HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Բջջային կայանները տասնյակ միլիոնների եկամուտ են ապահովում համայնքների ղեկավարների համար

Համայնքային բյուջեներում դրամական շոշափելի մուտքեր ապահովելու միջոցներից մեկը` բջջային օպերատորներին կայաններ տեղակայելու նպատակով տրամադրված տարածքներից գանձվող վարձավճարներն են: Դրանց միջինացված արժեքը տարեկան 1000 ԱՄՆ դոլար է, որոշ համայնքներում մեկ կայանի տարեկան վարձավճարը մինչեւ 3000 դոլարի է հասնում:

Ավելի քան 50 համայնքներում մեր կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ բջջային կայաններից գանձվող վարձավճարները քիչ դեպքերում են համայնքային բյուջե ուղղվում: Երջանիկ «պատահականությամբ» կայաններ տեղադրելու նպատակով բջջային օպերատորների նախընտրած հողատարածքների սեփականատերը կամ վարձակալը համայնքների ղեկավարներն են լինում կամ համայնքների հետ գործնական հարաբերություններ ունեցող այլ պաշտոնյաներ:

Ներկայիս խոշորացված Նոյեմբերյան համայնքում (միավորվել են 9 բնակավայր) բջջային կայաններից 8-ը ֆիզիկական անձանց կամ կազմակերպություններին պատկանող տարածքում է տեղադրված, իսկ 7-ը` համայնքային հողատարածքում: Նոյեմբերյան քաղաքում տեղադրված է 2 կայան, 2-ն էլ մասնավոր անձի հողատարածքում: Դրանցից մեկը Նոյեմբերյանի նախկին քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի դստեր` Արփինե Ամիրաղյանի սեփական հողատարածքում է տեղադրվել: Վանուշ Ամիրաղյանը 2014 թ. հուլիսի 18-ին տեղի ունեցած աճուրդի հաղթող է ճանաչել դստերը եւ մոտ 200 քմ արոտավայրը 45 760 դրամով վաճառել է նրան, որտեղ էլ կարճ ժամանակ անց «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն կառուցել է հեռահաղորդակցության կայանը:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ի հեռահաղորդակցության կայանը 2008 թ.-ին տեղադրվել է Տավուշի մարզի Ջուջեւան գյուղի նախկին ղեկավար Ջահան Իսրայելյանի սեփական հողատարածքում:

Սյունիքի մարզի բազմաբնակավայր (5 գյուղ է միավորված) Լեռնաձոր համայնքում, համայնքի ղեկավար Ստեփան Պետրոսյանի տրամադրած տեղեկատվության համաձայն, 4 բջջային կայան է տեղադրված: Լեռնաձորի երկարամյա ղեկավարը (ղեկավարում է 32 տարի) հայտնում է, որ համայնքում առկա 4 հեռահաղորդակցության կայանները տեղադրելու համար օպերատորները հողամասերի վարձակալության պայմանագրերը կնքել են համայնքապետարանի հետ:

Իրականում համայնքապետարանից հողատարածքները վարձակալել են ոչ թե օպերատորները, այլ ֆիզիկական անձինք եւ ենթավարձակալության են հանձնել բջջային օպերատորներին: Վարձակալներից մեկը Սյունիքի մարզի կադաստրի նախկին ղեկավար Հենրիկ Համբարձումյանն է, որն արդեն մահացել է, սակայն վարձակալության պայմանագիրը չի լուծվել: Մյուս վարձակալը համայնքի ղեկավար Ստեփան Պետրոսյանի որդին է: Երրորդ վարձակալը կադաստրի անշարժ գույքի պետական կոմիտեի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Գագիկ Աղախանյանի կինն է` Կապան քաղաքի բնակչուհի Աիդա Ղուկասյանը:

Լեռնաձոր համայնքի ավագանին 2014 թ.-ի սեպտեմբերի 5-ի N 35-Ա որոշումով համայնքային սեփականություն համարվող 225 քմ հողամասը հրապարակային սակարկություններով տրամադրել է վարձակալության: Համայնքի ղեկավարի 2014 թ.-ի հոկտեմբերի 8-ի N 121-Ա որոշումով մրցույթի հաղթող է ճանաչվել Աիդա Ղուկասյանը: Վերջինս հողատարածքը Լեռնաձորի համայնքապետարանից վարձակալել է 25 տարի ժամկետով, տարեկան 3700 դրամ վարձավճարով, գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով: Սակայն կարճ ժամանակ անց հողամասը ենթավարձակալության է հանձնել «Վիվասելլ-ՄՏՍ»-ին՝ հեռահաղորդակցության կայան տեղադրելու նպատակով:

Աիդա Ղուկասյանը նաեւ «Գեւագ» ՍՊԸ-ի սեփականատերն է, որը գործունեություն է իրականացնում ճարտարապետության բնագավառում՝ բնակելի, հասարակական եւ արտադրական նշանակության շինություններ է նախագծում, որոնք պատվիրատու կառուցապատողը պետք է ներկայացնի կադաստրի հաստատմանը: Այսինքն, կադաստրի մարզային ղեկավարը հաստատում է իր կնոջ կազմակերպության ներկայացրած նախագծերը:

Գառնի գյուղում 3 բջջային կայան է տեղադրված, որից 2-ը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ Ucom-ի կայանները տեղադրված են համայնքի նախկին ղեկավար Աշոտ Վարդանյանի կնոջ վարձակալած հողատարածքում:

2006 թ.-ի մարտի 31-ին հողի մրցութային վարձակալության պայմանագրով նա 1400 քմ գյուղնշանակության հողամասը հանձնել է իր կնոջը` Արզուքան Ստեփանյանին` 25 տարի ժամկետով, տարեկան 3000 դրամ վարձավճարով:

2006 թ.-ի ապրիլի 18-ին Ա. Ստեփանյանն այդ հողամասից 200 քմ ենթավարձակալության է հանձնել «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ին («ՎիվաՍել-ՄՏՍ»)` 10 տարի ժամկետով, ամսական 40 000 դրամ վարձավճարով (տարեկան 480 000 դրամ):

Չորս տարի անց` 2010 թ.-ի մայիսի 24-ին, նույն հողատարածքից 140 քմ 10 տարի ժամկետով, ենթավարձակալության պայմանագրով հատկացրել է «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ին (ներկայումս՝ Ucom) ամսական 70 000 դրամ վարձավճարով (տարեկան 840 000 դրամ):

Վարձակալված հողատարածքը նախկին համայնքապետին տարեկան մոտ 3000 դոլարի եկամուտ է ապահովում, որից 3000 դրամն է բաժին հասնում համայնքային բյուջեին:

Միայն «Արմենիա» ՀՁ ՓԲԸ-ն է բջջային կայան տեղադրելու նպատակով հողի վարձակալության պայմանագիրը կնքել համայնքապետարանի հետ: Գառնիի նախկին համայնքապետ Աշոտ Վարդանյանը 03.02.2004 թ.-ին 200 քմ գյուղնշանակության հողատարածքն ընկերությանը վարձակալությամբ տրամադրել է 50 տարի ժամկետով` տարեկան 100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Նշենք միայն, որ վարձավճարի այս չափը բջջային օպերատորները վճարում են մեկ ամսվա համար, ոչ թե տարվա: Դրա ապացույցը նաեւ Գառնիի նախկին համայնքապետի կնոջ կնքած պայմանագրերն են մյուս երկու օպերատորների հետ:

Բջջային օպերատորների հետ այսպիսի շահավետ գործարքներ կնքած համայնքապետերի ցանկը շատ երկար է, սակայն համայնքային բյուջեներին պատճառված վնասը միայն տասնյակ միլիոնների վարձավճարը յուրացնելը չէ:

Բջջային կայանները հիմնականում, տեղադրված են գյուղնշանակության հողատարածքներում: Համայնքապետարանները դրանք պետք է փոխեին էներգետիկ նշանակության հողատարածքների՝ մինչեւ բջջային օպերատորներին վարձակալության տրամադրելը կամ վաճառելը: Սակայն շրջանցել են օրենքի պահանջը, կադաստրն էլ օրենքի խախտումով գրանցել է այդ պայմանագրերը: Օրինակ, Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի հայտնի հնավայրը կադաստրի քարտեզներում այլ բան չէր կարող լինել, եւ արգելվում է այն այլ նպատակով օգտագործելը, բայց աշտարակը հնավայրում տեղադրել են առանց տարածքը պեղելու:

Հողերի նպատակային նշանակությունը չի փոփոխվել երկու պատճառով՝ հողի կարգը փոփոխելը ծախսեր է պահանջում, բացի այդ, էներգետիկ նշանակության հողատարածքի կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան գյուղնշանակությանը: Հետեւաբար, վարձակալը կամ սեփականատերը հետագայում պետք է ավելի բարձր հարկ վճարեր:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այս տարվա հունվար ամսին հանձնարարական է ուղարկել համայնքներին՝ առաջարկելով աջակցել «ԱրմենՏել» ՓԲԸ եւ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերություններին՝ փոխելու հողամասերի նպատակային նշանակությունը, տարածքներն օտարել ընկերություններին, որից հետո նրանք հողի հարկը կվճարեն սահմանված դրույքաչափերով:

Այս գրության համար հիմք է հանդիսացել նախարարին հասցեագրված «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության ղեկավարի նամակը, որով նա դժգոհություն է հայտնել հողահատկացման երկարատեւ գործընթացից, բազմաբնակարան շենքերի սեփականատերերի եւ համատիրության միջեւ առկա տարաձայնություններից, որի պատճառով, նրա ասելով` «անհնարին է դառնում համատիրության հետ պայմանագրի կնքումը եւ բջջային կայանի տեղադրումը, էականորեն հետաձգվում է կառուցապատման աշխատանքների իրականացումը, ինչն էլ հանգեցնում է բջջային կապի ցանցի ընդլայնման եւ մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ուղղված նախագծերի իրագործման ուշացնելուն»:

Համայնքներում, ինչպես երեւում է, առանձնապես չեն կարեւորել նախարարի հանձնարարականը, 8 ամիս է անցել, սակայն հողերի կարգավիճակը փոփոխելու որոշումներ չեն կայացնում: Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված է բջջային օպերատորներին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքների կարգը, որոնցում տեղադրված են բջջային կայանները: Նշված համայնքներում ավագանիները հողերի նշանակությունը փոխելու որոշումներ չեն կայացրել:

Համայնք

օպերատոր

թվական

հողի կատերգորիան

հողի չափը

Ջրառատ (Արմավիր)

«Արմենիա» ՓԲԸ

2012

գյուղնշանակության

200 քմ

Դիլիջան

«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ

2012

բնակավայրի հող

200 քմ

ք. Ագարակ

«Յուքոմ» ՍՊԸ

2013

գյուղատնտեսական

200 քմ

ք. Վայք

2013

բնակավայրի

200 քմ

Ազատեկ (Վայոց ձոր)

2013

արտադրական

200 քմ

Ուրցաձոր

«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ

2014

գյուղ. արոտ

100 քմ

Դիլիջան

«Յուքոմ» ՍՊԸ

2014

հասարակ. կառուցապատման

533,7 քմ

ք. Նոյեմբերյան

«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ

2014

արոտավայր

200 քմ

Եղիապատրուշ (Արագածոտն)

«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ

2016

գյուղատնտեսական

150 քմ

Արագած, (Արագածոտն)

«Յուքոմ» ՍՊԸ

2016

բնակավայրի այլ հող

200 քմ

Բացառություն է թերեւս Ապարան համայնքը, որտեղ ավագանին վերջին ամիսներին հողակտորի նպատակային նշանակությունը փոխելու մեկ որոշում է կայացրել: Այս տարվա հունիսի 20-ին «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ին վարձակալական հիմունքներով պատկանող 0,01 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորի նպատակային նշանակությունը փոխվել է էներգետիկ նշանակության` «հիմք ընդունելով համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter