ՈՒրբաթ, 22 սեպտեմբերի

Հայաստանի ընտրանին ֆուտբոլ է խաղում առավելագույնը մեկ խաղակես. այդքան է կարողանում



Հայաստանի հավաքականը վերջին 3 պաշտոնական խաղերում նույնքան պարտություն է կրել, 2 գոլ խփել ու ընդունել 9-ը: Այս հանդիպումների ժամանակ Արթուր Պետրոսյանի թիմը առավելագույնը մեկ խաղակես է նորմալ ֆուտբոլ խաղացել, դրանից հետո թիմն առաջին հերթին ֆիզիկապես սկսել է զիջել մրցակցին ու արդյունքում տանուլ տվել խաղը կամ էլ պարտվել խոշոր հաշվով:

Բուխարեստում Ռումինիային պարտվելուց հետո, երբ մեր թիմը 40 րոպե խաղում էր 10 հոգով, Արթուր Պետրոսյանը ավելացված ժամանակում բաց թողած գոլը համարեց հոգնածության արդյունք, իսկ Երեւանում նշեց, որ, իր կարծիքով, վերջին րոպեներին գնդակ ընդունելը հոգեբանական հարց է: Դանիային Երեւանում 1-4 պարտվելուց հետո էլ գլխավոր մարզիչն ասաց, թե «երբ հոգնածության ֆոնին երկրորդ խաղն ես անցկացնում, ու լինում են գնդակի կորուստներ, որից հետո ամբողջ թիմով հետ պիտի վազես, գալիս է ժամանակ, որ ուժերդ էլ չեն բավականացնում»:

Այսքան բան ասելուց (իրավացիորեն) առաջ Պետրոսյանը չի խոսում մի կարեւոր բանի մասին. թիմը ֆիզիկապես ու հոգեբանորեն անպատրաստ է: Տեսեք՝ մեր խմբի հետնապահ Ղազախստանը վերջին երկու խաղում 0-3 հաշվով զիջել է Մոնտենեգրոյին ու Լեհաստանին: Բայց այդ հանդիպումները դիտած մեկը չի կարող ասել, թե ղազախները պարտվել են հոգեբանորեն ու ֆիզիկապես, նրանց ուղղակի չեն բավականեցրել կարգը, հմտությունները, սակայն միջինասիացիները նույնիսկ 3 գոլ ընդունելուց հետո այնքան ջանասիրաբար էին վազում ու փորձում գնդակ խլել, գրոհ կազմակերպել, որ, անկեղծ ասած, նախանձ էր շարժում: Իսկ մենք, որ, թվում է, նրանցից կարգով ավելի բարձր ենք, բողոքում ենք ֆիզիկական ու հոգեբանական վիճակից:   

Պատահական չէ, որ Պետրոսյանը շեշտում է ակումբներում պատրաստվածության հարցը: Հավաքականի մարզչական շտաբի աշխատանքի ամենադժվար կետերից մեկն այն է, որ մշտական վերահսկողություն չի կարող ունենալ ֆուտբոլիստների վրա: Ազգային ընտրանու մարզիչը չի կարող մի քանի օրով հավաքի եկած խաղացողին ֆիզիկական պատշաճ մակարդակի բերել, եթե նա իր ակումբում ամեն օր պարապում է այնքան, որ միջազգային խաղերում դիմանում է ընդամենը 15-30 րոպե: Ընտրանու մարզիչը չի կարող 24 տարեկան Կամո Հովհաննիսյանին սովորեցնել, թե ինչպես պիտի դրիբլինգի դիմելիս գնդակը մետրերով իրենից առաջ չթողնի, կամ 27-ամյա Արտակ Եդիգարյանին սովորեցնել, որ գնդակը չի կարելի այնպես կոշտ կասեցնել, որ հայտնվի քեզնից մի քանի մետրի վրա կանգնած մրցակցի մոտ: Այդուհանդերձ, կան բաներ, որ հավաքականի մարզիչները, թերեւս, կարող էին շտկել: Օրինակ՝ խաղացողների հետ հոգեբանական լուրջ աշխատանք կատարել, ներշնչել, որ կարող են խաղալ ու դրական արդյունքի հասնել թեկուզ 10 հոգով: «Հոգեբանական առումով շատ կարևոր է, որ թիմը հասկանա, որ թեկուզ տասը հոգով մենք դեռ շանսեր ունենք»,- ռումինների հետ խաղից հետո ասել էր Պետրոսյանը, սակայն երեւանյան վերջին մրցավեճում հայերի դժգույն ու անվստահ գործողությունները հատկապես երկրորդ կեսում, երբ զիջում էին 1-2, հուշում են, որ ֆուտբոլիստները շարունակում են հոգեբանական արգելքներ ունենալ: Գաճաճ Լյուքսեմբուրգը հաստատ ֆրանսիացիների պես ոչ ֆիզիկական, ոչ էլ տեխնիկական կամ տակտիկական պատրաստվածություն ունի, սակայն Փարիզում սկանդալային 0-0 արդյունքի հասավ: Նվիրվածության, անձնազոհ խաղի շնորհիվ:

Մեր հավաքականի վերջին 3 խաղերում չենք տեսել այդ ավյունը, ջանքը, եռանդը, մարզական չարությունը: Խամրած, հոգնած, թմրած խաղով առաջ չես գնա, ֆիզիկապես անպատրաստ լինելու դեպքում կդիմանաս շատ-շատ մեկ խաղակես, իսկ հետո կսկսվի տառապանքը:

Դանիացիները երբեք այսքան հեշտ հաղթանակ չէին տարել Երեւանում: Դրա մասին գիտեինք թե մենք, թե նրանք: Երբ 6-րդ րոպեին Կորյանը Կ. Հովհաննիսյանի փոխանցումից հետո հեռահար դիպուկ հարվածով անակնկալի բերեց Շմեյխելին, հույս ծագեց, թե դանիացիների խոփը կարող է կրկին քարին դեմ առնել: Բայց դանիացիներն իրենց կարգի շնորհիվ շտկեցին իրավիճակը: 17-րդ րոպեին Դիլեյնիի առաջին գոլը կենտրոնական պաշտպանների սխալի հետեւանք էր: Պետրոսյանը Ոսկանյանի որակազրկումից հետո հագեցրել էր պաշտպանությունը. կենտրոնում Համբարձումյանը, Հարոյանն ու Անդոնյանն էին, ձախ եզրում՝ Հայրապետյանը, աջից՝ Հովհաննիսյանը: Եզրայիններն առաջադրանք ունեին գրոհելիս գործել առաջ քաշված, պաշտպանվելիս՝ նահանջել: 17-րդ րոպեին Համբարձումյանը շուտ ցատկեց օդից գնդակը դիմավորելիս ու սխալվեց՝ միաժամանակ ազատ թողնելով Դիլեյնիին, որն էլ առանց հսկողության գլխով խոցեց Մելիքսեթյանին:

Բարձրահասակ դանիացիներն ակնհայտ առավելություն ունեին օդում, ինչից օգտվեցին: Անդոնյանն ու Հարոյանը մեկ րոպեում երկու անգամ ազատություն տվեցին ձեռքերին Կորնելուսի հետ օդային պայքարում ու դեղին քարտ ստացան: Երկուսն էլ բաց են թողնելու լեհերի հետ հոկտեմբերի 5-ին Երեւանում կայանալիք խաղը: Ահա եւ նոր «նվեր» առանց այդ էլ խնդիրների մեջ թաթախված հավաքականին: Ամեն խաղում կադրային պրոբլեմներ ենք ունենում: Մեկը որակազրկումից վերադառնում է, մյուսն է որակազրկվում: Հոկտեմբերին կվերադառնա Ոսկանյանը, բայց նշված երկուսը չեն լինի: Եթե գլխացավանքի պես մի բան դարձած Անդոնյանի տեղը կարելի է լրացնել, ապա Հարոյանն այս պահին շատ կարեւոր խաղացող է, բայց իր իսկ սխալների զոհն է դառնում: Դեղինների պատճառով նա բաց էր թողել նաեւ Մոնտենեգրոյի հետ արտագնա մրցավեճը: Այսինքն՝ վերադառնալով երկու խաղում երկու զգուշացում ստացավ, ու նորից նույն պատկերը կլինի: Դեղին քարտից «կախված լինելով»՝ խաղացողը պիտի գիտակցեր իրավիճակը: Անդոնյանի խախտումից հետո տուգանայինների հայտնի վարպետ Էրիկսենի հարվածն իր վրա ընդունեց պատը, սակայն երկրորդ դեպքում դանիացին դիպուկ գտնվեց, Մելիքսեթյանը նորից չհասավ գնդակին: Թվում է, թե բարձր ցատկելու դեպքում այս անգամ էլ պատը կարող էր շեղել գնդակի ուղղությունը:

29-րդ րոպեին արձանագրված 2-1-ը դանիացիներին հնարավորություն տվեց այլեւս չլարվել, խաղալ կես շնչով: Պարզապես պետք էր պահել գնդակը, խաղարկել, ժամանակ սպանել, հնարավորության դեպքում էլ ավելացնել առավելությունը, քանզի մեկ գնդակի տարբերությունը հաղթանակ չէր երաշխավորում նախկինում իրենց «ոտք գցած» հայերի նկատմամբ:  

Հյուրերի նպատակը մերոնց ազատ տարածություններից զրկելն էր, բայց եթե Պետրոսյանի սաները գործեին արագ, գրոհ ձեռնարկելիս բացվեին ամբողջ դաշտի լայնքով, խաղն այլ ընթացք կունենար: Պաշտպանությունից դուրս գալ գրեթե չէր ստացվում, փոխանցումները ոչ թե ուղղահայաց էին՝ դեպի առաջ, այլ հորիզոնական՝ դաշտի երկայնքով, կամ էլ՝ հետ: Պատճառն այն էր, որ բարձրահասակ սկանդինավներին երկրորդ հարկում պարբերաբար զիջելուց հետո մեր խաղացողներն այլեւս կաշկանդվում էին թեկուզ հսկողությունից դուրս մնացած ընկերոջը երկար փոխանցում կատարել, չի բացառվում, որ նաեւ չէին նկատում ու նախընտրում էին գնդակի խաղարկումը թիկունքում, իսկ ժամանակն աշխատում էր հյուրերի օգտին: Գնդակի կասեցում, մշակում, փոխանցում կամ հարված. սա ֆուտբոլի անկյունաքարերից մեկն է, բայց նշվածներից մեկնումեկը մերոնց մոտ չէր ստացվում: Սխալների կամ էլ դրանք չգործելու հոգեբանական արգելքի եւ հապաղման արդյունքում մրցակիցը կարողանում էր վերադասավորվել, դիմել պրեսինգի հենց մեր կիսադաշտում, խլել գնդակն ու անցնել նոր գրոհի:

Պատահական չէ, որ դանիացիների գլխավոր մարզիչը շեշտել է հայերի բաց թողած ազատ տարածությունները, որն էլ օգտագործել են իրենք: Ֆիզիկապես զիջող մեր խաղացողները չէին կարողանում փակել բոլոր գոտիները կամ փոխանցման ժամանակ ճիշտ դիրք ընտրելու հաշվին առավելություն ստանալ: Ռումինների հետ խաղի մասին նախորդ հոդվածում նշել ենք, որ անչափ կարեւոր է ֆուտբոլիստների՝ իրենց ուսերին պատասխանատվություն վերցնելը, ինչի պակասը կար նաեւ այս անգամ: Օրինակ մի դրվագ. ձախ եզրում իր առջեւ ազատ տարածություն ունենալով՝ Դաղբաշյանը ոչ թե առաջ գնաց, այլ փոխանցում կատարեց հարեւանությամբ գտնվող Մխիթարյանին: Նախորդ հանդիպման համեմատ Երեւանում Հենոն ավելի «տեսանելի» էր, բայց նա էլ մյուսների պես մարդ է ու չի կարող բոլորի տեղն աշխատել: Նրան տեսանք պաշտպանությունում, կիսապաշտպանությունում, գրոհելիս, քիչ հանդիպող երեւույթ՝ դեղին քարտ ստանալիս… Տպավորություն կար, որ հատկապես իր հանդեպ խախտումներից հետո շոտլանդացի գլխավոր մրցավարին ուղղված բողոք-պահանջների նմանությամբ Հենրիխը մի քանիսն էլ կուզենար ուղղել թիմակիցներին, ինչի իրավունքը որպես ավագ հաստատ ուներ: Թերեւս զայրացած Հայաստանի հավաքականի անթասիբ (մեր ընտրանու նախկին ղեկավար Սարգիս Հովսեփյանի կիրառած տերմինն է) խաղից՝ Մխիթարյանը վայրկյան առաջ լքեց խաղադաշտը: Սակայն ճիշտ կլիներ, եթե հենց նա խաղընկերներին հորդորեր մոտենալ տրիբունաներին ու ներողություն խնդրել վատ խաղի համար: Չէ՞ որ հենց Արթուր Պետրոսյանն էր կոչ արել գալ խաղադաշտ ու «դրական լիցքեր հաղորդել թիմին»: Երկրպագուները նվազագույնը դրան արժանի էին:  

Խաղի ընթացքում մերոնք 3 հարված են կատարել Շմեյխելի դարպասին (Ադամյան, Կորյան, Եդիգարյան), մրցակցի ցուցանիշը 7 է, որից 4-ի դեպքում գնդակը մտել է դարպասը: 82-րդ րոպեին Դիլեյնիի հեռահար հարվածի ժամանակ եւս Մելիքսեթյանին չենք կարող մեղադրել: Հարվածը կատարվեց այնտեղից, որտեղ պիտի պատնեշ ստեղծեին հենակետայիններ Եդիգարյանն ու Գրիգորյանը, բայց ոչ ոք չկար: 3-1 հաշիվն ապահովագրված հաղթանակ էր, ու թվում էր, թե ամեն ինչ այդպես կավարտվի: Սակայն հիմնական ժամանակին ավելացված 3-րդ րոպեին Դիլեյնին անկյունայինի խաղարկումից հետո առանց խոչընդոտի գլխով հեթ-տրիկ ձեւակերպեց: Այս գոլի մեղավորը ոչ միայն պաշտպանական գիծն էր, այլեւ դարպասապահ Մելիքսեթյանը, որն ապահովագրության համար ձախ դարպասաձողի մոտ խաղացող չէր կանգնեցրել, ու ինքն էլ չհասցրեց արձագանքել հարվածին՝ 1-4:             

Հավաքականի շարունակական վատ ելույթները, որոնց ականատես են դառնում դեռ նախորդ՝ «Եվրո-2016»-ի շրջափուլից, հայկական ֆուտբոլում հրատապ համակարգային փոփոխություններ անելու շատ լուրջ ահազանգ են:

Խոսքն առաջին հերթին վերաբերում է մեր ակումբային ֆուտբոլին: Ելնելով՝ ազգային հավաքականի ու նաեւ եվրագավաթներում փոքրիշատե հաջողության ձգտող իրենց թիմերի շահերից՝ ակումբների մարզիչները պիտի ավելացնեն ֆուտբոլիստների ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Երբ «Արարատի» լեգենդ Արկադի Անդրեասյանն օրը երկու պարապմունք է անցկացնում ու քամում իր խաղացողներին, ոմանց դա զարմացնում ու զայրացնում է, բայց Անդրեասյանն ինքն է ժամանակին այդպիսի հագեցած մարզումների մասնակից եղել ու առաջին հերթին դրա շնորհիվ է «Արարարտը» միջակ թիմից հասել ԽՍՀՄ չեմպիոնի ու գավաթակրի մակարդակին: Դրան հավելենք, որ ժամանակները փոխվել են, 1970-ականների համեմատ ֆուտբոլը դարձել է շատ ավելի արագ, մրցակցային խաղ, որտեղ շատ են մենապայքարները, խաղացողների միջեւ կոշտ կոնտակտը:

Բարձրագույն խմբի առաջնությունում չնայած 6 թիմ է հանդես գալիս, սակայն դա չպիտի խանգարի ակումբներին դրսից հրավիրել այնպիսի լեգեոներների, որոնք կարող են համ ու հոտ տալ առաջնությանը: Ճիշտ է՝ դժվար է ակնկալել, որ դրանք կլինեն բարձրակարգ խաղացողներ, քանի որ կա գումարի եւ առաջնության որակի հարց, սակայն ինչպես տեսել ենք «Շիրակում» հանդես եկած աֆրիկացիների կամ, ասենք, ալաշկերտցի Հեբերի օրինակով, լեգեոներները կարող են լինել առնվազն պոտենցիալ ունեցող խաղացողներ, որոնք «կբացվեն» Հայաստանում: Նրանց ներկայությունը տեղացի երիտասարդների կողքին վերջիններիս կօգնի աճ գրանցել, այլ ոչ թե տապակվել սեփական յուղի մեջ՝ դոփելով տեղում: Հայկական ակումբների տերերը հասկացել են, որ բացառապես սեփական ակադեմիաների պատանեկան կադրերին վստահելն անարդյունավետ է, առանց որեւէ խթանի նրանք երկար ժամանակ շարունակում են խաղալ նույն թիմում ու հետաճ ապրել՝ այդպես էլ չտեղափոխվելով կամ բավականին ուշ տեղափոխվելով արտերկրի ավելի բարձրակարգ առաջնություններ:

Հայկական ֆուտբոլում վաղուց ժամանակն է ներդնել մարզական հոգեբանների ինստիտուտը՝ նախեւառաջ հաշվի առնելով հայկական մենթալիտետը՝ քրտնաջան չաշխատելու, չմարզվելու հանդեպ հակումը, սակայն միաժամանակ բարձունքների հասնելու անմար երազանքը: Եթե Մխիթարյանն այսօրվա հայկական ֆուտբոլի էտալոնն է, նրա մակարդակին հասնել ցանկացող պատանի-երիտասարդները պիտի գիտակցեն, որ միակ ճանապարհը աշխատանքն է՝ մարզվել, մարզվել ու նորից մարզվել (տաղանդին չենք անդրադառնում, քանի որ դա մարդու կամքից անկախ բան է): Հոգեբանների ու մարզիչների աշխատանքի հիմնական թիրախներից մեկը պիտի լինի ուժեղ թիմերի հանդեպ վախի, երկչոտության զգացողության հաղթահարումը, իսկ պարտվելիս՝ մինչեւ վերջ պայքարելու ձգտումը, հաղթանակի կամ դրական արդյունքի հասնելու հավատը: Մարզիչների կողմից պակաս կարեւոր չէ դաստիարակչական բնույթի որոշ քայլերի ձեռնարկումը, ինչպիսին, որքան էլ տարօրինակ հնչի, մասնավորապես, երկրի օրհներգը սովորելն ու կատարելն է, այլ ոչ թե ազգային թիմ ներկայացնող որոշ խաղացողների պես բերանը բացուխուփ անելը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պիտի հասկանա, որ ինչքան էլ ինքը փորձի համոզել լրագրողներին, թե կոլեկտիվում ամեն ինչ իդեալական է, դրան շատերը չեն հավատում, երկրորդ՝ լրագրողներին ու երկրպագուներին առաջին հերթին հետաքրքրում են թիմի ցույց տված ֆուտբոլն ու արդյունքը: Եթե չկա ոչ մեկը, ոչ մյուսը, մնացածը փուչ խոսքեր են: ՀՖՖ նախագահը պիտի աշխատանքային ազատություն տա տարիքային եւ ազգային հավաքականների մարզչական շտաբներին, որոնք վարձատրվում են դրա համար եւ գոնե թղթի վրա համարվում են իրենց գործի գիտակ: Նրանք պիտի ընտրեն այն խաղացողներին, ում կուզեն տեսնել թիմում, իսկ անկարգապահներին որեւէ կերպ պատժելու լիազորությունը եւս բացառապես մարզիչներինը պետք է լինի: «Սեւ ցուցակներն» ու «քանի ես եմ նախագահը, այսինչն ու այնինչը հավաքականում չեն խաղալու» գործելաոճը վաղուց ապացուցել են իրենց հակաֆուտբոլային, հակամարզական էությունը, ինչի պտուղներն այսօր քաղում են ոչ միայն հավաքականն ու  ֆուտբոլիստների հասցեին «ամոթ, ամոթ» վանկարկող երկրպագուները, այլեւ ՀՖՖ թիվ մեկ պատասխանատուն, որին հայկական մարզաշխարհում ամենաշատն են հեռանալու կոչ արել:   

Հ.Գ. ԱԱ-2018-ի ընտրական փուլի 5-րդ խմբում առաջատար Լեհաստանը 3-0 հաշվով տանը հաղթեց Ղազախստանին, իսկ Մոնտենեգրոն 1-0 հաշվով առավելության հասավ Ռումինիայի նկատմամբ:

Լեհերն, ամենայն հավանականությամբ, առաջին տեղով անմիջապես աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճեն, իսկ Մոնտենեգրոն ու Դանիան կպայքարեն երկրորդ տեղի համար, որպեսզի փլեյ-օֆ դուրս գալու հնարավորություն ստանան: Մյուս երեք ընտրանիների համար մարզական առումով ամեն ինչ ավարտված է:     

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. Վարազ Սյունի 20:38 - 5 սեպտեմբերի, 2017
Հայաստանի հավաքականը չի կարող լավ խաղալ,երբ երկրում ընտրություններ են «նկարվում»,երբ երկրում կոռուպցիոն-օլիգարխային տնտեսական համակարգ է,երբ երկիրը ազգային ավիաընկերություն չունի,երբ...: Այս բոլորը մե՛կ մարմնի տարբեր մասեր են:Մարմնի աջ կողմը եթե փտած է,ձախ կողմը նորմալ չի՛ կարող գործել: Ինչպե՞ս կարելի է ՀՖՖ-ի նախագահ ունենալ «նեմեց» մականունով մի մարդու, միաժամանակ երկիրից լավ հավաքական ակնկալել: Հայաստանի ֆուտբոլի ներկա հավաքականը պարզապես իրեն սպառել է. սա պիտի ընդունել ու սկսել լրի՛վ ՆՈՐ հավաքական ձևավորել (լավ կլինի 18-20 տարեկաններից): Ա՛յս հավաքականը պարզապես «յոլա» է տանում. մարդիկ ապրուստի միջոց են գտել (կողքից էլ ստից-մտից ու անհավես գնդակ են «գլորում»): Այս հավաքականի համար ստադիոն այլևս մի գնացեք: Իսկ հավաքականից անմիջապես դուրս պիտի հրավիրել Պիցելիին ու Հ.Մխիթարյանին:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ