HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի սեյսմավտանգ դպրոցները

5,5 և ավելի մագնիտուդով երկրաշարժերի դեպքում Հայաստանում տեղի կունենա բազմաթիվ դպրոցական շենքերի և շինությունների կամ նրանց առանձին մասերի փլուզում, որը կբերի մեծ թվով զոհերի և նյութական կորուստների։

Այս «ահազանգով» երկու տարի առաջ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030թթ. ծրագիրը։ Ծրագրում ու դրա գործողությունների պլանում մի քանի անգամ փոփոխություն է կատարվել, վերջինը` այս տարվա հուլիսին: Դրանով նաև հաստատվեց Հայաստանի սեյսմավտանգ դպրոցների ցանկը:

Հանրապետությունում «սեյսմակայունության տեսակետից այսօր առավել վտանգավոր» են համարվում 425 դպրոցներ: Սա հանրապետության դպրոցների 30%-ն է:

Ցանկում կան դպրոցներ, որոնց հիմնանորոգման համար պետբյուջեից, սոցիալական ծրագրերից և վարկային միջոցներից արդեն իսկ միլիոնավոր դրամներ ու դոլարներ են հատկացվել:

Ցանկում ընդգրկվել են նախկինում հիմնանորոգված դպրոցներ

Սեյսմավտանգ համարվող 425 դպրոցներից մի քանիսի տնօրենները մեզ հետ զրույցում վստահեցրին, որ իրենց դպրոցը սեյսմակայուն է, և դրանց հիմնանորոգման համար բյուջեից արդեն իսկ միլիոնավոր դրամներ են ծախսվել:

Գորիսի թիվ 4 ավագ դպրոցը, օրինակ, կապիտալ վերանորոգվել և ամրացվել է 2007-2008 թվականներին: Տնօրեն Արմինե Շեգունցը մեզ հետ զրույցում ասաց, որ դպրոցը վերանորոգել է «Սոցիալական ներդրումների հիմնադրամը», ծախսը կազմել է 110 միլիոն դրամ:

Ծրագրում ընդգրկված դպրոցներից նույն շրջանում` երեք փուլով, վերանորոգվել և ամրացվել է նաև Վայոց Ձորի Շատին գյուղի դպրոցը: 2010թ. կապիտալ վերանորոգվել է Տավուշի Այգեհովիտ գյուղի դպրոցը:

2007-2009թթ. հիմնանորոգվել է ցանկում ընդգրկված մեկ այլ՝ Պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի ավագ դպրոցը, որը տեղակայված է համալսարանի մասնաշենքերից մեկում: Բուհի ռեկտոր Արմեն Խառատյանն ասում է, որ հիմնանորոգման ավարտից հետո ավագ դպրոցը դոմիկներից տեղափոխվել է համալսարան: Մի քանի մասնաշենքերի (այդ թվում՝ ավագ դպրոցի) հիմնանորոգումը, ռեկտորի խոսքով, իրականացվել է շուրջ 300 մլն դրամ արժեքով (2 փուլով):

Քաղաքաշինության պետական կոմիտեն որոշման առաջին փոփոխության ժամանակ՝ 2017թ. հունվարի նիստին, դիտողություն էր արել նախագիծը ներկայացնողին:

«Ենթադրվում է, որ նախագծի N2 հավելվածով ներկայացված Հայաստանի Հանրապետությունում «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակներում կառուցվելիք կամ ամրացվելիք դպրոցների ցանկում առկա են դպրոցներ, որոնց վրա վերջին տարիների ընթացքում կատարվել են զգալի ֆինանսական ներդրումներ (օրինակ` Հաղարծին համայնքի միջնակարգ դպրոցում), նպատակահարմար է դրանք փոխարինել այլ դպրոցներով»,- նկատել էր կոմիտեն:

Նախագծի հեղինակը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը (ներկայացնող՝ նախարար Դավիթ Լոքյան), սակայն, չի ընդունել այս առաջարկը՝ պատճառաբանելով, որ «այլընտրանքային տարբերակ չի ներկայացվել»:

Ցանկում փոփոխություններ կատարելու առաջարկներ են արել նաև Արարատի մարզպետարանն ու Երևանի քաղաքապետարանը: Նրանք առաջարկել են մի քանի դպրոցներ փոխարինել ուրիշներով: Երկու առաջարկներն էլ մերժվել են. նախագծի հեղինակը Արարատի մարզպետարանին պատասխանել է, որ «ցանկում ներառված դպրոցների սեյսմիկ խոցելիության աստիճանը բարձր է, իսկ փոխարինման համար առաջարկված դպրոցներինը` միջին»: Երևանի քաղաքապետարանի առաջարկը մերժվել է՝ առանց մեկնաբանության:

20 «գերակա» դպրոցները

Կառավարությունը նշված 425 դպրոցներից առանձնացրել է 20-ը, որոնք ունեն «առաջնահերթ կարգով բարելավման անհրաժեշտություն»: Ծրագրում չի հստակեցվում, թե ինչ չափանիշերով են ընտրվել հենց այս 20 դպրոցները: Անորոշ է նաև, թե ինչ է նշանակում բարելավում:

Դրանց ընտրության սկզբունքներից մեկով` Երևանին պետք էր «ցուցաբերել տարբերակված մոտեցում» և ծրագրերի շուրջ 30%-ն իրականացնել Երևանում, քանի որ այստեղ է սովորում հանրապետության աշակերտների շուրջ 30%-ը: Չնայած սրան՝ կառուցվելիք կամ ամրացվելիք 20 դպրոցներից Երևանում են գտնվում 12-ը՝ 60%-ը:

Մեկ այլ սկզբունքի համաձայն՝ դպրոցների ընտրության ժամանակ պետք էր «չներառել ներկայումս լավ տեխնիկական պայմաններ ունեցող դպրոցները»:

Քաղաքաշինության պետական կոմիտեն նկատել է, որ այս դպրոցներից Երևանի թիվ 51 և Սևանի թիվ 1 հիմնական դպրոցներում վերջին տարիների պետական բյուջեներով կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ, որոնք այժմ ընթացքի մեջ են:

Կոմիտեն առաջարկել է ցանկից հանել այդ դպրոցները, սակայն առաջարկը չի ընդունվել: Պատճառաբանվել է, որ Երևանի թիվ 51 դպրոցի համար պետական բյուջեով կառուցվել է նոր մասնաշենք և ամրացման ենթակա է հին մասնաշենքը, իսկ Սևանի թիվ 1 հիմնական դպրոցում բյուջեով նախատեսված են ոչ թե ամրացման, այլ վերանորոգման աշխատանքներ:

Ֆինանսների նախարարությունը, սակայն, պահանջել է հիմնավորել այս պատճառաբանությունը, քանի որ պետական բյուջեով նախատեսված է եղել Երևանի թիվ 51 դպրոցի հիմնանորոգում, ոչ թե նոր մասնաշենքի կառուցում: Ընդ որում՝ փաստաթղթերով նախատեսված է եղել թվով 2 մասնաշենքերի ուժեղացում: Սրա համար 2016թ. կնքվել է 440 մլն դրամի կապալի պայմանագիր, և նույն տարում պետական բյուջեից փոխանցվել է մոտ 37 մլն դրամ, ևս 88 մլն-ը նախատեսվել է փոխանցել 2017-ին:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, սակայն, չի ընդունել ֆինանսների նախարարության առարկությունը` այս անգամ պնդելով, որ «քաղաքաշինության պետական կոմի­տեի պատվիրատվությամբ իրականացվում են դպրոցի մի մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները»:

Ինչ վերաբերում է Սևանի թիվ 1 դպրոցին, այն հանվել է 20 դպրոցների ցանկից, երբ ֆինանսների նախարարությունը հերքել է դպրոցում միայն վերանորոգման աշխատանքներ տանելու պատճառաբանությունը՝ նշելով, որ փաստաթղթերում «ներառված է եղել թվով 6 մասնաշենքերի ուժեղացումը՝ ըստ անհրաժեշտության»:

Արդյունքում հաստատվել է հետևյալ 20 դպրոցների ցանկը: 

Նշենք, որ Հայաստանի կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև 2015թ. կնքվել է «Սեյսմիկ անվտանգության բարելավման» վարկային ծրագրի համաձայնագիրը, որի բյուջեն կազմում է 107 միլիոն ԱՄՆ դոլար: Նշված գումարից 88.5 միլիոն դոլարը բանկի տրամադրած գումարն է, իսկ 18,5 միլիոնը՝ կառավարության ներդրումը:

Կառավարության որոշման և դրա գործողությունների ծրագրում ուղիղ չի նշվում, որ 20 դպրոցները բարեկարգվելու կամ հիմնանորոգվելու են հենց այս վարկային միջոցներով, սակայն ասվում է, որ նախագծի ընդունման արդյունքում սեյսմիկ առումով անվտանգ դպրոցներում սովորողների քանակը կավելանա 13037-ով, որը Ասիական զարգացման բանկի վարկային ծրագրով ակնկալվող արդյունքն է:

Ցանկում կան դպրոցներ, որոնք հիմնանորոգվում են Համաշխարհային բանկի վարկային ծրագրով

«Հետք»-ն անդրադարձել է Համաշխարհային բանկի վարկով հանրապետության 17 ավագ դպրոցների հիմնանորոգման ծրագրին, որը կարող է կիսատ մնալ վարկային միջոցների ոչ բավարար լինելու պատճառաբանությամբ:

Այս դպրոցներից հինգի հիմնանորոգման մրցույթներն արդեն կայացել են: Կնքվել են շինարարության իրականացման պայմանագրերը: Դրանք են Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի ավագ, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի ավագ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թիվ 1 ավագ, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի թիվ 2 ավագ, Արարատի մարզի Արարատ քաղաքի ավագ դպրոցները:

Չնայած սրան՝ Հրազդանի թիվ 1 ավագ, Մեծամորի թիվ 2 ավագ, Արարատի ավագ դպրոցները, որոնց հիմնանորոգման ընդհանուր արժեքը ՀԲ վարկային ծրագրով կազմում է ավելի քանի 4 միլիոն դոլար, ընդգրկվել են նաև կառավարության սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր 425 դպրոցների ցանկում: Համաշխարհային բանկի վարկային ծրագրով հիմնանորոգման ենթակա, սակայն հարցականի տակ հայտնված 12 դպրոցներից 9-ը ևս ընդգրկված են կառավարության այս ծրագրում: Որոշման վերջին փոփոխության՝ հուլիսի նիստի ժամանակ, առարկություններ և առաջարկություններ ներկայացրած գերատեսչություններից որևէ մեկը չի բարձրաձայնել այս մասին: Ձայնի իրավունք է ունեցել նաև ՀԲ-ի վարկային ծրագիրն իրականացնողը՝ կրթության և գիտության նախարարությունը, որը դիտողություններ և առաջարկություններ չի ունեցել:

Անվտանգության ցածր մակարդակ ունեցող որոշ դպրոցներ դուրս են մնացել կառավարության ծրագրից

2017թ. հուլիսի որոշման նախագիծը, որով հաստատվել է սեյսմավտանգ 425 դպրոցների ցանկը, կառավարություն է ներկայացրել տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը` ի դեմս նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի:

Որոշման նախապատմությունն ուսումնասիրելիս պարզվում է, որ Հայաստանում 2015թ. նախապես հաստատված է եղել սեյսմիկ առումով ամենավտանգավոր 377 դպրոցների ցանկ։

Նշված դպրոցները, ըստ որոշման, ունեին անվտանգության ցածր մակարդակ՝ համաձայն ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի Երևանյան գրասենյակի սահմանած սեյսմիկ անվտանգության չափանիշերի: Դրանց ուժեղացման կամ նորի կառուցման նախնական ծախսերը գնահատվել էին 617 միլիոն ԱՄՆ դոլար, որից 107 միլիոն դոլարը՝ 2015-2020թթ. համար։

Որոշման` այս տարվա հունվարին և հուլիսին կատարված փոփոխություններով սահմանվեց հանրապետությունում սեյսմակայունության տեսակետից առավել վտանգավոր 425 դպրոցների ցանկ, որում սակայն չեն ընդգրկվել նախկինում վտանգավոր համարված բոլոր 377 դպրոցները:

Համեմատելով երկու որոշումները` պարզվում է, որ 425-ի մեջ չեն նախկինում սեյսմավտանգ համարված դպրոցներից 150-ը:

Այս 150 դպրոցներից միայն Արտաշատի թիվ 6 միջնակարգ դպրոցն է, որ ըստ ԿԳՆ-ի հրապարակած վերջին տվյալների, չի գործում: Երկու այլ հաստատություն` «Սիսիանի թիվ 1 հատուկ հիմնական» և «Գորիսի թիվ 1 հատուկ հիմնական» դպրոցները կառավարության՝ 2016թ. երկու տարբեր որոշումներով վերակազմակերպվել են ՊՈԱԿ-ների: Դրանք այժմ դպրոցներ չեն, սակայն իրականացնում են կրթական գործունեություն` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար:

Մնացած կրթական հաստատությունները ներառված են ԿԳՆ-ի` գործող դպրոցների ցանկում:

Ծրագրից դուրս մնացած նշված 150 դպրոցների թվում կան սեյսմիկ ստուգումներով վթարավտանգ համարվող դպրոցներ:

2015թ. ցանկում ընդգրկված, սակայն երկու տարի անց ցանկից հանված Շիրակավանի դպրոցը կառուցվել է 1896թ.: Տնօրեն Ջուլիետա Մկրտչյանն ասում է, որ դպրոցը չի հիմնանորոգվել: Միայն 2008թ. է «Հայաստան» համահայակական հիմնադրամի միջոցով կոսմետիկ վերանորոգում է իրականացվել, այն էլ` մասնակի: «Տասը դասարան արեցին, գնացին, հետո մարզպետարանի հատկացրած միջոցներով փոխվել են ֆիզկուլտուրայի դահլիճի և բուֆետի պատուհանները, ու վերջ»,- ասում է Ջուլիետա Մկրտչյանը:

2014թ., տնօրենի խոսքով, ստուգել են դպրոցի սեյսմակայունությունը: «Սեյսմիկ կայանից եկան, ուսումնասիրեցին, ասեցին, որ վթարային է»,- ասում է Մկրտչյանը: Հարցին` սեյսմավտանգության ինչ աստիճան է եղել դպրոցում, պատասխանեց. «Ճիշտն ասած, իրանք էդ որոշումը չբերեցին, որ ես կարդամ, նկարեցին, ստուգեցին, ու թողեցին-գնացին: Եզրակացություն չբերեցին, որ ես իմանայի»: Տնօրենը տեղյակ չի եղել, որ 2017թ. ցանկից դպրոցը դուրս է մնացել:

Դպրոցում սովորում է 102 աշակերտ, 10-ը` նախակրթարանում: 2008թ. կոսմետիկ վերանարոգոման շնորհիվ դասարանների ներսում, տնօրենի խոսքով, մաքուր վիճակ է, բայց միայն ներսից: Այս դպրոցի հիմնանորոգման ծախսերը, 2015թ. որոշմամբ, գնահատվել էին 327 հազար դոլար: Տնօրենի խոսքով` եթե որոշեն դպրոցը հիմնանորոգել, դա դասապրոցեսին չի խանգարի. իրենք կարող են ժամանակավորապես դաս անել նաև գյուղի մանկապարտեզում, ինչպես 2008թ. մասնակի վերանորոգման ժամանակ:

Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրեն Հմայակ Հակոբյանն էլ ասում է, որ դպրոցի երեք մասնաշենքերից մեկը, որում այժմ դաս են անում, բարեկարգվել է 2000-2001թթ.: Վերանորոգվել է «Սոցիալական ներդրումների հիմնադրամի» ծրագրով (մեկնարկային գինը` 70 մլն դրամ, վերանորոգվել է մոտ 50 մլն-ով). տանիքը, դուռ-լուսամուտներն են փոխվել, բայց հիմքերին ուշադրություն չի դարձվել:

2015թ. կառավարության կողմից մասնագետներ են եկել և ասել, որ չնայած մի մասնաշենքը նորոգվել է, բայց դրա հիմքերը քայքայված են և բավարար չեն շենքը շահագործելու համար: Իսկ մնացած երկու մասնաշենքերն ընդհանրապես չեն վերանորոգվել կառուցվելուց հետո, անմխիթար են, և պետք է դրանց փոխարեն նորը կառուցել:

Հմայակ Հակոբյանն ասում է. «Մեզ եզրակացություն էլ չեն տվել, իրենց խոսքերից եմ եզրակացնում, որ խոսում էին, թե հիմքերը լրիվ քանդված դպրոց է, մենք չենք կարող դա տալ հիմնանորոգման տակ, անիմաստ ա: Ես էդ խոսակցությունն եմ լսել, դրանից հետո ինձ ոչ եզրակացություն են ասել, ոչ էլ ասել են` նորն են կառուցելու: Գնացել են, մինչև էսօր ինձ ոչ մեկը էդ հարցով չի զանգել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter