HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վերնիսաժի» մոտ քսան առևտրականի այսօր արգելեցին ապրանք վաճառել

«Վերնիսաժի» մի քանի առևտրականներ այսօր չկարողացան ապրանք վաճառել այն տարածքում, որտեղ միշտ առևտուր են արել։ Ասում են՝ տարիներ շարունակ տոնավաճառի մայթային հատվածի պատերի մոտ սպասք, արծաթյա իրեր են վաճառել, սակայն նախորդ շաբաթ տեղեկացրել են, որ քաղաքապետը արգելել է այդ տարածքում ապրանք վաճառել, և այլևս այդտեղ չեն կանգնելու։ Այսօր արդեն վաճառականներին արգելել են դասավորել իրենց ապրանքները, տեղում եղել են ոստիկաններ։

Առևտրականների փոխանցմամբ՝ այս որոշումից հետո առանց աշխատանքի է մնում 80-90 մարդ, որոնցից շատերը 20 տարի աշխատել են նույն տարածքում։

Որպես բողոքի նշան՝ վաճառականները փակեցին Խանջյան փողոցի մի հատված, սակայն ոստիկանները նրանց դուրս բերեցին փողոցից։ Նրանք նամակ գրեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով թույլատրել շաբաթ-կիրակի օրերին աշխատել իրենց հատկացված տեղերում կամ էլ ապրանքը վաճառելու համար յուրաքանչյուրին 1-1,5 մետր տարածք տրամադրել։

Առևտրականներից ոմանք բողոքում էին, որ «Վերնիսաժը» իրենցից է սկսվել, մինչդեռ տոնավաճառի բարեկարգումից հետո իրենց արգելում են այդ տարածքում ապրանք վաճառել։ Նրանց փոխանցմամբ՝ ապրանքը վաճառելու համար իրենց այլ տեղ չեն առաջարկել, չեն էլ խոստացել, որ այլ տարածք կտրամադրեն։

Ասում են՝ առաջարկել են ներսում կանգնել, երբ տարածք կազատվի, իսկ իրենք այդքան սպասել չեն կարող, քանի որ «Վերնիսաժ»-ը իրենց ապրուստի միակ միջոցն է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter