HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

11-ամյա Անահիտը որոշել է առաջին աշխատավարձով դպրոցական հագուստ գնել եղբոր համար

-Նայի, Աստվածն է,- Ջոկոնդայի նկարին նայելով՝ ասում է 9-ամյա Էրիկը, հետո ձեռքերը պարզում է ու սկսում ցատկել: Նրան միանում են քույրերը: Նրանց բոլորի հայացքներում տխրությունը խիտ է, անգամ երբ ցատկում են, ուրախության ճիչեր չես լսում:

-Էրո՞, ասում ես՝ Աստվա՞ծն է,- ժպտալով հարցնում է տատը, հետո ժպիտը կորում է, տատը գրկից իջեցնում է Էրիկի եղբորը՝ մեկամյա Էդմոնին: Բոլորս նայում ենք նկարին, տատը անպատասխան հարցեր ունի, հոգոց է հանում, հետո խուլ լսվում է. «Էրո, Էրո, ասում է՝ Աստվածն է»:

Քրիստինեն՝ 6 երեխաների մայրը, լուռ է, երեխաների խաղին է հետևում: Երբ տեսնում եմ, թե ինչքան հաճախ է նա աչքերը մաքրում, մտածում եմ՝ գուցե ընդհանրապես չարժե գրել այս պատմությունը: Զրույցը որևէ կերպ չի սոսնձվում: Երեխաները մահճակալին նստած նայում են մորը:

Ճաքճքած պատերով սենյակում կախված նկարի մասին ենք սկսում խոսել: Քրիստինեն արագ մաքրում է աչքերը, ասում է՝ նվիրել են նկարը, իրենք էլ կախել են, շատ են սիրում: Հետո ժպտում է: Սենյակի պրկված մթնոլորտը փոխվում է:

-Քրիստինեն նրբազգաց է, լացում է երևի ուրախությունից, որ եկել եք,- մայրն է պատասխանում, աղջիկը գլխով է անում, որ համաձայն է ասածին:

Մալաթիայի կղզիացած հանրակացարանի մի սենյակում է ապրում Քրսիտինե Կարապետյանի 8-հոգանոց ընտանիքը: Ամուսինը՝ Մանուկ Խառատյանը, տանը չէ, բանվորական աշխատանք է անում օրական 3-4 հազար դրամով: Երեխաների համար նպաստը ամսական 63 հազար դրամ է:

«Մանուկի աշխատածը հիմնականում Էդմոնի կերի համար ենք ծախսում: Կերը թանկ է՝ 2550 դրամ, երբ որ էրեխուն կերը ենք առնում, լինում են դեպքեր, որ սոված էլ ենք մնում, նպաստը ստանում ենք, պարտք ենք տալիս»,- ասում է 33-ամյա կինը, ապա շարունակում, որ պարտքեր շատ ունեն:

Եթե առողջական խնդիրներ չունենար, ասում է, անպայման կաշխատեր: Մայրը՝ Թերեզա Կարապետյանը, լրացնում է խոսքը, քանի որ դուստրը քչախոս է. «Նևրոզ է Քրիստինեի մոտ, լինում են պահեր, երբ փայտանում է»: Բժշկի չի գնացել, բայց Քրիստինեն չի ասում, թե ինչու, մայրն ասում է՝ գումար չունենալու պատճառով:

Տիկին Թերեզան բնակվում է հանրակացարանի երրորդ հարկում, աղջկա երկու երեխաները գիշերում են նրա մոտ, քանի որ մեկ սենյակում ընտանիքը չի տեղավորվում: Մայրն է օգնում ընտանիքին, շաբաթական երկու անգամ ռեստորաննում ափսեներ է լվանում 3 հազար դրամով, նախկինում նաև տուն մաքրելու համար էին կանչում, հիմա «պատվերներ» չունի:

«Եթե առողջությունս ների, կուզենայի աշխատել: 5-րդ դասարանից մամայի հետ կանաչի էի վաճառում Մալաթիայի շուկայում»,- ասում է Քրսիտինեն: 8 տարի է, որ տեղի բարձր վճարի պատճառով առևտուր չեն անում:

Քրիստինեն Մանուկի հետ ծանոթացել է հանրակացարանում, սիրահարվել են, ամուսնացել: Մայրն ասում է. «Ես սկզբից համաձայն չէի, ասում էի՝ քյասիբ տղա է»: Քրիստինեն հակադարձում է, թե սերն է կարևորը, Մանուկն աշխատող տղա է, 5 տարեկանում մորը կորցրել է, 6 երեխա են եղել:

Հիմա Մանուկն էլ 6 երեխա ունի: 3-ը դպրոցական են: Ավագը 11-ամյա Անահիտն է, երազում է ոստիկան դառնալ, առաջին աշխատավարձով որոշել է դպրոցական համազգեստ գնել Էդմոնի համար: Քրիստինեն հպարտությամբ է պատմում այս մասին:

Հանրակացարանի սենյակում հիմա ջուր չունեն, ջրաչափի տեղադրման համար 50 հազար դրամ պետք է վճարեն, գումար չունեն, հարևաններից են ջուր վերցնում: Շենքում գազ չկա, ձմռանը վառելափայտ են գնում, բայց փոքր սենյակը չի տաքանում. պատուհանների ճեղքերը մեծ են, իսկ անձրևների ժամանակ ջուրը ներս է թափվում խարխուլ առաստաղից:

Շենքի մշտական «բնակիչներից» են կարիճները, պատահել է, որ երեխաների մահճակալի մոտ են հասել: Սա ասելուց հետո Քրիստինեն լռում է, երեխաները դարձյալ նայում են նրան: «Իմ 6 երեխաներն են ինձ ուժ տալիս»,- ավելացնում է նա:

Լուսանկարները՝ Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանություններ (2)

Zar
098374003 Qristine
Levon Zakharyan
խնդրումեմ ուղարկեք այս ընտանիքի հասցեն և հեռախոսի համարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter