HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Հիմքից մինչև վերադաս խախտում է»,- պնդում է «Արդշինբանկի» վարկը ոչ նպատակային օգտագործելու գործով փորձագետը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջազգային կազմակերպությունների տրամադրած վարկը ոչ նպատակային օգտագործելու վերաբերյալ քրեական գործով վերջին դատական նիստի ժամանակ դատաֆինասատնտեսական փորձագետ Պետիկ Սմբատյանը հայտարարեց, որ վարկի տրամադրման, դրա մարման ժամկետի երկարացման ամբողջ գործընթացում «հիմքից մինչև վերադաս» խախտումներ են թույլ տրվել:

Խոսքը, հիշեցնենք, «Արդշինբանկի» Երևանի մասնաճյուղի նախկին կառավարիչ Արթուր Կարապետյանի վերաբերյալ քրեական գործի մասին է: Փորձագետը դատարան էր հրավիրվել, քանի որ նիստի ընթացքում նրա տված փորձագիտական եզրակացության վերաբերյալ որոշակի հարցեր էին առաջացել: Մասնավորապես՝ Արթուր Կարապետյանի պաշտպանները` Արմեն Նադիրյանն ու Բագրատ Պետրոսյանը դատարանին հայտնել էին, որ ըստ գործի նյութերում առկա տեղեկատվության՝ դատաֆինանսատնտեսագիտական փորձագետ Սմբատյանը պահանջել է այն իրավական փաստաթղթերը, որոնցով կարգավորվում է վարկի տրամադրման, դրա մարման ժամկետի հետ կապված գործընթացը, սակայն գործի նյութերում առկա չէ որևէ նշում այն մասին, որ փորձագետը դրանք ստացել է:

Պաշտպանական կողմը ցանկանում էր փորձագետից ճշտել՝ արդյոք վերջինս ստացել և հետազոտե՞լ է վերը նշված փաստաթղթերն, ու եթե ոչ, ապա  առանց իրակավան հիմքերի մասին համապատասխան տեղեկություն ունենալու ինչի՞ հիման վրա է նա փորձագիտական եզրակացություն տվել:

Նշենք, որ Արթուր Կարապետյանն, ով 2009-2013 թվականների ընթացքում եղել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Երևան» մասնաճյուղի կառավարիչը, մեղադրվում է դեղերի և սննդային հավելումների արտադրությամբ զբաղվող «Հագենաս» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Գևորգյանի կողմից 2012թ. ընթացքում  «Արդշինինվեստբանկ»  ՓԲԸ-ից ( Բանկն այժմ վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի. հեղ) ստացված, միջազգային կազմակերպությունների՝ «Ուորլդ բիզնես կապիտալ ինկ»-ի և «Ասիական զարգացման բանկ»-ի կողմից տրամադրված ընդհանուր 471.800.000 ՀՀ դրամ նպատակային վարկը ոչ նպատակային օգտագործելուն օժանդակելու, ինչպես նաև «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքով, այլ օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերով, բանկի կանոնադրությամբ սահմանված իր կարգադրիչ և այլ լիազորությունները բանկի շահերին հակառակ օգտագործելու, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իր լիազորությունները չարաշահելու մեջ, որով, ըստ մեղադրանքի, բանկի հաճախորդ, ավանդատու Կարեն Գևորգյանի համար առաջացել են  ծանր հետևանքներ:

Մասնավորապես, ըստ գործի նյութերի, «Հագենաս» ՍՊԸ-ն «Արդշինբանկ»-ից  շրջանառու միջոցների համալրման նպատակով վարկ է  վերցրել, հայտնել, որ պետք է  որոշ տեսակի ալկոհոլային խմիչքներ արտահանի, սակայն վարկը նպատակային չի օգտագործել, բանկի հանդեպ պարտավորությունները ոչ պատշաճ է կատարել, վարկը մարելու համար լրացուցիչ ժամանակ է խնդրել, պարտավորություն ստանձնել այն մարել, որը դարձյալ չի մարել:

Վարկը ստանալու համար գրավադրված է եղել բանկի ավանդատու Կարեն Գևորգյանի, ինչպես նաև վերջինիս աղջկա և կնոջ՝ բանկում ունեցած ավանդը, և վարկային պարտավորությունները «Հագենաս» ՍՊԸ-ի կողմից չմարելուց հետո իրականացվել է գրավի առարկա հանդիսացող ավանդի հաշվին պարտավորությունների մարում, այսինքն` « Հագենաս» ՍՊԸ-ի  չկատարված վարկային պարտավորությունները մարվել են Կարեն Գևորգյանի և վերջինիս ընտանիքի գրավադրած ավանդի հաշվին: Ըստ գործի նյութերի՝ Կարեն Գևորգյանին այսպիսով  պատճառվել է  660.067.236.3 ՀՀ դրամի նյութական վնաս, իսկ Արթուր Կարապետյանն այս ամենում նյութական շահագրգռվածություն է ունեցել:

Արթուր Կարապետյանը պնդում է, թե ինքն է Կարեն Գևորգյանին առաջարկել գրավադրել իր ավանդն ու վերջինս համաձայնել է, մինչդեռ Կարեն Գևորգյանը պնդում է, որ ինքը տեղյակ չի եղել իր ավանդի գրավադրման մասին: Թեև Գևորգյանի, վերջինիս կնոջ և դստեր ստորագրություններն առկա են վարկի տրամադրման փաստաթղթերում, գործով տուժող ճանաչված Գևորգյանը հայտնում է, որ այդ ստորագրությունները խաբեությամբ են իրենից կորզվել այն ժամանակ, երբ հերթական անգամ «Արդշինբանկում» ունեցած իրենց ավանդների պայմանագրերը երկարացնելու անհրաժեշտություն է առաջացել:

Ըստ տուժողի ներկայացուցիչ Հրանտ Անանյանի՝ Կարեն Գևորգյանի համար անընդհատ բանկ գնալը տեխնիկական խնդիր է եղել, ավանդի հետ կապված պայմանագիրը հիմնականում 6 ամիսը մեկ թարմացնելու անհրաժեշտություն է եղել, ձգտել է արագ գնալ, ստորագրել համապատասխան փաստաթղթերն ու չի իմացել, որ ստորագրել է նաև այնպիսի մի փաստաթղթի տակ, համաձայն որի՝ թույլատրում է իր ավանդը որպես գրավ դնել իր համար միանգամայն անծանոթ անձին վարկ տրամադրելու համար:

Արթուր Կարապետյանի պաշտպանների՝ Արմեն Նադիրյանի և Բագրատ Պետրոսյանի պնդմամբ՝ իրենց պաշտպանյալին մեղադրում են այնպիսի լիազորությունների չարաշահման մեջ, ինչպիսի լիազորություններ ինքն ի պաշտոնե չի ունեցել: Ըստ պաշտպանների` անգամ ցանկության դեպքում Կարապետյանը չէր կարող առանց վերադասի կողմից լիազորվելու վարկի հետ կապված որևէ գործարք կատարել:

Նշենք, որ համաձայն դատաֆինանսատնտեսագիտական փորձաքննության եզրակացության, եթե բանկը  իր իրավունքներն իրացներ և համապատասխան ստուգումներ կատարեր, ապա «Հագենաս ՍՊԸ-ն չէր կարող խախտումներ թույլ տալ:

Ինչպես դատական նիստին պարզվեց, փորձագետ Պետիկ Սմբատյանը փորձագիտական եզրակացությունը տվել է առանց իր կողմից պահանջված փաստաթղթերը ստանալու:

Փորձագետը դատարանին պարզաբանեց, որ երբ ինքը ստացել է գործի նյութերը, անմիջապես պահանջել է մատնանշված փաստաթղթերը՝ մտածելով, որ դրանք կարող են անհրաժեշտ լինել, սակայն քրեական գործում  այդ փաստաթղթերի վերաբերյալ որոշակի նշումներ են եղել, ինքը դրանց բովանդակությանը մոտավոր ծանոթ է եղել ու թեև ինքը չի ստացել իր պահանջած փաստաթղթերը` կարողացել է տալ դատաֆինանսատնտեսագիտական եզրակացությունը:

«Անկախ ամեն ինչից, վարկային և գրավի պայմանագրերում եղած փաստաթղթերը հիմք են հանդիսացել եզրահանգումներ կատարելու համար և այլ նորմատիվ ակտերի անհրաժեշտություն չեմ տեսել»,- դատարանին հայտնեց փորձագետը:

Պետիկ Սմբատյանի խոսքով՝ «Հագենաս» ՍՊԸ-ի վարկի վերաբերյալ բոլոր գործարքներում խախտումներ են առկա, դրանցում որոշ փաստաթղթեր են պակաս եղել. մի դեպքում` վերադասի ստորագրությունն է բացակայել, մեկ այլ դեպքում` դիմումատու դիմումը կամ մեկ այլ փաստաթուղթ»: Բացի այդ` ՍՊԸ-ի շրջանառու միջոցներն ընդլայնելու նպատակով տրամադրված գումարներից և ոչ մի դրամ չի մուտքագրվել կազմակերպություն:

Ամբաստանյալ Կարապետյանի պաշտպանները դատարանում բարձրացրին հարցը, որ թեև փորձագետին հարց է առաջադրվել, թե կոնկրետ բանկի ո՞ր աշխատակցի կողմից և ինչպիսի՞ խախտումներ են թույլ տրվել, փորձագիտական եզրակացության մեջ այդ հարցերի պատասխանները տրված չեն:

Պաշտպանական կողմը երկար ժամանակ փորձում էր ստանալ  հենց այս հարցի պատասխանը, քանի որ իրենց համար էական է, թե իրենց պաշտպանյալը՝ Արթուր Կարապետյանը կոնկրետ ի՞նչ խախտում է թույլ տվել ըստ փորձագիտական եզրակացության: Իսկ այս հարցի պատասխանն, ըստ պաշտպանների, հնարավոր չէր լինի ստանալ, մինչև չուսումնասիրվեին այն իրավական ակտերը, որոնցում երևում է, թե բանկի որ աշխատակիցն ինչ լիազորություն ունի: Ըստ պաշտպանների՝ այդ փաստաթղթերն ուսումնասիրելուց պարզ կդառնար, որ Արթուր Կարապետյանին առհասարակ չպետք է մեղադրանք առաջադրվեր:

Փորձագետ Սմբատյանը, սակայն, գտնում է, որ ինքն այս հարցին պատասխանել չի կարող, որ ինքը նախաքննություն իրականացնող մարմինը չէ, և կարող է նշել միայն, որ բանկի կողմից խախտումներ են թույլ տրվել:

«Կոլեկտիվ խախտում է. հիմքից մինչև վերադաս խախտում է»,- դատարանում հայտարարեց Սմբատյանը՝ ըստ էության նշելով այն, ինչ երկար ժամանակ պնդում են նաև ամբաստանյալի պաշտպանները. մասնաճյուղը գործում է վերադասի ցուցումների հիման վրա, և , հետևաբար, «Երևան» մասնաճյուղի կառավարիչ Կարապետյանը ևս վերադասի ցուցումների հիման վրա գործով անձ է:

Իսկ թե կոնկրետ բանկում ով ում է «խաբել», ով ում հետ է խախտում կատարել, փորձագետը չգիտի: Ինքն արձանագրել է միայն, որ բանկը խախտումներ է թույլ տվել:

«Թող գնան պարզեն` ով ում է խաբել. անձի խախտումը պետք է իրավական դաշտում որոշվի. դա փորձագետի իրավասությունը չէ: Ես ցուցում տալու իրավունք չունեմ»,- դատարանում հայտարարեց Սմբատյանը:

Իսկ թե նախաքննություն իրականանցնող մարմինն ինչպես է որոշել, որ բանկի ամբողջ աշխատակազմից հենց Կարապետյանն է «խաբել»,  մեղադրող դատախազը «Հետք»-ին չցանկացավ մեկնաբանել:

Տուժող Կարեն Գևորգյանի  ներկայացուցիչ Հրանտ Անանյանը մեզ հետ զրույցում գործի  որոշ հանգամանքներ մեկնաբանեց:

Ըստ Անանյանի՝ «Հագենաս» ՍՊԸ-ին տրամադրված վարկը որոշակի առանձնահատկություններով է տրվել:

Ըստ Անանյանի «Հագենաս» ՍՊԸ-ին տրամադրված վարկի համապատասխան ուսումասիրություն, եզրակացություն և որոշում կայացնելու բեռը թողնված է եղել բանկի կառավարչի՝ Արթուր Կարապետյանի վրա:

«Եթե անգամ ինքը  միջնորդագիրը ներկայացրել և ուղարկել է բանկի վարչություն ու կոմիտե, վերջում պատասխան է ստացվել, որ վարկը տրամադրվի տվյալ կազմակերպության վարկունակությունը ստուգելուց հետո, սակայն վարկունակությունը չի ստուգվել», - ասաց Հրանտ Անանյանը:

Մեր դիտարկմանը, որ վարկունակությունը ստուգվում է որպես բանկի ապահովության միջոց, իսկ այս դեպքում բանկը ապահովագրված է եղել ավանդատու Կարեն Գևորգյանի գրավադրված ավանդով, Անանյանը պատասխանեց, թե բանկը մասնավոր անձ չէ, ով պարզապես որոշում է վարկեր տրամադրել:

«Բանկը լիզենցավորված կազմակերպություն է, գործում  է Կենտրոնական բանկի խաղի կանոնների համաձայն և պարտավոր է ապահովել քաղաքացիների  իրավունքներն ու օրինական շահերը: Այսինքն՝ եթե մարդը վարկը վերցնում է, որպեսզի տնտեսական գործունեություն իրականցնի, ապա բանկը պետք է դրա նպատակային օգտագործման հետ կապված գոնե նախնական ուսումնասիրություն իրականցներ: Թե որքան կգտնահատվեին  ռիսկերը, դա այլ հարց է, բայց գոնե մինիմում ուսումասիրությունը պիտի կատարվեր»,- նշեց Հրանտ Անանյանը:

Փաստաբանի խոսքով՝ գուցե որևէ մեկը վարկ վերցնի և դրանք ուղղի ապօրինի նպատակների, և հետևաբար գրավով ցանկացած վարկ չէ, որ բանկը պիտի տրամադրի:

Անանյանը վստահ է, որ  Արթուր Կարապետյանն այս գործի «պարագլուխն է», բայց միևնույն ժամանակ համոզված է, որ վերջինս միայնակ չի գործել.

«Դա իմ համոզմունքն է եղել թե՛ նախաքննության ընթացքում, թե՛ հիմա: Ես այդ առնչությամբ բազմաթիվ բողոքներ եմ գրել, սակայն նախաքննական մարմինը որոշում է կայացրել այս պահին մեղադրանք առաջադրել միայն Արթուր Կարապետյանին, ում վերաբերյալ առկա է ապացույցների համակցություն, իսկ հնարավոր այլ անձանց մասով անջատված մաս առանձնացնել»,- մեզ հետ զրույցում ասաց Անանյանը:

Նշենք,  որ այս պահին քրեական հետապնդում է իրականացվում բանկի ամբողջ կազմից միայն Արթուր Կարապետյանի, ինչպես նաև «Հագնես» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Գևորգյանի նկատմամբ:

Ըստ Անանյանի` Արթուր Կարապետյանի վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված տվյալներն իրենց հնարավորություն է տալու նոր բողոքներ ու միջնորդություններ ներկայացնել, որպեսզի այս գործով խախտում կատարած բոլոր անձինք պատասխանատվության ենթարկվեն:

«Համոզված եղեք, որ տուժող կողմը շահագրգռված է, որպեսզի  բոլոր խախտում թույլ տված անձինք պատասխանատվության ենթարկվեն. փաստը մեկն է, որ 480 միլիոնը  բանկից անվերադարձ դուրս է եկել, և չգիտես, ինչու` կանխիկ»,-  նշում է Անանյանը:

Մեր դիտարկմանը, որ չի արգելվում վարկառուին վարկի առձեռն տրամադրումը, Անանյանը պատասխանեց, որ գոյություն ունի վարկի նպատակային օգտագործման գործիք. վարկառուն ներկայացնում է իր բիզնես գործընկերների հետ պայմանագրեր, հաշիվ ապրանքագրեր, և բանկը մատակարարներին է կփոխանցում  այդ գումարը՝  համոզված լինելու համար, որ տվյալ կազմակերպությունը շրջանառու միջոց ձեռք բերեց և նրա տնտեսական գործունեությունը շարունակվեց: Այսինքն՝ այսպիսով, ըստ Անանյանի, որոշակի վստահություն է լինում, որ վարկը նպատակային է օգտագործվում:

«Այո, արգելված չի առձեռն վարկ վերցնելը,  բայց որևէ իրավական ակտով արգելված չէ նաև, օրինակ, ոտքերը դատական նիստի ընթացքում սեղանին դնելը, բայց ողջամտորեն դա չի թույլատրվում: Վարկն այո, կարող է նաև կանխիկ տրվել, բայց մենք այստեղ գործ  ունենք բացառությունների շղթայի հետ. այդքան բացառություն միաժամանակ չի լինում»,- մեզ հետ զրույցում ասաց Անանյանը:

Վերջինս, հղում կատարելով  փորձագետ Սմբատյանի խոսքին այն մասին, որ ձևական փաստաթղթերով վարկեր են ձևակերպվել, համոզմունք հայտնեց, որ այդ գումարներն իրականում հափշտակվել են:

Այսպիսով՝ Հրանտ Անանյանը փորձում է ապացուցել, որ իր վստահորդի՝ Կարեն Գևորգյանի ավանդը հափշտակվել է, իսկ ամբաստանյալ Արթուր Կարապետյանի պաշտպաններ Արմեն Նադիրյանն ու Բագրատ Պետրոսյանը, կարծում են, որ  այս գործն առհասարակ ոչ թե քրեաիրավական, այլ քաղաքացիաիրավական հարաբերությունների կարգավորման դաշտում է, այնուամենայնիվ, ըստ պաշտպանների, եթե գործը քննվում է քրեաիրավական դաշտում, ապա Արթուր Կարապետյանը չէ, որ պետք է պատասխանատվության ենթարկվի, այլ բանկի համապատասխան աշխատակիցները:

Հ.Գ․ Փորձագետ Պետիկ Սմբատյանը դատարանին հայտնեց, որ  նախորդ դատական նիստին ինքը չէր ներկայացել, քանի որ ծանուցագիր չէր ստացել և դատարանին հորդորեց դատական նիստերի վերաբերյալ ծանուցագրերը ժամանակին ուղարկել: Փորձագետին վրդովեցրել էր հանգամանքը, որ թեև ինքը պատշաճ ծանուցված չի եղել նիստի մասին, դատարանն արձանագրել է, որ ինքը չի ներկայացել, և դրա վերաբերյալ նաև «Հետք»-ն է գրել: Դատավոր Գագիկ Պողոսյանը փորձագետին պարզաբանեց, որ դատարանը ժամանակին ուղարկել է ծանուցագիրն ու հորդորեց բողոքների դեպքում «դիմել փոստային ծառայությանը»:

Նկարում՝ ձախից՝ Արմեն Նադիրյանը, Արթուր Կարապետյանը, Բագրատ Պետրոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter