Երեքշաբթի, 18 սեպտեմբերի

«Կրպակ» սուպարմարկետից 1050 դրամանոց օղի կողոպտելու գործով հետախուզվողը հայտաբերվել է



«Կրպակ»  սուպերմարկետից 1050 դրամ արժողությամբ կես լիտր օղի կողոպտելու մեջ մեղադրվող Նորայր Մելքոնյանի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է: Այս մասին տեղեկացանք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ Դատալեքսում գործի վերաբերյալ առկա տեղեկատվության՝ օգոստոսի 24-ին Ոստիկանության  Էրեբունու բաժնի կողմից Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ստացվել գրություն, համաձայն որի` ամբաստանյալ  Ն․Մելքոնյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Ոստիկանության էրեբունու բաժնում Մելքոնյանը պարտավորագիր է գրել ներկայանալ դատարան և նշանակվելիք դատական նիստի վերաբերյալ ծանուցագիրը ստանալ:

Քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` քրեական գործով վարույթը կասեցվում է` մինչև այն կասեցնելու հիմք ծառայած հանգամանքները վերացնելը։ Դրանց վերացումից հետո այն վերսկսվում է դատախազի, քննիչի, կամ դատարանի որոշմամբ»։

Այսպիսով, դատարանը, նախագահության դատավոր Մեսրոպ Մակյանի, գտել է, որ  վերացել են  քրեական գործը կասեցնելու համար նախկինում հիմք հանդիսացած հանգամանքները` այն է Նորայր Մելքոնյանը հայտնաբերվել է, ուստի դատարանը որոշել է վերսկսվել Նորայր Մելքոնյանի վերաբերյալ գործի վարույթն ու վերջինիս նկատմամբ հետախուզումը դադարեցնել:

Նշենք, որ ըստ մեղադրանքի` ամբաստանյալ Նորայր Մելքոնյանը 2017թ. մայիսի 10-ին, Երեւանի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող «Կրպակ» սուպերմարկետի կողքով անցնելիս մտադրվել է այնտեղից հափշտակել օղի:

«Իրականացնելով հանցավոր մտադրությունը` Նորայր Մելքոնյանը մտել է «Կրպակ» սուպերմարկետ, մոտեցել օղու վաճառքի բաժին, այնտեղից վերցրել և բաճկոնի տակ թաքցրել 1050 դրամ արժողությամբ, 0.5 լիտր ծավալով «Ներուշիմիյ Սոյուզ» տեսակի օղի, այն ցանկացել է գաղտնի հափշտակել, ինչը նկատել են սուպերմարկետի աշխատակիցները, ովքեր հրահանգել են կանգնել, իսկ Նորայր Մելքոնյանը, գիտակցելով իր գործողությունների բացահայտ լինելը, դիմել է փախուստի, սակայն բռնվել է մուտքի դռան մոտ գտնվող քաղաքացիների կողմից` իր կամքից անկախ հանգամանքներում՝ չկարողանալով ավարտին հասցնել ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը»,- ասված է գործի մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության մեջ:

Չնայած քրեական գործը հարուցվել է կողոպուտի փորձի՝ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության մեջ առկա ձևակերպումները թույլ են տալիս եզրակացնել, որ Մելքոնյանի արարքում առերևույթ առկա է 34-177-րդ հոդվածի`գողության փորձի հատկանիշ:

Մասնավորապես՝ Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածը՝ կողոպուտը,  սահմանվում է որպես ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն, իսկ 177-րդ հոդվածը`գողությունը՝ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն, իսկ մեղադրական եզրակացության մեջ ասվում է, որ Մելքոնյանը բաճկոնի տակ թաքցրել է օղին և այն ցանկացել գաղտնի հափշտակել: Նշենք նաև, որ անձը քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով ենթարկվում է քրեական պատասխանատվության, եթե գողոնի արժեքը 5000 ՀՀ դրամ և ավելի է, այսինքն՝ Մելքոնյանի արարքը գողության փորձ որակելու դեպքում գործը դատարան չէր հասցնի:

Ամբաստանյալը նախկինում դատվածություն չի ունեցել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքն ու զղջացել, սակայն գործի վերաբերյալ նշանակված դատական որևէ նիստի չի ներկայացել, որից հետո դատարանը նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշում է կայացրել:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Լուսիկ00:20 - 3 սեպտեմբերի, 2017
Սպասենք այս զվարճվալի սերիալի շարունակությանը: Հետաքրքիր է կրպակի տերը ներկա լինելու է դատավարությանը և ո՞վ է նա:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ