HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստան են ժամանել Միացյալ Նահանգների անտառային ծառայության մասնագետները

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Հայաստան ժամանած Միացյալ Նահանգների անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման և արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խմբի անդամներ` Դանու Բաթլրին, Անդրու Բաորին և ծառայության  տարածաշրջանային համակարգող  Մարիամ Թևզաձեին, որոնց ուղեկցել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրի գծով պատասխանատու Ռաֆայել Սամբուն:

Նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ հանդիպմանը մասնակցել են  ՀՀ արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարության ներկայացույցիչներ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի համապատասխան ինստիտուտների տնօրեններ, Հայաստանում ամերիկյան համալսարանի Հակոբեան բնապահպանական կենտրոնի և բնապահպանության ոլորտում մասնագիտացված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Արծվիկ Մինասյանն ամերիկյան կողմին շնորհակալություն է հայտնել օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության և արագ արձագանքման համար և գոհունակությամբ արձանագրել է, որ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հետ` մասնագիտական խմբեր հրավիրելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները  սեղմ ժամկետում վերածվել են կոնկրետ գործողությունների:

«Անշուշտ յուրաքանչյուր հրդեհ մեզ համար մարտահրավեր է, բայց բոլոր այն հրդեհները, որոնք անտառածածկ տարածքներում են լինում` ավելի ցավալի են դարձնում մեր կորուստները և եթե այստեղ մենք դիտարկում ենք բնության հատուկ պահպանվող տարածքները` պարզ է դառնում, թե որքան  կարևոր է մեր համագործակցված աշխատանքը: Ստեղծված իրողությունը ցույց է տալիս, որ մենք պետք է վերանայենք և նոր համակարգ մշակենք նախ` հրդեհների ռիսկերի կանխարգելման, իսկ հետո` արագ արձագանքման մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ: Մյուս կարևոր խնդիրը վերականգնողական աշխատանքների նախաձեռնումն է»,- ասել է Ա․Մինասյանը: Նա շեշտել է նաև հրդեհների հետևանքների ճիշտ գնահատման առաջնահերթությունը, որպեսզի հետագայում վերականգնողական ծրագրերը և աշխատանքները լինեն նպատակային:

ԱՄՆ անտառային ծառայության ներկայացուցիչները խնդրել են ներկայացնել հրդեհի հետևանքով առկա և հնարավոր բնապահպանական ռիսկերը:

ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի ղեկավար Ժիրայր Վարդանյանը և Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը ներկայացրել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իրենց ղեկավարած ստորաբաժանումների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքները: Ժիրայր Վարդանյանը մասնավորապես նշել է, որ այրված տարածքներում ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված բույսեր չեն եղել: Էական վնաս է կրել գիհու նոսրանտառը, որը սակայն արգելոցի չայրված տարածքներում լիարժեք առկա է:

Տեղեկացնելով, որ հակահրդեհային աշխատանքների կազմակերպման միջոցառումների հարցերում աջակցություն ցուցաբերելու համար այս տարվա հոկտեմբեր ամսի  վերջին ԱՄՆ-ից Հայաստան է ժամանելու ևս մեկ մասնագիտական խումբ`   Արծվիկ Մինասյանը վստահություն է հայտնել, որ ամերիկյան կողմի հետ  համագործակցությունը շարունակական է լինելու և Հայաստանի պատասխանատու կառույցները ապահովելու են բոլոր անհրաժեշտ պայմանները խմբերի լիարժեք և արդյունավետ աշխատանքների համար:

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրի գծով պատասխանատու Ռաֆայել Սամբուն նկատել է, որ սեղմ ժամկետներում մասնագիտական խմբի ձևավորման և Հայաստան բերելու համար մեծածավալ աշխատանք է տարվել, ինչը ՀՀ բնապահպանության նախարարության հետ արդյունավետ համագործակցության արդյունք է:

Միացյալ Նահանգների անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման և արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խումբն հրդեհից վնասված տարածքներում ուսումնասիրությունները սկսելու է արդեն սեպտեմբրի 9-ի վաղ առավոտյան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter