HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիտոգրադյան դարձած իմ Էրեբունի

«Հետքը» շարունակում է համագործակցել տարբեր մասնագիտությունների տեր հեղինակների հետ` առանձին ոլորտներին վերաբերող մասնագիտական հոդվածներ ներկայացնելու նպատակով:

Այսօր ներկայացնում ենք Արտակ Ս․ Խաչատրյանի հրապարակումը եւ խնդրում հայտնել ձեր կարծիքը։ 

Երևանի որոշ փողոցների անվանափոխման նախաձեռնությունը ոչ միանշանակ արձագանքներ է հարուցել հիմնականում համացանցից օգտվող ակտիվ զանգվածի մոտ։ Մի կողմը ողջունում է այն, մյուս կողմը բացասական է վերաբերվում՝ հեգնանքի զգալի երանգներով։  Անշուշտ, քսաներորդ դարի պատմությունը ցույց տվեց, որ ծայրահեղ պահպանողականությունը և ծայրահեղ ռևիզիոնիզմը սեփական անցյալի, պատմության նկատմամբ որևէ էական արդյունքի հանգեցնել չեն կարող։ Պետք չէ մոլորության մեջ ընկնել և դա համարել հայկական «հիվանդություն»։  

Մասնավորապես, խոսքը գնում է Երևանի այն փողոցները անվանափոխելու մասին, որոնք կրում են բոլշևիկ հասարակական-քաղաքական ու ռազմական գործիչների անունները։ «Խորհրդային ժառանգությունը» հետխորհրդային տարածաշրջանների հասարակությունների  համար դժվարամարս բեռ է, որի վերաբերյալ մոտեցումները անաչառ համարել չի կարելի։ Ելնելով քաղաքական կոնյուկտուրայից՝ այն գնահատվել է մերթ բացասական, մերթ դրական առումներով։ Այդուհանդերձ, սեփական պատմությանն անդրադառնալիս այն պետք է ուսումնասիրել գիտականության դիրքերից, համապատասխան մեթոդաբանության օգտագործմամբ, գիտական ճշմարտության վերհանմամբ՝ ինչքան էլ այն դառը և անհրապույր թվա։

Հակառակ դեպքում պատմությունը կվերածվի քաղցր հաշիշի կամ մահացու հաբի։ Հայոց պատմության բոլոր պատմափուլերն էլ մերն են ՝ ուզենք, թե չուզենք։ Խորհրդային Հայաստանի պատմությունը ևս մերն է. այն պարզապես վիրահատական միջոցներով կտրել և դեն նետել հնարավոր չէ։ Եվ ուրեմն, Խորհրդային Հայաստանում իրենց հասարակական-քաղաքական գործունեությունն են ծավալել և արժանավոր դեմքեր, և ոչ այնքան։ Պարզապես խնդրի դրվածքը պետք է փոխել։ Նախ, նախաձեռնության ընդդիմախոսները պետք է իրենք իրենց հարց տան իրենք համարու՞մ են, որ ՀՀ քաղաքացի են, համարու՞մ են ՀՀ-ն անկախ պետություն։ Եթե այո, ապա ումի՞ց անկախացավ Հայաստանը։ Խորհրդային միությունի՞ց ։ Եթե սեպտեմբերի 21-ը համարում ենք անկախության օր, ուրեմն ստացվում է, որ մինչ այդ անկախ չէինք։ Ապա ինչու անկախացանք։ Միգուցե այդ կախյալ վիճակը այլևս անտանելի էր։ Երևանի որոշ փողոցներ կրում են այն բոլշևիկների անունները, ում ստեղծած իրականությունից, հասարակարգից ուզում էինք անկախանալ։ Այդ դեպքում ընդդիմախոսները  պետք  է  կողմնորոշվեն ու պատասխանեն․ իրենց համարու՞մ են ՀՀ քաղաքացի, թե Խորհրդային Հայաստանի։ Հակառակ դեպքում կուսության և հաճույքի դիլեման է մեջտեղ գալու։

Նույնիսկ բոլշևիզմի միջնաբերդ Լենինգրադը անվանակոչվեց Ս․ Պետերբուրգ։ Ճիշտ է, այս դեպքում իրադրությունը  մի փոքր այլ է, քանի  որ այդ քայլով ռուսները վերադարձ կատարեցին քաղաքի պատմական անվանը, որը նրան տրվել էր հիմնադրման պահից, բայց միևնույն ժամանակ դրանով վեաբերմունք դրսևորեցին ։ Չէ որ անվանափոխությունը ամենևին էլ չվերացրեց քաղաքի պատմությունը, մոռացության չմատնվեց գերմանական բլոկադայի էպոպեան, Շոստակովիչի, Ախմատովայի, Զոշչենկոյի արարումների լենինգրադյան փուլը չի ուրացվում։

Վերջերս էլ  կարծիքներ են հնչում, որ այդ կերպ փորձ է արվում սեփական պատմությունից կտրել , ոչնչացնել այդ հատվածը։ Նման կարծրատիպի սկզբնաղբյուրը ոչ անհայտ Սերգեյ Կուրղինյանն է։ Բայց, կարծես թե, գործ ունենք մոլորության հետ։ Ինչո՞ւ։ Շրջակա միջավայրը յուրաքանչյուր հանրույթի համար ունեցել է և ունի էթնիկ ինքնության, ազգային ինքնագիտակցության կարևորագույն բաղադրիչի նշանակություն։ Քաղաքային միջավայրի կազմակերպումը , դրանց անվանումները նույնպես կարևոր սիմվոլներ են։

Փողոցների անվանումները վերբալ սիմվոլներ են, որոնք նպաստում են այդ միջավայրի բնակչության ինքնության յուրահատկությունների ձևավորմանը, յուրաքանչյուրի ինքնանույնականացմանը փողոցին, դրա անվանը, անվան կրողի պատմությանը։ Եվ հետաքրքիր է, ի՞նչ ինքնանույնականացում կունենա Լենինգրադյան փողոցի բնակիչը Լենինի հետ, այն նույն Լենինի, ում ղեկավարությամբ կարմիր կոմիսարները վերջ դրեցին Հայաստանի Առաջին հանրապետությանը, այն Լենինի, ով քեմալականների հետ մերձենալով՝ Մոսկվայի և Կարսի պայմանագրերով թաղեց Արևմտյան Հայաստանի հարցը, Նախիջևանն ու Արցախն էլ նվիրեց Ադրբեջանին, այն Լենինի, ով հոկտեմբերյան հեղաշրջումից հետո հայտարարեց , թե՝ մենք Ռուսաստանը գրավեցինք, այժմ էլ պետք է կառավարենք։

Լենինի և նրա թիմի ողջ բարոյաքաղաքական նկարագիրը խտացված է Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր Կուզնեցովին տրված Լև Տրոցկու պատասխանի մեջ։ Կուզնեցովը, դիմելով Տրոցկուն, ասում է, որ «Մոսկվան բառացիորեն մահանում է սովից», ինչին ի պատասխան Տրոցկին վրդովմունքով պատասխանում է․« Դա դեռ սով չէ։ Երբ Տիտոսը գրավեց Երուսաղեմը, հրեա մայրերը ուտում էին իրենց երեխաներին։ Եվ երբ ես կստիպեմ  ձեր մայրերին ուտել իրենց երեխաներին, այդ ժամանակ դուք կարող եք գալ ինձ մոտ ու ասել՝ «Մենք սովում ենք»»։ Տրոցկու պատասխանում խտացված է ողջ բոլշևիկյան վերնախավի մտայնություններն ու հավակնությունները Ռուսաստանի նկատմամբ։ Համեմատությունը Տիտոսի հետ պատահական չէ։ Տիտոսը Հռոմի կայսր Վեսպասիանոսի որդին էր , ով գտնվում էր Պաղեստինում՝ ճնշելու հրեական ապստամբությունը, որ սկսել էր 66 թ․։ 70թ․ նրան հաջողվեց գրավել և ավերի մատնել Երուսաղեմը։ Տրոցկին նույնականացնում է բոլշևիկներին հռոմեացիների հետ։ Այդ դեպքում էլ, ստացվում է, որ Ռուսաստանի ժողովուրդն էլ հրեաներն են։ Եվ զարմանալի ոչինչ չկա․բոլշևիկները Ռուսաստանը դիտարկում էին նվաճված տերիտորիա, որի վրա պետք է ամեն գնով պահեն սեփական իշխանությունը։ Եթե Ռուսաստանի նկատմամբ էր նման վերաբերմունք, ապա էլ ինչու զարմանալ հետագայում ԽՍՀՄ մաս կազմած մյուս հանրապետությունների նկատմամբ տարված քաղաքականության պատճառով։  Եվ ի վերջո, պատմության տվյալ հատվածը կտրել-ոչնչացնելու մասին ինչպես կարելի է խոսել՝ նկատի ունենալով փողոցների անվանափոխության փաստը։

Գերմանիայի ապանացիստականացումը ի՞նչ էր՝ մոռացո՞ւմ, ժխտո՞ւմ, թե՞ սեփական պատմության հետ առերեսվելու ակտ։ Երբ ԳՖՀ կանցլեր Վիլլի Բրանդտը  ծնկի իջավ Վարշավյան հրեական գետտոյի հուշարձանի առաջ, ոչ ոք դա չէր սպասում։ Նա այդ մասին ասաց․« Գերմանական պատմության խորը վիհի և միլիոնավոր զոհերի հիշատակի ծանրության առաջ ես արեցի այն, ինչ անում են մարդիկ, երբ նրանց չեն բավականացնում բառերը»։ Նա հակաֆաշիստ էր, էմիգրացիայի ժամանակ ապրում էր Նորվեգիայում։ Սոցիալ-դեմոկրատ Բրանդտը ոչ մի կապ չուներ նացիստական վայրագությունների հետ, սակայն որպես պետության ղեկավար հարկ համարեց  ներողություն խնդրել իր երկրի և իր ժողովրդի անունից։ Եվ ամենևին էլ, ցայժմ, Գերմանիայում խոսք չկա այն մասին, «որ նացիստների օրոք էլ լավ բաներ շատ կային, որ պետք չէ այդպես անխղճորեն վերաբերվել սեփական պատմությանը, որ հակասեմիտներն ու ազգայնականները ևս ինչ-որ բանում ճիշտ էին»։ Հենց այսպես , համարձակորեն, ռացիոնալ կերպով են գերմանացիները դեմ հանդիման կանգնում սեփական պատմությանը և չեն վախենում անվանափոխել նացիստական ժառանգության հետք կրող որևէ փողոց կամ պողոտա։ Այդ կերպ պատմությունը չի ոչնչացվի, այն ապրում է դասագրքերում, գրքերում, հուշագրություններում, մարդկանց պատմական հիշողության ծալքերում։

Կասյան փողոց։ Սա այն Կասյանն է, ով Բաքվում միանալով բոլշևիկներին, արշավեց Հայաստան, կործանեց անկախությունը, կանգնեց Ռազմհեղկոմի գլուխ և վայրի կարմիր տեռոր կազմակերպեց։ Այնպիսի տեռոր, որ 1921 թ․ Հայաստանում պոռթկաց փետրվարյան ապստամբությունը։ Միթե՞ կարելի է մոռանալ Երևանի բանտում կացնահարված Մայիսյան հերոսամարտերի մասնակիցներին։  Եվ այս Կասյանին է գովերգում հայտնի պատմաբանը։ Այդ դեպքում, պատկերացրեք՝ նույն Կուրղինյանն անցնում է Բաքու, ռուս-ադրբեջանական ջերմ հարաբերությունների ֆոնը օգտագործելով՝ ռուս-ադրբեջանական զորքերով մտնում է Հայաստան, արյունալի տեռորով իր կարգուկանոնը հաստատում։ «Հո դեմ չե՞ք»։

Ահա, Էրեբունի վարչական շրջանում կա Տիտոգրադյան փողոց։ Տիտոգրադը ներկայիս Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայի անվանումն է 1952-1992 թթ․ ի պատիվ Իոսիֆ Բրոզ Տիտոյի։ 1992 թ․ այն կրկին վերանվանվեց Պոդգորիցա։ Շատ մոռացկոտ դուրս եկան այդ չեռնոգորցիները, սակայն հոգ չէ․ Տիտոգրադն անմահացել է հինավուրց Էրեբունիի գրկում։

Շենգավիթում էլ կա բոլշևիկյան ռազմական գործիչ Միխայիլ Ֆրունզեի անվան փողոց։  Նրա մասին կարող ենք չծավալվել, հիշատակենք մեկ փաստ․ հենց նա է ղեկավարել 1921 թ․ նոյեմբերին Անկարայում գտնվող խորհրդային արտակարգ դեսպանությունը, որը բանակցություններ էր վարում Մուսթաֆա Քեմալի հետ։

Ինչևէ, շարքը կարելի է շարունակել, սակայն ամենակարևորը դա չէ։ Կարևորը սեփական պատմության հանդեպ ռացիոնալ հարգանք դրսևորելու կամքն է, երբ չես վախենում պատմության սև կետերից, ապաշխարումից։  Հետխորհրդային տարածույթի հասարակությունների որոշ մասը չեն կարողացել հաղթահարել բարդույթը սեփական պատմության նկատմամբ։  Վիլլի Բրանդտի արարքը էմոցիոնալ հարթությունում էր, ոգու շարժ էր, սակայն շարժառիթները ռացիոնալ էին ու համարձակ։ Հետխորհրդային հասարակությունների քաղաքական-մշակութային առողջացման հիմնարար գրավականներից մեկը հենց բրանդտյան ծնրադրման կամքի պակասն է, ծնրադրում, որը հետայդու դրեց ապագա Գերմանիայի վերընթացի սկիզբը, և որը դառնալու է հետխորհրդային բարդույթները հաղթահարելու մարտահրավերների առաջ գտնվող համրույթներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter