Կիրակի, 19 նոյեմբերի

Շիրակի Թորոսգյուղը հավակնում է համալրել «օրինակելի-ցուցադրական» համայնքների շարքը



«Համայնքային այգի», «Ուրախ մանկություն», «Կինոակումբ», «Կանաչ էներգիա հանուն Թորոսգյուղ համայնքի զարգացման», «Համայնքների գյուղատնտեսական կարողությունների զարգացում հանուն կանաչ ապագայի», «Պասիվ արեւային ջերմատուն» ՝ սրանք այն ծրագրերն են, որոնք «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն, «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպությունը, «Բիոսոֆիա» բնապահպանական ՀԿ-ն, Ավստրիական զարգացման գործակալությունը, Ռումինիայի զարգացման համագործակցության ծրագրի՝ RoAid-ի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի միջոցով համատեղ իրականացրել են Թորոսգյուղում 2014-2016թթ-ի ընթացքում:

Երեք տարի առաջ Շիրակի մարզի Թորոսգյուղ համայնքը որեւէ բանով աչքի չընկնող, սովորական մի գյուղ էր: Թորոսգյուղցիների մտքով չէր էլ անցնում, որ կանցնի ինչ-որ մի երեք տարի ու իրենց ծննդավայրը կդառնա հաջողված ծրագրերի ու ստացված պատմությունների «բանկ»: Իսկ ամեն ինչ սկսվեց «Համայնքային այգի» ծրագրից: Մինչ այդ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի աջակցությամբ գյուղում հիմնվել էր համայնքային կենտրոն, որի հիմնական նպատակն էր համախմբել համայնքի բնակիչներին, խթանել նրանց մասնակցությունը սեփական համայնքի խնդիրների լուծման գործում:

Գարիկ Հակոբյանը

Թորոսգյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Գարիկ Հակոբյանն ասում է, որ այդ համախմբվածության առաջին ու վառ օրինակը հենց համայնքային այգի հիմնելու գաղափարն էր: «Երբ «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ից առաջարկ եղավ հանդես գալ 500 հազար դրամը չգերազանցող որեւէ ծրագրով, իմ մոտ այգի հիմնելու միտք առաջացավ: Գյուղը գրեթե զուրկ է կանաչ գոտուց, անգամ ծառերով հարուստ տնամերձեր չունենք: Իսկ այգու հիմնումը բավական դրական կազդեր բնակավայրի վրա՝ կունենայինք կանաչ գոտի եւ հանգստի գոտի միաժամանակ»,- բացատրում է Գարիկ Հակոբյանը: Ծրագիրն իրականացնելու համար ընտրվեց գյուղին իշխող բարձրադիր հատվածում 1 հա տարածք: Հաշվարկներ արեցին եւ պարզվեց, որ միայն մետաղական ցանկապատի վրա ծախսվող գումարն արդեն իսկ գերազանցում է կես միլիոն դրամը:

«Որոշեցինք չհրաժարվել ծրագրից ու գումարն ամբողջությամբ տրամադրեցինք ցանկապատին, իսկ ֆիզիկական աշխատանքը կատարեցինք կամավորության սկզբունքով: Սկզբում մտածում էինք մրգատու տնկիներ ձեռք բերել: Հաշվարկ արեցինք, ստացվեց, որ 1 տնկին (տնկիների անհրաժեշտ քանակը 300 է) 800-ից 1000 դրամով ձեռք բերելու դեպքում հավելյալ 300 հազար դրամ էր պետք, որ կարողանայինք մեկ հա մակերեսը ծածկել: Ի վերջո, որոշեցինք հացենու եւ թխկու տնկիներ ձեռք բերել: Դա էլ Լոռու մարզի Մարգահովիտ գյուղից անվճար մեզ տրամադրեցին, տեղափոխումն էլ իրենց մեքենայով կատարեց մեզ աջակից ՀԿ-ն»,- պատմում է զրուցակիցս:

Ծառատունկին մասնակցել են գյուղի երիտասարդները, դպրոցականներն ու անգամ նախակրթարանի երեխաները: Ապագա այգու տարածքը համարակալել են, բաժանել ընտանիքների միջեւ. ստացվել է 18 հավասար հատված՝ ամեն մեկում 20 ծառ հաշվարկով, որի հետագա խնամքը պիտի ստանձնեին ընտրված 4 ընտանիքները: Գարիկ Հակոբյանը պատմում է, որ ընտանիքների միջեւ տեղամասերի ընտրությունը կատարել են վիճակահանության միջոցով: Կանաչ գոտին որպես հանգստի գոտի օգտագործելու համար համայնքի ուժերով տաղավար է տեղադրվել:

Թորոսգյուղցիներին համախմբող հաջորդ ծրագիրն առավել ժամանցային բնույթ է կրում: «Կինոակումբ»-ի գաղափարը Թորոսգյուղի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի, 26-ամյա Նոնա Մաթեւոսյանինն է: 2014թ-ին թորոսգյուղցի երեք երիտասարդներ մասնկացեցին Սառնաղբյուր համայնքի երիտասարդական նախաձեռնությունների ակումբի կազմակերպած դասընթացներին: Ավարտին առաջարկ եղավ մասնակիցներին մոտ 500 հազար դրամի սահմաններում ծրագիր ներկայացնել:

Թորոսգյուղի մշակույթի տունը

Թորոսգյուղի մշակույթի տունը կառուցվել է երկրաշարժից հետո, վերանորոգվել 2014թ-ին Ռուդակովի հիմնադրամի միջոցներով: Մշակութի տունը կինոակումբի ծրագրով աշխուժացնելու գաղափարը ոգեւորիչ էր: «Մտածեցինք, որ պրոյեկտոր ձեռք բերելով կկարողանանք անվճար կինոդիտումներ կազմակերպել հատկապես մեծահասակների համար, ուսուցողական ֆիլմերի դիտումներ դպրոցականների ու մուլտֆիլմեր փոքրիկների համար,- պատմում է Նոնա Մաթեւոսյանը,- ծրագիրը հավանության արժանացավ, հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության միջազգային օրը «Կինոակումբ»-ի բացումն արեցինք, բայց ամենահիշարժանն իհարկե երկրորդ կինոդիտումն էր, որի համար ֆիլմի առաջարկն եկել էր բնակիչներից»:

Նոնա Մաթեւոսյանը

Նոնան պատմում է, թե ինչպես են մեծ պաստառ պատրաստել ու վրան գրել. հնդկական գեղարվեստական ֆիլմ՝ «Ինչպես երեք հրացանակիրները»: Երեկոյան արդեն մշակույթի տան դահլիճում ասեղ գցելու տեղ չկար: «Եկել էին մեծ ու փոքրով, հատկապես 40-50 տարեկանների մոտ մի հատ նոսթալգիկ վիճակ էր, մենակ տեսնեիք, թե ինչ էր կատարվում, փաստորեն կարոտ կար մարդկանց մոտ մեծ էկրանի հետ կապված, իրենց մանկական տարիների պոպուլյար ֆիլմերի հետ կապված: Ու իրենց երեխաներին էլ էր հետաքրքիր տեսնել, թե ծնողներն ինչով են էդքան ոգեւորված»,- Նոնան ծիծաղում է:

Ծրագրի հեղինակներն իրենք էլ էին ոգեւորված հաջողությունից ու կրկին դիմեցին դոնոր կազմակերպությանն, այս անգամ դպրոցում կինոդիտումների համար ավելի փոքր դահլիճ կահավորելու, աթոռներ ու վարագույր ձեռք բերելու համար: «Քանի որ մշակույթի տունը ջեռուցելու հնարավորություն չկար, ուզեցինք ալտերնատիվ դահլիճ ունենալ, որ կարողանանք ձմռան ամիսներին էլ դիտումներ կազմակերպել: Այս տարվա մայիս ամսին էլ մասնակցել ենք «Սախորովի» կենտրոնի եռամսյա դասընթացներին ու կրկին ներկայացրել ծրագիր՝ ուղղված «Կինոակումբի» հզորացմանը: Ինչպես գիտեք, մենք խոշորացված համայնք ենք ու նպատակն այն է, որ մեր ունեցած հնարավորություններից օգտվեն նաեւ փնջի մեջ գտնվող մյուս 14 գյուղերի բնակիչները: Ծրագիրն իրականացնելու ենք Ցողամարգում գործող հասարակական կազմակերպության միջոցով»:

Թորոսգյուղում շատ ավելի լուրջ ծրագրեր իրականացնելու նախադրյալներ էին հասունանում: Գյուղում ջերմոց ունենալու գաղափարն իրականացնելու համար նախ ձեւավորվեց «Թորոս» սպառողական կոոպերատիվը բաղկացած 111 անդամից (21 ընտանիք): Առաջին ջերմոցի կառուցման համար պահանջվեց 5 մլն 502 հազար 757 դրամ: Ծրագրին իրականացվեց «Բիոսոֆիա» ՀԿ-ի հետ համատեղ՝ Հայկական Կարիտաս բարեսիրական ՀԿ-ի «Արամազդ. Համայնքի հետ համայնքի համար» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի նպատակն էր նպաստել Աշոցքի նախկին տարածաշրջանում սոցիալ-տնտեսական միջավայրի բարելավմանն ու բնակչության զբաղվածության նոր հնարավորությունների ձեւավորմանը՝ գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման ու տարածմանը երիտասարդ ֆերմերների կարողությունների զարգացման միջոցով: Համայնքում հիմնվեց գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ուսումնացուցադրական տեղամաս 1000 քմ ընդհանուր մակերեսով, այդ թվում մոտ 60 քմ ջերմատուն եւ 3 քմ կենսահումուսի արտադրության մինի ֆերմա:   

Երկրորդ ջերմոցը Թորոսգյուղում շահագործման հանձնվեց այս տարի: Սա ֆունկցիոնալ առումով տարբերվում է առաջինից: Արեւային պասիվ ջերմատունը կառուցված է այլ տեխնոլոգիայով: Ծրագիրը ֆինանսավորել էր Ռումինիայի կառավարությունը Ռումինիայի զարգացման համագործակցության ծրագրի՝ RoAid-ի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի միջոցով: Թորոսգյուղի 260 քմ օգտագործելի մակերեսով կաթիլային ոռոգման համակարգով պասիվ արեւային ջերմատան կառուցման աշխատանքներն իրականացվել են 2016թ-ի նոյեմբերին: ՊԱՋ-ի կառուցման համար բավական հետաքրքիր տեխնոլոգիա է կիրառվել՝ ծղոտ եւ ցեմենտ, որոնք ապահովում են ջերմային էներգիայի պատշաճ պահպանում, իսկ պոլիէթիլենային երկշերտ ծածկը դրսի օդից մեկուսացնող ծածկոցի դեր է կատարում։ Ջերմամեկուսացման նման հատուկ մեթոդի կիրառումը երաշխավորում է ՊԱՋ-ում ջերմաստիճանի կայունությունը։  

Մյասնիկ Հակոբյանը

«Թորոս» սպառողական կոոպերատիվի նախագահ Մյասնիկ Հակոբյանը Թորոսգյուղում մոտ 30 տարի առաջ սեփական տնամերձում ոչ մեծ տարածքի վրա ջերմոցային տնտեսություն վարելու փորձ է ունեցել: Թորոսգյուղում ներկայում գործող երկու ջերմոցների վերահսկողությունն անձամբ է իրականացնում: Կառավարման առումով պրոբլեմներ չունեն, իսկ ահա ստացվող բերքի իրացումը դեռեւս կանոնակարգման կարիք ունի:

«Առաջին ջերմոցային բերքը կանաչեղեն է եղել, հետո պոմիդոր ու վարունգ ցանեցինք, ստացված 200 կգ բերքը բաժանեցինք կոոպերատիվի անդամներին, ուսուցիչներին, տվեցինք դպրոցին ու նախակրթարանին: Հետո ՄԱԿ-ի գրասենյակից առաջարկեցին ռուկկոլա աճեցնել՝ խոստանալով, որ կօգնեն իրացման հարցում,- պատմում է Մյասնիկ Հակոբյանը՝ կատակով նշելով, որ փորձը փորձանք է դարձել, խոստացված իրացումն էլ՝ անարդյունք,- լավ բերք էինք ստացել, եկան տարան, ասում էին երեւանյան ռեստորաններում շատ հարգի է, հետո զանգեցին, թե չի իրացվում, տեսքը էն չի, համը էն չի եւ այլն: Գյումրիում ընդհանրապես չկարողացանք գնորդ գտնել: Մի խոսքով, 240 քմ ի վրա ինչ ցանել էինք, ամբողջը քանդեցիք-թափեցիք, որոշեցինք մեր իմացածը ցանենք՝ «փորձած թանն անփորձ մածնից լավ է» կարգախոսով»:

Փորձած «թանը» պոմիդոր-վարունգն է, որ ամբողջ տարին սպառման խնդիր չի առաջացնում: Այդ ընթացքում մեկ «անփորձ» բանջարեղեն էլ են փորձել մշակել: Բրոկկոլիի սերմեր են նվիրել կոոպերատիվին, ցանել են, սակայն Մյասնիկ Հակոբյանի ասելով` ինչ-որ ճակնդեղանման բույս են ստացել ու դրա փորձարկումն էլ են դադարեցրել: Կոոպերատիվի նախագահը, ով մանկավարժի 40 տարվա կենսագրություն ունի, մի փոքր դժվարանում է մարկեթինգային եւ բիզնես հարցերում: Բացահայտ չի խոստովանում, սակայն զրույցից պարզ է դառնում, որ էկոլոգիապես մաքուր բերքի իրացումը տեղում կամ Գյումրիում կազմակերպելու որեւէ մշակված ծրագիր չունեն: «Իհարկե մտածում ենք այդ ուղղությամբ, որովհետեւ երկու ջերմոցներում էլ ահագին բերք ենք ստանում, ասենք մի քանի կգ տվեցինք, տարան տները, բայց դե մնացածը պիտի իրացնենք, ուղղակի դեռ չենք կողմնորոշվում, թե դա ինչպես պետք է կազմակերպենք»,-խոստովանում է զրուցակիցս:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Մարինա Ջուհարյան21:25 - 9 սեպտեմբերի, 2017
Քանի որ պետական շատ մարմիններ համայնքներում՝ մասնավորապես Թորոսգյուղում, տարբեր կազմակերպությունների կողմից իրականացրած ծրագրերի հաջողությունները փորձում են վերագրել համայնքների խոշորացմանը, ապա հարկ եմ համարում նշել, որ Թորոսգյուղում իրականացված բոլոր ծրագրերը՝ բացառությամբ «Պասիվ արևային ջերմատուն» ծրագրի, իրականացվել են «Կանայք հանուն զարգացման» ՀԿ կողմից տրամադրված փոքր դրամաշնորհների միջոցով, իսկ փոքր ջերմատունը կառուցվել է ԿՀԶ ՀԿ, «Կարիտաս» և «Բիոսոֆիա» կազմակերպությունների հետ համատեղ՝ նախքան համայնքների խոշորացումը։ Ըդհակառակը, համայնքների խոշորացումից հետո շատ գյուղերի միջև առաջ եկան կոնֆլիկտներ, որոնք առ այսօր լուծում չեն ստացել: Գրածիս հավաստիությունը կարող եք ստուգել՝ ուսումնասիրելով «Կանայք հանուն զարգացման» ՀԿ Ֆեյսբուք և կայք էջերում տեղադրված տեղեկատվությունը Սարապատ փնջի Թորոսգյուղ, Արփենի և Ցողամարգ համայնքներում իրականացված ծրագրերի ընթացքի ու արդյունքների մասին։ https://www.facebook.com/womenfordevelopment/
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ