HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Իկարուս» մակնիշի ավտոբուս-սրճարան

Արդեն մեկ շաբաթ է Սարյան1 հասցեում գործում է ավտոբուս-սրճարան։ Հիմնադիրներն ասում են, որ այն Հայաստանի առաջին ավտոբուս-սրճարանն է։ «Starbus»-ի գաղափարը Տիգրան Զալինյանինն ու նրա ընկեր Միշայինն է:

«Starbus» -ը «Իկարուս» մակնիշի ավտոբուս է՝ 1976 թվականի արտադրության: Նախկինում այն Հայաստան է բերվել զբոսաշրջային այցեր կազմակերպելու նպատակով, իսկ այժմ այն կայանված է Սարյան փողոցում: Հիմնադիրները նպատակ ունեն ավտոբուս-սրճարանով շրջել հանրապետության մարզերով։ Հետագայում ավտոբուսը նաև կունենա ուղևորագիծ, որը հնարավորություն կտա «ուղևորներին» շրջել Երևանի փողոցներով՝ վայելելով պատվերը: Շրջայցի ընթացքում հաճախորդները կա՛մ հետ կվերադառնան սկզբնակետ, կա՛մ կիջնեն իրենց նախնընտրած վայրում։

«Օրերից մի օր հոգնած վիճակով տուն գնացի, պառկած նոր նախագծերի մասին էի մտածում: Էդ մտքերով քնեցի։ Առավոտյան, որ արթնացա, արդեն կիսապատկերացրել էի այս գաղափարը: Զանգահարեցի Միշային՝ ընկերոջս։ Ասեցի՝ արի հանդիպենք: Հանդիպեցինք, սկսեցինք նկարել նախագիծը: Հետո հանդիպեցինք մեր երրորդ ընկերոջը, իրար լրացնելով քննարկեցինք մեր սրճարան-ավտոբուսի գաղափարը»,-ասում է ավտոբուս-սրճարանի համահիմնադիր Տիգրան Զալինյանը:

Այս քննարկումներից հետո ընկերները ձեռք բերեցին «Իկարուս»-ը։ Տիգրանը 26 տարեկան է, հիմնական մասնագիտությամբ հոգեբան է, նաև բիզնես ծրագրեր է գրում և իրագործում: Իր համար կարևոր էր, որ իրենց հիմնադրած բիզնեսը լիներ յուրահատուկ և չկրկնվող:

«Նման պոզիտիվ, հավես պրոեկտները Հայաստանին պետք են։ Պրոեկտներ, որոնք ոչ թե կլինեն մեկօրյա, այլ մնայուն»,-Տիգրանին ավտոբուս-սրճարանի գաղափարում ամենաշատը սրճարանի եզակիությունն է գրավել:

Ավտոբուսը դրսից սպիտակ և կանաչ գույն ունի: Ներսում երկու շարքով դեմ դիմաց նստարաններ են դրված և հաջորդում են միմյանց: Ավտոբուսի վերջնամասում սրճարանի բարն է, որտեղ և պատրաստվում են հաճախորդների պատվերները: 

 

Սարյան փողոցի ընտրությունը ևս պատահական չի եղել: Տիգրանն ասում է, որ փողոցը ֆրանսիական շունչ է հաղորդում:

Բացի այդ, նրան գրավել է փողոցի հանգստությունն ու կոկիկությունը: Իսկ Սարյան 1 հասցեն ընտրել է՝ առաջին ավտոբուս-սրճարանի համընկնումով:

«Starbus» անվանումը Տիգրանին մայրն է հուշել։ Անունը լեզվի սայթաքման արդյունք է համարում: Ասում է՝ հաշվարկել էր սրճարանի աշխատանքները, ձևակերպել մարքեթինգային քայլերը, մնացել էր անունը։ Առավոտյան մոր հետ սրճելիս է եղել, երբ մայրը «Starbucks» անունը տալիս վերջավորությունը փչացրել է և ասել՝ «Starbus»: Սա էլ Տիգրանին հուշել է սրճարանի ձևաչափին համընկնող անվանումը. «Եթե մինչև այդ որևէ բան կիսատ էր, այդ պահից ամեն ինչ սկսեց իր տեղն ընկնել»:

Թիմը դեռևս 1-2 ամիս կփորձի հասկանալ գործի հմտությունները, դրանից հետո կսկսի իրագործել սրճարան-ավտոբուսի հետ կապված մյուս նպատակները: Հիմնադիրների հիմնական նպատակը «Starbus»-ը բրենդի վերածելն է:

«Վստահ եմ, որ այս գործը ինձ կգոհացնի։ Վստահ եմ, որ էլ ավելի աճ կունենք։ Չկա էդպիսի գործ, բիզնես որը չի աշխատում, աշխատացնողն է վատ անում։ Չկա էնպիսի պրոդուկտ, որ չես կարող վաճառել»,- ասում է Տիգրանը:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանություններ (5)

Լիդիա
Հիմա գործու՞մ է։ Ձեր բացելուց մի երկու տարի առաջ բզնես պլան էի գրել, լրիվ նույն գաղափաևը, բոլորը թերհավատորեն մոտեցան։ Հետաքրքիր է, հիմա աշխատում եք։
Հովհաննես
Ինչ վառելիք եք օգտագործում, հիշում եմ իկարուսները ժամանակին խայտառակ արտանետումներ ունեին, սև խեղդող ծուխ, գաղափարը հիանալի է
Matykó
Szuper ötlet! Éljen az Ikarus! :)
Արսեն
Հիմա քուլ է նման բառերն օգտագործելը :)
Արմենակ Եղիայեան
Ուղղակի զզուելի է. կարճ յօդուած մը՝ 7 օտար բառ. ահաւասիկ՝ բիզնես, պոզիտիվ, հավես, պրոեկտ, մարքեթինկ, բրենդ, պրոդուկտ: Ո՜՜՜ր կ'երլայ հայերէնը. ո՜՜՜ւր կը տանիք զայն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter