HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Խճճելու արվեստը. ԱՎԾ-ն, նախարարությունն ու վարչապետը տարբեր թվեր են ներկայացնում ներդրումների վերաբերյալ

Հայաստանում կատարվող օտարեկրյա ներդրումների վերաբերյալ տվյալները տարբեր կառույցներ այնքան խճճված ու անհասկանալի են ներկայացնում, որ շատ դժվար է հասկանալ, թե, ի վերջո, որքան օտարերկրյա ներդրում է կատարվում մեր երկրում։ Վարչապետն ու նախարարներն էլ մի կողմից` անվերջ խոսում են այս թեմայով, իսկ մենք՝ լրագրողներս, տնտեսագետներն ու վերլուծաբանները, չենք կարողանում պարզել՝ արդյոք ներդրումների վերաբերյալ իշխանությունների խոստումներն իրականանում են։ Մինչդեռ Ազգային վիճակագրական ծառայությանը (ՀՀ ԱՎԾ) հարկավոր է ընդամենը ավելի համապարփակ ներկայացնել վիճակագրությունը և ամենակարևորը՝ պարզ, պարզ ու էլի պարզ։

Երբ ԱՎԾ-ն 2014թ. փոխեց օտարեկրյա ներդրումների հաշվարկման մեթոդաբանությունը, բազմիցս գրեցինք ներդրումների մասին, սակայն մեր ունեցած տվյալները թույլ չեն տալիս ընթերցողի համար հնարավորինս պարզ գրել։ Սա չի նշանակում, որ չենք կարևորում ԱՎԾ-ի ներկայացրած ցուցանիշները, իրականում դրանք, հնարավոր է, ավելի խոսուն են ու կարևոր։ Խնդիրը տվյալների ոչ համապարփակությունն է։

Օրեր առաջ հարցում էինք ուղարկել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն (ՏԶՆՆ)` հասկանալու, թե, ի վերջո, որքան ներդրում է կատարվել։ Երեկ էլ արդեն նախարարությունը մամուլի հաղորդագրություն տարածեց այդ մասին։ Խնդրել էինք տրամադրել նաև նախորդ տարիների տվյալները՝ սկսած 2014-ից։

Ինչ է ասում նախարարությունը

Ըստ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության` 2017թ. առաջին կիսամյակում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ներհոսքի (կամ ստացումների) ծավալը կազմել է շուրջ 1 մլրդ ԱՄՆ դոլար, որից 328 մլն դոլարը ուղղակի ներդրումներն են: 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ ընդհանուր ներդրումներն աճել են 36,6%-ով, իսկ միայն ուղղակի ներդրումները՝ 26,3%:

Այսինքն, ըստ նախարարության, այս տարի ներդրումների ծավալն աճել է։ Քանի որ ներդրումների հաշվարկման մեթոդաբանությունը փոխվեց 2014-ից, նախարարությունից ստացել ենք նաև այդ` 2014-2016թթ. տվյալները։ Չխորանալով մինչ այդ եղած և ներկայիս մեթոդաբանական տարբերությունների մեջ՝ պարզապես փորձենք հասկանալ, թե գոնե վերջին երեք տարում ի՞նչ դինամիկա ենք ունեցել։ Այսպիսով, ըստ «Հետք»-ին տրամադրած տվյալների` վերջին երեք տարիներին՝ 2014-2016թթ., օտարերկրյա ներդրումների ծավալը Հայաստանում զգալի փոփոխությունների չի ենթարկվել։ Այն տարեկան կազմել է շուրջ 2 մլրդ դոլար։ 2016-ին, ի համեմատ 2015-ի, աճել է 0.7%-ով։ Իսկ միայն ուղղակի ներդրումները 2015-ին նվազել են, 2016-ին՝ որոշ չափով աճել, սակայն չեն հասել 2014-ի ցուցանիշին։

Ամենամեծ ծավալի ներդրումները կատարվել են Ռուսաստանից 2016թ., կրկին ըստ նախարարության տվյալների, Ռուսաստանից Հայաստան օտարերկրյա ներդրումները կազմել են մոտ 703 մլն դոլար կամ ընդհանուր ներդրումների 34,5%-ը։ Շուրջ 290 մլն դոլարի ներդրում էլ կատարվել է Գերմանիայից։ Հայաստանում կատարած ներդրումների ծավալով երրորդ տեղում Կիպրոսն է, հաջորդում են Լյուքսեմբուրգն ու Միացյալ Թագավորությունը։

Ինչ է ասում Վիճծառայությունը

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից շեշտում են, որ ԱՎԾ-ն չի հրապարակում վերը ներկայացված տվյալները։ Դրանք իրենց՝ նախարարության հաշվարկներն են։ Վիճծառայությունից ևս մեզ ասացին, որ չեն հրապարակում, թե Հայաստանում որքան ներդրում է կատարվել, օրինակ, այս տարվա առաջին կիսամյակում։ Ներկայացվում են միայն ներդրումների զուտ հոսքերը. դրանք ցույց են տալիս նշված ժամանակում կատարված ներդրումների և մարումների տարբերությունները։ Իսկ այդ տարբերությունը, ըստ ԱՎԾ-ի, առաջին կիսամյակի տվյալներով բացասական է (-24.8 մլրդ դրամ)։ Մեր վերջին հոդվածում այդ մասին գրել ենք։

Շատերի համար անհասկանալի է հենց այդ բացասական ցուցանիշը։ Իսկ եթե ԱՎԾ-ն զուգահեռաբար ներկայացներ ընդհանուր ստացված ներդրումները (ներհոսքը), հետո՝ մարումները (արտահոսքը), ապա նոր` դրանց տարբերությունը, իրավիճակը շատ ավելի պարզ կլիներ ու ԱՎԾ հրապարակումից հասկանալի կդառնար՝ ներդրումներն իրականում ավելացե՞լ են, թե՞ նվազել, արտահոսքն ավելացե՞լ է, թե՞ նվազել։ Մինչդեռ վիճակագրությունն այսօր մեր նշած ցուցանիշներից միանգամից երրորդն է ներկայացնում։

Ընդ որում՝ ԱՎԾ-ն թվերը ներկայացնում է դրամով, նախարարությունը՝ դոլարով։ Նախարարությունից նշում են, որ մարումներից հետո կսկսվի ներդրումների նոր փուլ. «ՀՀ ՏԶՆՆ նախնական գնահատականներով կարելի է փաստել, որ մարումները գլխավորապես տեղի են ունեցել ապրանքների և ծառայությունների դիմաց տրված կանխավճարների, վարկերի և պարտքային գործիքների գծով: Դա վկայում է այն մասին, որ օտարերկրյա կապիտալով կազմակերպությունները վճարունակության հետ կապված խնդիրներ չեն ունեցել և կարողացել են կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները, ինչպես նաև նոր ներդրումային ծրագրերի շրջանակներում կատարել են կանխավճարային փոխանցումներ: Միաժամանակ, վերցրած վարկերի մարումները հետագա ներդրումների գրավականն են»:

Այսինքն՝ ո'չ ԱՎԾ-ի ցուցանիշներն առանձին վերցրած, ո´չ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ցուցանիշները պատկերացում չեն տալիս ընդհանուր վիճակի մասին։ Այն հասկանալու համար հարկավոր է համադրել երկու կառույցների ցուցանիշները։ Այս տարվա առաջին կիսամյակի պատկերը հուշում է, որ թեև ներդրումային հոսքերը՝ ստացումները, աճել են, սակայն արտահոսքը՝ մարումներն, ավելի մեծ են եղել։ Այս պահին առայժմ այսքանը կարելի է ենթադրել։

Խոստումներ

Ինչպես հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը, 2017թ. հնարավոր է իրագործել 830-850 մլն դոլարի ներդրում։ Նախարարությունը, սակայն, նշում է, որ խոսքը ոչ թե երկրում կատարվող ընդհանուր օտարեկրյա ներդրումների մասին է, այլ՝ միայն մի քանի ներդրումային ծրագրերի. «Դրանց մեջ ներառված են տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում` վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող, պետություն–մասնավոր համագործակցության ներդրումային ծրագրերը, ինչպես նաև` մասնավոր այն ներդրումային ծրագրերը, որոնք պետության կողմից ստացել են հարկային, մաքսային կամ այլ արտոնություններ։ Ընդ որում` նշենք, որ առաջին կիսամյակի ընթացքում հայտարարված ներդրումների շուրջ 40%-ն արդեն իսկ իրականացվել է»։

Նախարարությունն էլ իր հերթին հայտարարել է 500 մլն դոլարի ներդրումների մասին։ «ՀՀ-ում ներդրումային ծրագրերի շրջանակներում ընկերություններին՝ ըստ իրենց կարիքների տրամադրվում է տարբեր ձևաչափերի աջակցություն։ Այսպես, ՀՀ ՏԶՆՆ կողմից ներկայացվել է այդպիսի 66 ծրագիր, որոնք արդեն իսկ իրականացման տարբեր փուլերում են և ունեն համապատասխան ֆինանսավորում: Այդ ծրագրերի իրականացման արդյունքում 2017թ. կկատարվի 492,8 մլն ԱՄՆ դոլար ներդրում և կստեղծվի 7298 նոր աշխատատեղ: ՀՀ ՏԶՆՆ գրեթե օնլայն ռեժիմում աշխատում է ծրագրերն իրականացնողների հետ` անհրաժեշտության դեպքում աջակցելով խոչընդոտների վերացմանը և իրականացնում է ծրագրերի մոնիտորինգ։ Այս ծրագրերի մի մասն իրականացվում է օտարերկրյա ներդրողների կողմից։ Տարվա առաջին ութ ամիսների արդյունքներով` արդեն իսկ իրականացվել է շուրջ 247,2 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և ստեղծվել է 3182 նոր աշխատատեղ»,- նշում են նախարարությունից:

ՏԶՆՆ հրապարակած ներդրումների թիվը վարչապետ Կարեն Կարապետյանի նշած ծավալի ընդամենը մի մասն է, քանի որ այստեղ ներառված չեն, օրինակ, տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական ծրագրերը։ Նաև շեշտվում է, որ ԱՎԾ-ի վիճակագրությամբ ներկայացվում են ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը, որոնք չեն ներառում ֆինանսական հատվածը:

«ՀՀ ԱՎԾ կողմից հրապարակվող օտարերկրյա ներդրումների մասին պաշտոնական տվյալները չեն կարող կորելացվել ՀՀ վարչապետի կամ ՀՀ ՏԶՆՆ կողմից հնչեցված ներդրումների ծավալների հետ, քանի որ վերաբերում են միայն օտարերկրյա ներդրումներին, չեն ներառում պետական ծրագրերը, հաշվարկվում են հատուկ՝ ԱՄՀ կողմից մշակված և միջազգային պրակտիկայում ընդունված մեթոդաբանությամբ (օրինակ` օտարերկրյա ներդրումների մեջ ներառվում են ոչ միայն կապիտալ ծախսերը, այլև ստացված/տրված կանխավճարները), հրապարակվում են զուտ մեծություններով և այլն»,- պարզաբանում են նախարարությունից։ Հատկանշական է, որ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը միայն հիմա է ներկայացնում այս պարզաբանումները, մինչդեռ ներդրումների թեման ակտիվորեն քննարկվում է տարեսկզբից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter