HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախը՝ հայկական անկլավը, որն իր պետականությունն է կերտում

Ֆրանսիական www.laprovence.com –ի` Արցախ մեկնած հատուկ թղթակիցն օրերս անդրադարձել է պատերազմական իրավիճակում ապրող Արցախի ժողովրդին, տեխնոլոգիական ժամանակաշրջանում երիտասարդների ուսմանը նորարարական Թումո կենտրոնում և ստեղծարարական այլ հաստատություններում, արցախցու առօրյա կյանքին և այլն։ Ինչպե՞ս են տեսնում Արցախը դրսից։

Ստորև ներկայացնում ենք Ֆրեդերիկ Շոտենի հոդվածի առաջին մասի թարգմանությունն ամբողջությամբ, որը լրագրողի յուրատեսակ օրագիր է հիշեցնում իր նկարագրություններով և տպավորություններով։

Լեռնային Ղարաբաղը 1991 թվականից ի վեր, երբ անջատվել է Ադրբեջանից, շարունակում է հանապազօրյա պայքարն անկախության համար։

Հայոց հինավուրց թագավորության 10-րդ նահանգի անվամբ վերանվանված «Արցախի հանրապետությունը»` փոքրիկ մի երկիր, որն ունի ընդամենը 150 000 բնակիչ, չնայած խոչընդոտներին, փորձում է զարգանալ։

Ինչպես նախորդները, ամառվա այս գիշերն էլ հանգիստ չէր։ Միջազգային հանրության կողմից չճանաչված «Արցախի հանրապետության» սահմանների ողջ երկայնքով ձգվող  խրամատներում արցախցի զինվորները վերստին հրաձգության տակ էին ադրբեջանական ուժերի կողմից, որոնք ցանկանում են վերադարձնել «հայերի կողմից բռնազավթված իրենց տարածքների 13%-ը»:

Այս փոքրիկ հանրապետության զինվորները պատասխան հարված էին հասցրել` ցույց տալու, որ չեն զիջի հայատյաց ջարդերից պաշտպանվելու իրենց իրավունքը, որի զոհը վերջիններս եղել են պարբերաբար, 1921 թվականին իրենց հողերը խորհրդային Ադրբեջանին Ստալինի կողմից բռնակցելուց հետո։

Ինչպես ամեն երեկո, 1994 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո կնքված հրադադարից ի վեր:

Լուսաբացին անդորրը վերահաստատվեց խրամատներում։ Զինվորները ապահովում են սահմանի պաշտպանությունը, մյուսները` շոգից ուժասառ, հանգստանում են։ Ոմանք, քիչ ավելի հեռվում, հավաքվում են սրբապատկերների առջև։

«Նայե՛ք,- ասում է 23-ամյա Գարեգինը, որը 23 ամիս անցկացրել է ռազմաճակատում,- այստեղ է Միրոն զոհվել»:

Դա 1992- ին էր: Մի փոքրիկ քարե սալիկ դեռ հիշեցնում է նրա մահվան մասին։ Երկու փոքրիկ շուն արագորեն վրա են հասնում անվադողերի և պատնեշների միջով։

«Սա Միկին է, իսկ մյուսը: Մյուսը անուն չունի։ Մեզ նախազգուշացնում են, երբ որևէ մեկը ժամանում է։ Ամենադժվարը գիշերն է, մոտ ժամը 3-ին, հոգնածությունը զգացնել է տալիս»,- պատմում է վերջինս։

Հարցնում եմ՝ իսկ վախը։

«Իհարկե, վախ էլ կա, մենք ընդամենը վերապատրաստում ենք անցնում վեցամսյա տևողությամբ, բայց ժամանակի հետ ընտելանում ենք»:

Փոքրիկ պատուհաններից, որ սքողված են մուգ վարագույրներով, կարելի է նշմարել ադրբեջանական ուժերին։ Հազիվ 200 մ հեռավորության վրա են։

«Նրանք էլ կարող են ձեզ տեսնել, հեռու մնացե՛ք, մենք երբեք ապահովագրված չենք դիպուկահարից»,- կարգադրում է սպան, որը ժամանել է վատթար ճանապարհներից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մատաղիսից։

Գյուղը՝ ամայի փողոցներով, որոշ տների վրա մնացած փամփուշտների հետքերով, որ վկայում են պատերազմի ժամանակ այստեղ տեղի ունեցած մարտերի մասին։ Ու՞ր գնալ, եթե ադրբեջանցիները ներխուժեն, ուրիշ ի՞նչ է մնում անելու, եթե ոչ ևս մեկ անգամ զենք վերցնել։ Մոլախոտերով լի ճամփեզրին գտնվող իր տան դիմաց մի տղամարդ է կանգնած՝ ոսկեգույն ատամնաշարով, մոխրագույն շապիկով, ուրիշ ժամանակից մնացած տաբատով: Գարիկն է։ Պատմում է իր կյանքը։

Սպասումով լի առօրյա: Ինչի՞ն է սպասում։ Ավելի լավ ապագայի՞, երբ որդիները ստիպված չեն լինի հարկադիր զինվորական երկարատև ծառայության գնալ՝ սկսած տասնութ տարեկանից։ Լավ ապագայի, երբ մարդիկ կվերադառնան բնակեցնելու իր գյուղը՝ գրեթե ամայացած, չնայած կառավարության կողմից հատկացվող օժանդակությանը։ Լավ ապագայի, երբ հիդրոէլեկտրակայանը չի լինի տարածքի միակ հիմնական գործատուն։ Չնայած դժվարություններին, որ տեսել է Մատաղիսը, ոմանք կատարել են իրենց ընտրությունը՝ գալ և ապրել այստեղ իրենց կանանց և երեխաների հետ, որովհետև այդ հողը հայկական է։ Գյուղի մանկապարտեզում կեսօրի քնի ժամն ավարտվում է։ Դեռ հորանջող, խաղացող փոքրիկ շագանակագույն գլուխներ դուրս են պոկվում իրենց փոքրիկ մահճակալներից։ 3-6 տարեկան երեխաներ, որոնց դեմքերն ու աչքերը երջանկության զգացում են հաղորդում, իսկ նրանց հսկող դայակների աչքերում  հպարտութուն է։

«Արտակարգ իրավիճակում մենք գիտենք ինչ անել, որտեղ նրանց թաքցնել,- ասում է նրանից մեկը,-հակամարտությունը երբեք հեռու չէ»: 

Վերադարձ Ստեփանակերտ՝ Արցախի հանրապետության մայրաքաղաք։ Ճանապարհն ընկած է Ադրբեջանից շատ կարճ հեռավորության վրա։ Ադրբեջանը քար նետելու չափ մոտ է։ Սահմաններն ականապատված են, անցակետերը ՝ ամուր փակված։

Նախկինում՝ Ստալինից առաջ, հայկական տարածք, իսկ այսօր ամբողջովին ադրբեջանցիներով բնակեցված, Թուրքիայի, Իրանի եւ Հայաստանի միջեւ գտնվող Նախիջևան գնալ ցանկացող ադրբեջանցիները հարկադրված են  ինքնաթիռ նստել կամ պետք է երկար ճանապարհ անցնեն Իրանի իսլամական հանրապետությունով։

Իսկ Արցախի բնակիչները աշխարհին կապված են միայն Հայաստանով, որից նրանք բաժանված են ընդամենը խորհրդանշական մի սահմանային անցակետով և հարավկովկասյան լեռնային ճանապարհով, որին կարելի է հանդիպել պարսկական բեռնատար մեքենաների։ Երկրի միակ օդակայանը փակ է, քանի որ ինքնաթիռները սպառնալիքի տակ են գտնվում թշնամու կողմից։ 

Չնայած այս պատերազմական իրավիճակին, կյանքը խաղաղ է թվում մայրաքաղաքում։ Ստեփանակերտը վայելում է ամռան երեկոն։ Այստեղ ադրբեջանցիների և հայերի միջև խրամատներում շարունակվող պատերազմը հեռու է թվում։ Ամեն օր մայրաքաղաքը փոխվում է՝ դանդաղ, բայց հաստատուն քայլերով։ Որոշ շենքերի ճակատները մաքրվել, որոշ շենքեր նոր են կառուցվել։ Քաղաքի սրտում տեսանելի են պետության խորհրդանիշները։ Նախագահական նստավայրը` հնում կառուցված շենք, ճակատային հատվածում պատկերվող խորհրդային  գերբերը փոխարինել է արցախյանով՝ թևերը լայն բացած արծիվներով։ Այստեղից է Բակո Սահակյանը վարում երկրի ճակատագիրը կերտող իր նախագահական առաքելությունը: Նախագահականի դիմաց խորհրդարանն է՝ ժամանակակից մի շենք սրածայր, թափանցիկության խորհրդանիշ տանիքով։ Ամենուր հայկական եռագույնն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն։ Միակ տարբերությունը եռանկյունաձև նախշանկարն է, որը զիգզագի ձև ունի և խորհրդանշում է հայ ազգի բաժանումը երկու ամբողջության՝ Հայաստան և Արցախ... Օրերից մի օր արդյո՞ք կմիանան նրանք։ Շատերը երազում են դրա մասին, մյուսները չեն հավատում՝ գիտակցելով, թե ինչ աշխարհաքաղաքական իրարանցումների նման վերամիավորումը կհանգեցնի։ Ուրեմն մնում է ստատուս քվոն, որի պայմաններում, սակայն, օրըստօրե յուրաքանչյուրն իր ներդրումն է բերում պետականաշինության գործընթացին։

Նախաբանը եւ թարգմանությունը` Սոսե Լուսինյանի

Փարիզ

Լուսանկարները` http://www.laprovence.com-ի

Նյութի աղբյուրը՝ ֆրանսերենով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter