HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Տնտեսական աճին հիմնականում նպաստել են առևտուրն ու ծառայությունները

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանի համախառն ներքին արդյունքը (արտադրական եղանակով) կազմել է շուրջ 1 տրլն 205 մլրդ դրամ։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ) տվյալների՝ 2016 թվականի նույն եռամյսակի համեմատ ՀՆԱ-ի աճը կամ տնտեսական աճը մեր երկրում կազմել է 5.5%: Աճին ամենամեծ չափով նպաստել են մեծածախ և մանրածախ առևտուրն ու ծառայությունների ոլորտը, փոքր չափով էլ՝ արդյունաբերությունը։

Երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի 5.5% հավելաճին 5.9 տոկոսային կետով նպաստել են հենց առևտուրն ու ծառայությունները, 0.6 տոկոսային կետով՝ արդյունաբերությունը։ Իսկ գյուղատնտեսությունն ու շինարարությունը բացասական ազդեցություն են ունեցել՝ զսպելով աճը։

Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների

Ծառայությունների մեջ ներառվում են փոխադրումները, կացության և հանրային սննդի կազմակերպումը, կապի ոլորտը, ֆինանսական ոլորտը և այլն։

Առաջին եռամսյակի համեմատ աճի տեմպը թուլացել է

Եթե ՀՆԱ-ի կառուցվածքը դիտարկում ենք նույն խոշորացված խմբերով, ինչպես վերևում գտնվող ինֆոգրաֆիկայում, ապա ՀՆԱ-ի 55.9%-ը գոյացել է միայն առևտրի և ծառայությունների ոլորտից։ Շեշտենք, որ խոսքը ծավալների մասին է, ոչ թե տնտեսական աճին նպաստելու չափի։

Իսկ եթե ՀՆԱ-ի կառուցվածքը դիտարկում ենք ավելի նեղ խմբերով, ապա ամենամեծ կշիռն ունեն առևտրաշրջանառությունը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, անշարժ գույքի հետ կապված գործունեությունը, շինարարությունն ու ֆինանսական ոլորտը։ Օրինակ՝ մեծածախ և մանրածախ առևտուրն ապահովել է ՀՆԱ-ի ծավալի 11.4%-ը, արդյունաբերությունը՝ 10%-ը և այլն։

Ընդհանուր առմամբ, համախառն ներքին արդյունքի 10.8%-ն արտադրանքի հարկերն են, 89.2%-ը՝ ավելացված արժեքը։

Առաջին եռամսյակի համեմատ Հայաստանի տնտեսական աճի տեմպը փոքր-ինչ թուլացել է. առաջինում այն 6.5% էր։

2016 թվականի տարեկան արդյունքներով գրանցվեց գրեթե զրոյական տնտեսական աճ՝ ընդամենը 0.2%։ Տարվա երրորդ և չորրորդ եռամսյակներում անկում գրանցվեց։

Հետևաբար, հաշվի առնելով համեմատության ցածր բազան, սպասվում, որ  այս տարվա երկրորդ կեսի աճի տեմպն ավելի բարձր կլինի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter