կարելի քանդել»,- ասում է գյուղացիներից Երվանդ Նալթակյանը:

Արտավազի դպրոցի տնօրեն Բորիկ Կոնջորյանը մեզ հետ զրույցում ասում է, որ եթե Փյունիկի դպրոցը 42 աշակերտ ունի, ապա իրենց դպրոցը 70-նն ունի: Ավելին, դպրոցների միավորումն այնքան էլ անակնկալ չէր, քանի որ արդեն մեկ տարի է` այդ հարցը քննարկվում էր: Իրենց դպրոցի վիճակը տնօրենը գնահատում է ճիշտ այնպիսին, ինչպիսին Փյունիկի դպրոցինն է: Ավելին, մարզպետարանը խոստացել է վերանորոգման հարցն էլ լուծել և լիարժեք նորոգված դպրոց դարձնել: Բորիկ Կոնջորյանը ճանապարհների փակ մնալու մասին փյունիկցիների պնդումները ոչ հավաստի է որակում և նշում, որ անցյալ տարի միայն մեկ օր չի կարողացել իր «Ժիգուլի»-ով Հրազդանից հասնել Արտավազի դպրոց: Իրենից բացի, Հրազդանից ամեն օր ուսուցիչներ էլ են գալիս դասաժամերն անցկացնելու: 

Փյունիկ ժամանեցին մարզի ոստիկանության աշխատակիցներ, մասնավորապես` Հրազդանի ոստիկանության պետի տեղակալ Արմեն Հայրապետյանը: Քիչ անց ժամանեց նաև Կոտայքի մարզպետի տեղակալ Մուշեղ Մանասյանը: Վերջինս ասաց, որ եկել է գյուղացիների մտահոգությունները լսելու և մարզպետին փոխանցելու, սակայն խուսափեց որևէ կարծիք հայտնել ծնողների արարքի վերաբերյալ: Ինչ վերաբերում է ճանապարհների փակմանը, փոխմարզպետն ասաց, որ այդ հարցը տեղական ինքնակառավարման մարմնի հետ կլուծեն, որպեսզի խնդիրներ չառաջանան: 

Արտավազի համայնքապետ Ռեմ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե որքան գումար է համայնքի բյուջեից հատկացվում ճանապարհների մաքրման աշխատանքներին: Վերջինիս ասելով՝ տարեկան 100 հազար դրամ է նախատեսվում, սակայն, ինչպես ասում է՝ «որ պակասում է, իր գրպանից է դնում»:

Փոխմարզպետ Մանասյանը նշեց, որ մարզի փոքր թիվ ունեցող բոլոր դպրոցներն էլ միավորվելու են, սակայն մինչ օրս քանի նման դպրոց է միավորվել, տեղեկատվությանը չէր տիրապետում: 

Պետությունից 17 մլն դրամ է տրամադրվում Փյունիկի դպրոցին: Ծնողները համաձայն են նույնիսկ այդ գումարը հայթայթել բարերարներից, միայն թե իրենց դպրոցը չփակվի:  

Եթե կառավարությունը չվերանայի դպրոցը փակելու մասին կայացրած որոշումը, փյունիկցիները պատրաստ են հասնել կառավարություն և երեխաների ծաղիկները փոխանցել Կարեն Կարապետյանին ու կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին: Իսկ մինչ այդ՝ երեխաները դպրոց չեն հաճախելու:

Մեկնաբանություններ (2)

Vahe
This will be the end of the Kotayk village, since the parents always move to live near the school, and if this policy is carried out in other areas, that's the end of village life !
Արմենակ Եղիայեան
Աղէկ, սակայն 42 աշակերտացու դպրոցն ալ չի կրնար կենսունակ ըլլալ, իսկ 3կմ հեռաւորութիւնը այնքան ալ մեծ բան մը չէ: Փիւնիկի վրայ ծախսուելիք դրամով թող ապահովեն երթեւեկը, եւ թող գործէ միացեալ դպրոցը 112 աշակերտով, ինչ որ աւելի մանկավարժական է ու աւելի արդիւնաւէտ: Պէտք է քիչ մըն ալ յարգել պետական որոշումները: Աշխարհի բոլոր անկիւններուն մէջ դպրոցներու միացումներ կը կատարուին, կրնան կատարուիլ Հայաստանի մէջ եւս:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter