HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապիթերապիան Մարտունի գյուղում և սոցիալական մեղուն (աուդիո)

Ազատուհի Խաչատրյան

Մեղուներն ունեն որոշակի հաճախականությամբ էներգիա, մագնիսականություն, որը համընկնում է մարդու աուրայի հետ, և խախտված ներդաշնակությունը վերականգնելու համար երկու ժամ մեղվի փեթակում անցկացնելը լրիվ բավարար է։ Այսպես է համոզված Հայկ Հովհաննիսյանը, ով տոհմական մեղվաբույծ է․ հայրը՝ Գուրգենը, պապը՝ Ներսեսը, նույնպես մեղվաբույծներ են եղել, ովքեր Մարտունի գյուղում մեղվաբուծության մշակույթ են ձևավորել։ Այժմ գյուղում մոտ 1000 մեղվաընտանիք կա:

Ծովի մակերևույթից 1800 մետր բարձության վրա գտնվող այս գյուղը (Գեղարքունիքի մարզ, Ճամբարակ) շատ նպաստավոր է մեղվաբուծության համար: «Մեր տարածքը գտնվում է ալպյան և անտառային գոտում, այսպիսով մեղուն օգտվում և՛ լորենուց, և՛ տարբեր ծաղիկներից․ սա կոչվում է փունջ մեղր, որը ավելի լավն է, քան մի տեսակից պատրաստվողը, ասենք՝ հնդկացորենից, արևածաղկից, լորուց պատրաստվող մեղրը, որոնք թույլ մեղրեր են կոչվում», - մանրամասնում է Հայկը։

«Բացի մեղրից կան նաև այլ մեղվամթերքներ՝  մոմը, ակնամոմը, ծաղկափոշին, մայրակաթը, մեղվաթույնը, խիտինը: Այս բոլոր մեղվամթերքները վերացնում են ամենատարբեր առողջական խնդիրները, իսկ օրինակ խիտինը այրում է ճարպերը, նիհարեցնում է,- ասում է Հայկը,- սրանք բոլորն իրենց արժեքով ավելի բարձր են, քան մեղրը»:

Նա ստեղծել է «Մեղվաշխարհ» հիմնադրամը, պարբերաբար տուրիստներ է ընդունում, գյուղում զարգացնում է նաև ագրոտուրիզմը։

«Երեկ իտալացիների էին հյուրընկալել մեզ. միշտ զարմանքը մեծ է լինում, երբ ծանոթացնում ենք մեղվի աշխարհին, ցույց ենք տալիս նաև թե ինչպես է մեղուն առանց մարդու օգնության, վայրի բնության մեջ մեղր պատրաստում»։

Մեղվագետ Հայկն ինձ նույնպես պատմում է մեղվաընտանիքի առօրյայի մասին, որտեղ լինում է 60 հազարից ավելի մեղու։ Մեղուների աշխարհում առաջնորդը մայր մեղուն է, ընտանիքի մյուս անդամներն են աշխատավոր մեղուներն ու բոռերը։ Սրանք այդքան էլ անդամ չեն, մայր մեղուն նրանց օգտագործում է միայն բեղմնավորման ժամանակ՝ 6-8 բոռից վերցնելով 1մլն սպորներ (սերմը թռիչքի ժամանակ է վերցնում բոռից, որից հետո արուն սատկում է), կոնսերվացնում և օգտագործում է այն 7 տարի։

Փոքր մեղվափեթակների միջով անցնում, հասնում ենք ամենամեծին, որտեղ էլ Հայկը պատմում է իր վերջին նորարարության մասին։

Քունը փեթակների վրա կամ ապիթերապիան ընդունված է աշխարհի մի քանի երկրներում:

Փեթակը նախատեսված է 2-3 անձի համար։ Միգրեն, ռևմատիզմ, բարձր ճնշում ունեցող մարդիկ կամ պարզապես մեղուների էներգիայով հոգնածությունը վերականգնել ցանկացողներն անցկացնում են փեթակում մինչև երկու ժամ՝ կարդալով կամ քնելով: Սա օգտակար է և՛ մեծերի, և՛ երեխաների համար։

-Մարդուն սարքում ա նորից մարդ։ Հլա դիր ականջդ փայտին,-հրահանգում  է Հայկը:

Դնում եմ ու լսում…

Իսկ հիմա երկու րոպե զգացեք ձեզ փեթակում (լավ կլինի, որ լսեք ականջակալներով)։

Այն, ինչ ստանում է մեղուներից, առաջինն ինքն է փորձում։ Ազդեցության մասին 60-ամյա Հայկն ասում է.

-Դե, երևի 40 տարեկանի նման տղա եմ (հեղ. ծիծաղում է)։

Ծաղկափոշու, մայրակաթի հոտը, բզզոցը, նրանց արձակած ջերմությունը ամենը զգում ես, հանդարտվում, երևի տրամադրվածությունից է, մտածում եմ, բայց փեթակից դուրս գալով թմրություն ու թեթևություն եմ զգում:

Հիշում եմ Հայկի քիչ առաջ ասած խոսքը, նորից մարդ եմ, հայտնաբերում եմ:

-Մեղրաբերքի երգը ուրիշ ձևով են երգում: Բա որ էդ ժամանակ լսե՞ս,-մտքերից ինձ հանում է մեղվապահը:

Մեղուների հասարակական  կյանքը

Փեթակում ինձ չհաջողվեց քնել, ոչ էլ կարդալ, զրուցում էինք, ավելի ճիշտ, Հայկը պատմում էր մեղուների ներքին կյանքից, սոցիալական վարքից:

«Մինչև լույսը բացվելը հետախույզ մեղուները գնում են դաշտերն ուսումնասիրելու, պարի ձևով բոլոր ուղղությունները բացատրում է ընտանիքին ու օրակարգը մշակվում է։

Ընտանիքում կան մեղուներ, որոնց գործը միայն հետախուզելն ա, հիմա էլ որ պատուհանը բաց թողենք կգա հետախույզը։

Ձվից դուրս եկած մեղուն առաջին օրը սկսում է տարածքը մաքրել, երկրորդ օրվանից խնամում են նոր ծնվող մեղուներին, կերակրում են, իջնում են նաև պահակային ծառայության, հսկում են, որ օտար մեղուներ, միջատներ չմտնեն, կամ բոռերին են դուրս անում:

Մեղրաբերք ընդունողները նույնպես երիտասարդ մեղուներն են. մի կաթիլ մեղրը 40 անգամ անցնում է տարբեր մեղուների մեղրապարկով, ամեն անգամ ֆերմենտներ են ավելացնում, պահում որոշ ժամանակ, հասունացնում, տարբեր հարկերով և հետո զմռսում են բջիջը։

Օրը 2500 հատ մեղու է ծնվում, մայր մեղուն իր քաշից երկու անգամ ավել գիշեր-ցերեկ ձվադրում է: Բոռերին ձմեռանոց չեն թողնում գնա, սպանում են, սննդի պաշարի հավելյալ կորուստ չունենալու համար:

Լինում է, երբ մեղուն տեսնում է, որ մայր մեղվին փոխելու ժամանակն է՝ թևն է պոկված, ոտքը, կամ ուժերն են սպառվել էլ չի կարողանում փեթակի եռուզեռին մասնակցել, հոգ տանել, իշխանափոխություն են անում:

Մայրը ողջ կյանքում մայրակաթ է օգտագործում, որի շնորհիվ օժտված է անսպառ էներգիայով, իսկ մյուսները չոր կերով են սնվում՝ ծաղկափոշի ու մեղր։

Սակայն լինում են նաև էքստրեմալ իրավիճակներ, երբ կորցնում են մորը և չունեն նրան փոխարինող: Աշխատող մեղուն փոխակերպվում է մայր մեղվի՝ ուտելով մայրակաթ, որի շնորհիվ նրա մոտ զարգանում են ձվապարկերը և սկսում են ձվադրել, բայց քանի որ սերմ չեն ունենում, ու ծնվում են միայն բոռեր, այդ ընտանիքը վերանում է:

Մեղվաընտանիքի ներսում կոնֆլիկտներ չեն լինում, բախումներ լինում են հարևանների հետ, երբ ուրիշ մայր է մտնում փեթակի մեջ, մեղուների մի մասը թեքվում է նրա կողմը, ու սկսվում է ջարդը, փեթակում մնում է այն մայրը, որի մեղուները ողջ են մնում»:

Մինչ մենք դուրս էինք գալիս ապիթերապիայի փեթակից, տզզալով մի փոքր թևավոր հայտնվեց ու փորձեց ներս մտնել։ Հետախույզն էր…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter