HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Խաչատրյանից» մինչեւ «Այվազովսկի». անվանակոչված «երկաթե թռչունները»

Գյումրիում բազավորվող «Տարոն-Ավիա» ընկերությունն, ինչպես հայտնի է, օգոստոսի 31-ին ներկայացրեց իր նոր օդանավը: Այն երկրորդն է, որ սպասարկում է հայասատանցի ուղեւորներին, չնայած ավիաընկերությունը եւս երկու ինքնաթիռ ունի Սուդանում: Լրատվամիջոցներին ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Գառնիկ Պապիկյանն ասել է, որ հերթական օդանավը Հայաստան կբերեն մոտավորապես հաջորդ տարվա մարտին: Ամեն շաբաթ Գյումրուց դեպի Կրասնոդար, Դոնի Ռոստով, Սամարա եւ երկու անգամ Մոսկվա թռչող օպերատորը նախատեսում է հոկտեմբերին մեկնել նաեւ Եվրոպա:

Նոր օդանավը («Boeing 737-55S»), որը ՀՀ-ում գրանցվել է որպես EK-73776, ստացել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը: Դրանից առաջ ծառայության անցած EK-73797-ն էլ («Boeing 737-500») կրում է Մհեր Մկրտչյանի անունը: Ինչպես գրել ենք, Հայաստան եկած նոր ինքնաթիռը նախկինում «Արմավիայի» օդանավն էր եւ գրանցված էր EK-73771 համարի տակ: Մինչ այդ էլ Բաղդասարովի ընկերությունն այն վարձակալմամբ հանձնել էր «Slovakian Airlines»-ին, որտեղ, սակայն ինքնաթիռը չի շահագործվել: Սլովակիայում օդանավին տվել էին այդ երկրի նախկին քաղաքական ու ռազմական գործիչ, աստղագետ Միլան Ռաստիսլավ Շտեֆանիկի անունը:

Ընդհանրապես, օդանավերին անուններ տալը տարածված պրակտիկա է ավիացիայում, եւ նպատակը ավիաընկերության կողմից իր երկրի հայտնի դեմքերին աշխարհին ներկայացնելն է:   

Քանի որ ինչպես «Մհեր Մկրտչյանի», այնպես էլ «Արամ Խաչատրյանի» ներկայացման ժամանակ որոշ լրատվամիջոցներ հայտարարեցին, թե «Տարոն-Ավիան» առաջին անգամ է կիրառում անվանակոչումը հայկական ավիացիայում, հարկ ենք համարում ներկայացնել նախկինում անուն ստացած մեր օդանավերը: Ընդ որում՝ թե Մ. Մկրտչյանի, թե Ա. Խաչատրյանի անունները նախկինում իր ավիապարկում կիրառել է «Արմավիան»: Այս ընկերությունն իր օդանավերից շատերին անուններ է տվել: Բայց առաջինն անվանակոչում, թերեւս, «Հայկական ավիաուղիները» կատարեց, երբ 1998-ին վարձակալությամբ ՀՀ բերված իր միակ «Airbus A310-222»-ին տվեց «Արարատ» անունը:

«Արմավիայից» հետո երկինք բարձրացած «Էյր Արմենիան» եւ ներկայում գործող «Արմենիան» իրենց օդանավերին անուններ չեն տվել, այսինքն՝ «ՀԱՈւ»-ի ու «Արմավիայի» նման աշխատում է «Տարոն-Ավիան»:

Ահա «Արմավիայի» անվանակոչված օդանավերը:

«Արամ Խաչատրյան»- EK-32008, «Airbus A320-211», ներկայում օպերատորը հայկական «Atlantis European Airways»-ն է, որն օդանավը վարձակալման է հանձնել մոլդովական «Fly One»-ին, այլեւս չի կրում Խաչատրյանի անունը: Մինչեւ Մոլդովա տեղափոխվելը՝ Հայաստանում գտնվելիս, մի որոշ ժամանակ ինքնաթիռի վրա եղել է «Մեսրոպ Մաշտոց» անունը:

«Մեսրոպ Մաշտոց»- EK-32009, «Airbus A320-211», 2006 թ. մայիսի 3-ին Սոչիում աղետի ենթարկված ինքնաթիռն է:

«Գրիգոր Լուսավորիչ»- EK-32010, «Airbus A320-211», 2006 թ. մայիսի 5-ին այրվել է Բրյուսելի օդանավակայանի հանգարում:

«Միկա»- EK-86118, «Իլ-86», շահագործումից հանվելուց հետո օդանավի առաջնամասը 2015-ին փորձարկման թիրախ է ծառայել «Malaysia Airlines»-ի «Boeing 777» օդանավի՝ ուկրաինական երկնքում հրթիռից խոցվելու միջադեպն ուսումնասիրելիս:

«Միկա»- EK-32011, «Airbus A319-132», «Արմավիայի» երկրորդ «Միկան»:  

«Ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակով (Արմենակ Խանփերյանց)»- EK-32012, «Airbus A319-132»:

«Հովհաննես Այվազովսկի»- EK-32005, «Airbus A320-214», «Արմավիայի» առաջին օդանավն էր, որ այլ օպերատորների կողմից չէր շահագործվել եւ գործարանային վիճակում էր:

«Վիկտոր Համբարձումյան»- EK-32007, «Airbus A319-111», նախորդի պես «թարմ» ինքնաթիռ էր:

«Սերգեյ Մերգելյան»- EK-20014, «CRJ 200LR», «Արմավիայի» սնանկացումից հետո հանվել է աճուրդի, մինչ օրս կանգնած է «Զվարթնոցում»:

«Ալեքսանդր Մանթաշեւ»- EK-42470, «Յակ-42Դ»:

«Մարշալ Հովհաննես Բաղրամյան»- EK-32006, «Airbus A320-214»:

«Յուրի Գագարին»- EK-95015, «SSJ 100-95B», «Արմավիայի» առաջին ու միակ «Sukhoi Superjet 100»-ն էր, որը 2011-ի ապրիլի 21-ին կատարեց պատմության մեջ այս օդանավերի առաջին կոմերցիոն թռիչքը:

«Մարտիրոս Սարյան»- EK-20017, «CRJ 200LR»:

«Առնո Բաբաջանյան»- EK-20018, «CRJ 200LR»:

«Հովհաննես Այվազովսկի»- EK-73775, «Boeing 737-55S», ծովանկարչի անունը կրող երկրորդ օդանավն էր, որը ներկայում «Տարոն-Ավիայի» ինքնաթիռն է, սակայն շահագործվում է Սուդանում:

«Ֆրունզիկ (Մհեր) Մկրտչյան»- EK-95016, «SSJ 100-95B», չնայած օդանավը պատրաստ էր 2012-ին Հայաստան գալ, «Արմավիան» հրաժարվեց դրանից:     

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter