HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացվել է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը

Արցախը Հայաստանին կապող երկրորդ մայրուղին (Գորիս-Ստեփանակերտ ճանապարհից հետո)՝ Վարդենիս-Մարտակերտը պաշտոնապես բացվել է այսօր` սեպտեմբերի 1-ին։ Այս մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Ավտոճանապարհը սկիզբ է առնում Գեղարքունիքի մարզից և Արցախի Շահումյանի շրջանով ձգվում մինչև Մարտակերտի շրջան։ 114․6 կմ երկարությամբ ճանապարհն ունի 10 և ավելի մետր լայնություն։ Մայրուղին ունի օժանդակ կառույցներ, այդ թվում՝ ջրահեռացման խողովակներ, ափապաշտպան կառույցներ, հենապատեր, եզրաքարեր, վերանորոգված 17 մեծ ու փոքր կամուրջներ։  

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ 25 տարվա գործունեության ընթացքում իրականացրած ամենախոշոր ծրագիրն է։ Ծրագրի ընդհանուր արժեքն է մոտ 17 մլրդ, որից 7․500 000 000 դրամը հատկացրել է Հայաստանի կառավարությունը, 1 950 000 000 դրամը՝ Արցախի կառավարությունը։ Մնացած գումարը «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքագրել է 2013 և 2014 թվականների հեռուստամարաթոնների շրջանակներում, որոնց իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Միացյալ Նահանգների, Բրազիլիայի, Իտալիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Լիբանանի, Իրանի հայ համայնքների, Հայաստանի ու Արցախի նվիրատուները։

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի կառուցման ծրագրի շրջանակներում իրականացվել են նաև լրացուցիչ աշխատանքներ. կառուցվել են մայրուղուց դեպի Չափառ գյուղ տանող մոտ 4կմ ճանապարհահատվածը և մայրուղուց դեպի Դադիվանք տանող 1կմ 150մ ճանապարհը, վերանորոգվել Դրմբոնից դեպի Մարտակերտ տանող 11.6կմ ճանապարհը: Հիմնադրամի և կապալառու ընկերությունների միջև կնքված պայմանագրի համաձայն՝ վերջիններս պարտավորվում են 5 տարի երաշխիքային սպասարկում իրականացնել ամբողջ ճանապարհի երկայնքով։

Համաձայն հաղորդագրության` ռազմավարական նշանակության նոր մայրուղու գործարկումը զգալիորեն կրճատում է ոչ միայն այն ժամանակն ու տարածությունը, որն այսօր անհրաժեշտ է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհով Արցախի հյուսիսային շրջաններ ուղևորվելու համար, այլև ամրապնդում է միջհամայնքային կապերը՝ նպաստելով հարակից համայնքների տնտեսական զարգացմանը, «խթանում է զբոսաշրջությունը` աշխուժացնելով երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական կյանքը: Ճանապարհը հնարավորություն է տալիս նաև ծանոթանալ մեր պատմամշակութային հուշարձաններին ու վայելել հայրենի բնաշխարհի գեղեցկությունը»:

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացման արարողությանը ներկա են գտնվել Բակո Սահակյանն ու աշխատանքային այցով Արցախում գտնվող Սերժ Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter