HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ կանայք մեկնում են արտագնա աշխատանքի

Հայաստանում 2017 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը կազմել է 90,3 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.0%-ովԱշխատանք փնտրողների 58,8 հազարը կանայք են, 31,5 հազարը` տղամարդիկ: Աշխատանք փնտրող երիտասարդների թիվը 21,2 հազար է: Աշխատանք փնտրողների մի մասը, Հայաստանում անգործ մնալով, մեկնում է արտագնա աշխատանքի:

Շրջիկ վաճառականը

Ամռան ամիսներին Վրաստանի ծովափնյա բնակավայրերը հայաշատ են: Հատկապես Ուռեկիում, Քոբուլեթիում և Բաթումիում հայերի կարելի է հանդիպել ամենուր. մատչելի համարվող տուրիստական գոտին գրավում է շատերին:

-Ցխելի սիմինդի, ցխելի սիմինդի՜,-վրացերեն խոսքերը դիպան ականջիս, գլուխս թեքեցի ձայնի ուղղությամբ և տեսա, որ լողափին պառկած կիսամերկ մարմինները ճարպկորեն շրջանցելով` առաջ է գալիս միջին տարիքի շրջիկ վաճառական մի կին՝ իր հետ բերելով մեծ դույլ, որտեղ տեղավորել է իր ցխելի սիմինդիները, այլ կերպ ասած` տաք եգիպտացորենը:

-Խնդրում եմ ինձ մեկ հատ տվեք,-կնոջը դիմեցի ռուսերենով, եգիպտացորենի գինը՝ 2 լարին մեկնելով՝ վերցրեցի այն և հարմար տեղավորվեցի ծովափնյա աթոռին՝ պայուսակս դնելով կողքիս ազատ աթոռին:

- Կներեք, թույլ կտա՞ք մի փոքր նստեմ այս աթոռին,-այս անգամ ռուսերենով ինձ դիմեց  կինը և ստանալով դրական պատասխան՝ հավելեց, որ շատ հոգնած է և խնդրում է մի փոքր հանգստանալ:

Ես համաձայնվեցի: Անծանոթ կինը հարմար տեղավորվեց, մի փոքր հանգստացավ,  ապա գրպանից հանեց ակնոցներն ու հեռախոսագիրքը փորփրեց:

-Ալո, Կարինե ջան, հետ կզանգե՞ս բալես, այսօր քիչ եմ փող աշխատել, չեմ կարողացել հեռախոսս լիցքավորել-կինը խոսում էր հայերեն, և ես նրա շեշտադրումից հասկացա, որ Հյասատանից եկած հայ է:

Մի քանի վայրկյան հետո կնոջը զանգահարեցին:

-Վայ բարև աղջիկս, Կարինես: Գիտես ոնց եմ քեզ կարոտել, բան չմնաց, շուտով հետ կգամ,-կնոջ խոսքն ընդհատեց հեռախոսից այն կողմ լսվող ձայնը, ապա նա կրկին շարունակեց,-Կարինե ջան, վատ տարի է, գործս քիչ է, չեմ կարող շուտ գալ, դեռ էն  փողը չեմ հավաքել: Մի տեսակ քիչ են զբոսաշրջիկները, մեր առատաձեռն հայերն էլ չկան, որ նորմալ թեյավճար թողնեն, ռուսներից օգուտ չկա,-մի քանի րոպեից խոսակցությունն ավարտեց կինն ու ինձ ռուսերենով շնորհակալություն հայտնեց՝ պատրաստվելով գնալ:

-Ես էլ եմ հայ, բարև ձեզ կրկին,-ժպտալով ասացի ես:

Մենք ծանոթացանք: Նա Ալլան էր: Մասնագիտությամբ տնտեսագետ: 47 տարեկան: Եկել էր Հայաստանի Լոռու մարզի Սպիտակ քաղաքից:

Հայաստանում աշխատանք գտնելը  բարդ է

«5 տարի է գալիս եմ Վրաստան: Հունիսի կեսերին տեղափոխվում եմ այստեղ, վերադառնում եմ սեպտեմբերի կեսերին: Աշխատանքը բարդ է, բայց եկամուտից չեմ բողոքում: Կարողանում եմ մի քանի կոպեկ աշխատել, որ տանեմ Հայաստան ու մի քանի հոգս հոգալ»-պատմեց Ալլան:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ գործազուրկների թվով 2017-ի հունվար-փետրվար ամիսներին առաջատարն է եղել Շիրակի մարզը - 28.6 հազար մարդ, որին հաջորդում է մայրաքաղաք Երևանըը - 24.9 հազար,  երրոդ տեղում է Լոռու մարզը, որտեղ  ցուցանիշը կազմել է 20.1 հազար:

«Երկրաշարժից հետո մեր քաղաքի համար դժվար էր ոտքի կանգնել: Գիտեք, մի ժամանակ մեր մարզը տարածաշրջանի արդյունաբերական կենտրոններից մեկն էր, մեր շրջանում անգործ մարդ չկար, իսկ հիմա շատերս ենք արտագնա աշխատանքի մեկնում: Իմ ամուսինը 20 տարի է ապրում-աշխատում է Ռուսաստանում, տարին մեկ անգամ մի քանի օրով է գալիս Սպիտակ, ես ու երկու երեխաներս ապրում ենք իր ուղարկած փողով, վատ չենք ապրում, երեխաների մեծանալուն պես ծախսերն էլ մեծացան, որոշեցի ձեռք մեկնել ամուսնուս: Ամռան ամիսներին գալիս եմ այստեղ աշխատելու, որ ուսանող աղջկաս ուսման վարձի համար փող հավաքեմ», -նշեց Ալլան:

Ծովափին առավոտից երեկո առևտուր անելով՝ Ալլան կարողանում է վաստակել օրեկան միջինը 50 լարի: Վաճառում է եգիպտացորեն, նաև իր թխած կարկանդակներն ու բլիթները:

«Այդ 50 լարին հայկական փողով 10 հազար դրամ է անում:  Այդ փողից հանում եմ կեցությանու մնացած ծախսերս, մոտ 7  հազար դրամ մաքուր եկամուտ ունեմ: -ասում է Ալլան ու հավելում, որ Հայաստանում աշխատանք փնտրելիս բախվել մի շարք խնդիրների»: 

Հայաստանում կնոջն աշխատանքի են վերցնում արտաքին տեսքը հաշվի առնելով

«Երբ գնում ես աշխատանքի ընդունվելու, քո դեմքին չեն նայում նույնիսկ, եթե դու 30-ն անց ես: Ծիծաղելի է հնչում, բայց մեզ մոտ 30 տարեկանն արդեն ծեր է համարվում մասնավոր գործատուի համար, իսկ Սպիտակում պետական աշխատատեղերը շատ քիչ են,-նշում է Ալլան,- 42 տարեկան էի, երբ  հասկացա, որ ես երբեք չեմ կարող աշխատանք գտնել իմ քաղաքում: Նկատի ունեմ եկամտաբեր աշխատանք: Հա, կարող եմ օրը 1000 դրամով հավաքարար աշխատել, բայց ախր այդ գումարը քիչ է շատ, հենց այդ պատճառով էլ եկա այստեղ, որտեղ բնավ պետք չի լինել մոդել, այլ հարկավոր է ունենալ ամուր ոտքեր՝ առավոտից քայլելու համար»:

Նրան այս աշխատանքի մասին տեղեկացրել է հարևանուհին, ով արդեն 6 տարի է գալիս է Վրաստան` աշխատելու:

Ընդհանուր առմամբ, աշխատանք գտնելու նպատակով տարիներ շարունակ հայերը գնում են Ռուսաստան: Եթե արտագնա աշխատանքի հիմնականում մեկնում էին  տղամարդիկ, ապա վերջին տարիներին սկսել են արտագնա աշխատանքի մեկնել նաև կանայք: Մասնավորապես, նրանք գնում են Թուրքիա, որտեղ խնամում են ծերերի, երեխաների ու զբաղվում տնային մաքրությամբ, ՌԴ՝ որտեղ կրկին մաքրուհու աշխատանք են անում կամ աշխատում են տրիոտաժի գործարաններում, իսկ ամառային այս օրերին հատկապես մեծ թվով կանայք մեկնում են հարևան Վրաստանի ծովափնյա քաղաքներ՝ աշխատելու սրճարաններում կամ ծովի ափին որպես շրջիկ առևտարական՝ ափի երկարությամբ քայլելով և եգիպտացորեն ու ընկուզեղեն վաճառելով:

«Ի դեպ, իմ աշխատանքը մեկ դրական կողմ էլ ունի: Բացի  գումար աշխատելուց, մեկ-մեկ էլ ծովի ափին եմ հանգստանում: Եթե այս աշխատանքը չլիներ, կյանքում ինձ չէի կարող թույլ տալ ծովափին հանգստանալու շքեղությունը: Հաջորդ տարի էլ անպայման գալու եմ, գործազուրկ քրոջս էլ եմ բերելու, արդեն համոզել եմ, որ անպատվաբեր բան չկա արտագնա աշխատանքի մեջ»,- ասում է նա: 

Հ.Գ.

Վրաստանի ծովափնյա քաղաքներում կարելի է հանդիպել նաև ժամանակավոր աշխատանքի պրպտումներով այնտեղ հասած արական սեռի ներկայացուցիչների: Խոսքն այս դեպքում բիզնես գործունեություն ծավալողների մասին չէ, այլ շրջիկ վաճառականների, ովքեր կրկին պտտվում են լողափին՝ առաջարկելով գնել սառը հյութեր կամ ծովափնյա պարագաներ:

Արմինե Ավետիսյան 

Լուսանկարները` հեղինակի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter