HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Շիրինյան

Սեպտեմբերի 3-ի ուրվականը

Հայաստանի արտաքին քաղաքականության ուղեծրում

2013թ․ սեպտեմբերի 3-ը նշանավորվեց Հայաստանի բազմավեկտոր արտաքին քաղաքականության հայեցակարգի խարխլմամբ։ Հայաստանը  փաստացիորեն 180 աստիճանի շրջադարձ կատարեց Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից՝ հայտարարելով Մաքսային միությանը (այժմ՝ Եվրասիական տնտեսական միություն՝ ԵԱՏՄ) միանալու իր մտադրության մասին։ Մինչդեռ ԵՄ հետ ստորագրվելիք համաձայնագիրը, Հայաստանի համար երկարաժամկետ տնտեսական հնարավորություններ ստեղծելուց բացի, միտված էր հավասարակշռելու երկրի գերկախվածությունը աշխարհաքաղաքական մեկ բեւեռից՝ Ռուսաստանից։ Սրա անհրաժեշտությունը հատկապես ակնհայտ էր դարձել 2008թ․օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից հետո, երբ Հայաստանը հայտնվել էր բարդ եւ խոցելի իրավիճակում։

ԵՄ-ի հետ ասոցացման քաղաքական ուղղությունը շուրջ չորս տարի շարունակվող բանակցությունների ընթացքում վայելում էր Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտի կոնսենսուսը։ Սակայն, սեպտեմբերի 3-ի որոշումից հետո այդ կոնսենսուսը կտրուկ վերածվեց բեւեռացման՝ Արեւմուտք-Ռուսաստան դիմակայության համատեքստում։ Հակընդդեմ տեսակետները բախվում էին Հայաստանի՝ այս երկու ճամբարների միջեւ ընտրության անխուսափելիությանը։

Ուկրաինական իրադարձություններն է՛լ ավելի խորացրին հանրային-քաղաքական դիսկուրսի բեւառացումը։ Ռուս-ուկրաինական հիբրիդային պատերազմի տեղեկատվական ճակատը կլանեց նաեւ հայաստանյան տեղեկատվական-վերլուծական դաշտը, որի արդյունքում Հայաստանի շահերի շուրջ անհրաժեշտ դիսկուրսը հետին պլան մղվեց՝ ներքաշվելով ուրիշի պատերազմի եւ ուրիշի շահերի բախման կիզակետ։

Նման ներքին եւ արտաքին բեւեռացման պայմաններում Հայաստանի իշխանությունները լծվեցին կատարված ընտրությունն արդարացնելու գործին թե՛ երկրի ներսում եւ թե՛ արտաքին գործընկերների հետ հարաբերություններում։ Հայաստանը գրեթե չորս տարի ժամանակ կորցրեց հասցված վնասի հետեւանքների կառավարման վրա՝ փորձելով, այնուամենայնիվ, ստորագրել որեւէ համաձայնագիր ԵՄ հետ եւ ձեւացնել, թե ամեն ինչ այնպես է, ինչպես ծրագրված էր։ Մինչդեռ փաստը, որ շրջադարձը պայմանավորված էր Մոսկվայի ճնշմամբ, հայտնի գաղտնիք է Հայաստանում ու նրա սահմաններից դուրս։

Սեպտեմբերի 3-ի որոշումը անկախ Հայաստանի պատմության տիպիկ ռազմավարական դիլեմաներից է, որին Հայաստանը մոտենում է միեւնույն, կրկնվող տրամաբանությամբ՝ կարճաժամկետ, ժամանակավոր լուծում, առանց երկարաժամկետ հաշվարկների։ Այս քայլով Հայաստանը, ենթադրաբար չեզոքացնելով անվտանգության այդրոպեական սպառնալիքները, ձեռք է բերել լուրջ ռազմավարական խնդիրներ, որոնց լուծումը նույնիսկ փայլուն դիվանագիտական ջանքերի դեպքում առնվազն տասնամյակ կպահանջի։

Որպես հետևանք՝ Հայաստանը սպառել է իր հռչակած կոմպլեմենտար կամ բազմավեկտոր արտաքին քաղաքականության լեգիտիմությունը, հարուցել լուրջ կասկածներ ինքնիշխան որոշումներ ընդունելու ազատության նկատմամբ, կորցրել վստահելի գործընկերոջ համբավը: Հայաստանն այսօր միջազգային հանրության կողմից դիտարկվում է որպես ռուսական պետության շահերը սպասարկող արբանյակ-պետություն։ Երեւանի շահերը պարբերաբար արհամարհվում են նրա ֆորմալ դաշնակիցների կողմից՝ հայ-ռուսական հարաբերությունների, ՀԱՊԿ եւ ԵԱՏՄ շրջանակներում։ Միաժամանակ, Հայաստանը չի լուծել եւ նույնիսկ ավելի է խորացրել իր անվտանգությանն ուղղված այն սպառնալիքը, որի չեզոքացման համար տեղի ունեցավ սեպտեմբերի 3-ը։ Պատերազմի զսպման նախկին երաշխիքները՝ հայ-ռուսական «ռազմավարական գործընկերությունը» եւ Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությունը, կորցրել են իրենց երբեմնի նշանակությունը։

Այս ամենը լրջորեն սահմանափակում  է Հայաստանի եւ նրա երաշխավորության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի շահերի պաշտպանության հնարավորությունները միջազգային թատերաբեմում, իսկ որոշ դեպքերում` ուղղակիորեն գործում այս շահերի դեմ։

Սակայն սեպտեմբերի 3-ի ամենավտանգավոր հետեւանքը ստեղծված նախադեպն է: Այսուհետ անվտանգության գործոնը դառնում է խաղաքարտ Հայաստանի դեմ, որը կարելի է կիրառել տարբեր զիջումներ ստանալու համար։ Խոցելիության այս գործոնը թուլացնում է երկրի միջազգային կշիռը եւ հեշտ թիրախ դարձնում հակառակորդ պետությունների համար։

Հենց այս խոցելիության համատեքստում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության աստիճանական աճը հանգեցրեց 2016թ. ապրիլյան պատերազմին՝ կուլիսներում շրջանառվող այսպես կոչված Լավրովի պլանի ֆոնին։ Իսկ պատերազմի հաշվարկներից մեկը ղարաբաղյան ստատուս քվոյի մասնակի փոփոխությունն էր՝ Հայաստանի խոցելիության այս խաղաքարտի կիրառմամբ։

Սեպտեմբերի 3-ի շրջադարձը, դրա պատճառներն ու հետեւանքները, Հայաստանի ինքնիշխանության նվազեցումը շարունակում են տաբու մնալ հայաստանյան պաշտոնական դիսկուրսում։

Սեպտեմբերի 3-ը պետք է հանգեցներ Հայաստանի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հայեցակարգի վերաիմաստավորմանը։ Սակայն հաջորդող քայլերով Հայաստանն է՛լ ավելի խորացրեց ընտրության հետեւանքները եւ իր հանդեպ անվստահությունը։

Հռետորական մակարդակով պնդելով, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնում է բազմավեկտոր՝ պաշտոնական Երեւանը իրավական առումով գործնականում է՛լ ավելի խորացրեց Հայաստանի ինտեգրումը ռուսական ազդեցության գոտի, մյուս կողմից՝ վերահաստատեց Հայաստանի ինքնիշխանության շուրջ կասկածները: Այդպիսի քայլ էր, օրինակ, 2013թ․ դեկտեմբերի 2-ին գազային համաձայնագրերի ստորագրումը, ինչը զգալիորեն նվազեցրեց Հայաստանի անկախ էներգետիկ քաղաքականության հնարավորությունները։ Նման քայլ էր 2016թ․ նոյեմբերի 30-ին հայ-ռուսական համատեղ զորամիավորման մասին պայմանագրի ստորագրումը, որի անորոշ ձեւակերպումներn ապրիլյան պատերազմից հետո տիրող անվստահության մթնոլորտում բազում հարցեր առաջացրին։ Դրանից առաջ՝ 2014թ․ մարտին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Հայաստանը մի շարք բռնապետական պետությունների հետ միասին դեմ քվեարկեց մի բանաձեւի, որը ճանաչում էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ անօրինական որակում Ղրիմում անցկացված հանրաքվեն։ Երեւանն այս քայլը բացատրեց ինքնորոշման իրավունքի սկզբունքին իր հավատարմությամբ։ Սակայն մինչ այժմ անհասկանալի է մնում, թե Ղարաբաղի միջազգային ճանաչմանը ձգտող Հայաստանի ո՞ր շահերից էր բխում Ղարաբաղը միեւնույն հարթության վրա դնել Ղրիմի հետ, որի անկախությունը, ի տարբերություն Ղարաբաղի այսօրվա փաստացի կարգավիճակի, կտրականապես չի ընդունվում միջազգային հանրության կողմից։ Ղարաբաղյան խնդրին հղումները համոզիչ չեն եղել Հայաստանի արեւմտյան գործընկերների համար (թեեւ Ղարաբաղի ու Ղրիմի խնդիրների նույնացմանը, Երեւանից բացի, պնդում են նաեւ Բաքվում), եւ քվեն ընկալվել է որպես Հայաստանի կողմից ռուսական շահերի պաշտպանության հերթական դրսեւորում։

Նույնքան անհամոզիչ են, թե՛ ներքին եւ թե՛ արտաքին լսարանի համար, ԵԱՏՄ անդամակցության տնտեսական օգուտների մասին պնդումները․ բոլոր թվերը վկայում են միության ներսում փոխադարձ առեւտրի ցածր ծավալների մասին, Հայաստանի առեւտուրը հիմնականում այդ միության միայն մեկ անդամի՝ Ռուսաստանի հետ է, իսկ միության ներսում չեն դադարում ապրանքների ազատ տեղաշարժի սահմանափակումները։ Ի տարբերություն հայ պաշտոնյաների՝ ղազախ պաշտոնյաները, օրինակ, մասնավոր զրույցներում չեն թաքցնում, որ ԵԱՏՄ-ն աշխարհաքաղաքական ծրագիր է, եւ Ղազախստանը դրան անդամակցում է աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով, մասնավորապես` հավասարակշռելու հարեւան Չինաստանի ազդեցությունը Ղազախստանի վրա եւ, իր հերթին, Ռուսաստանից ակնկալելով որոշակի քաղաքական և տնտեսական օգուտներ այդ անդամակցության դիմաց։ ԵԱՏՄ-ն կարող է այդպես էլ չձեւավորվել որպես իր անդամ երկրների շահերին ծառայող կառույց, փոխարենը այն շարունակելու է տնտեսական եւ քաղաքական խնդիրներ առաջացնել Հայաստանի համար եւ անհարմար դրության մեջ դնել դրա արդյունավետության մասին պնդող հայ դիվանագետներին ու պաշտոնյաներին։

Այս ամենի ֆոնին Եվրամիության հետ նոյեմբերին ստորագրման նախատեսվող նոր՝ Համապարփակ ու ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ՆԱՏՕ-ի շրջանակներում Հայաստանի մասնակցության ավելացումը, ինչպես նաեւ Իրանի հետ համագործակցության խորացման ծրագրերը թեեւ խիստ կարեւոր քայլեր են, սակայն մասամբ են հավասարակշռում Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Այս երեք ուղղությունների խորացումը դժվարանում է միեւնույն պատճառով՝ Հայաստանի ձեռքերը շղթայված են հայ-ռուսական պայմանագրային եւ ոչ ֆորմալ սահմանափակումներով։ Հայաստանը պետք է հայ-ռուսական հարաբերությունների հավասարության ու փոխադարձ հարգանքի հարցը լուծի անկախ այլ գործընկերների հետ հարաբերություններից։ Մինչդեռ Ռուսաստանի հետ հարաբերությունները հայաստանյան հասարակական-քաղաքական դիսկուրսում, չնչին բացառություններով, շարունակում են պայմանավորվել Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությամբ՝ Հայաստանը դնելով բաժանարար գծերի կիզակետում։

Ապագա արտաքին քաղաքական մարտահրավերները դիտարկելիս Հայաստանը պետք է հաշվի առնի մի շարք գործոններ:

Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների բարելավում առաջիկայում չի սպասվում, ինչը նշանակում է, որ Հայաստանի մանեւրելու հնարավորությունները մինչ այժմ ընթացող պրակտիկայով կշարունակեն սահմանափակ լինել։

Եթե նույնիսկ տեսականորեն ընդունենք Արեւմուտք-Ռուսաստան հարաբերությունների բարելավման հնարավորությունը, միանշանակ չէ, որ դրանից Հայաստանը կշահի։ Հաշվի առնելով, որ ներկայիս բախման հիմքում գաղափարական պայքարն է ազդեցության գոտիների համար, կա երկու հանգուցալուծում․

ա) Արեւմուտքն ընդունում է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի շահերի գերակայությունը։ Սրան է ձգտում Ռուսաստանը, եւ շատ փաստեր վկայում են, որ, օրինակ, Թրամփ-Պուտին անձնական համակրանքը խարսխված է այս կամ նմանատիպ «բիզնեսի»  տրամաբանության վրա։ Հայաստանի համար իրադարձությունների նման ընթացքը վտանգավոր է նրանով, որ այն, ամենայն հավանականությամբ, երկիրը վերջնականապես կխարսխի Ռուսաստանի ազդեցության գոտում եւ երկրաժամկետ հեռանկարում կհանգեցնի Հայաստանի ինքնիշխանության էրոզիայի՝ անկախության ձեւական ատրիբուտների պահպանմամբ։

բ) Ռուսաստանն ընդունում է հետխորհրդային տարածքը որպես ազատ գոտի՝ այս երկրներին թույլ տալով ընտրել արտաքին քաղաքական եւ անվտանգության կողմնորոշումներ ըստ իրենց հայեցողության եւ առանց դրա դիմաց «գին» գանձելու։ Սա քիչ հավանական սցենար է եւ կարող է տեղի ունենալ Ռուսաստանում որեւէ տիպի իշխանափոխության եւ/կամ Ռուսաստանի թուլացման դեպքում։ Իրադարձությունների նմանատիպ զարգացումը Հայաստանին մանեւրելու ավելի մեծ հնարավորություններ կտա, սակայն միաժամանակ սա կնշանավորվի Հարավային Կովկասում անվտանգության վակուումի առաջացմամբ, ինչը կարող է անմիջապես հանգեցնել պատերազմի։

Ուստիեւ, Հայաստանի անվտանգության գերկախվածությունը Ռուսաստանից բարդանում է ոչ միայն այն պատճառով, որ այդ անվտանգության շարունակական ապահովման համար Հայաստանը ստիպված է վճարել իր ինքնիշխանության եւ անկախության հաշվից։ Ոչ պակաս խնդիրներ է հարուցում Ռուսաստանի հետպուտինյան ապագան, որը կարող է գալ ավելի շուտ, քան բոլորը սպասում են եւ անկանխատեսելի զարգացումների հանգեցնել։ Արեւմտյան պատժամիջոցները եւ նավթի գների անկումը իրական ռեֆորմների բացակայության ֆոնին լուրջ հարված են հասցնելու Ռուսաստանի տնտեսությանը, հետեւաբար նաեւ` կառավարման համակարգին։ Քաղաքականության ռազմավարական պլանավորման տրամաբանությամբ չպետք է բացառել Ռուսաստանի՝ 1917 եւ 1991թթ․ նմանությամբ համակարգային կոլապսի հնարավորությունը եւ կամ նման կոլապսից խուսափելու նպատակով խաղաղ իշխանափոխությունը։ Այս պարագայում Հայաստանի վայրէջքը խիստ ցավոտ կլինի՝ առավել եւս Ռուսաստանի թուլացմամբ առաջացած անվտանգության վակուումի պայմաններում։

Հետեւաբար, Հայաստանը չի կարող պարզապես սպասել տարածաշրջանում աշխարհաքաղաքական մթնոլորտի փոփոխությանը, այլ պետք է ինքը ստեղծի մանեւրելու դաշտ։ Այդուհանդերձ, Հայաստանի արտաքին քաղաքականությունը շարունակում է մնալ արձագանքող՝ ընդունելով աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով իրեն պարտադրվող դերը։ Իսկ ռուսական կողմնորոշման այլընտրանքի բացակայության մասին մանթրայի նման կրնկվող պնդումները երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հավակնում են դառնալ ՀՀ արտաքին քաղաքական գերակայություն։

Երկրի առջեւ ծառացած ռազմավարական խնդիրների լուծումը պահանջում է լիովին նոր համակարգային մոտեցումներ։ Այլընտրանքը Հայաստանին սկուտեղի վրա չեն մատուցելու ՆԱՏՕ-ից, ԵՄ-ից, Իրանից կամ Չինաստանից, եւ ոչ էլ քաղաքագետներն են թղթի վրա գծելու դրա ճանապարհային քարտեզը։ Դրա ստեղծման ուղղությամբ պետք է աշխատի Հայաստան պետությունը՝ իր մարդկային եւ նյութական ռեսուրսներով։

 

Մեկնաբանություններ (2)

GB
Western world perfectly understand Armenia's geographical location, sandwiched between old enemies of Armenia, Turkey, Axerbaijan, and Putin's adventurism!
GrinOlsson
With all due respect, I totally disagree with this assessment of Armenia and the Russian Federation. The EU is an internal political nightmare that can not help Armenia in any sense of the word. Armenia would be far better to cultivate the Russian-Chinese economic boom. The EU and the USA are totally unreliable as allies due to the Sunni Wahhabi islamic infiltration into their military, educational, media and political spectrum.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter