HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Գուսանը

«Որպես Աֆղանստան անցած, փորձառու տղա` լավ էր Գուսանի հետ: Գուսանի պես տղաներին սիրում էին, քանի որ կռվի դաշտ գնալիս հրաման չես կարող արձակել, ոչ էլ հրաման կատարել. դու ո՞նց կարող ես մարդուն ասել` գնա զոհվի: Միայն պետությունը իրավունք ունի դա ասելու: Բայց երբ չկա պետական բանակ, ուրեմն դու կարող ես մարդուն տանել քո անձնական օրինակով: Սրա համար էր, որ բոլոր հերթափոխները Գուսանի հետ էին ուզում գնալ սահման, որովհետեւ գիտեին` ինքը հետ չի քաշվելու, մարդուն չի թողնելու դաշտում, ուրեմն իր հետ ապահով է, ինքը մինչեւ վերջին վայրկյանը նվիրված է քեզ: Իր մտերիմների, բարեկամների հետ Գուսանը ավելի չոր, ավելի զուսպ էր, քան իր շրջապատի՝ չնայած իսկական արտիստ էր հոգով, զգացմունքային: Ասենք, իր համար արտասվելը ամոթ բան չէր, ոչ թե կռվի դաշտում, այլ, ասենք, ընկեր զոհվեր, դեպք պատահեր: Ինքը շատ ազատ էր իր էմոցիաները արտահայտում՝ եւ դրականը, եւ բացասականը: Դրա համար ղեկավարներից շատերն իրենից վախենում էին, քանի որ ինքը քաշվելու բան չուներ»,- Գուսանի մասին պատմեց «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հետախուզական ջոկատի հրամանատար Արկադի Սահակյանը:

Նա նշեց, որ 88-ին Օպերայում երբեմն հանդիպում էր Գուսանին (Արտակ Օհանյան), սակայն ավելի մոտիկից ծանոթացել են աղետի գոտում: Արկադի Սահակյանի խոսքերով՝ այն տղաները, ովքեր գնացին աղետի գոտի՝ աշխատելու, հետո գնացին պատերազմ, եւ հիմնական ջոկատները, ընկերական միավորումները ձեւավորվել են երկրաշարժի ժամանակ, ոչ թե Օպերայի հրապարակում:

Արցախյան պատերազմի ազատամարտիկ Գուսանը ծնվել է 1962 թ. Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղում: 1980-82-ին ծառայել է խորհրդային բանակում, 81-ին վիրավորվել է Աֆղանստանում: 1982-88 թթ. աշխատել է Մարտունու շրջկենտրոնում՝ որպես վարորդ: Հենց լսել է, որ ցույցեր են լինում, եկել է Երեւան:

1990 թ. փետրվարից ընդգրկվել է «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդում եւ մասնակցել Շահումյանի պաշտպանական մարտերին: 1991 թ. գարնանից Գուսանը պաշտպանել է Գետաշենի սահմանները, իսկ «Օղակ» օպերացիայի ժամանակ օգնել գյուղի բնակիչներին՝ ապահով դուրս գալու շրջափակումից: Մասնակցել է Լաչինի, Քարվաճառի ազատագրական կռիվներին: Գուսանը զոհվել է 1993 թ. սեպտեմբերի 9-ին: Նրա աճյունը թաղված է Եռաբլուրում:

Արտակին Գուսան են կոչել գրած բանաստեղծությունների ու երգերի համար: Արկադի Սահակյանը Գուսանի լավագույն եւ ամենակարեւոր ստեղծագործությունը համարում է «Զարթնիր, Մասիս, հայն է գալիս» երգը:

Գուսանն ու Արկադին միասին են մասնակցել մարտերին մինչեւ 1991 թ. ապրիլ՝ Արկադիի վիրավորվելը: Նրա ապաքինվելուց հետո դարձյալ միասին են եղել:

«Մինչեւ 92 թիվը Արկադին էր Գուսանի հրամանատարը: Հետո երբ Արկադյայենք դուրս եկան «Տիգրան Մեծ»-ից, արդեն Գուսանը ինքը դարձավ վաշտի հրամանատար: Ուզում էին, որ շտաբի պետ լիներ, ինքը ասում էր. «Գրասենյակային գործը ինձ համար չի»»,- ասաց Գուսանի կինը եւ Արկադիի քույրը` Ժաննա Սահակյանը:

Գուսանը միշտ ասում էր. «Մարտի ժամանակ ոչ ոք իմ կողքին չի զոհվել»: Երբ ադրբեջանցիները տեսել էին Գուսանին, չէին հավատացել, որ նա կարող է փոքրամարմին լինել. նրանք Գուսանին, ինչպես Ժաննան նշեց, հաղթանդամ Տորք Անգեղ էին պատկերացնում: «Երբ Կարմիր գնաց, 60 կգ էր: Երբ Կարմիրից եկավ, 42 կգ էր դարձել, այնքան էր հյուծվել»,- ասաց Ժաննան:

Գուսանին շենքում ոչ ոք զինվորական համազգեստով չի տեսել. նա Երեւան գալուց առաջ շտաբում փոխում էր հագուստը, համարում էր, որ զինվորական համազգեստը սահմանի համար Է:

«Մեր ներքեւի՝ 4-րդ հարկի հարեւանը լավ ունեւոր տղա էր, մի քանի ձեռնարկությունների տեր: Մի անգամ գիշերը՝ ժամը 3-ին, Գուսանը, ավտոմատները ուսին գցած, գալիս է իմ ետեւից մեքենայով ու սխալվում է՝ 5-րդ հարկի փոխարեն 4-րդ հարկ է բարձրանում: Էս հարեւանը, բանից անտեղյակ, դուռը բացում է ու քարացած հայացքով նայում Արտակին. գիտի` եկել է թալանի:

Հետո Արտակն է պատմում, ասում է. «Դուռը բացել է ու ոչ բվվում է, ոչ գվվում է»: Գուսանը նայել, տեսել է` սա ձայն չի հանում, ինքն էլ ձայն չի հանել, էդպես մի քանի րոպե, մինչեւ հարեւանի փոքր երեխան գալիս ասում է. «Արկադիենց տունը մի հարկ վերեւ է»»,- պատմեց Արկադի Սահակյանը:

Ժաննան ասաց, որ միայն մի անգամ Գուսանը քաղաքում օդ է կրակել, երբ տեսել է, թե ինչպես է մի տղա վազելով մոտեցել ու պոկել առջեւից քայլող աղջկա ականջօղերը: Արկադի Սահակյանի խոսքերով` Գուսանը ապրում էր այն սկզբունքով, որ եթե սխալ ես, պետք է պատժվես, իսկ եթե ճիշտ ես, պետք է պարգեւատրվես, բայց նույն վայրկյանին:

«Պաշտպանության նախարարությունում էինք, ավտոները ուղարկել էինք վառելիքով լցնելու, որ պետք է գնանք Գորիս: Պակաս էին լցնում: Դե, Գուսանն էլ լուռ մնալու ունակություն չուներ. սխալը ինքը պետք է տեղում ասեր: Ինքը մատակարարներին ասում է. «Էս ի՞նչ եք անում, ավտոները նորմալ լցրեք վառելիքով»: Խոսակցություն, քաշքշոց: Գուսանը մի 2 հոգու երբ ապտակում է, սրանք Գուսանին մի քանի հարված են հասցնում, ծեծում են: Ես շտաբում էի, զանգ եկավ, տղերքը ասեցին. «Գուսանի վրա ՊՆ-ում հարձակվել են»: Երբ եկա, ՊՆ-ի շենքի կողքը ասեղ գցելու տեղ չկար. էնտեղ էին Հայաստանի բոլոր ջոկատների տղաները. էլ ՀԱԲ-ը, էլ ՀՀՇ-ի ջոկատները, Անկախության բանակը, ՊՆ-ի դարպասները գցեցին գետնին, «բա դուք՝ առնետներ, կռվող տղայի վրա ձե՞ռ եք բարձրացնում»:

Բոլորը գիտեին, որ եթե Գուսանը կռվել է, ուրեմն ճիշտ բանի համար է կռվել. ինքը չէր կարող կես լիտր վառելիք պակաս վերցնել կամ պակաս տալ»,- ասաց Արկադի Սահակյանը:

Գուսանը զոհվել է 1993 թ. սեպտեմբերի 9-ին Ղուբաթլուի շրջանում: Արկադին ասաց, որ նա արդեն վերջացրել էր իր ծառայությունը, դուրս էր եկել դիրքերից ու հասել Խնձորեսկ: Այդ օրը Գուսանը Ղուբաթլուի ուղղությամբ չպետք է գնար:

«Որպես հրամանատար՝ ինքը վաշտը ամբողջությամբ տեղավորել էր, ու եկան ասացին, որ Սանոն, Գարիկը, Վարդանը անհետացել են: Ու ինքը վեր է կենում, մի քանի հոգու հին կռվողներից վերցնում է, որ իջնի տղերքի ետեւից, տեսնի՝ ինչ է կատարվում: Այդ պահին էդտեղ տասնյակ ջոկատներ կային, բայց իջնում է ինքը: Բայց էնտեղ բանը բանից անցած է լինում, քանի որ թուրքերի դիվերսիոն խումբը արդեն թիկունքում աշխատել էր»,- ասաց Արկադի Սահակյանը:

Նրա խոսքերով՝ ցանկացած շարժման ժամանակ էլ լինում են պարտադրված մասնակցած մարդիկ եւ նվիրյալներ, ովքեր ազատագրական պատերազմը համարում էին իրենց կյանքի նպատակը, ցավոք, նվիրյալ տղաների 90%-ը չվերադարձավ:

«Հիմա մեկը դառնում հերոս, որին կյանքում ոչ մի տեղ չենք տեսել, դրանք էն մարդիկ են, ովքեր այդ նվիրվածների ժամանակ թիկունքում ապահով նստած էին: Այն ժամանակ կատակով ասում էինք՝ պոմիդոր բերող: Երբ տղերքը կռվի դաշտում են, ինչ-որ մեկը պետք է մատակարարեր, չէ՞. կռվողը մի հոգի է, 10 հոգի մատակարարող են: Հետո պարզվեց, որ պոմիդոր բերողները դարձան մինիստրներ, ղեկավարներ, դեպուտատներ, ու բոլորը «ունեն» մարտական ուղի: Գուսանի մարտական ուղին մենք գրել ենք, երբ որոշել էին իրեն պարգեւատրել. ոչ մեկի մտքով չէր անցել, որ ինքը պետք է ունենա մարտական ուղի, ամոթ էր. կռիվ է, կռվում ես: Հետո իր մարտական ուղին գրելիս տեսնում ես, որ կողքի գրվածը մի 10 անգամ ավելի ճոխ, ավելի գեղեցիկ է: Ոչ մի բան չի փոխվել ֆրանսիական հեղափոխությունից մինչեւ այս մեր հեղափոխությունը: Հեղափոխությունը մտածում են տաղանդները, իրականացնում են ֆանատները, իսկ բարիքներից օգտվում են ոչնչություններն ու տականքները: Նույնը տեղի ունեցավ 88-ին. մի քանի մարդիկ տվեցին ազգային զարթոնքի գաղափարը, ֆանատների՝ նվիրյալների արյան գնով՝ տղերքի միջոցով, դա իրականացավ, բայց բոլոր բարիքները հասան դրա հետ բացարձակապես կապ չունեցողներին»,- ասաց Արկադի Սահակյանը:

1992 թ. Գուսանը կնոջը համոզում էր, որ գնան ու Շուշիում ապրեն:

«92 թ. մայիսի 9-ին էր, մեկ էլ եկավ՝ ոգեւորված, շատ տրամադրված, թե՝ վերջ, Շուշին ազատեցինք: Ասում եմ՝ ո՞նց ազատեցինք, դու ի՞նչ գործ ունես: Ասում է. «Մենք էլ օդից էինք իրենց օգնում»: Պատահական իմացա, որ ինքը, փաստորեն, շտաբում չէ: Երեխայի ծնվելուց ուղիղ մի ամիս առաջ եկավ, բա՝ «պիտի գնամ, պիտի գնամ»: Առավոտյան տնից դուրս էր գալիս, երեկոյան ուշ գալիս էր, ուղղակի գիշերը տանն էր լինում ու ասում էր. «Ես Երեւանում եմ, տեղ չեմ գնացել»: Հետո ենք իմացել, որ ինքը խաբում էր: 92 թվին Կարմիրում էր, էնտեղ քաղաքային համար կար: Զանգեցի հենց շրջկենտրոն, ասում եմ. «Խնդրում եմ, երբ գա, ասեք թող մի անգամ զանգի»: Ու 3 ամսվա մեջ ոչ մի անգամ չզանգեց: Երբ եկավ, վրդովված ասացի. «Դու ոչ մի անգամ չզանգեցիր»: Ասում է. «Ես էնտեղ չեմ գնացել զանգելու, կռվում էի, ես ժամանակ չունեի»: Արդեն Տաթեւիկի ծնվելուց հետո՝ 4 ամսականում, երբ Շահումյանից եկավ (1,5 ամիս տանը չէր եղել), մեկ էլ լուրջ դեմքով ասում է. «Էս ի՞նչ արեցիր ինձ հետ, առաջ գնում էի, ոչ մի բանի մասին չէի մտածում: Հիմա հենց մի 5 րոպե ազատ ժամանակ է լինում, եւ քո մասին եմ մտածում, եւ երեխայի»: Ինքը այնքան ժլատ էր՝ իր զգացմունքները չէր արտահայտում: Ինչ պիտի լիներ, որ ասեր»,- պատմեց Ժաննան:

Այժմ Գուսանի աղջիկը` 17-ամյա Տաթեւը, Պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող է:

Նկարիչ-քանդակագործ Աղվան Մխիթարյանը Տաթեւի դեմքի նմանությամբ պատրաստում է Գուսանի քանդակը, որը տեղադրվելու է Վարդենիկի թիվ 3 միջնակարգ դպրոցի առջեւ: Դպրոցը 2005 թ.-ից կրում է Գուսանի անունը: Այս դպրոցում է Գուսանը սովորել 1969-79 թթ.:

2000 թ. Գուսանին «Արիության մեդալ» է շնորհվել: «Արարողությունը Կամերային երաժշտության շենքում էր, ու առաջինը Գուսանի անունը կարդացին: Ի~նչ էր կատարվում դահլիճում. ամբողջ դահլիճը ծափ էր տալիս, որ վերջապես 7 տարի հետո Գուսանին Արիության մեդալ տվեցին»,- ասաց Ժաննան:

«Գոնե զոհվածներին տվել են, բայց նրանց, ովքեր կռվել են ու չեն զոհվել, չեն էլ հիշում»,- հավելեց նա: Իսկ Արկադի Սահակյանը նշեց, որ 5-ամյա պատերազմից հետո գեղարվեստական գրականություն չի ստեղծվել այդ թեմայով. հրատարակված փոքրաթիվ գրքերում պարզապես ներկայացված են զոհված տղաների նկարներն ու կենսագրությունները:

«Սա միակ դեպքն էր, երբ հայ ազգը ունեցավ մարտական հաջողություններ: Սարդարապատը, Բաշ-Ապարանը կենաց -մահու պատերազմ էր. կամ դու պետք է հաղթեիր, կամ պետք է ոչնչանայիր: Այնտեղ չի կարելի խոսել հաղթանակի մասին: Այստեղ առաջին անգամ հայերը հաղթողի դերում են եղել»,- նշեց Արկադի Սահակյանը:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter