HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայ կոնյակագործների համար ՌԴ-ում նոր «անակնկալներ» են ի հայտ եկել

Ռուսաստանը վերջերս խստացրել է ներմուծվող կոնյակի որակի և անվտանգության պահանջները թե հայկական, թե այլ երկրների արտադրության կոնյակների համար։ Սահմանվել են նոր չափանիշեր և փորձաքննության նոր մեթոդներ, օրինակ՝ իզոտոպային անալիզներին վերաբերող։ Սա անորոշություն է առաջացրել հայ կոնյակագործների շրջանում, քանի որ դեռ չգիտեն՝ գործարաններում այսօր եղած հայկական կոնյակը, որը սպասում է արտահանման իր հերթին, կհամապատասխանի՞ այդ չափանիշներին, թե՞ ոչ։ Բացի այդ, նոր պահանջները ենթադրում են կոնյակի որակի, հետևաբար, նաև գնի բարձրացում, ինչից էլ առաջանում է երկրորդ հարցը՝ արդյոք ռուս սպառողները պատրա՞ստ են ավելի բարձր գին վճարել կոնյակի համար։ Հիշեցնենք, որ հայկական կոնյակի արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է։

Ըստ Երասխի գինու գործարանի (արտադրում են նաև կոնյակ և օղի) տնօրեն Ռազմիկ Թևոնյանի՝ այս պահին սպասողական իրավիճակ է։ «Այժմ ստուգումների համար նոր և թարմ լաբորատոր սարքավորումներ են հարկավոր մեզ, որ պարզենք՝ մեզ մոտ եղած կոնյակը որքանով է համապատասխանում Ռուսաստանի նոր պահանջներին։ Սարքավորումները պետք է նոր լինեն, որպեսզի կարողանանք դա հստակ պարզել և այնպես չստացվի, որ մեր երկրում կատարված փորձաքննության արդյունքներով պարզվի համապատասխանում է, իսկ Ռուսաստանում՝ չհամապատասխանի։ Իհարկե, այդ խստացումներն ինչ-որ տեղ մեզ համար կարող են ավելի լավ իրավիճակ ստեղծել, օրինակ՝ եթե Ֆրանսիայից կամ այլ երկրներից Ռուսաստան ներմուծվող կոնյակի ծավալները պակասեն, մերն առավելություն կունենա, բայց եթե ռուսաստանցին փող չունենա նորմալ և բարձր որակի կոնյակի համար, չի վճարի ու այն այդ երկրում չի սպառվի։ Մեր փորձը ցույց է տվել, որ ռուս սպառողը հիմա պատրաստ չէ բարձր գին վճարել կոնյակի համար»,- «Հետք»-ի հետ զրույցում ասաց Ռ. Թևոնյանը։

Ըստ նրա՝ այսօր Հայաստանից Ռուսաստան արտահանվող կոնյակը բարձր որակի չէ, ինչը ռուս սպառողի պահանջարկի արդյունքն է։ «Ոչ թե մենք բոլորս այստեղ որոշեցինք ցածր որակի կոնյակ արտադրել, այլ՝ դա եկավ Ռուսաստանի պահանջարկից։ Ուղղակի պետք է, գոնե, մեր երկրում սպառվող կոնյակի որակը մնար միայն բարձր մակարդակում»,- ասում է Երասխի գինու գործարանի տնօրենը։

Ըստ նրա՝ կոնյակի որակի բարձրացման պահանջները կարող են Հայաստանում խաղողագործության զարգացման համար նախադրյալներ ստեղծել։ «Եթե սկսենք բարձր որակի կոնյակ արտադրել, երկրում ստացվող խաղողի ծավալները չեն բավականացնի։ Սա կարող է զարկ տակ խաղողագործությանը, բերքի ծավալները մեծացնելուն ու ծառայեցնելուն կոնյակի արտադրությանը։ Բայց սրա համար մեր կառավարությունը պետք է արդյունավետ ծրագրեր մշակի։ Մեր գյուղատնտեսությունը հիմա սարսափելի վիճում է՝ անկումային ու բարձիթողի»,-  նշեց Ռ. Թևոնյանը։

Նրա խոսքով՝ հարկավոր է նաև Հայաստանում վաճառվող հայկական կոնյակի որակը բարձրացնել և թույլ չտալ տեղում վաճառել անորակ կոնյակ. «Հինգ տարի գործող գործարանի արտադրած կոնյակի վրա գրված է՝ 30 տարեկան։ Արդեն հասկանալի է, չէ՞, ինչ որակի մասին է խոսքը։ Կամ 5 լիտրը վաճառում են 1000 դրամով»։

Շուրջ մեկ շաբաթ առաջ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ըստ Ռ. Թևոնյանի՝ քննարկվել է նաև կոնյակի որակի բարձրացման հարցը, սակայն առայժմ որևէ հստակ ծրագրիր չկա։ Երասխի գինու գործարանի տնօրենը նաև խոսել է սահմանամերձ համայնքներում գործող գործարաններին արտոնություններ տրամադրելու մասին։

Ըստ Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանի՝ Ռուսաստանը, խստացնելով ներմուծվող կոնյակի որակի պահանջները, փորձում է ամրապնդել Ռուսաստանում արտադրվող կոնյակի դիրքը շուկայում։ Եվ ոչ միայն կոնյակի, այլև՝ տեղում արտադրվող մի շարք ապրանքների դիրքերը։ Այդպիսով, Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում արտաքին շուկաներից կախվածությունը նվազեցնելու և Արևմուտքի սահմանած տնտեսական պատժամիջոցներից հնարավորինս քիչ տուժելու համար։ Կոնկրետ կոնյակի մասով Հայաստանի համար Ա. Հարությունյանը նաև դրական կողմ է տեսնում՝ Հայաստանը ստիպված կլինի նոր շուկաներ որոնել և բարձրացնել որակը:

«Մերոնք դեռ որակապես պատրաստ չեն կոնյակի որակի զգալի փոփոխությունների։ Ռուսաստանը կտրուկ, միակողմանի փոխել է խաղի կանոնները։ Սկսել է ստուգել մեր կոնյակն այնպիսի մեթոդներով, որոնք որ իր մոտ անգամ չկային։ Խոսքը իզոտոպային անալիզների մասին է՝ 13C, 18O, 2H: Եթե 13C-ի մասով մենք նախապատրաստվել էինք ու գիտեինք, ապա մյուս երկուսի մասով մեզ համար անսպասելի էր, մեր արտադրողները պատրաստ չեն այդ չափանիշներին։ Այսինքն՝ դու, չիմանալով որ գնորդ երկիրը որոշել է նոր չափանիշեր սահմանել, քո և նրանց ունեցած տեխնոլոգիայով և չափանիշերով արտադրում ես, հանկարծ նոր մեթոդ են քեզ հրամցնում։ Ասում են՝ այսուհետ մենք ստուգելու ենք նոր մեթոդով։ Եվ դա այն դեպքում, երբ ոչ քեզ, ոչ իր մոտ այդ մեթոդը չկար։ Սա արդեն լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում ՌԴ կոնյակ ներմուծողներին։ Այդ երկիրն այսպես է արձագանքում պատժամիջոցներին, խստացնում է, որ իր ապրանքը ներքին շուկայում ավելի բարձր դիրքերում գտնվի»,- «Հետք»-ի հետ զրույցում նշեց Ա. Հարությունյանը։

«Ռուսաստանի սահմանած նոր պահանջներին համապատասխան հետազոտություններ ոչ Հայաստանում, ոչ էլ Ռուսաստանում երբևէ չեն կատարվել։ Շատ արագ որոշեցին՝ խախտելով իրենք իրենց ներքին օրենսդրությունը։ Իհարկե, մենք դեռ չգիտենք՝ գուցե, մեր ամբողջ կոնյակն էլ համապատասխանի դրանց, գուցե՝ ոչ։ Գուցե մեծ մասը համապատասխանի, փոքր մասը՝ ոչ։ Անորոշ իրավիճակ է։ Հիմա և իրենք կսկսեն ստուգել, և մենք, ու կես տարի հետո նոր միայն պարզ կլինի դա։ Տրամաբանությունը հուշում է, որ կատաստրոֆիկ բաներ չեն լինի»։

2016 թվականին Հայաստանից կոնյակի արտահանումը թռիչքային աճ է գրանցել

Ըստ ՀՀ մաքսային ծառայության տվյալների՝ 2016 թվականին Հայաստանից արտահանվել է շուրջ  20.8 մլն լիտր, որի ընդհանուր մաքսային արժեքը կազմել է 150.4 մլն դոլար։ 2015 թվականի համեմատ կոնյակի արտահանման քանակն աճել է մոտ 8.9 մլն լիտրով կամ 74%-ով։ Իսկ մաքսային արժեքն աճել է 44.5 մլն դոլարով կամ 42%-ով։

Միևնույն ժամանակ աճել է նաև կոնյակի արտադրությունը։ Տարեկան աճը կազմել է 27%: Սակայն նշենք, որ գլխավորապես արտահանվում է ոչ թե այդ տարվա արտադրության կոնյակը, այլ՝ նախորդ տարիներին կուտակվածը։

Ըստ Ավագ Հարությունյանի՝ կոնյակի արտահանման աճը մեծ մասամբ պայմանավորված է երկու գործով։ Առաջինը, որ նախորդ տարիներին կուտակված խմիչքն է արտահանվում։ 2014 թվականից սկսած, երբ Արևմուտքը Ռուսաստանի նկատմամբ տնտեսական կոշտ պատժամիջոցներ սահմանեց ու ռուսական ռուբլին թուլացավ, ռուս բնակչության գնողունակությունն էլ ընկավ, մի շարք հայ կոնյակագործներ հրաժարվեցին կոնյակ արտահանել Ռուսաստան, քանի որ հակառակ դեպքում աշխատելու էին վնասով։ Դրանց հետևանքով 2015-ին Հայաստանում կտրուկ նվազեց  կոնյակի և´ արտադրությունը, և´ արտահանումը։ Իսկ նախորդող տարիներին կուտակված կոնյակը սկսեցին մեծ թափով արտահանել 2016 թվականից, երբ ավելի բարենպաստ պայամաններ են Ռուսաստանում։  

Նաև մամուլում ու գործարար շրջանակներում հայտնվեցին տեղեկություններ, որ Կառավարությունը ստիպում է կոնյակագործներին արտահանել եղած կոնյակը՝ ակնարկելով, որ հակառակ դեպքում արտադրողների համար խոչընդոտներ կլինեն։

Իսկ աճը պայմանավորող երկրորդ գործոնն, ըստ Ա. Հարությունյանի, վիճակագրության մեթոդաբանության հետ կապված սխալ է. «Կոնյակի սպիրտն ու արդեն պատրաստի կոնյակը ներկայացվում են նույն ցուցանիշի ներքո»։

Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր տնտեսական պատժամիջոցները կարող են  բացասական ազդեցություն ունենալ կոնյակի արտահանման վրա։ Սակայն, ըստ կոնյակագործների, դա կզգացվի միայն եկող տարվա կեսերից։

 Արտադրության ցուցանիշները՝ ըստ ՀՀ ԱՎԾ, արտահանման ցուցանիշները՝ ըստ ՀՀ մաքսային ծառայության

Մաքսային ծառայությունը կոնյակը ներկայացում է հետևյալ տողով՝  «Էթիլային սպիրտ, չբնափոխած, <80 2015="" p="">

Կոնյակի արտահանման աճը շարունակվել է նաև այս տարի։ Կրկին, ըստ Մաքսային ծառայության տվյալների, այս տարվա առաջին կիսամյակում արտահանվել է 13.6  մլն լիտր կոնյակ՝ 95.8 մլն դոլար մաքսային արժեքով։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ արտահանման քանակն աճել է 3.5 մլն լիտրով կամ 35%-ով, իսկ մաքսային արժեքը՝ 24.5 մլն դոլարով կամ 34%-ով։  Մաքսային արժեքը ներառում է հիմնականում արտահանման երկրում ապրանքների ձեռքբերման գինը,  տեղափոխման  ու ապահովագրման ծախսերը։

Նկատենք, որ նախորդ տարի արտահանված կոնյակի ֆիզիկական ծավալներն ավելի մեծ տեմպերով են աճել, քան մաքսային արժեքը։ Դա նշանակում է, որ մեկ լիտրի միջին գինն ավելի ցածր է եղել, քան 2015 թվականին։ Իսկ այս տարի աճել են գրեթե նույն տեմպերով, ինչն էլ ցույց է տալիս, որ միջին գինն էապես չի փոփոխվել։

Հայաստանից արտահանվող կոնյակի 90%-ից ավելին առաքվում  է Ռուսաստան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter