HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Մոտենալով երաժշտության բարձրակարգ ճարտարապետին

Երբ 1955թ. հանկարծամահ եղավ ջազի երիտասարդ, բայց ազդեցիկ անուններից մեկը՝ Չարլի Փարքերը, այդ կորուստն իրականում ափսոսանքից բացի՝ կենտրոնացրեց հանրության ուշադրությունը ջազի վրա: Հնչյունների հեղափոխության վիրտուոզ առաջնորդը, ով դարձավ հիփսթեր և բիթ սերնդի խորհրդանիշը ջազի ասպարեզում, իր վաղաժամ մահով ասես կանգնեցրել էր ինչ-որ շարժում մթնոլորտում: Ուրեմն ինչպե՞ս և ի՞նչ ուղղությամբ կշարունակվեր «Bird» մականվամբ հայտնի այդ թռչունի գեղեցիկ թռիչքը, որը շատ բան փոխեց երաժշտության երկնակամարում:

Իրականում 50-ականները լի էին աստղաբույլով, տաղանդավոր անուններով, որոնք ալեկոծում և դեռ շարունակելու էին փոթորկել երաժշտական աշխարհն իրենց ձայներով: Բայց Փարքերի ներկայությունն այլ պատմություն էր, որն իր անմիջական ազդեցությունը թողեց ժամանակակիցների վրա՝ իր բերած նոր, համարձակ ու ինտելեկտուալ մոտեցումներով ձևավորելով նրանց ուղին ևս: Ահա նրանցից մեկը՝ Թելոնիուս Մոնքը: Նա ժամանակի լավագույն դաշնակահարներից մեկն էր, Չարլի Փարքերի ընկերը, հետագայում՝ բազմաթիվ երաժիշտների կուռքն ու ուսուցիչը:

Ամերիկացի ջազային դաշնակահար և կոմպոզիտար Թելոնիուս Մոնքին մենք հպանցիկ հիշատակել ենք Ջոն Քոլթրեյնին անդրադառնալիս, սակայն երաժշտության այս հսկան, անշուշտ, արժանի է ավելի մեծ ու ընդգրկուն «հանդիպման»: «Մոնքի հետ նվագելն ինձ ավելի մոտեցրեց երաժշտության բարձրակարգ ճարտարապետին:- ասել է հանրաճանաչ սաքսոֆոնահարը 1960 թվականի իր հարցազրույցներից մեկում,- Ես նրանից սովորում էի ամեն կերպ՝ զգայարաններով, տեսականորեն, տեխնիկապես: Ես կարող էի հարցնել նրան երաժշտական խնդիրներից, իսկ նա նստում էր դաշնամուրի առջև ու տալիս ինձ պատասխանները՝ պարզապես դրանք նվագելով… Մոնքը նաև սովորեցրեց ինձ երկար սոլոներ նվագելու առավելությունը. նույն կտորը երկար նվագելով՝ հայտնաբերել սոլոների նոր կոնցեպտներ, նույն արտահայտության վրա հնարավորինս խաղալ այնքան, մինչև որ դուրս գաս սովորական պատկերացումներից: Մեղեդային հարմոնիաները գնալով մոլուցք դարձան ինձ համար»:

Ջ. Քոլթրեյնը՝ Թ. Մոնքի հետ նվագելիս

Մոնքը հայտնի էր իր իմպրովիզացիոն առանձնահատուկ ոճով, որով հարուստ են նրա կատարումները: Նա համարվում է ամենաշատ ձայնագրություններ ունեցող ջազային երկրորդ կոմպոզիտորը՝ Դյուկ Էլինգթոնից հետո: Այս երաժիշտը անհատական մոտեցում էր դրսևորում ոչ միայն երաժշտության մեջ, այլև իր բեմական և արտաքին կերպարում: Կոկիկ, նրբաճաշակ հագուստ, ամենատարբեր գլխարկներ և ոճային արևային ակնոցներ… հմայիչ, փայլուն ճաշակով ձևավորված արտաքին, որին գումարվում էր և առանձին հետաքրքրություն հաղորդում բեմական արտասովոր պահվածքը: Այսպես ուրեմն. մինչ երաժիշտները` տարված նրա իմպրովիզացիոն սարդոստայնից դուրս գալու հնարքներով, ինքնամոռաց նվագում են բեմում, նա կարող էր միանգամից դադարեցնել իր նվագը, կտրուկ վեր կենալ դաշնամուրի առջևից, մի քանի րոպե պարել, ապա վերադառնալ և շարունակել նվագել այնպես, ասես ոչ մի տարօրինակ դադար չէր էլ եղել:

Սակայն այսօր Մոնքին մեկ այլ առիթով ենք հիշել: 1955թ.-ից արտիստի ստեղծագործական կյանքում սկսվում է ամենածաղկուն շրջանը: Նախ՝ նա պայմանագիր կնքեց «Riverside Records» ստուդիայի հետ: Օրին Քիփնյուսը՝ «Riverside Records»-ի ղեկավարը, ժամանակին էր նկատել այս տաղանդավոր և հավակնոտ երաժշտի հնարավորությունները: Նրանց համագործակցությունը 3 ալբոմ-հավաքածուի ծնունդ տվեց, որոնց մեջ իր ողջ փայլով ու մեծությամբ անգերազանցելի մնաց մեկը՝ «Brilliant Corners»-ը: Երաժշտության պատմության մեջ այս ալբոմը դրոշմվեց որպես Մոնքի ստեղծագործությունների ամենահայտնի հավաքածուն:

«Brilliant Corners»-ը ձայնագրվեց 1956թ. և թողարկվեց 1957-ին: Այն «Riverside»-ի հետ 3-րդ աշխատանքն էր, սակայն առաջինը, որտեղ Մոնքը ներկայանում էր ոչ թե միայն ջազային ստանդարտների իմպրովիզացիոն մեկնաբանություններով, այլ սեփական գործերով: Երաժշտության տեսաբան Էնդրյու Գիլբերտը, անդրադառնալով ալբոմին, առանձնացրել է հետևյալ կարևոր հանգամանքը. «Այն առաջին հերթին նշանավորեց Մոնքի վերադարձը իբրև կոմպոզիտորի» (“1001 Albums you must hear before you die”, էջ 32):

Ալբոմի համանուն և գլխավոր թրեքը համարվում է ջազի ամենադժվար կատարվող գործերից մեկը: Դա այդպիսին էր անգամ հեղինակի՝ Մոնքի համար: Այս գործը ձայնագրվել է մի քանի տասնյակ անգամ և այս բազմաթիվ փորձերի արդյունքում  անգամ վերջնական տարբերակն ամբողջական կատարմամբ չի ստացվել: Փոխվել էին նաև Մոնքի երաժիշտները, և այս փաստն էլ իր հերթին հաստատում էր, որ բարդ գործը կատարելիս գիտակ ու թրծված մոտեցում էր պահանջում: «Brilliant Corners» խորագրով կոմպոզիցիան հավաքվեց և վերջնական տեսքի բերվեց տարբեր ձայնագրությունների առանձին կտորների միացմամբ:

«Ես ամենևին էլ նպատակ չունեի ստեղծել մի բան, որը բարդ լիներ նվագել,- ասել է Մոնքը իր ստեղծագործության մասին,- պարզապես հորինում էի երաժշտություն, որը համապատասխանում էր իմ մտածողությանը: Գիտեի՝ երաժիշտները կնետվեին նրա մեջ, որովհետև այն շատ սիրուն էր հնչում»:

Էնդրյու Գիլբերտը ալբոմում գլխավոր՝ «Brilliant Corners»-ից բացի, ունկնդիրների ուշադրությունը հրավիրում է ևս երկու ստեղծագործության վրա՝ անվանելով դրանք գլուխգործոցներ: Դրանք են «Pannonica»-ն և «I Surrender, Dear»-ի Մոնքի սոլո մեկնաբանությունը:

Թելոնիուս Մոնքի «Brilliant Corners» ալբոմը երաժշտության պատմության մեջ թողած իր ազդեցիկ հետքով գնահատվել է տարբեր կոչումներով: 1999թ. այն ընդգրկվեց «Գրեմիի փառքի սրահում»: Չգիտեմ, թե նման մեծությունների համար որքանով են կարևոր այս և նման այլ գնահատականները, սակայն այս մեկը առանձնանում է նրանով, որ ընտրությունն արվել է ոչ թե միայն առաջնորդվելով երաժշտական մասնագետների նախաձեռնությամբ, այլև ունկնդիրների ցանկությամբ:

2003թ. «Brilliant Corners»-ը 50 այլ ձայնագրությունների հետ որպես ընդգրկվեց Կոնգրեսի ազգային գրադարանի կազմում: Այն ներառված է նաև «1001 ալբոմ, որն անհրաժեշտ է լսել նախքան մեռնելը» հայտնի գրքում:

Գլխավոր լուսանկարը՝ www.newyorker.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter