Կիրակի, 23 սեպտեմբերի

Պատվի համար. այսօր՝ Ռումինիա-Հայաստան



Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, Բուխարեստի «Արենա Նացիոնալա» մարզադաշտում կմեկնարկի աշխարհի 2018 առաջնության ընտրական փուլի Ռումինիա-Հայաստան մրցավեճը:

Այն կլինի երկու հավաքականների միջեւ 4-րդ պաշտոնական խաղը: Առաջին անգամ թիմերը հանդիպել են ԱԱ-2006-ի ընտրական փուլում: 2004-ի նոյեմբերի 17-ին «Հանրապետականում» ֆրանսիացի Բեռնար Կազոնիի գլխավորած Հայաստանի ընտրանին 1-1 խաղաց ռումինների հետ: Հաշիվը 30-րդ րոպեին բացեց Մարիկան, իսկ 62-րդ րոպեին գեղեցիկ հարվածով հավասարեցրեց Կարեն Դոխոյանը: Հանդիպումից հետո պաշտոնանկ արվեց ռումինների գլխավոր մարզիչ Անգել Յորդանեսկուն: Պատասախան խաղը կայացավ 2005-ի հունիսի 8-ին Կոնստանցայում եւ ավարտվեց դաշտի տերերի 3-0 հաշվով հաղթանակով: Այդ ժամանակ մեր թիմը մարզում էր հոլանդացի Հենկ Վիսմանը: Գոլերի հեղինակ դարձան Պետրեն եւ Բուկուրը, որն աչքի ընկավ երկու անգամ: 

2006-ի փետրվարի 28-ին թիմերն առաջին ընկերական հանդիպումն անցկացրին Կիպրոսի մրցաշարի շրջանակներում: Նիկոսիայում կայացած խաղն ավարտվեց ռումինների 2-0 հաշվով հաղթանակով՝ շնորհիվ Մաֆտեիի եւ Կոչիշի գոլերի:

Հերթական պաշտոնական խաղն ԱԱ-2018-ի ընտրական փուլի 5-րդ խմբում ընդգրկված Հայաստանն ու Ռումինիան անցկացրին անցած տարվա հոկտեմբերի 8-ին: Վարուժան Սուքիասյանի թիմը կրեց խոշորագույն հաշվով պարտությունը պաշտոնական խաղերում, այն էլ՝ սեփական հարկի տակ: Մեր հավաքականին 5 անպատասխան գնդակ խփեցին Ստանկուն (11-մ), Պոպան, Մարինը, Ստանչուն:

Ռումինիայում կարծիք կա, որ իրենց թիմը նորից հեշտությամբ հաղթելու է Հայաստանի հավաքականին: Բայց հաշվի առնենք, որ երեւանյան հանդիպմանը վնասվածքի պատճառով չէր մասնակցում Մխիթարյանը, երկրորդ՝ ամեն ինչ այդ անգամ իդեալական դասավորվեց հյուրերի համար, քանի որ հենց 3-րդ րոպեին մեր հենակետայիններից Գոռ Մալաքյանը դեպի դարպասն ընթացող գնդակի ճանապարհը փակելու պատճառով կարմիր քարտ ստացավ, եւ 11-մ նշանակվեց:

Այսօր մեր թիմը պիտի պատվի խաղ անցկացնի՝ ցույց տալու, որ նախորդ հանդիպման ժամանակ արձանագրվածը ուղղակի «դժբախտ պատահար» էր: Հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը եւ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը նախախաղային ասուլիսում նույնպես խոսել են այդ մասին:

Նշենք, որ երկու թիմերն էլ ունեն 6-ական միավոր եւ չնայած տեսականորեն խմբից դուրս գալու հնարավորություններ պահպանում են, բայց դրանք չնչին են: Մեր ընտրանին մնացած 4 խաղերում պարզապես պիտի ձգտի առավելագույնս ուրախացնել երկրպագուներին՝ ցուցադրելով արդյունավետ ու գեղեցիկ ֆուտբոլ: 

-Հովհաննես, ի՞նչ մարզավիճակում եք գտնվում, եւ ինչպիսի՞ մթնոլորտ է տիրում թիմում:

-Գտնվում եմ լավ մարզավիճակում, թիմում մթնոլորտը շատ լավն է, կփորձենք վաղը հասնել դրական արդյունքի:

-Պարոն Պետրոսյան, Ձեր կարծիքով ո՞վ է Ռումինիայի հավաքականի ամենավտանգավոր ֆուտբոլիստը:

-Չեմ ուզում առանձնացնել ինչ-որ մեկին: Ռումինիան, որպես թիմ, շատ վտանգավոր է:

-Բոլորն այստեղ սպասում են հեշտ խաղ Ռումինիայի համար՝ հաշվի առնելով, որ առաջին խաղում հաղթել են 5:0 հաշվով: Որո՞նք են այն առավելությունները, որոնց շնորհիվ կարող եք հասնել հաջողության վաղվա խաղում:

-Իմ կարծիքով, 5:0-ից հետո մենք ապացուցելու բան ունենք: Ինչ-որ բաներ փոխել ենք նախորդ խաղի համեմատ: Կփորձենք իրականացնել մեր մտահղացումները:

-Եվրոպական մարզիչներից ո՞ւմ հետ կհամեմատեք Ձեզ:

-Այնքան էլ երկար ժամանակ չէ, ինչ ես աշխատում եմ պրոֆեսիոնալ թիմի հետ, այնպես որ չեմ ուզում համեմատել ինձ ինչ-որ մեկի հետ, ուզում եմ կերտել իմ ուղին:

-Սպասո՞ւմ էիք, որ այս հատվածում Ռումինիայի եւ Հայաստանի հավաքականները կունենային հավասար միավորներ:

-Անկեղծ ասած՝ ոչ:

-Ռումինիայի հավաքականի կազմում կա՞ն Հենրիխ Մխիթարյանի մակարդակի ֆուտբոլիստեր:

-Չեմ ուզում որեւէ մեկին վիրավորել, բայց կարծում եմ՝ ոչ: Դուք ունեք շատ լավ ֆուտբոլիստներ, որոնք ունեն մեծ պոտենցիալ, բայց չեմ կարծում, թե կան Մխիթարյանի կարգի ֆուտբոլիստներ:

-Պատրաստվո՞ւմ եք վրեժխնդիր լինել առաջին խաղում կրած պարտության համար:

-Դա մի խաղ էր, որ արդեն անցյալում է, ամեն մի խաղ մեզ համար կարեւոր է: Այդ խաղը լավ չդասավորվեց մեզ համար, որովհետեւ մենք ունեցանք կարմիր քարտ երրորդ րոպեին, ինչպես նաեւ 11-մետրանոց: Մենք հիմա ունենք մեր նպատակները եւ կփորձենք հասնել դրանց:

-Ի՞նչ կասեք Հայաստանի ազգային հավաքականում դարպասապահի դիրքի եւ Սարգիս Ադամյանի վերաբերյալ:

-Մենք ունենք 3 հավասարազոր դարպասապահ, որոնցից մեկն անպայման կխաղա վաղը, իսկ Ադամյանը շատ լավ որակներով ֆուտբոլիստ է: Մենք ունենք մրցակցություն այդ դիրքում եւ ընտրություն կանենք վաղը:

Այսօր կկայանան նաեւ մեր խմբի Ղազախստան-Մոնտենեգրո (Երեւանի ժամանակով 20:00-ին) եւ Դանիա-Լեհաստան (22:45-ին) հանդիպումները:  

Լուսանկարը՝ uefa.com-ից   


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ