HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած սպանության գործով նիստը հետաձգվեց. «Նորատուսցի Ալիկը» հիվանդանոցում է

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր հետաձգեց «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած  սպանության գործով դատական նիստը:

Դատարան չէր ներկայացվել ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը, ով հայտնի է «Նորատուսցի Ալիկ» անվամբ: Վերջինս գտնվում է հիվանդանոցում, հնարավոր է՝ նրան վիրահատեն, սակայն բժշկական կենտրոնից դատարան ուղարկված գրության համաձայն՝ Բանդուրյանն այս պահին ի վիճակի է մասնակցել դատական նիստին: Թե ինչն է եղել պատճառը, որ Բանդուրյանը դատարան չի բերվել, հայտնի չէ. դատավոր Նելլի Բաղդասարյանը որոշեց գրություն ուղարկել «Նուբարաշեն» ՔԿՀ՝ ճշտելու համար այս հանգամանքն, ինչպես նաև ծանուցելու հաջորդ դատական նիստի մասին:

Նշենք, որ այս գործով մեղադրյալներն են քրեական հեղինակություններ Պետրոս Իսրայելյանն, ով հայտնի է «Չարբախցի Գեղամ»  մականունով, Ալիկ Բանդուրյանն, ով, ինչպես նշեցինք հայտնի է «Նորատուսցի Ալիկ» մականունով, և Արմեն Գասպարյանն, ով հայտնի է «Բդո» մականունով:

Հիշեցնենք, որ 2016-ի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ են հնչել, որի հետևանքով 25-ամյա Գևորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 35-ամյա Արամ Պետրոսյանն ու 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն. վերջինս հիվանդանոցում մահացել է:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը Պետրոս Իսրայելյանին դրդել է այլ անձանց հետ համատեղ, Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառել, ինչպես նաև նույն օրը հանցավոր խմբին օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը` Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, հետևաբար դրա խոչընդոտները վերացնելու եղանակով: 

Արմեն Լյովայի Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ալիկ Բանդուրյանի մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ և դրդչությամբ 2016թ. նոյեմբերի 13-ին Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց կողմից նախապատրաստվող ծանր հանցագործության, այն է` Պետրոս Իսրայելյանի, Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից խմբր կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն Արմեն Գասպարյանը դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին:

Ըստ մեղադրանքի` Պետրոս Իսրայելյանը, նախնական համաձայնության գալով Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված անձանց հետ` խմբի կազմում, Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ պլանավորված հանցավոր ոտնձգությունը, սակայն հանդիպելով Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը` վերջինիս կողմից անհրաժեշտ պաշտպանության վիճակում ատրճանակով կրակոցներ արձակելուն, Մուշեղ Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու և այդ ժամանակ ծագած Մուշեղ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով ապօրինաբար վերջինիս ուղղակի դիտավորությամբ զրկել է կյանքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter