HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ոստիկանության նախկին աշխատակիցը պնդում է՝ աշխատանքից ազատվել է բժիշկների սխալ բուժումների ու եզրակացության հիման վրա

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կապանի պահպանության բաժնի ավագ ոստիկան Աշոտ Մկրտչյանը, ոստիկանության ՊՊԳ վարչության պետի հրամանով, 2016 թվականի օգոստոսի 19-ին աշխատանքից ազատվել է։ Մկրտչյանի աշխատանքից ազատման դիմումի հիմքում դրվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը։

Օրենքի այս կետը սահմանում է, որ ծառայողները ոստիկանությունում ծառայությունից ազատվում են հիվանդության պատճառով` ծառայությանը ոչ պիտանի լինելու մասին ոստիկանության բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա։ Այդ աշխատակիցները խաղաղ ժամանակ ծառայությանը ոչ պիտանի են, իսկ պատերազմի ժամանակ` երկրորդ աստիճանի սահմանափակ պիտանի։

Բժշկական հանձնաժողովը իր եզրակացությունում գրել է, որ Աշոտ Մկրտչյանի մոտ առկա է պարանոիդ խանգարում (երբ մարդ լինում է չափազանց զգայուն, կասկածամիտ, շրջապատի նկատմամբ անընդհատ դժգոհ) և այն ձեռք է բերել ոստիկանությունում ծառայելու ընթացքում։ Ոստիկանության նախկին աշխատակիցն ապօրինի է համարում իրեն աշխատանքից ազատելու որոշումը, ասում է՝ ինքը որևէ պարանոիդ խանգարում և հոգեկան խնդիր չունի, իրեն աշխատանքից ազատել են իր պետ Արտաշ Մարտիրոսյանի ոչ ճիշտ բնութագրի հիման վրա՝ իրեն զրկելով միակ աշխատանքից։

Աշոտ Մկրտչյանը ոստիկանության համակարգում աշխատում է 1999 թվականից, բնակվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքում, իր խնամքի տակ ունի չորս անչափահաս երեխա։

Բաժնի պետ Արտաշ Մարտիրոսյանը Աշոտ Մկրտչյանի մասին բնութագրում հայտնել է, որ ծառայության ընթացքում, մարդկանց հետ շփվելիս Աշոտը ցուցաբերել է զսպվածություն, պահպանել է էթիկայի կանոնները, սակայն, ծառայությունից դուրս, նրա վերաբերյալ եղել են բողոքներ և քննադատություններ։ Պետի բնութագրմամբ՝ Մկրտչյանը տիրապետել է իր աշխատանքային գործունեությունը կարգավորող հրամանների և հրահանգների պահանջներին, սակայն քննադատաբար է վերաբերվել հասարակական կարգի ու անվտանգության պահպանմանը վերաբերող այլ ծառայության ընդգրկվելիս։

Մարտիրոսյանը նաև հայտնել է, որ Մկրտչյանը արձակուրդի վերջանալուց հետո ծառայության չի ներկայացել` պատճառաբանելով, որ ինքը և կինը բուժումներ են ստանում Երևանում՝ ոստիկանության պոլիկլինիկայում: Նաև հուլիսի 28-ին պետին զանգով տեղեկացրել է, որ իրեն անաշխատունակության թերթիկ չեն տալիս, ինքը զեկուցագիր է ներկայացրել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ բողոքելով թե´ ոստիկանության պոլիկլինիկայից, թե´ հոսպիտալի անձնակազմից։ Պետը նաև նշել է, որ Մկրտչյանը ոստիկանության ղեկավարությանը տարատեսակ զեկուցագրեր է ներկայացրել՝ բողոքելով իր խնդիրներից, սակայն երբևէ իրեն՝ որպես վերադասի, չի տեղեկացրել այդ մասին։

Այս ամենին ի պատասխան` Աշոտ Մկրտչյանը պնդում է, որ Արտաշ Մարտիրոսյանը քաջատեղյակ էր իր առողջական խնդիրներից և լավ գիտեր, որ բժիշկների սխալների և անգործության պատճառով ընկել է քաշքշուկների մեջ, սխալ բուժումներ ստացել և արձակուրդից հետո չի կարողացել հետ վերադառնալ ծառայության։

Մկրտչյանը հավաստում է, որ պետն իրեն կամայական կերպով է աշխատանքից հեռացրել, քանի որ նախկինում, մինչ այս պաշտոնը զբաղեցնելը, խնդիրներ է ունեցել հոր և եղբոր հետ։ Նրա փոխանցմամբ՝ մինչ պետի պաշտոնը զբաղեցնելը Արտաշ Մարտիրոսյանը թաղային տեսուչ է եղել: Այդ ժամանակ Մկրտչյանի հայրը հարևանի հետ վիճաբանություն է ունեցել, Մարտիրոսյանը ժամանել է դեպքի վայր, մի ցանկապատից մյուսը անցնելիս, պատռել տաբատը, այդ միջադեպից բարկացած սկսել է վիճել Մկրտչյանի հոր և եղբոր հետ. «Իմ դուրս գալուց հետո ինքը արտահայտվեց: Ասեց՝ քեզ հետ խնդիր չունեմ: Խնդիրը, այ, քո եղբոր ու քո պապայի հետ ա»:

Աշխատանքից հեռացման պատճառ հանդիսացած ատամը

Արդեն նախկին ոստիկանի աշխատանքի չգնալու պատճառը ատամն է եղել։ Մկրտչյանը պնդում է, որ բժշկական սխալի պատճառով այն բուժելու փոխարեն, ոստիկանության պոլիկլինիկայի բժիշկներն ավելի  են բարդացրել իրավիճակը՝ սխալ բուժումներ իրականացնելով:

Աշոտ Մկրտչյանի փոխանցմամբ՝ նախորդ տարի ատամը բորբոքվել է։ Կապանի պոլիկլինիկայի բժշկից ուղեգիր է վերցրել և եկել ոստիկանության պոլիկլինիկա՝ բուժզննում անցնելու: Ասում է՝ Արտաշ Մարտիրոսյանին ցույց է տվել Երևան գալու ուղեգիրը և տեղեկացրել, որ գնում է բուժման:

2016 թվականի հուլիսի 1-ին ոստիկանության պոլիկլինիկայում հեռացնում են Մկրտչյանի ատամը։ Ասում է՝ դրանից հետո լնդից անդադար թարախ է է հոսել: Դրա մասին տեղեկացրել է իրեն բուժող բժիշկներին, ովքեր սակայն հավաստիացրել են, որ որևէ խնդիր չկա։ Օրեր հետո ատամից եկող թարախը կտրվել է և սկսել է քթից հոսել: Նաև Մկրտչյանի վնասված մյուս ատամն են պլոմբել, որի տակ թարախ է հավաքված եղել, ինչը պարզվել է պլոմբելուց հետո:

Դրանից հետո կրկին ատամի ուժեղ ցավեր է ունենում և վիճում պոլիկլինիկայի տնօրեն Դավիթ Կարապետյանի հետ,  խնդրում՝  եթե իրեն չեն կարողանում բուժել, այլ հիվանդանոց ստացիոնար բուժման ուղարկեն: Ա․ Մկրտչյանն ասում է՝ անելանելի դրության մեջ էր, քանի որ իր խնամքի տակ ուներ անչափահաս երեխաներ, որոնց միայնակ էր խնամում, որովհետև կինը հիվանդանոցում բուժվում էր:

Բժշկական սխալները հարթելու այլ ելք չունենալով՝ Աշոտ Մկրտչյանը դիմում-նամակ է գրում Վլադիմիր Գասպարյանին՝ տեղեկացնելով, որ անուշադրության է մատնված, և բժիշկները պատշաճ բուժում չեն կատարում, որպեսզի կարողանա հետ վերադառնալ աշխատանքի:

Մինչ այդ էլ ոստիկանության ներքին անվտանգությունից զանգահարում են Աշոտին, տեղեկացնում, որ պետք է ներկայանա ծառայության:

Իրեն զանգահարող Արամ Շահինյանին Աշոտն ասում է, որ ատամից հոսող թարախը բժիշկները չեն կարողանում դադարեցնել, և դա է իր` աշխատանքի չգալու պատճառը: Սրան ի պատասխան` Շահինյանը նրան սպառնում է, որ եթե հետ չվերադառնա աշխատանքի, կսկսի ծառայողական քննություն իրականացնել։

Աշոտ Մկրտչյանի փոխանցմամբ՝ ոստիկանության պոլիկլինիկայում իրեն ստիպել են ստորագրել փաստաթուղթ, ըստ որի` հրաժարվում է հետագա բուժումից: Հավաստիացրել են, որ այդ կերպ միայն նրան կարող են ուղարկել ստացիոնար բուժման. «Առանց ստորագրելու, իրենք ինձ պետք է ուղարկեին։ Հիմա եմ հասկանում՝ ինչ ա կատարվում: Իրանք իրանց գլխից քցեցին, որ գոնե մեռած տեղից իրանց վրա չմնամ։ Իրանք կապ չունենան»։

Աշոտ Մկրտչյանի մոտ հայտնաբերվում է հայմորիտ, թարախը ուղեղից հոսել էր դեպի քիթը: Ասում է՝ վիրահատությամբ թարախը մաքրել են միայն ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին իր գրած նամակից հետո:

Ոստիկանության նախկին աշխատակիցը պնդում է, որ դարձել է ոստիկանության պոլիկլինիկայի ատամնաբույժի և քիթ-կոկորդ բաժնի բժիշկների սխալ բուժման և անուշադիր վերաբերմունքի զոհը. նրանց պատճառով վատթարացել է իր առողջությունը։

Աշոտ Մկրտչյանը չի կարողանում իրեն հատկացված արձակուրդի ընթացքում բուժվել և հետ վերադառնալ աշխատանքի, որի պատճառով նրա նկատմամբ սկսվում է ծառայողական քննություն: Սակայն աշխատանքից հեռացվում է ոչ թե աշխատանքի չգնալու, այլ ծառայությանը ոչ պիտանի լինելու պատճառաբանությամբ:

Մկրտչյանը հետագայում պարզում է, որ իր պետը երկու զեկուցագիր է գրել: Մեկը ուղղված է եղել ոստիկանության պոլիկլինիկայի տնօրենին, որով տեղեկացրել է, որ Աշոտ Մկրտչյանը չի ներկայանում ծառայության: Մյուս զեկուցագրով ՊՊԳ վարչության պետին հայտնում է, որ Աշոտ Մկրտչյանին պետք է ուղարկել նյարդաբժշկական կենտրոն հետազոտության՝ հետագա ծառայությունը չխոչընդոտելու համար, քանի որ ոչ ադեկվատ պահվածք է ցուցաբերում:

Օգոստոսի 8-ին Աշոտ Մկրտչյանի վիրահատության կարերը քանդում են և գնում է ՊՊԳ վարչության նախկին պետ Վարդան Մինասյանի հետ հանդիպման: Մինասյանին խնդրում է իրեն տրամադրել որպես անապահով ոստիկան բնակարան ստանալու հերթագրման թուղթը: Աշոտի փոխանցմամբ՝ Մինասյանը նրան հորդորել է գնալ հոգեբուժարան ստուգման, որից հետո կփոխանցի այդ թուղթը։ Վարչության պետը Աշոտին բացատրել է, որ զննության պետք է ենթարկվի, որպեսզի կարողանա զենք կրել:

Սակայն Աշոտ Մկրտչյանը հետագայում տեղեկանում է, որ զննության պետք է ենթարկվեր, ոչ թե զենք կրելու համար, այլ  ՊՊԳ վարչությանը նման հորդորով իր պետն էր դիմել:

Աշոտ Մկրտչյանին  հոգեբուժարան զննության է տարել ՊՊԳ վարչության աշխատակից Արտակ Ադամյանը, ով էլ Աշոտի աշխատանքի չգնալու ծառայողական քննությունն էր իրականացնում։ Ադամյանը Աշոտին տեղեկացրել է, որ գնում են ընդհանուր ստուգման, սակայն նրան տարել է Ավանի «Աղի հանք» կոչվող հոգեբուժարան։ Որտեղից հետագայում եզրակացություն են տվել, որ ոստիկանության ծառայող Աշոտ Մկրտչյանն ունի պարանոիդ խանգարում:

Աշոտին առաջարկել են բուժում ստանալ հոգեբուժարանում, սակայն հրաժարվել է՝ պնդելով, որ հոգեկան որևէ խնդիր չունի. «Ունեմ երկու մեդալներ, եթե հիվանդ մարդ եմ, ո՞նց ես էսքան տարի չեմ նկատել։ Անցած տարի հունվարին էլ հոգեբուժարանից թուղթ են տարել, որ ես առողջ եմ»:

Օրեր առաջ՝  օգոսոտի 31-ին, Աշոտ Մկրտչյանը հանդիպել է  ոստիկանության աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանին, ներկայացրել իրավիճակը: Հավաստիացրել է, որ ինքը որևէ առողջական խնդիր չունի, իրեն ապօրինաբար են աշխատանքից հեռացրել և հաշվի չեն առել, որ ոստիկանության պոլիկլինիկայի բժիշկների պատճառով է բացակայել աշխատանքից: Աշոտի փոխանցմամբ՝ իր այս դիտարկումներին ի պատասխան` Հակոբյանը հորդորել է պարանոիդ խանգարում ունենալու մասին եզրակացություն կազմող բժշիկներին դատի տալ. «Բժիշկներն էլ ասում են՝ էս թուղթը տվել ենք Արտաշ Մարտիրոսյանի ցուցմունքի հիման վրա»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter