HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միհրան Պողոսյանի օֆշորի գործը կարճելու որոշումը չի տրամադրվի «Հետք»-ին. դատարանը չբավարարեց «Հետաքննող լրագրողներ»-ի հայցը

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը սեպտեմբերի 4-ին որոշել է մերժել «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի բողոքն ընդդեմ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Դ. Կոստանդյանի անգործության:

Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել էր տրամադրել ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի օֆշորի գործով՝ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու քրեական գործի կարճման որոշումը: Վերադասության կարգով «Հետք»-ը դիմել էր նաև գլխավոր դատախազություն, որտեղից ևս մերժում էր ստացել: Ի վերջո, այս տարվա հուլիսին, «Հետք»-ը դիմել էր դատարան և խնդրել էր պարտավորեցնել քրեական վարույթն իրականացնող մարմնին տրամադրել քրեական գործը հարուցելու մասին և նույն քրեական գործով վարույթը կարճելու ու քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումների պատճենները:

«Հետք»-ի ներկայացուցիչներ Արա Ղազարյանը և Արտակ Զեյնալյանը հիմնավորել էին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Դ. Կոստանդյանի կողմից վերոհիշյալ որոշումները չտրամադրելու մասին որոշումով խախտվել է բողոքարկուի իրավունքները և օրինական շահերը: «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահ և «Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը նշված որոշումները չէր պահանջել իր նեղ անձնական, օրինակ՝ տնտեսական, կոմերցիոն բնույթի շահերի համար, այլ հանրային նշանակության իր առաքելությունն իրականացնելու համար:

«Տվյալ դեպքում, «Հետաքննող լրագրողներ» կազմակերպության և www.hetq.am կայքի միջոցով տարածած լրատվական նյութը, որի հիման վրա հարուցվել էր քրեական գործը, ներառում էր հանրային նշանակության, հանրային ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող դեպքերի, տևական ժամանակ պետական բարձր պաշտոն զբաղեցնող, ներկայումս ԱԺ պատգամավոր հանդիսացող անձի կողմից կոռուպցիոն խոշոր գործընթացների մեջ ներգրավված լինելու մասին տեղեկություններ»,- նշել են իրավաբանները:  

Բացի դրանից, տեղեկություններ և գաղափարներ տարածելու իրավունքի իրականացումը բողոքարկուի կողմից հետապնդում էր կոնկրետ նպատակ, տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իրավունքը` որպես միջոց, և դրա քրեաիրավական հետևանքը պետք է դիտել մեկ ամբողջության մեջ, հակառակ դեպքում առարկայազուրկ է դառնում բողոքարկուի առաքելությունը որպես հետաքննող լրագրող: Հետևաբար, քրեական գործով վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները հանդիսացել են բողոքարկու տեղեկություններ և գաղափարներ տարածելու իրավունքի միջամտություն, քանի որ այդ որոշումների արդյունքում վրա չի հասել տարածված տեղեկությունների քրեաիրավական հետևանքը:

Դատարանն արձանագրել է, որ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի նախագահ և www.hetq.am կայքի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 178-րդ հոդվածով (անձանց հաղորդումները) նախատեսված կարգով իրավասու մարմիններին հաղորդում չի իրականացրել, այլ քրեական վարույթն իրականացնող մարմինը, նկատի ունենալով, որ լրատվական միջոցի հրապարակումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի իրավակարգավորման ուժով քրեական գործ հարուցելու առիթ է, իր նախաձեռնությամբ www.hetq.am լրատվական միջոցի հրապարակած լրատվական նյութի հիման վրա քրեական գործ է հարուցել, որի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշում է կայացրել: Այլ խոսքով, քրեական գործը հարուցվել է ոչ թե «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի կամ «Հետք» թերթի՝ որպես իրավաբանական անձանց տրամադրած հաղորդման հիման վրա, այլ լրատվության միջոցների հաղորդման առիթով՝ Քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի նախատեսված կարգով: Ավելին, դատարանի կարծիքով, 290-րդ հոդվածի 1-ին մասի վերջին արտահայտության մեջ օգտագործված «այլ անձանց» հասկացության շրջանակներում որպես սուբյեկտ դիտարկելու հանգամանքներն ինքնին բավարար չեն՝ արձանագրելու իրավաբանական անձի կողմից 178-րդ հոդվածով սահմանված կարգով հաղորդում տալու փաստը, քանի որ ներկայացված նյութերով հիմնավորվել է, որ քրեական գործ հարուցելու առիթ է հանդիսացել լրատվության միջոցների, այլ ոչ թե իրավաբանական անձի հաղորդումը:

Մեկնաբանություններ (1)

Գևորգ
Բա հիմա ի՞նչ, էս հարցով է՞լ Եվրոդատարան: Իսկ լրատվամիջոցը չի՞ կարող պահանջել գործի տվյալները,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter