HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Չնայած ծառահատումների փաստերին՝ ոստիկանությունը քրեական գործ չի հարուցել

Ինչպես հայտնել էինք օգոստոսի 12-ին` ոստիկանությունն ուսումնասիրում էր Մաշտոց 52 հասցեում վերակառուցվող հյուրանոցային համալիրի տարածքում ծառերի հատման փաստը։ Հիշեցնենք, որ մինչև հյուրանոցային համալիրի կառուցումը այդ շենքը Երևանի պետական համալսարանի հյուրատունն էր։

Ոստիկանությունն ուսումնասիրում էր, թե արդյոք կառուցապատման ժամանակ հատվել են 6 եղևնի և մեկ դեկորատիվ ծառ: Կատարվում էր հետաքննություն և նշանակված էր փորձաքննություն։

Հյուրանոցային համալիրը կառուցում է «Էս Էռ հոթել» ընկերությունը: Այն հիմնադրվել է 2015 թվականին, սեփականատերը ՀՀԿ անդամ, պատգամավոր Արկադի Համբարձումյանի (Դերժավայի Արկադի) 21-ամյա որդին է՝ Ստանիսլավ Համբարձումյանը:

Ինչպես օրեր առաջ տեղեկացրին ոստիկանության լրատվական վարչությունից՝ քննչական գործողությունները ավարտվել են, և ոստիկանությունը օգոստոսի 19-ին որոշել է հատված ծառերի փաստով քրեական գործ չհարուցել՝ Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասով։

Այս հոդվածը սահմանում է, որ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը։

Այսինքն՝ քրեական գործ չի հարուցել, քանի որ ոստիկանությունը հատված ծառ չի հայտնաբերել։

Սակայն մեր ունեցած փաստերն այլ բան են ապացուցում։ Ունենք տեսանյութ, որում երևում է հատված ծառի բունը, նաև այն, թե ինչպես է տեխնիկան հողի միջից դուրս բերում ծառի արմատները (լուսանկարում)։

Ծառերի հատման հաջորդ օրը, երբ նկարահանվել է տեսանյութը, տեղում եղել են ոստիկաններ և ուսումնասիրել ծառահատումների փաստը, նրանք պետք է տեսած լինեին հատված ծառերը, քանի որ տեղում քննչական գործողություններ են իրականացրել:

Մեր աղբյուրի փոխանցամբ՝ կառուցվող հյուրանոցային համալիրի տարածքում հատվել են 10 եղևնի, ծիրանենի, դեկորատիվ ծառեր և թփեր։

Նրա հաղորդմամբ՝ ծառահատումներն իրականացվել են հուլիսի 21-ին գիշերը, որի հաջորդ օրն այդ տարածքի բնակիչները, համակեցության կանոնները խախտելու և իրենց անհանգստացնելու համար, դիմել են ոստիկանություն, ինչի հետքերով էլ տարածք են գնացել ոստիկաններ և տեղում ուսումնասիրություններ կատարել:

Հավելենք, որ կառուցվող հյուրանոցի տարածքում տեղադրված է նաև Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին նվիրված խաչքար, որը շինարարակական աշխատանքները սկսվելիս պետք է ապամոնտաժվեր, սակայն չի արվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter